Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս ազնիվ մնալ այս անազնիվ աշխարհում

Ինչպե՞ս ազնիվ մնալ այս անազնիվ աշխարհում

Ինչպե՞ս ազնիվ մնալ այս անազնիվ աշխարհում

ԵՐԲԵՄՆ թվում է, թե անազնվությունը օդի պես տարածված է ամենուր։ Բոլորը խաբում են, ապրանքի դիմաց ավելի շատ փող են վերցնում, գողանում են, չեն վերադարձնում իրենց պարտքը, խարդախ են բիզնեսի մեջ։ Նման միջավայրում ապրելով՝ հաճախ մենք հայտնվում ենք այնպիսի իրավիճակում, որի ժամանակ փորձվում է ազնիվ լինելու մեր վճռականությունը։ Ինչպե՞ս կարող ենք դիմադրել անազնվորեն վարվելու ճնշմանը։ Եկեք քննենք երեք գործոններ, որոնք կօգնեն մեզ։ Դրանք են՝ Եհովայի հանդեպ վախը, Աստվածաշնչով մարզված խիղճը և ունեցածով բավարարվելը։

Եհովայի հանդեպ վախը

Եսայիա մարգարեն հետևյալ խոսքերը գրեց. «Եհովան է մեր Դատավորը, Եհովան է մեր Օրենսդիրը, Եհովան է մեր Թագավորը» (Ես. 33։22)։ Երբ գիտակցում ենք, թե ինչ բարձր դիրք ունի Եհովան, սկսում ենք վախենալ նրանից։ Այդ վախը մղում է մեզ վճռականորեն դիմադրելու «անազնվության ոգու» ճնշմանը։ Առակներ 16։6-ում կարդում ենք. «Եհովայի հանդեպ վախը մարդուն հեռու է պահում չարից»։ Այս վախի պատճառն այն չէ, որ մենք սարսափում ենք Աստծուց՝ մտածելով, որ նա վրեժխնդիր կլինի ու կպատժի մեզ։ Մենք վախենում ենք, քանի որ չենք ուզում տրտմեցնել մեր Երկնային Հորը, որն այդքան հետաքրքրված է մեր բարօրությամբ (1 Պետ. 3։12

Իրական դեպքերը ցույց են տալիս, թե ինչ դրական արդյունք է ունենում Աստծու հանդեպ վախը։ Մի օր Ռիկարդոն և նրա կինը՝ Ֆերնանդան *, իրենց բանկային հաշվից հանեցին հինգ հարյուր եվրո։ Ֆերնանդան թղթադրամներն առանց հաշվելու դրեց իր պայուսակը։ Նրանք որոշ վճարումներ կատարելուց հետո, երբ վերադարձան տուն, տեսան, որ իրենց հանած գումարը չի պակասել։ Ռիկարդոն ու Ֆերնանդան հասկացան, որ դրամարկղի աշխատողը իրենց շատ գումար է տվել։ Սկզբում նրանք ուզում էին պահել ավել փողը, քանի որ դեռ շատ վարձեր էլ պետք է մուծեին։ Ռիկարդոն ասում է. «Մենք աղոթեցինք Եհովային, որ օգնի մեզ չհանձնվել ու ազնիվ մնալ։ Ուստի Աստծուն ուրախացնելու համար, ինչպես որ նա կոչ է անում Առակներ 27։11 համարում, մենք ցանկացանք վերադարձնել գումարը»։

Աստվածաշնչով մարզված խիղճը

Մենք կարող ենք մարզել մեր խիղճը՝ Աստվածաշունչը ուսումնասիրելով և մեր սովորածի համաձայն վարվելով։ Այդպես Աստծու խոսքը, որը «կենդանի է ու զորեղ», կհասնի ոչ միայն մեր մտքին, այլև մեր սրտին։ Դա էլ կմղի մեզ, որ «ամեն ինչում ազնվությամբ վարվենք» (Եբր. 4։12; 13։18

Քննենք Ժուաուի օրինակը։ Նա մեծ պարտք էր կուտակել իր գլխին՝ երեք հազար վեց հարյուր եվրո։ Մի օր, առանց պարտքը վճարելու, նա տեղափոխվեց ուրիշ քաղաք։ Ութ տարի անց Ժուաուն իմացավ ճշմարտությունը և Աստվածաշնչով մարզված նրա խիղճը մղեց նրան կապ հաստատելու իր պարտատիրոջ հետ՝ գումարը վճարելու համար։ Բայց քանի որ Ժուաուն քիչ եկամուտներ ուներ և հոգ էր տանում կնոջ ու չորս երեխաների մասին, պարտատերը համաձայնեց, որ նա պարտքը մարի՝ ամեն ամիս որոշակի գումար վճարելով։

