Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Արժե՞ խորամուխ լինել այլ կրոնների մեջ

Արժե՞ խորամուխ լինել այլ կրոնների մեջ

Արժե՞ խորամուխ լինել այլ կրոնների մեջ

«ԳՐԵԹԵ մեկ տարի էր արդեն, ինչ հաճախում էի քրիստոնեական հանդիպումներին։ Ես մեծ բավականություն էի ստանում մարդկանց հետ Աստծո Թագավորության մասին զրուցելուց»,— պատմում է Միգելը, որն այժմ Եհովայի վկա է և ապրում է Հարավային Աֆրիկայում։ «Հետո այնպես եղավ, որ սկսեցի ունկնդրել ու դիտել կրոնական թեմաներով զանազան հաղորդումներ։ Կարծում էի, որ այդ հաղորդումները կօգնեն ինձ, որպեսզի այլ հավատքի տեր մարդկանց ավելի լավ հասկանամ։ Ես գիտակցում էի, որ նրանց ուսուցումները չեն ներդաշնակվում Աստվածաշնչի հետ, բայց դրանք շատ հետաքրքիր էին ինձ համար»։

Խորխեն, որը նույնպես ապրում է Հարավային Աֆրիկայում, ճշմարիտ երկրպագության նախանձախնդիր քարոզիչ էր։ Սակայն պատահեց այնպես, որ նա նույնպես սկսեց ականջ դնել կրոնական հաղորդումներին։ «Մարդ պետք է իմանա, թե մյուսներն ինչ են մտածում»,— ասում էր նա։ Երբ նրա հետ խոսում էին այդպիսի կեղծ ուսուցումների վտանգավոր ազդեցության մասին, նա սովորաբար պատասխանում էր. «Ոչինչ չի կարող քայքայել այն մարդու հավատը, որն Աստվածաշունչը լավ գիտի»։ Այս օրինակները մի կարևոր հարց են առաջ քաշում. «Արդյոք խելացի կլինի՞ իմանալ, թե ուրիշներն ինչին են հավատում»։

Ո՞րն է ճշմարիտ քրիստոնեությունը

Առաքյալների մահանալուց հետո ճշմարիտ երկրպագությունը սկսեց վարակվել աստիճանաբար թափ հավաքող կեղծ քրիստոնեությամբ։ Հիսուսը նախապես տեղեկացրել էր այդ երևույթի մասին և ցույց տվել, թե ինչպես կարելի է զանազանել ճշմարիտ քրիստոնեությունը կեղծ քրիստոնեությունից։ Նախ՝ նա զգուշացրել էր. «Զգո՛յշ եղէք սուտ մարգարէներից, որոնք մօտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից յափշտակող գայլեր են»։ Ապա՝ ավելացրել. «Իրենց գործերից կը ճանաչէք նրանց» (Մատթէոս 7։15–23)։ Այժմ էլ Հիսուսի ճշմարիտ աշակերտներն ապրում են այնպես, ինչպես սովորել են, ուստի նրանց հեշտ է ճանաչել իրենց բարի գործերից։ Հիսուսի պես, նրա հետևորդները գնում են դեպի մարդիկ ու Աստվածաշնչի հիման վրա բացատրում, թե ինչ է Աստծո Թագավորությունը։ Հետևելով Հիսուսի օրինակին՝ նրանք չեն մասնակցում քաղաքական ու հասարակական բանավեճերին։ Նրանք Աստվածաշունչը համարում են Աստծո Խոսք և ճշմարտություն։ Հիսուսի աշակերտներն Աստծո անունը հայտնի են դարձնում, և քանի որ ձգտում են մարդկանց հանդեպ աստվածային սեր ցուցաբերել՝ չեն մասնակցում պատերազմներին։ Դրա փոխարեն նրանք միմյանց եղբայրաբար են վերաբերվում (Ղուկաս 4։44; 10։1–9; Յովհաննէս 13։34, 35; 17։16, 17, 26

Համաձայն Գրությունների՝ հնարավոր է ‘տեսնել արդարի ու ամբարշտի տարբերությունը, Աստծուն ծառայություն անողի և ծառայություն չանողի տարբերությունը’ (Մաղաքիա 3։18)։ Ճշմարիտ երկրպագուներն այսօր միացած են մտքով ու գործով ճիշտ այնպես, ինչպես առաջին դարի քրիստոնյաները (Եփեսացիս 4։4–6)։ Եթե դուք իսկապես գիտեք, թե ովքեր են մեկ մարմին կազմող իսկական քրիստոնյաները, էլ ինչո՞ւ ավելորդ հետաքրքրասիրություն ցուցաբերել, թե մյուսներն ինչին են հավատում։

