Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 Կենսագրություն

60 տարվա ընկերություն. ամեն ինչ նոր է սկսվում

60 տարվա ընկերություն. ամեն ինչ նոր է սկսվում

1951թ.-ին՝ ամառային մի երեկո, Իթակայում (ԱՄՆ, Նյու Յորք նահանգ) չորս երիտասարդներ՝ ամեն մեկը մի հեռախոսախցիկ մտած, ոգևորված զանգեր էին կատարում՝ Միչիգան, Այովա և Կալիֆորնիա նահանգներ։ Նրանք լավ լուր ունեին հայտնելու։

ՓԵՏՐՎԱՐԻՆ 122 ռահվիրաներ ժամանեցին Սաութ Լանսինգ (Նյու Յորք նահանգ)՝ սովորելու «Գաղաադ» դպրոցի 17-րդ դասարանում։ Ապագա միսիոներների մեջ էին Լոուել Թերները, Ուիլյամ (Բիլ) Քաստենը, Ռիչարդ Քելսին և Ռեյմոն Թեմփլտոնը։ Լոուելն ու Բիլը Միչիգանից էին, Ռիչարդը՝ Այովայից, իսկ Ռեյմոնը՝ Կալիֆորնիայից։ Նրանք շուտով մտերիմ ընկերներ դարձան։

Ձախից աջ՝ Ռիչարդը, Լոուելը, Ռեյմոնը և Բիլը «Գաղաադում» ընկերացան

Հինգ ամիս անց հայտարարվեց, որ եղբայր Նաթան Նորը, որը ծառայում էր գլխավոր վարչությունում, այցելելու է ուսանողներին և զրուցելու է նրանց հետ։ Բոլորը շատ հուզված էին։ Չորս եղբայրները մինչ այդ ցանկություն էին հայտնել, որ, եթե հնարավոր է, միասին ծառայեն նույն երկրում։ Հետաքրքիր էր, թե ինչ պատասխան էին նրանք ստանալու։

Բոլորը ուշադիր լսում էին եղբայր Նորին։ Լարվածությունը մեծացավ, երբ նա սկսեց հայտարարել միսիոներների նշանակումները։ Առաջինը բեմ հրավիրվեցին այդ չորս երիտասարդները. նրանք արդեն գիտեին, որ միասին են լինելու, բայց չգիտեին, թե որ երկիր են գնալու։ Ինչևէ, նրանք շատ հուզված էին, և երբ հայտարարվեց երկիրը՝ Գերմանիա, բոլորը միանգամից աշխուժացան։ Ծափահարությունները երկար ժամանակ չէին դադարում։

Եհովայի վկաները հիացած էին նացիզմի տարիներին իրենց գերմանացի եղբայրների ու քույրերի հավատարմությամբ։ Ուսանողներից շատերը հիշում էին, թե ինչպես էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպացի հավատակիցների համար հագուստեղեն և այլ անհրաժեշտ բաներ հավաքում արկղերի մեջ։ Գերմանիայի Եհովայի վկաները հավատի, վճռականության, քաջության և Աստծուն ապավինելու հրաշալի օրինակ էին։ Լոուելը հիշում է, որ ինքը այդ ժամանակ մտածեց. «Հիմա մենք կարող ենք անձամբ ճանաչել այդ սիրելի եղբայրներին ու քույրերին»։ Հասկանալի է, թե ինչու էին բոլորը աշխուժացել և թե ինչու այդ երեկո զանգեր կատարվեցին։

ԳԵՐՄԱՆԻԱ

Ռեյմոնը դասավանդում է Թագավորական ծառայության դպրոցում։

1951թ. հուլիսի 27-ին «Հոմլենդ» շոգենավը դուրս եկավ Նյու Յորքի Իսթ Ռիվեր նեղուցի նավամատույցից՝ իր հետ տանելով չորս ընկերներին։ 11 օր հետո նրանք Գերմանիայում էին լինելու։ Եղբայր Ալբերտ Շրյոդերը, որը «Գաղաադ» դպրոցի ուսուցիչներից էր, իսկ ավելի ուշ դարձավ Կառավարիչ  մարմնի անդամ, մի քանի գերմաներեն նախադասություն էր սովորեցրել նրանց։ Նավի վրա կային գերմանացի ուղևորներ, և դա գերմաներենի բառապաշարը հարստացնելու լավ առիթ էր։ Սակայն այդ ուղևորները գերմաներենի բարբառներով էին խոսում։ «Դե արի ու սովորիր»,— հավանաբար մտածում էին երիտասարդները։

