Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Սա արեք ինձ հիշելու համար»

«Սա արեք ինձ հիշելու համար»

«Շնորհակալություն հայտնելուց հետո կոտրեց [հացը] ու ասաց. «Սա խորհրդանշում է իմ մարմինը, որը ձեզ համար է։ Սա արեք ինձ հիշելու համար»» (1 ԿՈՐՆԹ. 11։24

1, 2. Հավանաբար ի՞նչ էին մտածում առաքյալներից ոմանք, նախքան Հիսուսը վերջին անգամ կգնար Երուսաղեմ։

«ԱՀԱ ամպերի հետևից հայտնվեց լուսնի բարակ մահիկը։ Անցած երեկոյան Երուսաղեմի գիշերային պահակները երևի տեսել են լուսնի նորուկ աղեղը։ Սինեդրիոնը, անշուշտ, երբ տեղեկացել է այդ մասին, հայտարարել է նոր ամսվա՝ նիսանի սկիզբը։ Ազդանշանային կրակների կամ պատգամաբերների միջոցով այդ լուրը տարածվել է և նույնիսկ հասել է այստեղ։ Հիսուսը հաստատ ցանկանալու է գնալ Երուսաղեմ, որպեսզի Պասեքից առաջ այնտեղ լինի»։

2 Հավանաբար, Հիսուսի հետ Պիրեայում (Հորդանանից այն կողմ) եղողներից ոմանք այսպիսի մտքեր են ունեցել, նախքան նա վերջին անգամ կգնար Երուսաղեմ (Մատթ. 19։1; 20։17, 29; Մարկ. 10։1, 32, 46)։ Նիսան ամսվա առաջին օրը որոշվել էր, ուստի Պասեքը նշվելու էր 13 օր անց՝ նիսանի 14-ին՝ մայրամուտին։

3. Ինչո՞ւ է քրիստոնյաներին հետաքրքրում Պասեքի ամսաթիվը։

3 Տիրոջ ընթրիքի ամսաթիվը, որը համապատասխանում է Պասեքի ամսաթվին, նշվելու է 2014թ. ապրիլի 14-ին՝ մայրամուտից հետո։ Դա հատուկ օր է լինելու ճշմարիտ քրիստոնյաների և հետաքրքրվողների համար։ Ինչո՞ւ։ 1 Կորնթացիներ 11։23–25-ում կարդում ենք. «Այն գիշերը, երբ Տեր Հիսուսը պետք է մատնվեր, վերցրեց հացը և շնորհակալություն հայտնելուց հետո կոտրեց այն ու ասաց. «Սա խորհրդանշում է իմ մարմինը, որը ձեզ համար է։ Սա արեք ինձ հիշելու համար»։ Նույն ձևով էլ, երբ ընթրիքն ավարտեց, վերցրեց բաժակը և ասաց. «Այս բաժակը խորհրդանշում է նոր ուխտը իմ արյան հիման վրա։ Սա արեք ինձ հիշելու համար ամեն անգամ, երբ խմեք դրանից»»։

4. ա) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու Հիշատակի երեկոյի հետ կապված։ բ) Ամեն տարի ինչպե՞ս է որոշվում Հիշատակի երեկոյի օրը (տե՛ս  «Հիշատակի երեկո, 2014թ.» շրջանակը)։

4 Հիշատակի երեկոն միակ բանն է, որ Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց ամեն տարի նշել։ Անկասկած, դու այս տարի ներկա կլինես այդ հատուկ հանդիպմանը։ Ինչպե՞ս պետք է պատրաստվենք Երեկոյին։ Ի՞նչ խորհրդանիշներ են օգտագործվելու։ Ինչպե՞ս է այն ընթանալու,  և ի՞նչ նշանակություն պետք է ունենա Հիշատակի երեկոն և օգտագործվող խորհրդանիշները անձամբ քեզ համար։

ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ

5. Ի՞նչ հանձնարարեց Հիսուսն իր առաքյալներին վերջին Պասեքը նշելու համար։

5 Երբ Հիսուսն իր առաքյալներին պատվիրեց Պասեքի ընթրիքի համար սենյակ պատրաստել, նա չասաց, որ այն պետք է լինի ճոխ զարդարված։ Ակներևաբար, նա ուզում էր, որ սենյակը լինի հարմարավետ, մաքուր և տեղավորի բոլոր հրավիրվածներին (կարդա՛ Մարկոս 14։12–16)։ Առաքյալները պետք է պատրաստեին նաև ընթրիքը, որի մեջ մտնում էր անթթխմոր հացը և կարմիր գինին։ Պասեքի ընթրիքն ավարտելուց հետո Հիսուսը կենտրոնացավ այս երկու խորհրդանիշների վրա։

