Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կանա՛յք, ինչո՞ւ պետք է հնազանդվեք գլխավորությանը

Կանա՛յք, ինչո՞ւ պետք է հնազանդվեք գլխավորությանը

Կանա՛յք, ինչո՞ւ պետք է հնազանդվեք գլխավորությանը

«Կնոջ գլուխը տղամարդն է» (1 ԿՈՐՆԹ. 11։3

1, 2. ա) Ի՞նչ է գրված 1 Կորնթացիներ 11։3–ում գլխավորության սկզբունքի վերաբերյալ։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու այս հոդվածում։

ԵՀՈՎԱՆ գլխավորության սկզբունքը սահմանել է հետևյալ հերթականությամբ. «Ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է,.... իսկ Քրիստոսի գլուխը՝ Աստված» (1 Կորնթ. 11։3)։ Նախորդ հոդվածում նշվեց, որ Հիսուսը մեծ պատիվ էր համարում իր Գլխին՝ Եհովա Աստծուն հնազանդվելը, և դա անում էր հոժարակամորեն։ Խոսվեց նաև այն մասին, որ տղամարդիկ էլ պետք է հնազանդվեն իրենց գլխին՝ Քրիստոսին։ Նա բարի էր, մեղմ, կարեկից, անեսասեր։ Քրիստոնյա տղամարդիկ նույնպես պետք է այսպիսի հատկություններ դրսևորեն ուրիշների, հատկապես իրենց կանանց հանդեպ։

2 Իսկ ո՞վ է կնոջ գլուխը։ «Կնոջ գլուխը տղամարդն է»,— գրեց Պողոս առաքյալը։ Փաստորեն, կինը պետք է հնազանդվի ամուսնուն։ Արդյոք այս սկզբունքը գործո՞ւմ է նաև այն դեպքում, երբ ամուսինը Վկա չէ։ Հնազանդվել ամուսնուն մի՞թե նշանակում է լինել լուռ գործընկեր և չարտահայտել սեփական կարծիքը որոշումներ կայացնելիս։ Ի՞նչն է կնոջը գովելի դարձնում։

«Մի օգնական շինեմ իրան յարմար»

3, 4. Ի՞նչ օգուտներ են քաղում ամուսինները՝ հետևելով գլխավորության սկզբունքին։

3 Գլխավորության սկզբունքի հեղինակը Եհովա Աստված է։ Ադամին ստեղծելուց հետո նա ասաց. «Լաւ չէ որ մարդը մինակ լինի. նորա նման մի օգնական շինեմ իրան յարմար»։ Երբ Ադամը տեսավ, թե ինչպիսի օգնական է իրեն տվել Աստված, հիացմունքով ասաց. «Սա հիմա ոսկր է իմ ոսկրիցը եւ մարմին է իմ մարմնիցը» (Ծննդ. 2։18–24)։ Ադամն ու Եվան հրաշալի հնարավորություն ունեին. դառնալ ողջ մարդկային ցեղի նախածնողները։ Նրանց սերունդները նույնպես կարող էին հավիտյան ապրել դրախտային երկրում։

4 Սակայն իրենց ըմբոստության պատճառով մեր նախածնողները կորցրին ամեն ինչ (կարդա՛ Հռոմեացիներ 5։12)։ Այդուհանդերձ, գլխավորության սկզբունքը մնաց անփոփոխ։ Երբ ամուսինն ու կինը առաջնորդվում են այս սկզբունքով, մեծ օգուտներ են քաղում, ինչպես որ Հիսուսն էր օգուտներ ստանում, երբ հնազանդվում էր իր Գլխին՝ Եհովային։ Մինչև երկիր գալը նա «զվարճանում էր [Եհովայի] առաջին ամեն ժամանակ» (Առակ. 8։30)։ Ինչ խոսք, անկատարության հետևանքով թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք չեն կարող կատարելապես հետևել այս սկզբունքին։ Այնուամենայնիվ, երբ ամուսինն ու կինը իրենց լավագույնն են անում, որպեսզի հետևեն գլխավորության սկզբունքին, մեծ բավականություն են ստանում ամուսնությունից նույնիսկ այսօր։

5. Ինչո՞ւ պետք է ամուսինները հետևեն Հռոմեացիներ 12։10–ում գրված խորհրդին։

5 Ամուսնական կյանքում հաջողությունների հասնելու համար հարկավոր է հետևել աստվածաշնչյան այս խորհրդին, որն ուղղված է բոլոր քրիստոնյաներին. «Եղբայրասիրության մեջ գորովա՛նք ունեցեք իրար հանդեպ։ Միմյանց պատիվ տալու մեջ առաջի՛նը եղեք» (Հռոմ. 12։10)։ Ամուսինն ու կինը պետք է ջանք թափեն, որպեսզի «մեկը մյուսի հանդեպ լինեն բարի, խորապես կարեկից՝ մեծահոգաբար ներելով իրար» (Եփես. 4։32

