Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ պետք է նվիրվենք Եհովային

Ինչո՞ւ պետք է նվիրվենք Եհովային

Ինչո՞ւ պետք է նվիրվենք Եհովային

«Այս գիշեր Աստծու հրեշտակներից մեկը կանգնեց կողքիս, այն Աստծու, որին ես պատկանում եմ» (ԳՈՐԾ. 27։23

1. Ի՞նչ է հարկավոր անել մկրտվելուց առաջ, և այդ կապակցությամբ ի՞նչ հարցեր են ծագում։

«ՀԻՍՈՒՍ Քրիստոսի զոհաբերության հիման վրա զղջացե՞լ ես արդյոք քո մեղքերի համար և նվիրե՞լ ես քո անձը Եհովային՝ նրա կամքը կատարելու նպատակով»։ Սա այն երկու հարցերից մեկն է, որ տրվում է մկրտության թեկնածուներին։ Իսկ ինչո՞ւ պետք է քրիստոնյաները նվիրվեն Եհովային։ Ի՞նչ օրհնություններ է բերում նվիրումը։ Ինչո՞ւ առանց նվիրման մեր երկրպագությունն ընդունելի չի լինի Աստծուն։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար եկեք նախ տեսնենք, թե ինչ է նվիրումը։

2. Ի՞նչ է նշանակում նվիրվել Աստծուն։

2 Ի՞նչ է նշանակում նվիրվել Եհովային։ Այս հարցի պատասխանը երևում է Պողոսի խոսքերից։ Նավաբեկության վտանգի տակ գտնվող իր ուղեկիցներին առաքյալն ասաց. «Ես [Աստծուն եմ] պատկանում» (կարդա՛ Գործեր 27։22–24)։ Իրականում, Աստծուն են պատկանում բոլոր ճշմարիտ քրիստոնյաները։ Մինչդեռ ամբողջ աշխարհը «Չարի իշխանության տակ է» (1 Հովհ. 5։19)։ Իսկ երբվանի՞ց է անհատը պատկանում Եհովային։ Այն պահից, երբ աղոթքով նվիրվում է նրան։ Այդ քայլով նա ուխտ է կապում Աստծու հետ։ Նվիրմանը հաջորդում է մկրտությունը։

3. Ի՞նչ էր խորհրդանշում Հիսուսի մկրտությունը, և քրիստոնյաներն ինչպե՞ս են ընդօրինակում նրան։

3 Այս հարցում մեզ լավ օրինակ թողեց Հիսուս Քրիստոսը։ Ճիշտ է, կարիք չկար, որ նա նվիրեր Աստծուն։ Հիսուսն արդեն իսկ ծնվել էր մի ժողովրդի մեջ, որը նվիրված էր Եհովային։ Ուստի նրա մկրտությունը բոլորովին այլ բան էր խորհրդանշում։ Իսկ ի՞նչ։ Աստվածաշնչում գրված է, որ Հիսուսը այդ քայլին դիմելիս ասաց. «Ահա ես եկա.... որպեսզի քո կամքը կատարեմ, ո՛վ Աստված» (Եբր. 10։7; Ղուկ. 3։21)։ Փաստորեն, մկրտվելով՝ Հիսուսն ինքն իրեն ներկայացրեց Եհովայի կամքը կատարելու համար։ Ճշմարիտ քրիստոնյաները, ընդօրինակելով իրենց Առաջնորդին, նույնպես մկրտվում են։ Սակայն վերջիններս դրանով հրապարակորեն ցույց են տալիս իրենց նվիրումը։

Ինչ օրհնություններ է բերում նվիրումը

4. Դավթի ու Հովնաթանի օրինակից ի՞նչ ենք սովորում խոստում տալու մասին։

4 Քրիստոնեական նվիրումը լուրջ քայլ է։ Այն լոկ խոստում չէ։ Իսկ ի՞նչ օրհնություններ է բերում նվիրումը։ Սա հասկանալու համար քննարկենք, թե մարդիկ սովորաբար ինչ խոստումներ են տալիս, որոնցից հետագայում օգուտներ են քաղում։ Օրինակ՝ ոմանք խոստանում են լինել հավատարիմ ընկերներ։ Այդպես նրանք պարտավորվում են հոգ տանել միմյանց մասին։ Աստվածաշնչում հավատարիմ ընկերների հիանալի օրինակներ կան։ Այդպիսի ընկերներ էին Դավիթն ու Հովնաթանը։ Նրանք այնքան մտերիմ էին, որ անգամ ուխտ էին կապել իրար հետ (կարդա՛ Ա Թագաւորաց 17։57; 18։1, 3)։ Ինչ խոսք, մարդիկ սովորաբար ընկերության ուխտ չեն կապում։ Բայց եթե նրանք խստանում են լավ ընկեր լինել ու պատասխանատվությամբ են մոտենում դրան, սովորաբար լավ արդյունքների են հասնում (Առակ. 17։17; 18։24