Ունեցածով բավարարվելը

Պողոս առաքյալը գրեց. «Աստծու հանդեպ նվիրվածությունը մեծ շահ ստանալու միջոց է, եթե բավարարված ենք մեր ունեցածով։ .... Եթե ուտելիք, հագուստ և ծածկ ունենք, դրանցով բավարարվենք» (1 Տիմոթ. 6։6–8)։ Այս իմաստուն խորհրդով առաջնորդվելը կօգնի մեզ խուսափելու ագահության ծուղակն ընկնելուց, կասկածելի գործարքներ կնքելուց և արագ հարստանալու անիրական ծրագրերով տարվելուց (Առակ. 28։20)։ Պողոսի խորհրդին հետևելը կօգնի նաև, որ Աստծու Թագավորությունը մեր կյանքում առաջին տեղում դնենք՝ վստահ լինելով, որ Եհովան կհոգա մեր հիմնական կարիքների մասին (Մատթ. 6։25–34

Այդուհանդերձ, չպետք է թերագնահատենք «հարստության հրապույրի» զորությունը և անտեսենք ագահությամբ տարվելու վտանգը (Մատթ. 13։22)։ Հիշենք Աքանին։ Թեև նա ականատես էր եղել, թե ինչպես իսրայելացիները հրաշքով անցան Հորդանան գետը, սակայն տրվեց ագահությանը. Երիքովի կործանման ժամանակ ավարից արծաթ, ոսկի և թանկարժեք հագուստ գողանալու ցանկությանը չդիմադրեց։ Դրա համար նա իր կյանքով հատուցեց (Հեսու 7։1, 20–26)։ Ուստի զարմանալի չէ, թե ինչու է Հիսուսը հետևյալ զգուշացումը տալիս. «Աչալո՛ւրջ եղեք և զգո՛ւյշ կացեք ամեն տեսակ ագահությունից» (Ղուկ. 12։15

Եղիր ազնիվ աշխատող

Քննենք որոշ իրավիճակներ, երբ ամեն ինչում ազնիվ մնալու մեր վճռականությունը կարող է փորձվել։ Լինել ազնիվ աշխատող նշանակում է «գողություն չանել», նույնիսկ երբ այդպես վարվելն ընդունված կամ սովորական բան է (Տիտոս 2։9, 10)։ Ջուրանդիրը, որն աշխատում էր մի պետական գործակալությունում, գործուղումից վերադառնալուց հետո ճանապարհի վրա ծախսած գումարի չափը ազնվորեն ներկայացնում էր համապատասխան բաժին։ Նրա գործընկերները, սակայն, իրենց ծախսածից ավելի շատ գումար էին ներկայացնում։ Պատճառն այն էր, որ բաժնի վարիչը թույլ էր տալիս, որ իր աշխատողներն այդպես վարվեն։ Դեռ ավելին, այդ մարդը նույնիսկ հանդիմանեց Ջուրանդիրին ազնիվ լինելու համար և այլևս թույլ չտվեց գործուղման գնալ։ Որոշ ժամանակ անց գործակալությունում հաշվեքննություն անցկացվեց։ Ջուրանդիրին գովեցին ազնիվ աշխատող լինելու համար և բարձրացրին նրա պաշտոնը։

Անդրեն վաճառող էր։ Մի օր գործատերը պահանջեց նրանից, որ խորամանկորեն մի ծառայության դիմաց վճարվող գումարը հաճախորդներին ներկայացվող հաշվի մեջ երկու անգամ գրանցի։ Մեր եղբայրը աղոթքով դիմեց Եհովային և նրանից քաջություն խնդրեց, որպեսզի կարողանա հավատարիմ մնալ աստվածաշնչյան սկզբունքներին (Սաղ. 145։18–20)։ Նա փորձեց բացատրել գործատիրոջը, թե ինչու չի կարող այդպես վարվել, բայց ապարդյուն։ Ուստի Անդրեն որոշեց դուրս գալ աշխատանքից, թեև լավ էր վարձատրվում։ Սակայն մոտ մեկ տարի անց այդ գործատերը նրան հետ կանչեց՝ հավաստիացնելով, որ հաճախորդներից այլևս ավել գումար չի գանձվում։ Նա Անդրեին մենեջերի աշխատանք առաջարկեց։

Վերադարձրու պարտքերդ

Պողոս առաքյալը քրիստոնյաներին խորհուրդ տվեց. «Ոչ ոքի ոչ մի բան պարտք մի՛ եղեք» (Հռոմ. 13։8)։ Այն մարդը, որը չի վերադարձնում իր պարտքը, գուցե փորձի արդարացնել իրեն՝ մտածելով, թե իր պարտատերը հարուստ է և այդ փողի կարիքը չունի։ Սակայն Աստվածաշունչն ասում է. «Ամբարիշտը պարտք է վերցնում և չի վերադարձնում» (Սաղ. 37։21

