«Արթո՛ւն եղեք». ինչո՞ւ է այդքան կարևոր
«Արթո՛ւն եղեք». ինչո՞ւ է այդքան կարևոր
«Ո՞ՐՆ է լինելու քո ներկայության և աշխարհի վախճանի նշանը» (Մատթ. 24։3)։ Ի պատասխան՝ Հիսուսն իր աշակերտներին տվեց մի նշան, որը պարզ էր, մանրամասնորեն էր շարադրված, հեշտ ճանաչելի էր և հնարավոր չէր շփոթել։ Այն արձանագրված է Մատթեոս 24-րդ, Մարկոս 13-րդ և Ղուկաս 21-րդ գլուխներում։ Հիսուսը նաև ավելացրեց. «Արթո՛ւն եղեք» (Մատթ. 24։42)։
Եթե նշանն այդքան ակնհայտ էր լինելու, էլ ինչո՞ւ նա լրացուցիչ հորդոր տվեց։ Նկատի առ հետևյալ երկու հնարավոր պատճառները։ Առաջին՝ շեղող հանգամանքների պատճառով ոմանք կարող են անտեսել նշանը և, ի վերջո, հոգևորապես թուլանալ ու կորցնել արթնությունը։ Երկրորդ՝ քրիստոնյան կարող է ճանաչել ու հասկանալ նշանի երեսակները, բայց իր վրա չզգալ դրա կատարումը։ Հետևաբար, նա գուցե մտածի, որ «մեծ նեղությունը»՝ Հիսուսի մարգարեության գագաթնակետը, դեռ շատ հեռու է, և այդ պատճառով կարիք չկա «արթուն մնալու» (Մատթ. 24։21)։
«Ուշադրություն չդարձրին»
Հիսուսն իր հետևորդներին հիշեցրեց Նոյի ժամանակակիցների մասին։ Այդ մարդիկ չէին կարող չնկատել նրա քարոզչական գործունեությունը, հսկայական տապանի կառուցումը և ամենուրեք տիրող բռնությունը։ Այդուհանդերձ, նրանք «ուշադրություն չդարձրին» (Մատթ. 24։37–39)։ Այսօր էլ է գերակշռում նման վերաբերմունք նախազգուշացումների հանդեպ։ Բերենք մի օրինակ։ Թեև ճանապարհներին դրվում են արագությունը սահմանափակող հստակ նշաններ, շատերը անտեսում են դրանք։ Իշխանությունները հաճախ ստիպված են լինում արհեստական ճանապարհային անհարթություններ ստեղծել, որ ստիպեն վարորդներին դանդաղեցնել արագությունը։ Նմանապես, քրիստոնյան գուցե տեսնի վերջին օրերի նշանը, բայց տարվի այնպիսի գործերով, որոնք կշեղեն նրա ուշադրությունը։ Այդպես եղավ Արևմտյան Աֆրիկայում ապրող մի աղջկա՝ Արիելի հետ։
Արիելը շատ էր սիրում հեռուստացույցով դիտել ձեռքի գնդակի՝ կանանց հավաքականի խաղը։ Երբ իր դպրոցում այդպիսի թիմ կազմվեց, նա խաղալու հնարավորություն ստացավ, ինչի պատճառով կորցրեց արթնությունը ու չտեսավ, թե ինչ վտանգներ կարող է հասցնել իր հոգևոր առողջությանը։ Արիելը լինելու էր թիմի դարպասապահը։ Իսկ ի՞նչ եղավ հետո։ Նա ասում է. «Թիմակիցներիցս մի քանիսը ընկերներ ունեին, որոնք թմրադեղեր էին օգտագործում ու ծխում։ Նրանք ծաղրում էին ինձ, քանի որ տարբերվում էի իրենցից, բայց ես մտածում էի, որ կկարողանամ նրանց ազդեցության տակ չընկնել։ Սակայն եղավ այն, ինչը չէի սպասում. այդ մարզաձևը սկսեց քայքայել իմ հոգևոր առողջությունը։ Միտքս ու սիրտս տարված էին խաղերով։ Ժողովի հանդիպումների ժամանակ մտքերս ոչ թե Թագավորության սրահում էին, այլ խաղադաշտում։ Ես սկսեցի կորցնել նաև իմ քրիստոնեական հատկությունները։ Ոչ թե պարզապես սիրում էի այդ խաղը, այլ տարված էի հաղթելու մոլուցքով։ Բոցավառված էի մրցակցության ոգով, շատ էի մարզվում, որ հագուրդ տամ հաղթելու ցանկությանս։ Գնալով սթրեսները մեծանում էին։ Հանուն այդ սպորտի նույնիսկ զոհեցի ընկերներիս հետ ունեցած փոխհարաբերությունները։