Զգուշացեք կեղծ վարդապետներից

Աստվածաշունչը չի բացառում, որ նույնիսկ սուրբգրային ճշմարտությունն իմանալուց հետո կեղծ ուսուցումները կարող են հոգևորապես վարակել մարդուն։ Պողոս առաքյալը նախազգուշացնում էր. «Զգո՛յշ եղէք, չլինի թէ մէկը ձեզ գրաւի ճարտարամտութեամբ եւ սնոտի խաբեբայութեամբ. դրանք մարդկային աւանդութեան եւ բնութեան տարերային ուժերի վրայ են հիմնուած եւ ոչ Յիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետութեան վրայ» (Կողոսացիս 2։8)։ Ինչքա՜ն վառ է այս խոսքը ներկայացնում իրերի վիճակը։ Ինչպես գազաններ, որոնք ուզում են հոշոտել ու ագահաբար կուլ տալ իրենց զոհին, կեղծ վարդապետները կարող են իրական վտանգ հանդիսանալ։

Ճիշտ է, որ Պողոսը անուշադրության չէր մատնում ուրիշների հավատալիքները։ Մի անգամ նա իր խոսքն այսպես սկսեց. «Աթենացինե՛ր, տեսնում եմ, որ դուք ըստ ամենայնի ջերմեռանդ հաւատասէր էք, քանի որ շրջելով եւ տեսնելով ձեր պաշտածները՝ գտայ նաեւ մի բագին, որի վրայ գրուած էր՝ «Անծանօթ Աստծուն»» (Գործք 17։22, 23)։ Բայցևայնպես, Պողոսն իր ժամանակը չէր վատնում հույն հռետորների փիլիսոփայությունների վրա։

Մի բան է՝ տեղեկություններ ձեռք բերել կեղծ կրոնների ծագման ու հավատալիքների մասին, միանգամայն ուրիշ բան՝ միտքը դրանցով սնուցել։ * Եհովան նշանակել է «հաւատարիմ եւ իմաստուն ծառային» սուրբգրային ուսուցումներ մատակարարելու համար (Մատթէոս 4։4; 24։45)։ Պողոսն ինքը գրեց. «Չէք կարող վայելել ե՛ւ Տիրոջ սեղանից, ե՛ւ դեւերի սեղանից։ Կամ թէ՝ ուզում ենք Տիրոջ նախա՞նձը գրգռել» (Ա Կորնթացիս 10։20–22

Որոշ կեղծ վարդապետներ հավանաբար նախկինում եղել են ճշմարիտ քրիստոնյաներ, բայց հետո սուտը նախընտրել են ճշմարտությունից (Յուդա 4, 11)։ Սա չպետք է մեզ զարմացնի։ Հիսուսը՝ խոսելով «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» մասին, որը ներկայացնում է օծյալ քրիստոնյաների մարմինը, նշեց նաև «չար ծառայի» մասին, մի դասակարգի, որը գանգատվում է, թե՝ «իմ տէրը ուշանում է գալ», և սկսում է ծեծել իր ծառայակիցներին (Մատթէոս 24։48, 49)։ Հաճախ այդ անհատներն ու իրենց հետևորդները իրենք էլ հստակորեն չեն պատկերացնում, թե ինչ են ջատագովում. նրանց միայն հետաքրքրում է, թե ինչպես կործանեն մյուսների հավատը։ Այդպիսի մարդկանց մասին Հովհաննես առաքյալը գրեց. «Եթէ մէկը գայ ձեզ մօտ եւ այս վարդապետութիւնը չունենայ, նրան տուն մի՛ ընդունէք եւ նրան մի՛ ողջունէք» (Բ Յովհաննէս 10; Բ Կորնթացիս 11։3, 4, 13–15

Ճշմարտություն փնտրող անկեղծ անհատները խելամտորեն են վարվում, եթե զգոնություն են ցուցաբերում զանազան կրոնական հայացքների հանդեպ։ Երբ որ ժամանակը գա, Աստված օրհնելու է նրանց։ Աստծո իմաստությունը գտնելու վերաբերյալ Աստվածաշնչում հետևյալն է ասվում. «Եթէ դու նորան որոնես ինչպէս արծաթը, եւ գանձերի նման նորան պտրտես, այն ժամանակ.... Աստուծոյ գիտութիւնը կ’գտնես» (Առակաց 2։4, 5)։ Աստվածաշնչի ու քրիստոնեական ժողովի միջոցով գտնելով Աստծո գիտությունը և տեսնելով, թե Եհովան ինչպես է օրհնում այդ գիտությամբ առաջնորդվողներին՝ ճշմարիտ քրիստոնյաները չեն շարունակի ականջ դնել կեղծ կրոնական վարդապետություններին (Բ Տիմոթէոս 3։14

[ծանոթագրություն]

^ պարբ. 10 «Մարդկությունը Աստծուն որոնելու ճանապարհին» գրքում (անգլ.)՝ հրատարակված «Դիտարան» ընկերության կողմից, բավականին տեղեկություններ են տրվում երկրագնդի բազմաթիվ կրոնների ծագման և դրանց ուսուցումների վերաբերյալ։