5. Ի՞նչ պետք է աներ ծառան, որպեսզի առհավետ պատկաներ իր տիրոջը։

5 Խոստման մեկ ուրիշ օրինակ կարելի է գտնել Մովսիսական օրենքում։ Եթե որևէ ծառա սիրեր իր տիրոջը և ցանկանար առհավետ նրան ծառայել, ապա պետք է անխախտ համաձայնություն կնքեր տիրոջ հետ։ Օրենքում ասվում էր. «Եթէ ծառան յայտնի ասելու լինի, թէ ես սիրել եմ իմ տիրոջը, իմ կնոջը եւ իմ որդիներին, չեմ ուզում ազատ դուրս գնալ. այն ժամանակ նորա տէրը տանէ նորան դատաւորների մօտ եւ նորան մօտեցնէ դռանը կամ դրանդեացը. եւ նորա տէրը նորա ականջը հերիւնով ծակէ, եւ նա յաւիտեան ծառայ լինի նորան» (Ելից 21։5, 6

6, 7. ա) Ի՞նչ օգուտ կարող են քաղել մարդիկ՝ խոստում տալով։ բ) Ի՞նչ է դա ցույց տալիս Եհովային նվիրվելու առնչությամբ։

6 Ամուսնությունը խոստման մեկ այլ օրինակ է։ Դա զուտ փաստաթղթով հաստատված համաձայնություն չէ, այլ երդում՝ տրված մեկ այլ անձնավորության։ Ինչ խոսք, եթե տղամարդն ու կինը չեն գրանցում իրենց ամուսնությունը, լիարժեք ապահովության զգացում երբեք չեն ունենում։ Նույնը կարելի է ասել նրանց երեխաների մասին։ Մինչդեռ այն զույգերը, ում ամուսնությունը պատվական է, սուրբգրային լուրջ հիմքեր ունեն տարաձայնություններն ու խնդիրները սիրով լուծելու (Մատթ. 19։5, 6; 1 Կորնթ. 13։7, 8; Եբր. 13։4

7 Հնում մարդիկ խոստումներ էին տալիս, կամ՝ համաձայնության էին գալիս նաև գործի բերումով (Մատթ. 20։1, 2, 8)։ Նույնն է պարագան այսօր։ Մենք գրավոր պայմանագիր ենք կնքում գործարքներ սկսելուց առաջ կամ աշխատանքի ընդունվելիս, ինչը, անշուշտ, օգուտներ է բերում։ Ինչպես տեսնում ենք, խոստում տալով՝ մարդիկ ամրացնում են իրենց փոխհարաբերությունները թե՛ ընկերության և ամուսնության մեջ, թե՛ գործարար հարաբերություններում։ Եթե այդպես է, ուրեմն անվերապահորեն նվիրվելով Եհովային՝ առավել ևս մեծ օրհնություններ կվայելենք։ Այս կապակցությամբ օգտակար կլինի քննել, թե Եհովա Աստծուն նվիրվելուց ինչ օրհնություններ են ստացել հնում ապրած մարդիկ։ Նրանց օրինակից կտեսնենք նաև, որ նվիրումը զուտ խոստում չէ, այլ շատ ավելի լուրջ մի քայլ։

Նվիրումը օրհնություն բերեց Իսրայելին

8. Ի՞նչ էր Իսրայելի համար նշանակում նվիրվել Աստծուն։

8 Իսրայելացիներն ազգովին նվիրվեցին Աստծուն, երբ Սինա սարի մոտ երդում տվեցին նրան։ Եհովան նրանց ասաց. «Եթէ իրաւ իմ ձայնին լսէք եւ իմ ուխտը պահէք, այն ժամանակ դուք ինձ համար սեպհական ժողովուրդ կ’լինիք ամեն ազգերից»։ Իսկ իսրայելացիները միաձայն պատասխանեցին. «Եհովայի բոլոր ասածները կ’անենք» (Ելից 19։4–8)։ Այդպես նրանք նվիրվեցին Աստծուն։ Ուշագրավ է, սակայն, որ իրենց նվիրումով իսրայելացիները ոչ միայն պարտավորվեցին որոշակի բաներ անել, այլև դարձան Եհովայի «սեպհական ժողովուրդը»։ Այդուհետ նրանք Աստծուն էին պատկանելու։ Եհովան էլ, իր հերթին, նրանց հետ վարվելու էր որպես իր «սեփականության»։