Ծովային հիվանդությունը մեծ տառապանքներ պատճառեց եղբայրներին, բայց դրանք ավարտվեցին, երբ օգոստոսի 7-ին՝ երեքշաբթի առավոտյան, նրանք վերջապես ոտք դրեցին գերմանական հողի վրա Համբուրգում։ Վեց տարի առաջ ավարտված պատերազմի հետքերը դեռ թարմ էին։ Ինչ խոսք, այն ինչ տեսան, տխրեցրեց նրանց։ Երեկոյան գնացք նստեցին և ուղևորվեցին Վիսբադեն։ Այն ժամանակ մասնաճյուղը այնտեղ էր գտնվում։

Ռիչարդը հասցեներ է տպագրում, Վիսբադենի Բեթել

Չորեքշաբթի առավոտյան եղբայրները հանդիպեցին առաջին գերմանացի Վկային։ Նրա անունը Հանս էր։ Այս եղբայրը երկաթուղային կայարանից մեքենայով նրանց տարավ Բեթել և թողեց մի «նպատակասլաց» տարեց քրոջ մոտ, որը անգլերեն մի բառ անգամ չգիտեր։ Ըստ ամենայնի, քույրը մտածում էր, որ լեզվական խոչընդոտները կարելի է հաղթահարել ընդամենը ձայնը բարձրացնելով։ Բայց ինչքան նրա ձայնը բարձրանում էր, այնքան պարզ էր դառնում, որ իրար չեն հասկանում։ Վերջապես եկավ եղբայր Էրիխ Ֆրոստը, որը մասնաճյուղի ծառայողն էր։ Նա անգլերեն լեզվով ջերմորեն ողջունեց եղբայրներին։ Վերջիններս թեթևացած շունչ քաշեցին։

Օգոստոսի վերջում քառյակը առաջին անգամ ներկա եղավ գերմաներեն համաժողովի Մայնի Ֆրանկֆուրտում։ Այն կոչվում էր «Մաքուր երկրպագություն»։ Ներկաների բարձրագույն թիվը 47432 էր, մկրտվողների թիվը՝ 2373։ Տեսնելով այդքան շատ մկրտվողների՝ եղբայրների միսիոներական եռանդը բորբոքվեց։ Բայց մի քանի օր հետո եղբայր Նորը նրանց հայտնեց, որ պետք է մնան Բեթելում և աշխատեն այնտեղ։

Նշանակումներում ստացած ուրախությունը լիովին համոզեց նրանց, որ Եհովան ավելի լավ գիտի, թե ինչ է պետք իր ծառաներին

Քանի որ Ռեյմոնը շատ էր ուզում միսիոներ դառնալ, նա մի անգամ արդեն հրաժարվել էր ԱՄՆ-ի Բեթելում ծառայելու հնարավորությունից։ Ռիչարդն ու Բիլն էլ տրամադրված չէին Բեթելում ծառայելու։ Բայց այն ուրախությունը, որ եղբայրները հետագայում ստացան իրենց նշանակումներում, լիովին համոզեց նրանց, որ Եհովան ավելի լավ գիտի, թե ինչ է  պետք իր ծառաներին։ Անշուշտ, քրիստոնյան իմաստուն է վարվում, երբ հետևում է Աստծու առաջնորդությանը և ոչ թե սրտի ցանկություններին։ Նա, ով այսպես է անում, երջանիկ կլինի, անկախ այն բանից՝ որտեղ կծառայի և ինչ նշանակման մեջ կլինի։

«ՖԵՐԲՈԹՆ»

