Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովայի աչքերո՞վ ես նայում մարդկանց թուլություններին

Եհովայի աչքերո՞վ ես նայում մարդկանց թուլություններին

«Մարմնի այն անդամները, որոնք թույլ են թվում, կարևոր են» (1 ԿՈՐՆԹ. 12։22

1, 2. Ինչո՞ւ Պողոսը կարող էր կարեկցել թույլերին։

ԲՈԼՈՐՍ էլ երբեմն մեզ թույլ ենք զգում։ Եթե գրիպով ենք հիվանդանում կամ ալերգիան սրվում է, ապա գուցե մեզ այնքան թույլ զգանք, որ չկարողանանք առօրյա գործերն անել։ Իսկ հիմա պատկերացրու, որ վատառողջ ես ոչ թե մեկ-երկու շաբաթ, այլ ամիսներ շարունակ։ Այդ դեպքում, անշուշտ, շատ կգնահատես, եթե մարդիկ հասկանան քո վիճակը և կարեկից լինեն քո նկատմամբ։

2 Պողոս առաքյալը բազմաթիվ դժվարություններ էր կրել և լավ գիտեր, թե ինչ է նշանակում թույլ զգալ։ Ժամանակ առ ժամանակ նա հակառակության էր բախվում ինչպես ժողովի անդամ չեղող մարդկանց կողմից, այնպես էլ ժողովի անդամների կողմից։ Մեկ անգամ չէր, որ նա մտածել էր, թե այլևս չի կարող դիմանալ (2 Կորնթ. 1։8; 7։5)։ Նա ասաց. «Ո՞վ է տկար, և ես տկար չեմ» (2 Կորնթ. 11։29)։ Պողոսը, ժողովի անդամներին նմանեցնելով մարդու մարմնի տարբեր անդամների, ասաց, որ նրանք, ովքեր «թույլ են թվում, կարևոր են» (1 Կորնթ. 12։22)։ Ի՞նչ նկատի ուներ նա։ Ինչո՞ւ է անհրաժեշտ Եհովայի աչքերով նայել այն մարդկանց, ովքեր «թույլ են թվում»։ Ի՞նչ օգուտներ կստանանք, եթե այդպես վարվենք։

 ԻՆՉՊԵՍ Է ԵՀՈՎԱՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

3. Ինչո՞ւ գուցե բացասաբար տրամադրվենք եղբայրների և քույրերի հանդեպ։

3 Մենք ապրում ենք մրցակցության ոգով տոգորված մի աշխարհում, որտեղ մեծ տեղ է տրվում ուժեղներին ու երիտասարդներին։ Շատերն իրենց նպատակին հասնելու համար ոչ մի բանի առաջ չեն կանգնում։ Հաճախ նրանք պարզապես տրորելով անցնում են թույլերի վրայով։ Ինչ խոսք, մենք չենք ընդունում նման վարվելակերպը, բայց գուցե անգիտակցաբար բացասաբար տրամադրվենք այն մարդկանց և նույնիսկ այն եղբայրների և քույրերի նկատմամբ, ովքեր միշտ օգնության կարիք ունեն։ Ինչպե՞ս կարող ենք Եհովայի աչքերով նայել այդ մարդկանց։

4, 5. ա) 1 Կորնթացիներ 12։21–23-ում բերված օրինակից ի՞նչ ենք իմանում մարդկանց թուլությունների վերաբերյալ Եհովայի տեսակետի մասին։ բ) Ի՞նչ օգուտ ենք ստանում թույլերին օգնելուց։

4 Այն, թե Եհովան ինչպես է դիտում մեր թուլությունները, երևում է «1 Կորնթացիներ» նամակում բերված մի օրինակից։ 12-րդ գլխում Պողոս առաքյալը հիշեցնում է, որ մարմնի նույնիսկ ամենից անհրապույր կամ թույլ թվացող անդամը կարևոր է (կարդա՛  1 Կորնթացիներ 12։12, 18, 21–23)։ Որոշ էվոլյուցիոնիստների կարծիքով՝ մարդու մարմնում կան «անպետք» օրգաններ։ Բայց այս տեսակետը հերքվում է գիտական հայտնագործություններով *։ Օրինակ՝ ոմանք ասում էին, թե ոտքի ճկույթը ոչ մի օգտակարություն չունի։ Բայց այսօր մասնագետներն ընդունում են, որ այն կարևոր դեր ունի մարմնի հավասարակշռությունը պահելու համար։