9. Ի՞նչ օրհնություններ էր վայելում Իսրայելը Աստծուն նվիրված լինելու շնորհիվ։

9 Եհովայի սեփականությունը լինելով՝ իսրայելացիները մեծ օրհնություններ էին վայելում։ Աստված հավատարիմ էր իր խոսքին և սիրառատ ծնողի պես հոգ էր տանում նրանց։ Արտահայտելով իր զգացմունքները Իսրայելի հանդեպ՝ Եհովան ասաց. «Մի՞թէ կինը կ’մոռանայ իր կաթնակեր մանուկին, որ չ’գթայ իր որովայնի ծննդեան վերայ. նորանք եթէ մոռանան էլ, բայց ես քեզ չեմ մոռանալ» (Ես. 49։15)։ Աստված Օրենքի միջոցով առաջնորդում էր իսրայելացիներին, մարգարեների միջոցով՝ քաջալերում, հրեշտակների միջոցով՝ պաշտպանում։ «Նա պատմում է իր խօսքը Յակոբին, իր հրամաններն ու իրաւունքներն՝ Իսրայէլին։ Ոչ մէկ ազգի այսպէս չ’արաւ»,— գրեց սաղմոսերգուն (Սաղ. 147։19, 20; կարդա՛ Սաղմոս 34։7, 19; 48։14)։ Այսօր ևս Եհովան հոգ է տանում իրեն նվիրված մարդկանց, ինչպես որ անցյալում հոգ էր տանում Իսրայելին։

Ինչո՞ւ պետք է նվիրվենք

10, 11. Ինչո՞ւ մենք չենք պատկանում Աստծու տիեզերական ընտանիքին։

10 Ոմանք, խորհելով նվիրման ու մկրտության մասին, գուցե ասեն. «Ի՞նչ պարտադիր է նվիրվեմ։ Ես առանց դրա էլ կարող եմ ծառայել Եհովային»։ Սակայն նրանք այլ կերպ կմտածեն, եթե հաշվի առնեն, որ Ադամի մեղքի պատճառով մենք օտարացած ենք Աստծուց և զրկված ենք նրա ընտանիքի անդամը լինելու պատվից (Հռոմ. 3։23; 5։12)։ Իսկ ի՞նչ է անհրաժեշտ անել Եհովայի ընտանիքի անդամը դառնալու համար։ Հարկավոր է նվիրվել նրան։

11 Եթե ծնված լինեինք որպես Աստծու որդիներ, հավիտենական կյանք կունենայինք. մի բան, որ ոչ մի հայր, բացի Եհովայից, չի կարող տալ իր զավակին (1 Տիմոթ. 6։19)։ Սակայն առաջին զույգը, մեղք գործելով, ողջ մարդկությանը հեռացրեց իր սիրառատ Հորից ու Արարչից (համեմատի՛ր Բ Օրինաց 32։5)։ Այդ ժամանակվանից ի վեր մարդիկ չեն պատկանում Աստծու տիեզերական ընտանիքին և օտարացած են նրանից։

12. ա) Ինչպե՞ս կարող են անկատար մարդիկ դառնալ Աստծու ընտանիքի անդամը։ բ) Ի՞նչ քայլեր պետք է անենք մկրտվելուց առաջ։

12 Սա, իհարկե, չի նշանակում, թե առհավետ զրկված ենք Աստծու ընտանիքի անդամը լինելու հնարավորությունից։ Մենք կարող ենք անձամբ խնդրել Աստծուն ընդգրկելու մեզ իր հավատարիմ ծառաների շարքը *։ Իսկ ինչի՞ շնորհիվ ունենք այդ հնարավորությունը։ Պողոս առաքյալը գրում է. «Երբ թշնամիներ էինք, հաշտվեցինք Աստծու հետ նրա Որդու մահով» (Հռոմ. 5։10)։ Մկրտվելիս մենք Աստծուց, այսպես ասած, մաքուր խիղճ ենք խնդրում, որպեսզի ընդունելի լինենք նրան (1 Պետ. 3։21)։ Սակայն դրանից առաջ որոշակի քայլեր պետք է անենք։ Մենք պետք է ճանաչենք Եհովային, սովորենք ապավինել նրան, զղջանք և փոխենք մեր ապրելակերպը (Հովհ. 17։3; Գործ. 3։19; Եբր. 11։6)։ Բայց սա դեռ ամենը չէ։ Աստծու ընտանիքի անդամը դառնալու համար մեկ ուրիշ բան էլ է հարկավոր։ Ի՞նչ։