Գերմանիայի Բեթելում շատերը ուրախ էին, որ ամերիկացիներ կան իրենց մեջ, որովհետև նրանցից կարող էին անգլերեն խոսել սովորել։ Բայց մի օր նրանց հույսերը հօդս ցնդեցին։ Բոլորը ճաշարանում էին։ Եղբայր Ֆրոստը իրեն հատուկ խանդավառությամբ սկսեց խոսել. ակնհայտ էր, որ նա մի շատ կարևոր բանի մասին էր խոսում։ Եղբայրը խոսում էր գերմաներեն։ Ներկաները գլուխները կախ, աչքերը հառած ափսեներին, լսում էին։ Նորեկները, թեև չէին հասկանում, աստիճանաբար սկսեցին գլխի ընկնել, որ խոսքը իրենց մասին է։ Իսկ երբ եղբայր Ֆրոստը որոտաց՝ «ՖԵՐԲՈ՛ԹՆ» («արգելվո՛ւմ է») և դա շեշտելու համար ասածն ավելի բարձր ձայնով կրկնեց, ճաշարանում գտնվող եղբայրներն ու քույրերը իրենց անհարմար զգացին։ Ի՞նչ էր արել քառյակը, որ եղբայր Ֆրոստը այդ աստիճան բարկացել էր։

Աջ կողմում՝ եղբայր Ֆրոստը և ուրիշ եղբայրներ Նաթան Նորի հետ՝ ձախ կողմում։

Ճաշն ավարտվեց, և բոլորը շտապեցին իրենց սենյակները։ Հետո մի եղբայր բացատրեց. «Որպեսզի դուք օգնեք մեզ, պետք է խոսեք գերմաներեն։ Եղբայր Ֆրոստն ասաց, որ մինչև չսովորեք խոսել գերմաներեն, ձեզ հետ անգլերեն խոսելը «ՖԵՐԲՈԹՆ» («արգելվում է»)։

Բեթելի ընտանիքը անմիջապես հնազանդվեց այս հրահանգին։ Դրա շնորհիվ նորեկները ոչ միայն գերմաներեն սովորեցին, այլև հասկացան, որ սիրող եղբոր կողմից տրվող խորհուրդը, նույնիսկ եթե սկզբում դժվար է կիրառել, իրենց իսկ օգտի համար է։ Եղբայր Ֆրոստն այդ խորհուրդը տվեց, որովհետև հետաքրքրված էր Եհովայի կազմակերպության բարօրությամբ և սիրում էր իր հավատակիցներին *։ Զարմանալի չէ, որ բոլոր չորսն էլ աստիճանաբար սկսեցին սիրել նրան։

ԸՆԿԵՐՆԵՐԸ ՍՈՎՈՐԵՑԻՆ ԻՐԱՐԻՑ

Աջ կողմում՝ եղբայրները արձակուրդում են, 1952թ., Շվեյցարիա

Աստվածավախ ընկերներից մենք կարևոր բաներ կարող ենք սովորել, ինչի շնորհիվ ավելի հաճելի ընկերներ կլինենք Եհովայի համար։ Քառյակը շատ բան սովորեց գերմանացի եղբայրներից և քույրերից, որոնք այնքան շատ էին, որ անուն առ անուն չես թվարկի։ Բայց երիտասարդները սովորում էին նաև իրարից։ Ռիչարդը պատմում է. «Լոուելը քիչ թե շատ գերմաներենից գլուխ էր հանում, բայց մենք տանջվում էինք։ Քանի որ մեզնից ամենամեծը նա էր, մենք նրան էինք դիմում լեզվի և հոգևորի հետ կապված հարցերով»։ Ռեյմոնն  ասում է. «Մեկ տարի Գերմանիայում ծառայելուց հետո որոշեցինք արձակուրդ վերցնել։ Այնքա՜ն ուրախացա, որ մի շվեյցարացի եղբայր առաջարկեց մեզ հանգստանալ Շվեյցարիայի լեռներում գտնվող իր տնակում։ Երկու շաբաթ մենք միայն չորսով էինք լինելու ու ոչ մի գերմաներե՛ն։ Բայց Լոուելը ուրիշ ծրագրեր ուներ։ Նա ասաց, որ ամեն առավոտ օրվա խոսքը կկարդանք ու կքննարկենք գերմաներեն։ Ի «դժբախտություն» ինձ՝ նա ոչ մի առարկություն չընդունեց։ Ինչևէ, մենք կարևոր բան սովորեցինք. հետևիր նրանց առաջնորդությանը, ովքեր քո լավն են ցանկանում, նույնիսկ եթե համաձայն չես։ Այս դասի շնորհիվ երկար տարիներ մեզ համար հեշտ է եղել հնազանդվել աստվածապետական հրահանգներին»։