5 Պողոսի բերած օրինակը ցույց է տալիս, որ ժողովի բոլոր անդամները կարևոր են։ Ի տարբերություն Սատանայի, որը մարդկանց զրկում է արժանապատվությունից՝ Եհովան իր բոլոր ծառաներին, այդ թվում նաև նրանց, ովքեր թույլ են թվում, կարևոր է համարում (Հոբ 4։18, 19)։ Այս միտքը կարող է օգնել յուրաքանչյուրիս հասկանալու, որ մենք կարևոր տեղ ունենք ինչպես մեր ժողովում, այնպես էլ համաշխարհային ժողովում։ Հիշիր, թե ինչպես ես ձեռքդ մեկնել ու օգնել տարեց մարդուն։ Հավանաբար քայլերդ դանդաղեցրել ես։ Դա, անշուշտ, օգտակար է եղել նրա համար։ Իսկ քե՞զ համար։ Երբ հոգ ենք տանում ուրիշների մասին, ուրախություն ենք ստանում, դառնում ենք ավելի համբերատար, սիրող ու հասուն անձնավորություն (Եփես. 4։15, 16)։ Մեր սիրառատ Հայրն ուզում է, որ մենք ժողովի բոլոր անդամներին կարևոր համարենք, այդ թվում նաև նրանց, ովքեր թույլ են երևում։ Եթե այդպես վարվենք, ապա պահանջկոտ չենք լինի նրանց նկատմամբ։ Այդպես ժողովում սեր կտիրի։

6. Ի՞նչ իմաստով է Պողոսը երբեմն օգտագործել «թույլ» և «ուժեղ» բառերը։

6 Կորնթացիներին գրած նամակում օգտագործելով «թույլ» և «թուլություն» բառերը՝ Պողոսը ցույց տվեց, թե առաջին դարում մարդիկ ինչ էին մտածում քրիստոնյաների մասին և թե անձամբ ինքը ինչ կարծիք ուներ իր մասին (1 Կորնթ. 1։26, 27; 2։3)։ Իսկ երբ նա օգտագործեց «ուժեղներ» բառը, չէր ուզում ասել, թե ժողովում ոմանք ստորադաս են (Հռոմ. 15։1)։ Նա ուզում էր ասել, որ փորձառու քրիստոնյաները պետք է համբերատար լինեն նրանց նկատմամբ, ովքեր դեռևս ամուր արմատներ չեն գցել ճշմարտության մեջ։

ԿԱՐԻՔ ՈՒՆԵ՞ՆՔ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԵՐ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ

7. Ի՞նչը կարող է մեզ հետ պահել օգնություն ցույց տալուց։

7 Երբ օգնում ենք «խեղճին», մենք ընդօրինակում ենք Եհովային և արժանանում ենք նրա հավանությանը (Սաղ. 41։1; Եփես. 5։1)։ Սակայն եթե բացասաբար  տրամադրվենք օգնության կարիք ունեցողների հանդեպ, երբեմն գուցե չուզենանք օգնել նրանց։ Կամ եթե չգիտենք՝ ինչ ասենք այն հավատակցին, ում կյանքում դժվար ժամանակներ են, հնարավոր է՝ պարզապես խուսափենք նրանից։ Սինտիան *, որի ամուսինը լքել է նրան, ասում է. «Երբ հավատակիցներդ խուսափում են քեզնից, կամ չեն անում այն, ինչ ակնկալում ես մտերիմ ընկերներից, վիրավորվում ես։ Փորձությունների հորձանուտում ուզում ես, որ կողքիդ մարդիկ լինեն»։ Դավիթ թագավորը լավ գիտեր, թե ինչ է նշանակում մերժված լինել (Սաղ. 31։12

8. Ի՞նչը կօգնի մեզ ավելի կարեկից լինելու։

8 Մենք ավելի կարեկից կլինենք, եթե հիշենք, որ մեր սիրելի եղբայրներից ու քույրերից ոմանք թուլացել են կյանքի զանազան դժվարությունների պատճառով, օրինակ՝ վատ առողջություն, կրոնապես բաժանված ընտանիք կամ դեպրեսիա։ Բացառված չէ, որ մի օր էլ մենք հայտնվենք նման իրավիճակում։ Նախքան Ավետյաց երկիր մտնելը իսրայելացիները, որ թույլ ու աղքատ էին Եգիպտոսում, հիշեցում ստացան, որ իրենց «սիրտը չկարծրացնեն» աղքատ եղբոր հանդեպ։ Եհովան ակնկալում էր, որ իսրայելացիները օգնեն իրենց աղքատ եղբայրներին (2 Օրենք 15։7, 11; Ղևտ. 25։35–38

