Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կապադովկիա. այստեղ մարդիկ ապրել են քամու և ջրի կառուցած բնակարաններում

Կապադովկիա. այստեղ մարդիկ ապրել են քամու և ջրի կառուցած բնակարաններում

Կապադովկիա. այստեղ մարդիկ ապրել են քամու և ջրի կառուցած բնակարաններում

ՊԵՏՐՈՍ առաքյալը հիշատակել է Կապադովկիայի մասին։ Նա իր առաջին ներշնչյալ նամակը հասցեագրել է մասնավորապես այն ‘օտարականներին, որ ցրված են Կապադովկիայի երկրում’ (Ա Պետրոս 1։1)։ Ինչպիսի՞ երկիր էր Կապադովկիան։ Ինչո՞ւ էին այս երկրի բնակիչներն ապրում քարայրներում։ Ինչպե՞ս է քրիստոնեությունը մուտք գործել այստեղ։

«Մենք բոլորովին անսպասելի հայտնվեցինք ժայռե կոների ու սյուների անտառում»,— պատմել է բրիտանացի ճանապարհորդ Վ. Էյնզվորթը, որը Կապադովկիա էր այցելել 1840–ականներին։ Թուրքիայի այս շրջանի եզակի բնապատկերները այսօր էլ զմայլանք են պատճառում այցելուներին։ Կապադովկիայի հովիտներում կարելի է տեսնել քարե տարօրինակ «արձաններ», որոնք կիպ կանգնած են իրար կողքի, ինչպես լուռ ժամապահներ։ Դրանցից մի քանիսը նման են վիթխարի ծխնելույզների, որոնք երկինք են խոյանում 30 և ավելի մետր։ Մյուսները հիշեցնում են հսկայական պաղպաղակներ, կոթողներ և սնկեր։

Ի՜նչ գեղեցիկ գույներով է արևը ներկում այս արձանները օրվա ընթացքում։ Արշալույսին նրանք լինում են բաց վարդագույն։ Կեսօրին արձանները փղոսկրի գույն են ստանում, իսկ մայրամուտին դառնում են դեղնա–​շագանակագույն։ Ինչպե՞ս է առաջացել այս «ժայռե կոների ու սյուների անտառը»։ Իսկ ինչո՞ւ են տեղաբնակներն այդ քարայրները բնակարան դարձրել։

Քամին և ջուրը՝ քանդակագործներ

Կապադովկիան գտնվում է Փոքր Ասիա թերակղզու կենտրոնական մասում։ Թերակղզին Ասիան միացնում է ու Եվրոպային։ Կապադովկիայի տարածքը կհամարվեր սարահարթ, եթե այստեղ չլինեին երկու հրաբուխներ։ Հազարամյակներ առաջ տեղի ունեցած ուժգին ժայթքումները տարածքը ծածկել են երկու տեսակ ապարներով՝ կարծր բազալտով ու փափուկ տուֆով՝ սպիտակավուն ապար, որն առաջացել է հրաբխային մոխրի պնդացումից։

Գետերը, անձրևները և քամիները քայքայել են փափուկ տուֆը, ինչի հետևանքով խոր կիրճեր են առաջացել։ Ժամանակի ընթացքում քարափներից մի քանիսը, որ նայում էին դեպի կիրճերը, սկսել են քայքայվել, ինչի հետևանքով գոյացել են անհամար կոնաձև քարասյուներ. այդպիսի քանդակներ աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չկա։ Քարե կոներից մի քանիսը շատ նման են մեղրախորիսխի։ Տեղաբնակները այդ կոների փափուկ մասերում սենյակներ են փորել, իսկ երբ ընտանիքի անդամները ավելացել են, լրացուցիչ սենյակներ են փորել։ Այդ սենյակները ամռանը հով են եղել, իսկ ձմռանը՝ տաք։

Քաղաքակրթությունների խաչմերուկում

Կապադովկիական անձավների բնակիչները, հավանաբար, քիչ շփում կունենային արտաքին աշխարհի հետ, եթե չապրեին քաղաքակրթությունների կարևոր խաչմերուկում։ Հանրահայտ «Մետաքսի ճանապարհը», որի երկարությունը 6 500 կիլոմետր էր, և որը Հռոմեական կայսրությունը կապում էր Չինաստանի հետ, անցնում էր Կապադովկիայով։ Բացի առևտրականներից, այս ճանապարհով են անցել նաև պարսկական, հունական ու հռոմեական բանակները։ Այս ճանապարհորդները նոր կրոնական գաղափարներ են բերել իրենց հետ։

Մ.թ.ա. երկրորդ դարում Կապադովկիայում հրեաներ են սկսել բնակություն հաստատել։ Մ.թ. 33–ին այս տարածաշրջանից հրեաներ էին եկել Երուսաղեմ՝ նշելու Պենտեկոստեի տոնը։ Այսպիսով՝ հնարավորություն ստեղծվեց, որ Պետրոս առաքյալը կապադովկիացի հրեաներին քարոզեր այն բանից հետո, երբ սուրբ ոգին թափվեց աշակերտների վրա (Գործք 2։1–9)։ Ոմանք ակներևաբար դրականորեն արձագանքեցին նրա խոսքերին և նոր գտած հավատը իրենց հետ իրենց երկիր տարան։ Ուստի Պետրոսը իր առաջին նամակում դիմեց նաև Կապադովկիայի քրիստոնյաներին։

Սակայն ժամանակի ընթացքում Կապադովկիայի քրիստոնյաները սկսեցին ենթարկվել հեթանոսական փիլիսոփայությունների ազդեցությանը։ Չորրորդ դարում Կապադովկիայի երեք եկեղեցական առաջնորդներ նույնիսկ մեծ եռանդով պաշտպանեցին Երրորդությունը, որը ոչ սուրբգրային ուսմունք է։ Դրանք էին՝ Գրիգոր Նազիանզացին, Բարսեղ Մեծը և նրա եղբայր Գրիգոր Նյուսացին։

Բարսեղ Մեծը նաև ճգնավորություն է խրախուսել։ Կապադովկիական պարզունակ վիմափոր բնակարանները հարմար էին նրա ջատագոված խստակեցության համար։ Քանի որ վանական համայնքը մեծանում էր, ամբողջական եկեղեցիներ կառուցվեցին մի քանի առավել խոշոր կոների ներսում։ Իսկ արդեն 13–րդ դարում մոտ երեք հարյուր վիմափոր եկեղեցի կար։ Դրանցից շատերը մինչև օրս պահպանվել են։

Թեև եկեղեցիներն ու վանքերը այլևս չեն գործում, տեղաբնակների կյանքը քիչ է փոխվել դարերի ընթացքում։ Շատ քարայրներ շարունակում են ծառայել որպես բնակարաններ։ Կապադովկիա այցելողներից քչերն են, որ չեն սքանչանում այն բանով, թե ինչպես են նրա հնարագետ բնակիչները բնական գոյացությունը բնակարան դարձնում։

[քարտեզ 25–րդ էջի վրա]

(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)

ԿԱՊԱԴՈՎԿԻԱ

ՉԻՆԱՍՏԱՆ