6. ա) Պասեքի ընթրիքից հետո Հիսուսն ի՞նչ ասաց հացի առնչությամբ։ բ) Ի՞նչ հաց է օգտագործվում Հիշատակի երեկոյի ժամանակ։

6 Մատթեոս առաքյալը, որը ներկա էր այդ երեկո, հետագայում գրեց. «Հիսուսը վերցրեց հացը և օրհնելուց հետո կոտրեց այն ու աշակերտներին տալով՝ ասաց. «Վերցրե՛ք, կերե՛ք»» (Մատթ. 26։26)։ «Հացը» անթթխմոր էր, ինչպիսին որ Պասեքի հացն էր լինում (Ելք 12։8; 2 Օրենք 16։3)։ Այն պատրաստված էր ցորենի ալյուրից և ջրից՝ առանց թթխմորի և համեմունքների, օրինակ՝ աղի։ Քանի որ հացը թթխմոր չէր պարունակում, այն չէր բարձրանում։ Այս հացը տափակ էր, չոր ու հեշտությամբ կոտրվում էր։ Ժողովի երեցները գուցե ինչ-որ մեկին խնդրեն, որ Հիշատակի երեկոյի համար պատրաստի այսպիսի հացեր՝ դրանք թխելով մի քիչ ձեթ քսած թավայի մեջ (եթե հնարավոր չէ ձեռք բերել ցորենի ալյուր, հացերը կարելի է թխել բրնձի, գարու, եգիպտացորենի և հացահատիկի այլ տեսակներից)։ Կարելի է օգտագործել նաև հրեական մացա, որը պատրաստված կլինի առանց ածիկի, ձվի և սոխի։

7. Ի՞նչ գինի օգտագործեց Հիսուսը, և ի՞նչ գինի է այսօր օգտագործվում Հիշատակի երեկոյի ժամանակ։

7 Մատթեոսը շարունակում է. «[Հիսուսը] վերցրեց բաժակը և շնորհակալություն հայտնելուց հետո տվեց նրանց ու ասաց. «Բոլորդ խմեք դրանից»» (Մատթ. 26։27, 28)։ Հիսուսի վերցրած բաժակի մեջ կարմիր գինի էր. դա խաղողի թարմ հյութ չէր, քանի որ խաղողի բերքահավաքը վաղուց անցել էր։ Գինին Պասեքի ընթրիքի մաս չէր կազմել Եգիպտոսում, բայց Հիսուսը չառարկեց, որ Պասեքը նշելիս գինի օգտագործեն։  Բացի այդ, նա գինին օգտագործեց որպես խորհրդանիշ Տիրոջ ընթրիքի ժամանակ։ Ուստի այսօր Հիշատակի երեկոն նշելու համար գինի է օգտագործվում։ Քանի որ Քրիստոսի արյան արժեքը բարձրացնելու կարիք չկա, հետևաբար կարիք չկա Հիշատակի երեկոյի գինին թնդացնելու կամ նրա բուրմունքը հարստացնելու՝ խառնելով կոնյակ կամ համեմունքներ։ Պետք է օգտագործել հասարակ կարմիր գինի՝ տնական կամ խանութում վաճառվող, ինչպես օրինակ՝ բուրգունդի, բոժոլե և կիանտի։

ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻ ԻՄԱՍՏԸ

8. Ինչո՞ւ են քրիստոնյաները հետաքրքրված հացի և գինու իմաստով։

8 Պողոս առաքյալը ցույց տվեց, որ, բացի առաքյալներից, մյուս քրիստոնյաները նույնպես պետք նշեն Տիրոջ ընթրիքը։ Կորնթացի հավատակիցներին նա գրեց. «Ես ինչ որ ստացա Տիրոջից, սովորեցրի ձեզ.... Տեր Հիսուսը.... վերցրեց հացը և շնորհակալություն հայտնելուց հետո կոտրեց այն ու ասաց. «Սա խորհրդանշում է իմ մարմինը, որը ձեզ համար է։ Սա արեք ինձ հիշելու համար»» (1 Կորնթ. 11։23, 24)։ Ուստի քրիստոնյաները մինչև հիմա ամեն տարի նշում են այս հատուկ օրը և հետաքրքրված են հացի և գինու իմաստով։