9. Առաջին հերթին ի՞նչ պետք է անենք, եթե հավատակիցը թուլացել է։ Բեր օրինակ։

9 Քննադատող կամ կասկածամիտ լինելու փոխարեն՝ մենք պետք է հոգևորապես օգնենք ծանր հանգամանքներում եղող մեր եղբայրներին ու քույրերին (Հոբ 33։6, 7; Մատթ. 7։1)։ Պատկերացնենք այսպիսի օրինակ։ Մոտոցիկլիստը վթարի է ենթարկվում, և նրան շտապ բերում են վերակենդանացման բաժանմունք։ Ի՞նչ են անում առաջին հերթին բժիշկները։ Մի՞թե նրանք փորձում են ճշտել, թե արդյոք նա է մեղավոր։ Ո՛չ։ Նրանք անհապաղ բուժօգնություն են ցույց տալիս։ Նմանապես եթե հավատակիցը թուլացել է անձնական խնդիրների պատճառով, մեր նպատակը առաջին հերթին պետք է լինի նրան հոգևոր օգնություն ցույց տալը (կարդա՛  1 Թեսաղոնիկեցիներ 5։14

10. Ինչպե՞ս են ոմանք «հարուստ հավատի մեջ», չնայած որ թվում է, թե թույլ են։

10 Եթե մի քիչ խորը մտածենք մեր հավատակցի հանգամանքների մասին, գուցե սկսենք ուրիշ աչքերով նայել նրա թվացյալ թուլությանը։ Օրինակ՝ մտածիր այն քույրերի մասին, որոնք տարիներ շարունակ հակառակության են բախվում ընտանիքում։ Նրանցից ոմանք, հնարավոր է, աչքի չեն ընկնում և թույլ են երևում։ Սակայն ինքդ քեզ հարցրու. «Մի՞թե նրանք ուշագրավ հավատի և ուժեղ կամքի տեր չեն»։ Երբ տեսնում ես միայնակ մոր, որն իր երեխայի հետ կանոնավորաբար հաճախում է ժողովի հանդիպումներին, մի՞թե չես տպավորվում նրա հավատով ու վճռականությամբ։ Իսկ մեր պատանինե՞րը։ Չնայած փորձություններին դպրոցում՝ նրանք կառչած են մնում ճշմարտությանը։ Մենք պետք է ընդունենք, որ մեր այս հավատակիցները, որոնք թույլ են թվում, գուցե «հարուստ լինեն հավատի մեջ», ինչպես որ նրանք, ովքեր բարենպաստ հանգամանքներում են (Հակ. 2։5

ՈՒՆԵՑԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ

11, 12. ա) Ի՞նչը կօգնի շտկելու մեր տեսակետը մարդկանց թուլությունների վերաբերյալ։ բ) Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես Եհովան վերաբերվեց Ահարոնին։

11 Մենք պետք է Եհովայի աչքերով նայենք մեր եղբայրներին ու քույրերին, նույնիսկ երբ նրանք սխալներ են անում։ Աստվածաշնչյան օրինակներով տեսնենք, թե ինչպես է Եհովան վերաբերվում իր ծառաներին (կարդա՛  Սաղմոս 130։3)։ Օրինակ՝ պատկերացրու՝ դու Մովսեսի հետ ես, և Ահարոնը փորձում է արդարանալ, թե ինչու է ոսկե հորթ պատրաստել (Ելք 32։21–24)։ Կամ այն դեպքը, երբ Ահարոնը իր քույր Մարիամի ազդեցությամբ քննադատում է Մովսեսին օտարազգի կնոջ հետ ամուսնանալու համար (Թվեր  12։1, 2)։ Ի՞նչ կմտածեիր Ահարոնի մասին։ Իսկ ինչպե՞ս կարձագանքեիր՝ տեսնելով, որ Ահարոնն ու Մովսեսը չպատվեցին Եհովային Մերիբայի մոտ, որտեղ Աստված ջուր հանեց ժողովրդի համար (Թվեր 20։10–13

12 Այս դեպքերից յուրաքանչյուրում Եհովան կարող էր անմիջապես պատժել Ահարոնին։ Բայց նա գիտեր, որ Ահարոնը վատ մարդ չէ և որ տեղի ունեցածի համար հիմնականում նա չէ մեղավորը։ Ըստ ամենայնի, Ահարոնը թույլ էր տվել, որ հանգամանքները կամ շրջապատը շեղեն իրեն ճիշտ ընթացքից։ Իսկ երբ նրան հանդիմանեցին, նա պատրաստակամորեն ընդունեց իր սխալները և թիկունք կանգնեց Եհովայի որոշումներին (Ելք 32։26; Թվեր 12։11; 20։23–27)։ Եհովան կենտրոնացավ Ահարոնի հավատի և զղջամտության վրա։ Դարեր անց Ահարոնի և նրա սերունդների մասին Աստծու Խոսքում գրվեց, որ նրանք աստվածավախ մարդիկ էին (Սաղ. 115։ 10–12; 135։19, 20