Հնազանդություն ոչ Վկա ամուսնու հանդեպ

6, 7. Ի՞նչ ազդեցություն կարող է թողնել կնոջ վարքը ամուսնու վրա։

6 Ինչպե՞ս պետք է վարվի քրիստոնյա կինը, եթե նրա ամուսինը Վկա չէ։ Աստվածաշունչն ասում է. «Դո՛ւք, կանա՛յք, հպատակվե՛ք ձեր ամուսիններին, որպեսզի եթե ոմանք չհնազանդվեն խոսքին, առանց խոսքի շահվեն իրենց կանանց վարքով՝ իրենց աչքերով տեսնելով ձեր մաքուր վարքն ու խորը հարգանքը» (1 Պետ. 3։1, 2

7 Աստծու Խոսքում նշվում է, որ կինը պետք է պատրաստակամորեն հնազանդվի իր ամուսնուն։ Նրա լավ վարքը կարող է դրական ազդեցություն թողնել ամուսնու վրա և մղել նրան հետաքրքրվելու, թե ինչու է կինն այդպես վարվում։ Ժամանակի ընթացքում նա գուցե ցանկանա ավելին իմանալ իր կնոջ համոզմունքների մասին և ընդունի ճշմարտությունը։

8, 9. Ինչպե՞ս պետք է վարվի կինը, երբ ոչ Վկա ամուսինը վատ վերաբերմունք է դրսևորում իր նկատմամբ՝ չնայած իր լավ վարքին։

8 Իսկ ինչպե՞ս վարվել, եթե ոչ Վկա ամուսինը շարունակ վատ վերաբերմունք է դրսևորում կնոջ նկատմամբ։ 1 Կորնթացիներ 13։4–ում կարդում ենք. «Սերը երկայնամիտ է»։ Աստվածաշունչը հորդորում է կնոջը միշտ քրիստոնեական հատկություններ դրսևորել, ինչն այնքան էլ հեշտ չէ։ Կինը պետք է շարունակի վարվել «կատարյալ խոնարհամտությամբ, մեղմությամբ, երկայնամտությամբ» և սիրով համբերություն դրսևորի այդ իրավիճակում (Եփես. 4։2)։ Աստծու գործուն ուժի՝ սուրբ ոգու օգնությամբ հնարավոր է քրիստոնեական հատկություններ զարգացնել նույնիսկ այդ պայմաններում։

9 «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ»,— գրեց Պողոսը (Փիլիպ. 4։13)։ Իրականում այն բաները, որոնք անհնար են թվում, հնարավոր են դառնում Աստծու սուրբ ոգու շնորհիվ։ Հնարավոր է՝ կողակցի կոպիտ վերաբերմունքը դրդի կնոջը վրեժխնդիր լինելու։ Սակայն Աստվածաշունչը զգուշացնում է. «Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք։.... Որովհետև գրված է. «Վրեժխնդրությունը ի՛մն է։ Ե՛ս կհատուցեմ»,— ասում է Եհովան»» (Հռոմ. 12։17–19)։ Իսկ 1 Թեսաղոնիկեցիներ 5։15–ում խորհուրդ է տրվում. «Տեսե՛ք, որ ոչ ոք չարի դիմաց չարությամբ չհատուցի ոչ մեկին, բայց միշտ ձգտեք բարին գործել մեկդ մյուսիդ, ինչպես նաև մնացած բոլորի հանդեպ»։ Այն, ինչի չենք կարող հասնել սեփական ուժերով, կարող ենք հասնել Աստծու սուրբ ոգու օգնությամբ։ Ուստի շատ տեղին է աղոթել Աստծուն սուրբ ոգու համար, քանի որ մենք դրա կարիքն ունենք։

10. Ինչպե՞ս էր արձագանքում Հիսուսը, երբ ուրիշները վատ էին վերաբերվում իրեն կամ վատ խոսքեր էին ասում։