9. Ոմանք ի՞նչ սխալ կարծիք ունեն Հիսուսի օգտագործած հացի վերաբերյալ։

9 Եկեղեցի հաճախող որոշ մարդիկ մատնանշում են այն, որ Հիսուսը բառացիորեն ասել է՝ «սա է իմ մարմինը», ուստի հավատում են, որ հացը հրաշքով դարձել է նրա մարմինը։ Բայց սա հակասում է փաստերին *։ Հիսուսը հավատարիմ առաքյալների աչքի առաջ էր. ինչպես որ անթթխմոր հացն էր նրանց առաջ, որից նրանք ուտելու էին, այնպես էլ նրա մարմինն էր առաքյալների առաջ։ Պարզ է, որ Հիսուսը փոխաբերական իմաստով էր խոսում, ինչպես որ բազմաթիվ այլ անգամներ էր խոսել (Հովհ. 2։19–21; 4։13, 14; 10։7; 15։1

10. Ի՞նչ է խորհրդանշում Տիրոջ ընթրիքի հացը։

10 Հացը, որ առաքյալները տեսնում էին  և շուտով ուտելու էին, խորհրդանշում էր Հիսուսի մարմինը։ Ո՞ր մարմինը։ Մի ժամանակ Աստծու ծառաները այսպես էին մտածում. քանի որ Հիսուսը կոտրեց հացը, բայց նրա ոսկորներից ոչ մեկը չկոտրվեց, ուրեմն հացը խորհրդանշում է «Քրիստոսի մարմինը», այսինքն՝ օծյալ քրիստոնյաների ժողովը (Եփես. 4։12; Հռոմ. 12։4, 5; 1 Կորնթ. 10։16, 17; 12։27)։ Ժամանակի ընթացքում, սակայն, տրամաբանությունն ու Աստվածաշնչի ուսումնասիրությունը ցույց տվեցին, որ հացը ներկայացնում է Հիսուսի մարդկային մարմինը, որը պատրաստվել էր նրա համար։ Հիսուսը «չարչարվեց մարմնով», նրան նույնիսկ ցցին գամեցին։ Ուստի Տիրոջ ընթրիքի հացը խորհրդանշում է Հիսուսի ֆիզիկական մարմինը, որում նա «կրեց մեր մեղքերը» (1 Պետ. 2։21–24; 4։1; Հովհ. 19։33–36; Եբր. 10։5–7

11, 12. ա) Ի՞նչ ասաց Հիսուսը գինու վերաբերյալ։ բ) Ի՞նչ է խորհրդանշում Տիրոջ ընթրիքի գինին։

11 Սա օգնում է մեզ հասկանալու Հիսուսի խոսքերը գինու վերաբերյալ։ Կարդում ենք. «Նույն ձևով էլ, երբ ընթրիքն ավարտեց, վերցրեց բաժակը և ասաց. «Այս բաժակը խորհրդանշում է նոր ուխտը իմ արյան հիման վրա»» (1 Կորնթ. 11։25)։ Շատ Աստվածաշնչերում այս համարի թարգմանությունը նման է Ռոբերտ Յանգի բառացի թարգմանությանը. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով» (ընդգծումը մերն է)։ Արդյո՞ք Հիսուսի ձեռքի բաժակը նոր ուխտն էր։ Ո՛չ։ «Բաժակ» բառը վերաբերում է բաժակի պարունակությանը՝ գինուն։ Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ խոսեց գինու մասին. այն խորհրդանշում է իր թափած արյունը։

12 Մարկոսի Ավետարանում կարդում ենք Հիսուսի խոսքերը. «Սա խորհրդանշում է իմ «արյունը ուխտի», որ թափվելու է շատերի համար» (Մարկ. 14։24)։ Այո՛, Հիսուսի արյունը «թափվելու էր շատերի համար, որպեսզի նրանց մեղքերը ներվեն» (Մատթ. 26։28)։ Ուստի կարմիր գինին խորհրդանշում է Հիսուսի բառացի արյունը։ Նրա արյան միջոցով մենք կարող ենք ստանալ ազատություն՝ «մեր հանցանքների ներումը» (կարդա՛ Եփեսացիներ 1։7

Գինին, որ առաքյալները խմեցին, խորհրդանշում էր Հիսուսի արյունը՝ «արյունը ուխտի» (տե՛ս պարբերություն 11, 12)