Իսկ ի՞նչ կարելի է անել, եթե չնախատեսված հանգամանքների պատճառով ի վիճակի չենք հետ վերադարձնելու պարտքով վերցրած գումարը (Ժող. 9։11)։ Ֆրանչեսկոն Ալֆրեդոյից հինգ հազար եվրո պարտք վերցրեց, որպեսզի փակի գրավի դիմաց ստացած վարկը։ Սակայն երբ Ֆրանչեսկոն տեսավ, որ բիզնեսում որոշ անհաջողությունների պատճառով չի կարող վերադարձնել պարտքը պայմանավորված ժամկետում, մոտեցավ Ալֆրեդոյին, որպեսզի խոսի այդ մասին։ Ալֆրեդոն համաձայնվեց, որ նա պարտքը մաս-մաս վերադարձնի։

Մի՛ փորձիր սխալ տպավորություն ստեղծել

Հիշիր Անանիային և Սաֆիրային, որոնք առաջին դարում քրիստոնեական ժողովի անդամ էին։ Նրանք վաճառեցին իրենց արտը և գումարի կեսը բերեցին առաքյալների մոտ, բայց ասացին, որ բերել են իրենց ստացած ողջ գումարը։ Նրանք ցանկանում էին այնպիսի տպավորություն ստեղծել բոլորի մոտ, թե շատ առատաձեռն են։ Սակայն Պետրոս առաքյալը, Աստծու սուրբ ոգով ներշնչված լինելով, պատռեց նրանց դիմակը, որից հետո Եհովան հարվածեց նրանց, ու նրանք մեռան (Գործ. 5։1–11

Ի տարբերություն անազնիվ Անանիայի ու Սաֆիրայի՝ Աստվածաշնչի գրողները ազնիվ ու անկեղծ մարդիկ են եղել։ Օրինակ՝ Մովսեսը ազնվորեն գրել է այն մասին, որ ինքնատիրապետումը կորցնելու պատճառով սխալ թույլ տվեց, ինչի հետևանքով չմտավ Ավետյաց երկիր (Թվեր 20։7–13)։ Հովնանը նույնպես չթաքցրեց իր սխալները, այլ ազնվորեն գրեց, թե ինչպես վարվեց նախքան նինվեցիներին քարոզելը և դրանից հետո (Հովն. 1։1–3; 4։1–3

Ինչ խոսք, ճշմարտությունն ասելու համար քաջություն է պետք, հատկապես երբ այդպես վարվելով՝ դու ինչ-որ բան ես կորցնելու։ Տեսնենք, թե ինչ պատահեց դպրոցում տասնչորսամյա Նատալիայի հետ։ Նա վերանայեց իր ստուգողական աշխատանքը և տեսավ, որ ուսուցիչը չէր նկատել իր սխալը։ Նա առանց երկմտելու մոտեցավ ու տեղեկացրեց ուսուցչին այդ մասին, չնայած գիտակցում էր, որ դա կազդի իր գնահատականի վրա։ Նատալիան ասում է. «Իմ ծնողները ինձ միշտ ասում են, որ եթե ուզում եմ Եհովային ուրախացնել, միշտ պետք է ազնիվ լինեմ։ Եթե ես ուսուցչիս չասեի այդ մասին, իմ խիղճը կտանջեր ինձ»։ Ուսուցիչը գնահատեց Նատալիայի ազնվությունը։

Հատկություն, որը փառք է բերում Եհովայի անվանը

Մի օր տասնյոթամյա Ժիզելը դրամապանակ գտավ, որտեղ կային փաստաթղթեր և 25 եվրո։ Նա դպրոցի տնօրինությանը տեղեկացրեց այդ մասին, որպեսզի նրանց օգնությամբ դրամապանակը վերադարձնի տիրոջը։ Մի ամիս անց դպրոցի փոխտնօրենը ամբողջ դասարանի առաջ մի նամակ կարդաց, որտեղ գովասանքի խոսքեր էին ուղղված Ժիզելին իր ազնվության համար ու նրա ծնողներին՝ իրենց աղջկան լավ դաստիարակություն և կրոնական կրթություն տալու համար։ Նրա «բարի գործերը» փառք բերեցին Եհովայի անվանը (Մատթ. 5։14–16

Ինչ խոսք, դժվար է ազնիվ լինել, երբ շրջապատված ես «անձնասեր, փողասեր, մեծամիտ, գոռոզ.... և անհավատարիմ» մարդկանցով (2 Տիմոթ. 3։2)։ Այդուհանդերձ, Եհովայի հանդեպ վախը, Աստվածաշնչով մարզված խիղճը և ունեցածով բավարարվելը կօգնեն մեզ ազնիվ մնալու այս անազնիվ աշխարհում։ Պահելով մեր ազնվությունը՝ մենք ավելի ենք մտերմանում Եհովայի հետ, քանի որ նա «արդար է և սիրում է արդար գործերը» (Սաղ. 11։7

[ծանոթագրություն]

^ պարբ. 5 Որոշ անուններ փոխված են։

[նկարներ 7-րդ էջի վրա]

Եհովայի հանդեպ վախը ուժ է տալիս, որ վճռական լինենք ազնիվ մնալու հարցում

[նկար 8-րդ էջի վրա]

Մեր ազնվությունը փառք է բերում Եհովայի անվանը