10 Այս հարցում մեզ համար լավ օրինակ է Հիսուսը։ 1 Պետրոս 2։23–ում կարդում ենք. «Երբ նրա մասին չարախոսում էին, փոխարենը՝ նա չէր չարախոսում։ Երբ նա չարչարվում էր, չէր սպառնում, այլ իրեն հանձնում էր նրան, ով արդարությամբ է դատում»։ Քրիստոնյաները պետք է հետևեն Հիսուսի օրինակին և ոչ թե այն մարդկանց, ովքեր վատ վարք են դրսևորում։ Հարկավոր է կիրառել հետևյալ խորհուրդը. «[Եղեք] խորապես կարեկցող, մտքով խոնարհ, չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք կամ չարախոսության փոխարեն՝ չարախոսությամբ» (1 Պետ. 3։8, 9

Լուռ գործընկե՞ր

11. Ի՞նչ մեծ առանձնաշնորհում ունեն որոշ քրիստոնյա կանայք։

11 Հնազանդվել ամուսնուն մի՞թե նշանակում է լինել լուռ գործընկեր և չարտահայտել սեփական կարծիքը որոշումներ կայացնելիս։ Ամենևին։ Եհովան թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շատ առանձնաշնորհումներ է տվել։ Միայն պատկերացրու, թե ինչ մեծ պատիվ ունեն 144 000 օծյալ քրիստոնյաները։ Նրանք ծառայելու են որպես թագավորներ ու քահանաներ Քրիստոսի իշխանության ժամանակ։ Այդ հավատարիմ ծառաների մեջ կան նաև կանայք, որոնք մեծ դեր են խաղում Եհովայի նպատակների մեջ (Գաղ. 3։26–29

12, 13. Որտեղի՞ց գիտենք, որ կանայք մարգարեացել են։

12 Աստվածաշնչյան ժամանակներում որոշ կանայք մարգարեանում էին։ Հովել 2։28, 29 համարներում կանխագուշակվել էր. «Իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վերայ, եւ պիտի մարգարէանան ձեր տղերքն ու ձեր աղջկերքը։.... Եւ ծառաներին ու աղախիններին վերայ էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին»։

13 Մ.թ. 33 թ. Պենտեկոստեին վերնասենյակում հավաքված աշակերտների թվում կային նաև կանայք։ Աստծու սուրբ ոգին թափվեց այդ աշակերտների վրա։ Դա էր պատճառը, որ Պետրոսը մեջբերեց Հովել մարգարեի խոսքերը, որոնք վերաբերում էին և՛ տղամարդկանց, և՛ կանանց. «Սա այն է, որ ասվեց Հովել մարգարեի միջոցով. «Եվ վերջին օրերում,— ասում է Աստված,— ես իմ ոգուց կթափեմ ամեն տեսակ մարմնի վրա, և ձեր որդիներն ու ձեր աղջիկները կմարգարեանան։.... Եվ իմ ծառաների ու աղախինների վրա իմ ոգուց կթափեմ այն օրերին, և նրանք կմարգարեանան»» (Գործ. 2։16–18

14. Ի՞նչ դեր ունեին կանայք քրիստոնեության տարածման գործում։

14 Առաջին դարում կանայք մեծ դեր են ունեցել քրիստոնեությունը տարածելու գործում։ Նրանք քարոզել են Աստծու Թագավորության մասին և քարոզչությանը առնչվող շատ այլ գործեր են արել (Ղուկ. 8։1–3)։ Օրինակ՝ Պողոս առաքյալը Ֆիբեի մասին ասաց, որ նա «ծառայող է Կենքրայի ժողովում»։ Իսկ իր հավատակիցներին ողջույնի խոսքեր հղելիս նա թվարկեց մի շարք հավատարիմ քույրերի անուններ. «Բարևե՛ք Տրիֆենային և Տրիֆոսային՝ այն կանանց, որոնք ծանր են աշխատում Տիրոջով»։ Առաքյալը նաև նշեց Պերսիսի անունը, քանի որ «նա շատ գործեր էր արել Տիրոջով» (Հռոմ. 16։1, 12

15. Մեր օրերում ի՞նչ դեր են խաղում կանայք քրիստոնեության տարածման գործում։

15 Մեր օրերում Աստծու Թագավորության բարի լուրը քարոզում են ավելի քան յոթ միլիոն քարոզիչներ, որոնց մեծ մասը տարբեր տարիքի կանայք են (Մատթ. 24։14)։ Նրանցից շատերը լիաժամ ծառայողներ են, օրինակ՝ միսիոներներ, Բեթելի ընտանիքի անդամներ և այլն։ Սաղմոսերգու Դավիթը գրեց. «Տէրը տալիս է խօսքը. աւետարանողները [«ավետարանող կանայք», ՆԱ] մեծ բազմութիւն են» (Սաղ. 68։11)։ Որքա՜ն ճշմարիտ են այս խոսքերը։ Եհովան իսկապես գնահատում է այն կանանց, ովքեր հռչակում են բարի լուրը և մեծ դեր խաղում իր նպատակների իրականացման մեջ։ Ուստի հնազանդվել ամենևին էլ չի նշանակում լուռ մնալ։