ԻՆՉՊԵՍ Է ՆՇՎՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՀԸ

13. Ինչպե՞ս է նշվում Քրիստոսի մահը։

13 Առաջին անգա՞մ ես Եհովայի վկաների հետ ներկա լինելու Հիշատակի երեկոյին։ Եթե այո, ապա, հավանաբար, քեզ կհետաքրքրի, թե ինչ է այնտեղ քեզ սպասում։ Հավաքույթը, հավանաբար, տեղի կունենա այնպիսի վայրում, որը կլինի մաքուր, հաճելի, հարմարավետ, և որտեղ բոլորը իրենց լավ կզգան ու հանդիպումից հաճույք կստանան։ Այդ վայրում գուցե լինեն ծաղիկներ, բայց չեն լինի աչք ծակող կամ տոնական զարդարանք կամ խնջույքի մթնոլորտ։ Մի հմուտ երեց հստակ և արժանավայել ձևով կբացատրի, թե ինչ է Աստվածաշունչն ասում Տիրոջ ընթրիքի մասին։ Նա կօգնի բոլորին գնահատելու այն, ինչ Քրիստոսն արել է մեզ համար։ Հիսուսն իր կյանքը տվեց որպես փրկանք, որպեսզի մենք կարողանանք ապրել (կարդա՛ Հռոմեացիներ 5։8–10)։ Հռետորը կխոսի աստվածաշնչյան երկու հույսի մասին, որ ունեն քրիստոնյաները, և կբացատրի դրանց տարբերությունը։

14. Հիշատակի երեկոյին հռետորը ի՞նչ երկու հույսի մասին է խոսելու։

14 Քրիստոսի հետևորդների համեմատաբար մի փոքր խումբ հույս է փայփայում երկնքում թագավորելու նրա հետ (Ղուկ. 12։32; 22։19, 20; Հայտն. 14։1)։ Քրիստոնյաների մեծամասնությունը, որ այսօր հավատարմորեն ծառայում է Աստծուն, հույս ունի հավիտյան ապրելու երկրի վրա՝ վերականգնված դրախտում։ Այդ ժամանակ Աստծու կամքը երկրի վրա կկատարվի այնպես, ինչպես որ կատարվում է երկնքում, մի բան, ինչի համար քրիստոնյաները երկար ժամանակ է արդեն՝ աղոթում են (Մատթ. 6։10)։ Աստվածաշունչը գեղեցիկ նկարագրում է այն չքնաղ պայմանները, որ անվերջ լինելու են երկրի վրա (Ես. 11։6–9; 35։5, 6; 65։21–23

15, 16. Ինչպե՞ս է օգտագործվում հացը Տիրոջ ընթրիքի ժամանակ։

15 Ելույթի վերջում հռետորը կասի, որ ժամանակն է անելու այն, ինչ Հիսուսն ասել էր իր առաքյալներին։ Ինչպես նշվեց  վերևում, երկու խորհրդանիշ է օգտագործվելու՝ անթթխմոր հաց և կարմիր գինի։ Դրանք կարող են դրված լինել սեղանի վրա՝ հռետորի կողքին։ Նա ներկաների ուշադրությունը կհրավիրի այն բանի վրա, թե Հիսուսն ինչ ասաց ու արեց Տիրոջ ընթրիքը հաստատելիս։ Օրինակ՝ Մատթեոսի Ավետարանում կարդում ենք. «Հիսուսը վերցրեց հացը և օրհնելուց հետո կոտրեց այն ու աշակերտներին տալով՝ ասաց. «Վերցրե՛ք, կերե՛ք. սա խորհրդանշում է իմ մարմինը»» (Մատթ. 26։26)։ Նա մասերի բաժանեց անթթխմոր հացը, որպեսզի տա իր երկու կողմում գտնվող առաքյալներին։ Ապրիլի 14-ի հանդիպմանը դու կտեսնես անթթխմոր հաց, որն արդեն մի քանի մասի բաժանված կլինի և դրված կլինի ափսեների մեջ։

16 Կլինեն բավարար թվով ափսեներ, որպեսզի ողջամիտ ժամանակում բոլորը կարողանան փոխանցել։ Ափսեների փոխանցումը տեղի չի ունենա ծիսական ձևով։ Նշանակված եղբայրը կարճ կաղոթի, ինչից հետո ափսեները կազմակերպված ձևով կփոխանցվեն (ինչպես որ տեղի հանգամանքներում գործնական է)։ Քիչ մարդիկ կօգտվեն հացից (գուցե ընդհանրապես ոչ ոք չօգտվի), ինչպես որ 2013թ. Հիշատակի երեկոյի ժամանակ էր։