Չորս ընկերները սովորեցին նաև գնահատել միմյանց ուժեղ կողմերը։ Նրանք «խոնարհամտությամբ իրար ավելի բարձր էին համարում» (Փիլիպպեցիներ 2։3)։ Բիլը մյուս երեքի համեմատությամբ ավելի լավ էր կարողանում դժվարին հարցեր լուծել, և նրանք խոնարհաբար ընդունում էին այդ փաստը։ Լոուելը պատմում է. «Երբ հարկ էր լինում վճռական քայլեր ձեռնարկելու ինչ-որ հարցի հետ կապված, մենք դիմում էինք Բիլին։ Եթե այսինչ բանը ինքներս պետք է անեինք, բայց մեր քաջությունը չէր հերիքում կամ բավարար հմտություն չունեինք, նրան էինք խնդրում, որովհետև նա անդուր իրավիճակներից դուրս գալու վարպետ էր»։

ԵՐՋԱՆԻԿ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չորս երիտասարդներն էլ հերթով որոշեցին ամուսնանալ։ Նրանք բոլորն էլ սիրում էին Եհովային և լիաժամ ծառայությունը, ուստի ուզում էին ամուսնանալ այնպիսի քույրերի հետ, որոնք պատրաստ էին Եհովային տալու իրենց լավագույնը։ Լիաժամ ծառայությունը չորս ընկերներին սովորեցրել էր, որ տալու մեջ ավելի շատ ուրախություն կա, քան ստանալու և որ անձնական ցանկությունները Թագավորության շահերից ստորադաս են։ Հետևաբար նրանք ընտրեցին այնպիսի քույրերի, որոնք ծառայում էին լիաժամ։ Ստեղծվեց չորս ամուր և երջանիկ ընտանիք։

Որպեսզի ընկերությունը կամ ամուսնությունը տևական լինի, Եհովան պետք է տեղ ունենա դրանում (Ժող. 4։12)։ Բոլոր չորսն էլ զգացին, թե ինչ է նշանակում ունենալ այն ուրախությունն ու աջակցությունը, որ կարող է տալ հավատարիմ կինը։ Ցավոք, Բիլի և Ռեյմոնի կանայք հետագայում մահացան։ Լոուելի ու Ռիչարդի կանայք մինչև օրս հավատարմորեն աջակցում են իրենց ամուսիններին։ Բիլը նորից ամուսնացել է. նա ընտրեց այնպիսի կին, որը կարող է օգնել իրեն մնալու լիաժամ ծառայության մեջ։

Հետագա տարիներին նոր նշանակումները նրանց տարան տարբեր ուղղություններով՝ հիմնականում՝ Գերմանիա, Ավստրիա, Կանադա և ԱՄՆ։ Սակայն տարածությունը չբաժանեց հավատարիմ ընկերներին։ Թեև այլևս չէին կարող այնքան ժամանակ անցկացնել միասին, որքան կցանկանային, բայց միշտ կապ էին պահում. իրար հետ ուրախանում էին, իրար հետ լաց լինում (Հռոմ. 12։15)։ Այսպիսի ընկերները գանձ են՝ տրված Եհովայի կողմից (Առակ. 17։17)։ Այսօրվա աշխարհում հազվադեպ է իսկական ընկերությունը։ Մինչդեռ ամեն մի ճշմարիտ քրիստոնյա կարող է ունենալ իսկական ընկերներ։ Մենք՝ Եհովայի վկաներս, ընկերություն  ենք անում իրար հետ ամբողջ աշխարհում, ավելին, նույնիսկ ոգեղեն ոլորտում ունենք ընկերներ՝ Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը։