Կանայք, ովքեր լուռ չմնացին

16, 17. Ինչպե՞ս է Սառայի օրինակը ցույց տալիս, որ կինը լուռ գործընկեր չէ։

16 Եթե Եհովան այսքան առանձնաշնորհումներ է վստահել կանանց, չպե՞տք է արդյոք ամուսիններն էլ լուրջ որոշումներ կայացնելիս խորհրդակցեն իրենց կողակիցների հետ։ Իրականում այդպես վարվելը իմաստուն քայլ կլինի։ Աստվածաշնչում կան դեպքեր, երբ կանայք արտահայտել են իրենց կարծիքը և նույնիսկ գործել են առանց իրենց ամուսինների հետ խորհրդակցելու։ Քննենք երկու օրինակ։

17 Աբրահամի կինը՝ Սառան, շարունակ համոզում էր ամուսնուն, որ դուրս անի իր աղախնին և նրա որդուն, քանի որ վերջիններս անհարգալից վերաբերմունք ունեին։ «Այս բանը Աբրահամին շատ դժուար երեւեցաւ», սակայն Եհովան այլ կարծիքի էր։ Նա ասաց. «Թող աչքիդ դժուար չերեւայ քո տղայի եւ աղախնի համար. ամեն ինչ որ Սարրան քեզ ասել է, նորա խօսքը լսիր» (Ծննդ. 21։8–12)։ Աբրահամը հնազանդվեց Եհովային, լսեց Սառային և արեց այնպես, ինչպես կինն էր ուզում։

18. Ինչպե՞ս վարվեց Աբիգեան։

18 Իսկ ինչպե՞ս վարվեց Աբիգեան՝ Նաբաղի կինը։ Ահա մի դեպք, որ տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Սավուղ թագավորի պատճառով Դավիթը փախուստի մեջ էր։ Վերջինս բնակվում էր այնտեղ, որտեղ Նաբաղի ոչխարներն էին արածում։ Սակայն այդ հարուստ մարդու ունեցվածքը հափշտակելու փոխարեն՝ Դավիթը և իր մարդիկ հսկում էին նրա տարածքը։ Նաբաղը «խստաբարոյ եւ չարագործ էր» ու «անզգամութիւնը իր հետն էր»։ Մի օր Դավթի մարդիկ օգնություն խնդրեցին, բայց նա մերժեց և «դուրս արաւ» նրանց։ Ի՞նչ արեց Աբիգեան՝ լսելով տեղի ունեցածի մասին։ Առանց Նաբաղի հետ խորհրդակցելու՝ «շուտով երկու հարիւր հաց, եւ երկու տիկ գինի, եւ հինգ պատրաստուած ոչխար, եւ հինգ գրիւ հեղի ցորեն, հարիւր ողկոյզ չամիչ, եւ երկու հարիւր շարոց թուզ առաւ» և տվեց Դավթին ու նրա մարդկանց։ Արդյոք ճի՞շտ վարվեց Աբիգեան։ Այո՛, հետագա դեպքերը ցույց տվեցին, որ նրա կատարած քայլերը ճիշտ էին։ Աստվածաշնչում կարդում ենք. «Տէրը զարկեց Նաբաղին որ մեռաւ» (Ա Թագ. 25։3, 14–19, 23–25, 38–42

Կանայք գովեստի են արժանի

19, 20. Ի՞նչն է կնոջը գովելի դարձնում։

19 Աստվածաշունչը միշտ գովեստով է խոսում այն կանանց մասին, ովքեր հետևում են Եհովայի առաջնորդությանը։ «Առակաց» գիրքը գովաբանում է «առաքինի կնոջը»՝ ասելով. «Նորա գինը աւելի է քան թէ գոհարները։ Նորա վերայ վստահ է իր մարդի սիրտը, եւ շահի կարօտութիւն չի լինիլ։ Նա նորան բարիք կ’հատուցանէ եւ ոչ թէ չարիք, իր կեանքի բորոր օրերումը։ Նա իր բերանը բանում է իմաստութիւնով, եւ նորա լեզուի վերայ շնորհալի օրէնք կայ։ Նա մտիկ է անում իր տան ընթացքին, եւ ծոյլ ծոյլ չէ ուտում հացը։ Նորա որդիքը կանգնում են եւ նորան երանի տալիս, նորա մարդը կանգնում է եւ գովասանում նորան» (Առակ. 31։10–12, 26–28