Իմ սխալը հասկացա այն ժամանակ, երբ հակառակորդ թիմին խաղերից մեկի ընթացքում հնարավորություն տրվեց տուգանային հարված իրացնելու։ Ես պետք է պահեի դարպասը։ Առանց հասկանալու, թե ինչ եմ անում՝ աղոթեցի Եհովային, որ օգնի ինձ բռնելու գնդակը։ Այս դեպքից հետո գիտակցեցի, թե որքան էր թուլացել հոգևոր վիճակս։ Ինչպե՞ս վերականգնեցի այն։
Ես նայել էի «Երիտասարդները հարցնում են. ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում» տեսաֆիլմը *։ Որոշեցի նորից նայել այն ու այս անգամ լրջորեն մոտենալ հարցին. չէ՞ որ նույն դժվարին իրավիճակում էի, ինչ Անդրեն՝ ֆիլմի հերոսը։ Հատկապես ուշադրություն դարձրի Անդրեին տված երեցի խորհրդին՝ կարդալ ու խորհրդածել Փիլիպպեցիներ 3։8-ի շուրջ։ Ես այդպես էլ վարվեցի ու արդյունքում հեռացա թիմից։
Ի՜նչ մեծ տարբերություն զգացի։ Մրցակցության ոգիս ու դրա պատճառով ի հայտ եկած սթրեսը վերացան։ Ավելի ուրախ էի ու ավելի էի մտերմացել քրիստոնյա ընկերներիս հետ։ Հոգևոր գործերը մեծ կարևորություն ստացան ինձ համար։ Հանդիպումների ժամանակ կարողանում էի կենտրոնանալ և նորից ուրախություն էի ստանում դրանցից։ Ծառայությունս նույնպես բարելավվեց։ Այժմ կանոնավորաբար ենթառահվիրա եմ ծառայում»։
Եթե որևէ բան քեզ հետ է պահում Հիսուսի տված նշանին ուշադրություն դարձնելուց, Արիելի նման՝ լուրջ քայլեր ձեռնարկիր։ Կարող ես փորձել հետևյալը։ Օգտվիր ««Դիտարանի» հրատարակությունների ցանկից», որն ասես թաքցված գանձերի քարտեզ լինի։ Դրա միջոցով մեր հրատարակություններում կգտնես ողջամիտ խորհուրդներ, ինչպես նաև կկարդաս այն մասին, թե ինչպես են ուրիշները դիմադրել գայթակղություններին։ Լիարժեք օգուտներ քաղիր քրիստոնեական հանդիպումներից՝ լավ պատրաստվելով ու գրառումներ կատարելով։ Ոմանք նկատել են, որ շատ օգտակար է առջևում նստելը։ Երբ հարց ու պատասխանով քննարկում է լինում, ձգտիր սկզբից ևեթ մեկնաբանություն տալ։ Բացի այդ, հոգևորապես արթուն մնա՝ հետևելով ընթացիկ իրադարձություններին և ուշադրություն դարձնելով, թե ինչպես են կատարվում նշանի երեսակներն ու «վերջին օրերի» մյուս առանձնահատկությունները (2 Տիմոթ. 3։1–5; 2 Պետ. 3։3, 4; Հայտն. 6։1–8)։
«Պատրաստ եղեք»
Վերջին օրերի նշանը կատարվում է «ամբողջ երկրով մեկ» (Մատթ. 24։7, 14)։ Միլիոնավոր մարդիկ ապրում են այնպիսի վայրերում, որտեղ մեծ մասշտաբով կատարվում են կանխագուշակված իրադարձությունները, ինչպես օրինակ՝ սովը, համաճարակները, երկրաշարժերը և այլն։ Ի տարբերություն նրանց՝ ուրիշների կյանքը համեմատաբար խաղաղ ու հանգիստ է։ Եթե քո պարագան էլ այդպիսին է ու եթե երբևէ քեզ վրա չես զգացել նշանի որոշ երեսակների կատարումը, կեզրակացնե՞ս, թե մեծ նեղությունը դեռ շատ հեռու է։ Իմաստուն չի լինի այդպես մտածել։