17. Հիշատակի երեկոյին ինչպե՞ս ենք հետևում գինու վերաբերյալ Հիսուսի տված առաջնորդությանը։

17 Հետո հռետորը ներկաների ուշադրությունը կհրավիրի Մատթեոսի հետևյալ խոսքերի վրա. «[Հիսուսը] վերցրեց բաժակը և շնորհակալություն հայտնելուց հետո տվեց նրանց ու ասաց. «Բոլորդ խմեք դրանից, որովհետև սա խորհրդանշում է իմ «արյունը ուխտի», որ թափվելու է շատերի համար, որպեսզի նրանց մեղքերը ներվեն»» (Մատթ. 26։27, 28)։ Այս օրինակով՝ մեկ այլ աղոթք կմատուցվի, և հետո բոլոր ներկաները կփոխանցեն կարմիր գինով բաժակները։

18. Ինչո՞ւ է կարևոր ներկա լինել Հիշատակի երեկոյին, չնայած որ խորհրդանիշներից քչերը կամ ընդհանրապես ոչ ոք չի օգտվում։

18 Հիսուսի խոսքերից հասկանում ենք, որ խորհրդանիշներից օգտվում են միայն նրանք, ովքեր նրա հետ թագավորելու են երկնքում։ Ուստի ներկաների մեծ մասը չի օգտվում դրանցից (կարդա՛ Ղուկաս 22։28–30; 2 Տիմոթ. 4։18)։ Նրանք պարզապես հարգալից ունկնդիրներ են։ Այնուհանդերձ, Տիրոջ ընթրիքին ներկա լինելը կարևոր է, քանի որ այդպես նրանք ցույց են տալիս, որ բարձր են գնահատում Հիսուսի զոհագործությունը։ Հիշատակի երեկոյի ընթացքում ներկաները կարող են խորհրդածել այն օրհնությունների մասին, որ կարող են ունենալ Հիսուսի քավիչ զոհի հիման վրա։ Նրանք հեռանկար ունեն լինելու այն «մեծ բազմության» մեջ, որը վերապրելու է գալիք «մեծ նեղությունից»։ Այդ մարդիկ արդար կլինեն Աստծու աչքում, որովհետև «իրենց պատմուճանները լվացած ու սպիտակեցրած կլինեն Գառան արյունով» (Հայտն. 7։9, 14–17

19. Ի՞նչ կարող ես անել Տիրոջ ընթրիքին պատրաստվելու և դրանից օգուտներ քաղելու համար։

19 Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները պատրաստվում են այս հատուկ հանդիպմանը։ Օրինակ՝ Հիշատակի երեկոյից մի քանի շաբաթ առաջ մենք հնարավորինս շատ մարդկանց հրավիրում ենք մասնակցելու Երեկոյին։ Դրան նախորդող մի քանի օրերին Աստվածաշնչում կարդում ենք, թե 33թ. Տիրոջ ընթրիքին նախորդող օրերին ինչ դեպքեր են տեղի ունեցել և թե ինչ է արել Հիսուսը։ Մենք նախօրոք պլանավորում ենք մեր գործերը, որպեսզի անպայման ներկա լինենք։ Լավ կլինի հանդիպման վայրում լինել նախքան բացման երգն ու աղոթքը, որպեսզի դիմավորենք այցելուներին և ներկա լինենք ողջ ծրագրին։ Բոլորս՝ թե՛ ժողովի անդամները և թե՛ հյուրերը, օգուտներ կստանանք, եթե բացենք այն սուրբգրային համարները, որոնք հռետորը կարդում և բացատրում է։ Բայց որ ամենակարևորն է, Հիշատակի երեկոյին ներկա լինելով՝ ցույց կտանք, որ անչափ երախտապարտ ենք Հիսուսի զոհի համար և հնազանդվում ենք նրա պատվերին. «Սա արեք ինձ հիշելու համար» (1 Կորնթ. 11։24

^ պարբ. 9 Գերմանացի գիտնական Հայնրիխ Մեյերը նշում է. «[Առաքյալները] տեսնում էին.... Հիսուսի մարմինը չկոտրված (դեռ կենդանի) և նրա արյունը չթափված, ուստի հյուրերից [առաքյալներից] ոչ մեկի մտքով չէր կարող անցնել.... թե իրենք ուտում են Տիրոջ բառացի մարմինը և խմում են նրա արյունը.... Հիսուսի մտքով անգամ չէր կարող անցնել, որ իր պարզ խոսքերը կարող են այլ կերպ հասկացվել»։