20 Ի՞նչն է կնոջը գովելի դարձնում։ «Սուտ է վայելչութիւնը, եւ ունայն՝ գեղեցկութիւնը,— ասվում է Առակաց 31։30–ում,— այն կինը, որ վախենում է Տէրիցը՝ նա կ’գովուի»։ Վախենալ Եհովայից նշանակում է նաև պատրաստակամորեն հնազանդվել գլխավորության սկզբունքին՝ «կնոջ գլուխը տղամարդն է», «տղամարդու գլուխը Քրիստոսն է» և «Քրիստոսի գլուխը՝ Աստված» (1 Կորնթ. 11։3

Երախտագետ եղիր Աստծու պարգևի համար

21, 22. ա) Ինչո՞ւ պետք է քրիստոնյաները երախտապարտ լինեն Աստծուն ամուսնության պարգևի համար։ բ) Ինչո՞ւ պետք է հարգանք դրսևորենք Եհովայի սահմանած գլխավորության սկզբունքի հանդեպ (տե՛ս շրջանակը, էջ 17)։

21 Ամուսնացած քրիստոնյաները շատ պատճառներ ունեն երախտագետ լինելու Աստծուն հատկապես այն բանի համար, որ միասին են քայլում Աստծու հետ (Հռութ 1։9; Միք. 6։8)։ Ամուսնության հիմնադիրը գիտի, թե ինչ է հարկավոր ամուսիններին երջանիկ լինելու համար։ Միշտ ձգտեք վարվել Եհովայի կամքի համաձայն և «Տիրոջ ուրախութիւնը ձեր զօրութիւնը» կլինի նույնիսկ այս անհանգիստ աշխարհում (Նէեմ. 8։10

22 Քրիստոնյա ամուսինը, որը սիրում է կնոջը իր անձի պես, գորովանքով կվերաբերվի նրան և սիրով կգործադրի իր գլխավորությունը։ Իսկ աստվածավախ կինը իր հերթին թիկունք կկանգնի ամուսնուն ու խոր հարգանք կտածի նրա հանդեպ։ Եվ ամենակարևորը, օրինակելի զույգերը պատիվ կբերեն Եհովա Աստծուն։

Հիշո՞ւմ ես

• Ո՞րն է Եհովայի սահմանած գլխավորության սկզբունքը։

• Ինչո՞ւ պետք է կողակիցները պատիվ տան միմյանց։

• Ինչպե՞ս պետք է վերաբերվի կինը ոչ Վկա ամուսնուն։

• Ինչո՞ւ պետք է ամուսինը լուրջ որոշումներ կայացնելիս խորհրդակցի կնոջ հետ։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[Շրջանակ 17–րդ էջի վրա]

Ինչո՞ւ հարգանք դրսևորել իշխանության հանդեպ

Եհովան իր բոլոր բանական արարածների բարօրության համար իշխանության և գլխավորության առնչությամբ որոշ սկզբունքներ է սահմանել։ Դա հնարավորություն է տալիս վերջիններիս իրենց ազատ կամքը գործի դնել և պատիվ բերել Աստծուն՝ միասնականորեն ծառայելով նրան (Սաղ. 133։1

Օծյալ քրիստոնյաների ժողովը հնազանդվում է Հիսուս Քրիստոսի գլխավորությանը (Եփես. 1։22, 23)։ Ընդունելով Եհովայի իշխանությունը՝ «Որդին ինքն էլ հպատակվում է այն Մեկին, որը բոլոր բաները հպատակեցրեց նրան, որպեսզի Աստված լինի ամեն բան յուրաքանչյուրի համար» (1 Կորնթ. 15։27, 28)։ Հետևաբար տեղին է, որ քրիստոնյաներն էլ ենթարկվեն Եհովայի սահմանած գլխավորության սկզբունքին ընտանիքում և ժողովում (1 Կորնթ. 11։3; Եբր. 13։17)։ Այդպիսով նրանք կարժանանան Եհովայի հաճությանը և շատ օրհնություններ կստանան (Ես. 48։17

[Նկար 13–րդ էջի վրա]

Աղոթքը օգնում է կնոջը աստվածահաճո հատկություններ դրսևորելու

[Նկարներ 15–րդ էջի վրա]

Եհովան գնահատում է կանանց մեծ դերը Թագավորության գործում