13. Ինչո՞ւ է տեղին, որ մարդը նվիրման երդում տա Աստծուն նրա ընտանիքի անդամը դառնալուց առաջ։

13 Ի՞նչ պետք է անի Աստծուց օտարացած անհատը, եթե ցանկանում է լինել նրա ծառաների շարքում։ Նախևառաջ պետք է հանդիսավոր խոստում տա Եհովային։ Իսկ ինչո՞ւ։ Այս հարցի պատասխանը գտնելու համար պատկերացնենք, թե լավ համբավ ունեցող մի բարի մարդ մտադրություն ունի որդեգրել մի տղայի։ Այդ քայլը կատարելուց առաջ, սակայն, նա ուզում է, որ երեխան խոստանա սիրել ու հարգել իրեն՝ որպես հոր։ Միայն այդ դեպքում նա պատրաստ կլինի այդ տղային ընդունելու իր ընտանիքը։ Այդ պահանջը միանգամայն ողջամիտ է։ Նմանապես, Եհովան իր ընտանիքի անդամ կդարձնի միայն նրանց, ովքեր ցանկանում են նվիրման խոստում տալ իրեն։ Աստվածաշնչում ասվում է. «Ձեր անձերը մատուցեք նրան՝ որպես կենդանի զոհ՝ իրեն նվիրված և ընդունելի» (Հռոմ. 12։1, The New English Bible)։

Հավատի և սիրո ապացույց

14. Ինչո՞ւ կարելի է ասել, որ նվիրումը սիրո ապացույց է։

14 Նվիրվելով Եհովային՝ կփաստենք, որ ի սրտե սիրում ենք նրան։ Ինչ–որ իմաստով դա նման է ամուսնական երդմանը։ Քրիստոնյա տղամարդը, երդվելով բոլոր հանգամանքներում հավատարիմ մնալ իր ապագա կնոջը, իր սերն է արտահայտում նրա հանդեպ։ Անշուշտ, դա զուտ խոստում չէ, այլ ուխտ, որը նա կապում է իր հարսնացուի հետ։ Հակառակ դեպքում՝ եղբայրը չի կարող ապրել այդ քրոջ հետ։ Նմանապես, մենք չենք կարող լինել Աստծու ընտանիքի լիարժեք անդամը, եթե չնվիրվենք նրան։ Իսկ եթե նվիրվենք, ցույց կտանք, որ ցանկանում ենք պատկանել Եհովային՝ չնայած մեր անկատարությանը։ Այդ քայլով կփաստենք նաև, որ վճռել ենք բոլոր հանգամանքներում հավատարիմ մնալ Աստծուն (Մատթ. 22։37

15. Ինչո՞ւ կարելի է ասել, որ նվիրումը հավատի ապացույց է։

15 Նվիրումը նաև հավատի ապացույց է։ Ինչո՞ւ։ Եհովային հավատացող մարդը համոզված է, որ նրա հետ մտերմանալով՝ միայն օգուտներ կքաղի (Սաղ. 73։28)։ Ինչ խոսք, միշտ չէ, որ հեշտ կլինի քայլել Աստծու հետ։ Չէ՞ որ ապրում ենք «ծռված և ապականված սերնդի մեջ»։ Այդուհանդերձ, մենք վստահ ենք, որ Եհովան կկատարի իր խոստումը և կաջակցի մեզ (Փիլիպ. 2։15; 4։13)։ Ու եթե նույնիսկ անկատարության պատճառով սխալներ գործենք, գիտենք, որ Եհովան ողորմածորեն կվարվի մեզ հետ (կարդա՛ Սաղմոս 103։13, 14; Հռոմ. 7։21–25)։ Մենք հավատում ենք, որ Աստված կվարձատրի անարատ մնալու մեր վճռականությունը (Յոբ 27։5