Խորհիր, օրինակ, այն բանի շուրջ, թե Հիսուսն ինչ կանխագուշակեց «համաճարակների ու սովերի» մասին (Ղուկ. 21։11)։ Առաջին՝ նա ոչ թե ասաց, որ դրանք միաժամանակ կամ նույն չափով կլինեն ամենուրեք, այլ ասաց, որ «տեղ-տեղ» կլինեն։ Ուստի չենք կարող ակնկալել, որ ամենուրեք միաժամանակ նույն բաները տեղի կունենան։ Երկրորդ՝ սովերի մասին նշելուց շատ չանցած՝ Հիսուսն ասաց, որ իր հետևորդները պետք է զգոն լինեն, որ չափից շատ չուտեն. «Ուշադրություն դարձրեք ձեր անձերին, որ ձեր սրտերը երբեք չծանրանան շատակերությամբ» (Ղուկ. 21։34)։ Փաստորեն, չպետք է ակնկալենք, որ բոլոր քրիստոնյաները իրենց վրա կզգան նշանի յուրաքանչյուր երեսակի կատարումը։ Հիսուսն ասաց. «Երբ տեսնեք այս բաները կատարվելիս, իմացեք, որ Աստծու թագավորությունը մոտ է» (Ղուկ. 21։31)։ Շնորհիվ հաղորդակցության ժամանակակից միջոցների մենք տեսնում ենք նշանի բոլոր երեսակների կատարումը, անկախ այն բանից՝ մեր տեղանքում որոնք են կատարվում։
Հիշիր նաև, որ Եհովան արդեն նշանակել է մեծ նեղության «օրը և ժամը» (Մատթ. 24։36)։ Երկրի վրա դեպքերի զարգացումը չի փոխի նշանակված օրը։
Հիսուսն ամենուրեք գտնվող քրիստոնյաներին հորդորեց. «Պատրաստ եղեք» (Մատթ. 24։44)։ Մենք պետք է միշտ պատրաստ լինենք։ Իհարկե, չենք կարող ամեն օր ամբողջ օրը զբաղվել աստվածապետական գործունեությամբ։ Բացի այդ, մեզնից ոչ ոք չգիտի, թե ինչ անելիս կլինի, երբ սկսվի մեծ նեղությունը։ Ոմանք գուցե աշխատանքի վայրում լինեն կամ տնային գործերը անելիս (Մատթ. 24։40, 41)։ Այդ դեպքում ի՞նչ կարող ենք անել ցույց տալու համար, որ պատրաստ ենք։
Էմմանուելը, Վիկտորինը և նրանց վեց աղջիկները ապրում են Աֆրիկայի այնպիսի շրջանում, որտեղ իրենց վրա չեն զգում, թե ինչպես են կատարվում նշանի բոլոր երեսակները։ Ուստի նրանք որոշել են ամեն օր հոգևոր թեմաների շուրջ քննարկումներ անել, որ պատրաստ լինեն Եհովայի օրվան։ Էմմանուելն ասում է. «Դժվար էր բոլորին հարմար ժամ ընտրել։ Ի վերջո, որոշեցինք քննարկումն անել առավոտյան ժամը վեցից մինչև վեցն անց կես։ Օրվա խոսքը քննելուց հետո այդ շաբաթ ժողովի հանդիպմանը քննարկվելիք հրատարակություններից մի քանի պարբերություն ենք ուսումնասիրում»։ Օգնե՞լ է այս ծրագիրը նրանց, որ արթուն մնան։ Այո՛։ Էմմանուելը ժողովում ծառայում է որպես երեցների խորհրդի կոորդինատոր։ Վիկտորինը հաճախ ենթառահվիրա է ծառայում ու շատերին է օգնել ընդունելու ճշմարտությունը, և նրանց բոլոր աղջիկները հոգևորապես առաջադիմում են։
Հիսուսը հորդորում է մեզ. «Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք» (Մարկ. 13։33)։ Թույլ մի՛ տուր, որ շեղող հանգամանքների պատճառով հոգևոր արթնությունդ թուլանա։ Արիելի նման՝ ուշադրություն դարձրու մեր հրատարակություններում ու ժողովի հանդիպումների ժամանակ տրվող հիանալի խորհուրդներին։ Էմմանուելի ընտանիքի պես՝ ձգտիր ամեն օր այնպիսի բան անել, որ ցույց տաս՝ պատրաստ ես Եհովայի օրվան և «արթուն» ես։
[ծանոթագրություն]
^ պարբ. 8 Ժամանակակից ֆիլմ այն մասին, թե ինչպես է մի քրիստոնյա պատանի պայքարում, որ անի այն, ինչ ճիշտ է Եհովայի աչքում (անգլ., ռուս.)։
[նկար 4-րդ էջի վրա]
Ամեն օր հոգևոր թեմաների շուրջ քննարկումները օգնում են Էմմանուելին ու նրա ընտանիքին «պատրաստ լինելու»