Բոլորիս կյանքում էլ լինում են դժվարություններ, և չորս ընկերները բացառություն չեն. կողակցի կորուստ, ծանր հիվանդություն, տարեց ծնողներ, երեխա մեծացնելուն զուգահեռ լիաժամ ծառայություն, նոր աստվածապետական նշանակման հետ կապված անհանգստություն և, վերջապես, ծերության հետ կապված գնալով շատացող խնդիրներ։ Բայց նրանք նաև գիտեն, որ Եհովային սիրող ընկերները՝ լինեն հեռու թե մոտիկ, օգնում են միմյանց ամեն մի դժվարության մեջ։

ՀԱՎԻՏՅԱՆ ԸՆԿԵՐՆԵՐ

Լոուելը, Ռեյմոնը, Բիլը և Ռիչարդը Եհովային նվիրվեցին համապատասխանաբար 18, 12, 11 և 10 տարեկանում, իսկ 17–21 տարեկանում նրանք բոլորն էլ սկսեցին ծառայել լիաժամ։ Նրանք արեցին այնպես, ինչպես որ գրված է Ժողովող 12։1-ում. «Հիշիր քո Մեծ Արարչին երիտասարդությանդ օրերում»։

Եթե դու երիտասարդ եղբայր ես և եթե հանգամանքներդ թույլ են տալիս, ընդունիր Եհովայի՝ լիաժամ ծառայություն սկսելու հրավերը։ Այդ ժամանակ նրա սիրառատ բարության շնորհիվ հնարավորություն կստանաս զգալու այն ուրախությունը, որ զգացին չորս երիտասարդները՝ ծառայելով շրջանային, մարզային և զոնալ վերակացու, ծառայելով Բեթելում, մասնավորապես մասնաճյուղի կոմիտեում, դասավանդելով Թագավորական ծառայության և ռահվիրայական ծառայության դպրոցներում, հանդես գալով ելույթներով մեծ ու փոքր համաժողովներում։ Այս չորսը շատ էին ուրախանում՝ տեսնելով, որ տասնյակ հազարավորներ օգուտ են քաղում իրենց ծառայությունից։ Այդ ամբողջ ծառայությունը հնարավոր դարձավ զուտ այն բանի շնորհիվ, որ երիտասարդ տարիքում նրանք ընդունեցին ամբողջ հոգով Եհովային ծառայելու հրավերը (Կող. 3։23

Ձախից աջ՝ Ռիչարդը, Բիլը, Լոուելը և Ռեյմոնը Զելտերսի մասնաճյուղի շենքերի նվիրման ժամանակ, 1984թ.

Այսօր Լոուելը, Ռիչարդը և Ռեյմոնը կրկին միասին ծառայում են Գերմանիայի մասնաճյուղում, որն այժմ գտնվում է Զելտերսում։ Ցավոք, 2010թ.-ին գրեթե 60 տարի տևած ընկերությունը սասանվեց. Բիլը, որ ծառայում էր հատուկ ռահվիրա Միացյալ Նահանգներում, մահացավ։ Քանի որ մեր Աստված Եհովան միշտ հիշում է իր մահացած ընկերներին, կարող ենք վստահ լինել, որ համապատասխան ժամանակին նա հարություն կտա նրանց. բոլոր ընկերները կհանդիպեն իրար և կրկին կվայելեն միմյանց ջերմ ընկերակցությունը։

«60 տարվա ընկերներ ենք, բայց չեմ հիշում, որ մեր միջև որևէ տհաճ իրավիճակ ստեղծված լինի»

Իր մահից կարճ ժամանակ առաջ Բիլը գրեց. «60 տարվա ընկերներ ենք, բայց չեմ հիշում, որ մեր միջև որևէ տհաճ իրավիճակ ստեղծված լինի։ Մեր ընկերությունը միշտ թանկ է եղել ինձ համար»։ Նրա երեք ընկերները այս խոսքերին ավելացնում են. «Ամեն ինչ նոր է սկսվում»՝ ակներևաբար նկատի ունենալով, որ նոր աշխարհում իրենց ընկերությունը շարունակվելու է։

^ պարբ. 17 Եղբայր Ֆրոստի կենսագրությունը գրված է «Դիտարանի» 1961թ. ապրիլի 15-ի համարում (էջ 244–249, անգլ.)։