Նվիրումը երջանկություն է բերում

16, 17. Ինչո՞ւ կարելի է ասել, որ նվիրումը երջանկություն է բերում։

16 Նվիրումը երջանկություն է բերում։ Բանն այն է, որ նվիրվելով՝ մենք մեր անձն ենք տալիս Եհովային։ Իսկ տալու մեջ «ավելի շատ երջանկություն կա.... քան թե ստանալու» (Գործ. 20։35)։ Այս պարզ ճշմարտությունը ասել է ինքը Հիսուսը, որը սեփական փորձով է համոզվել դրանում։ Երկրի վրա եղած ժամանակ նա իր անձն ամբողջովին տրամադրում էր ծառայությանը, ինչը մեծ երջանկություն էր պարգևում նրան։ Աստծու Որդին անձնուրացորեն օգնում էր մարդկանց գտնելու կյանքի ճանապարհը։ Անհրաժեշտության դեպքում Հիսուսը դա անում էր, նույնիսկ երբ հոգնած էր, սոված ու վհատված էր (Հովհ. 4։34)։ Նա երջանկություն էր գտնում իր Հոր սիրտը ուրախացնելու մեջ։ «Ես միշտ նրան հաճելի բաներն եմ անում»,— ասում էր Հիսուսը (Հովհ. 8։29; Առակ. 27։11

17 Աստծու Որդին գիտեր, թե որն է երջանկության տանող ուղին։ Ուստի իր հետևորդներին խրախուսեց. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա» (Մատթ. 16։24)։ Այսպես վարվելով՝ մենք կմտերմանանք Եհովայի հետ։ Իսկ մի՞թե կա մեկը, որն ավելի լավ հոգ կտանի մեր մասին, քան մեր սիրառատ Արարիչը։

18. Ինչո՞ւ, Եհովային նվիրվելով, ավելի մեծ երջանկություն կվայելենք, քան մեկ ուրիշին կամ մեկ այլ նպատակի նվիրվելու դեպքում։

18 Նվիրվելով Եհովային և մեր նվիրման համաձայն ապրելով, այսինքն՝ կատարելով նրա կամքը՝ մեծ երջանկություն կվայելենք. մի բան, որը չենք կարող ստանալ մեկ ուրիշին կամ մեկ այլ նպատակի նվիրվելու դեպքում։ Օրինակ՝ այսօր շատ մարդիկ իրենց կյանքը նվիրում են հարստությանը։ Արդյունքում այդպես էլ չեն հասնում իսկական երջանկության։ Մինչդեռ նրանք, ովքեր Եհովային են նվիրվում, հարատև երջանկություն են գտնում (Մատթ. 6։24)։ Նրանք երջանիկ են, որ պատիվ ունեն լինելու «Աստծու համագործակիցները»։ Հարկավոր է հիշել, սակայն, որ մենք նվիրվել ենք ոչ թե ծառայությանը կամ որևէ գործի, այլ մեր երախտագետ Աստծուն (1 Կորնթ. 3։9)։ Նա երբեք չի մոռանա իր հավատարիմ ծառաների անձնուրացությունը։ Եհովան միշտ հոգ կտանի այդ անհատների մասին, անգամ երբ նրանք ծերանան։ Իսկ նոր աշխարհում կերիտասարդացնի նրանց (Յոբ 33։25; կարդա՛ Եբրայեցիներ 6։10

19. Եհովային նվիրվելով՝ ի՞նչ կվայելենք։

19 Մեր կյանքը Եհովային նվիրելով՝ մտերիմ փոխհարաբերություններ կհաստատենք նրա հետ։ Աստվածաշունչը խրախուսում է. «Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակ. 4։8; Սաղ. 25։14)։ Իսկ ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ նվիրումը ճիշտ որոշում է։ Այս մասին կխոսենք հաջորդ հոդվածում։

[Ծանոթագրություն]

^ պարբ. 12 Հիսուսի «ուրիշ ոչխարները» Աստծու որդիներ կդառնան միայն հազարամյակի վերջում։ Բայց քանի որ նրանք նվիրվել են Եհովային, կարող են նրան «Հայր» կոչել և համարվել Եհովայի երկրպագուների ընտանիքի անդամ (Հովհ. 10։16; Ես. 64։8; Մատթ. 6։9; Հայտն. 20։5

Ինչպե՞ս կպատասխանես

• Ի՞նչ է նշանակում նվիրվել Աստծուն

• Եհովային նվիրվելով՝ ի՞նչ օրհնություններ ենք ստանում։

• Քրիստոնյաներն ինչո՞ւ պետք է նվիրվեն Եհովային։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[Նկար 6–րդ էջի վրա]

Մեր նվիրման համաձայն ապրելով՝ հարատև երջանկություն կգտնենք