13. Ինչպե՞ս կարող ենք փոխել մեր տեսակետը թույլերի վերաբերյալ։ Բեր օրինակ։

13 Որպեսզի Եհովայի պես մտածենք, մենք պետք է մանրամասնորեն քննենք մեր տեսակետը թույլերի մասին (1 Սամ. 16։7)։ Օրինակ՝ ինչպե՞ս ես արձագանքում, երբ տեսնում ես, որ պատանին խոհեմություն չի դրսևորում զվարճությունների ընտրության հարցում կամ անմտածված քայլեր է անում։ Անմիջապես քննադատելու փոխարեն՝ մտածիր այն մասին, թե ինչպես կարող ես օգնել նրան, որ հոգևորապես հասունանա։ Երբ օգնում ենք մեր թույլ հավատակցին, մեր հասկացողությունն ու սերը ավելանում են։

14, 15. ա) Ի՞նչ մտածեց Եհովան, երբ տեսավ, որ Եղիան կորցրել է քաջությունը։ բ) Ի՞նչ ենք սովորում Եղիայի այս դեպքից։

14 Ինչպե՞ս է Եհովան արձագանքում, երբ իր ծառաներն ընկճվում են։ Քննենք, օրինակ, Եղիա մարգարեի դեպքը։ Սա կօգնի, որ Եհովայի տեսակետն ունենանք թույլերի մասին։ Թեև Եղիան անվախորեն  դուրս էր եկել Բահաղի 450 մարգարեների դեմ, նա փախավ Հեզաբել թագուհուց, երբ իմացավ, որ վերջինս մտադիր է սպանելու իրեն։ Ոտքով 150 կիլոմետր անցնելով՝ նա հասավ Բերսաբեե, հետո շարունակեց ճանապարհը դեպի անապատի խորքերը։ Այրող արևի տակ երկար քայլելուց ուժասպառ՝ նա նստեց մի ծառի տակ և «սկսեց իր հոգու համար մահ խնդրել» (1 Թագ. 18։19; 19։1–4

Եհովան հաշվի առավ, որ Եղիայի հնարավորությունները սահմանափակ են, և հրեշտակ ուղարկեց նրան քաջալերելու համար (տե՛ս պարբերություն 14, 15)

15 Ի՞նչ մտածեց Եհովան՝ տեսնելով, որ իր հավատարիմ մարգարեն վհատվել է։ Արդյոք նա մերժե՞ց իր ծառային, որը վհատվել ու կորցրել էր քաջությունը։ Բոլորովի՛ն։ Եհովան հաշվի առավ, որ Եղիայի հնարավորությունները սահմանափակ են, և հրեշտակ ուղարկեց նրա մոտ։ Հրեշտակը երկու անգամ հորդորեց Եղիային, որ ուտի։ Այդպես մարգարեն ուժ կունենար շարունակելու իր ճանապարհը (կարդա՛  1 Թագավորներ 19։5–8)։ Եհովան նախքան Եղիային որևէ հրահանգ տալը լսեց նրան ու անհրաժեշտ օգնություն ցույց տվեց։

16, 17. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային հոգատարություն դրսևորելու հարցում։

16 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել մեր հոգատար Աստծուն։ Մենք չպետք է շտապենք խորհուրդ տալ (Առակ. 18։13)։ Լավ կլինի նախևառաջ կարեկցել նրանց, ովքեր կարծում են, թե իրենց հանգամանքների պատճառով իրենք «անպատիվ են» (1 Կորնթ. 12։23)։ Այդպես մենք կիմանանք, թե իրականում նրանք ինչի կարիք ունեն, և կկարողանանք օգնել։

17 Հիշենք Սինտիային, որի ամուսինը լքել էր նրան ու իր երկու աղջիկներին։ Նրանք իրենց միայնակ էին զգում։ Ինչպե՞ս օգնեցին հավատակիցները։ Սինտիան պատմում է. «Այն բանից հետո, երբ հեռախոսով ասացինք պատահածի մասին, նրանք 45 րոպե անց արդեն մեր տանն էին։ Նրանք մեր տուն մտան արցունքներն աչքներին։ Առաջին երկու-երեք օրերին եղբայրներն ու քույրերը մեր կողքից չէին հեռանում։ Մենք չէինք կարողանում հաց ուտել և շատ զգայուն էինք դարձել, ուստի մի որոշ ժամանակով նրանք մեզ տարան իրենց տուն»։ Սա մեզ հիշեցնում է Հակոբոսի խոսքերը. «Եթե որևէ եղբայր կամ քույր մերկ է և օրվա համար բավականաչափ ուտելիք չունի, և ձեզանից մեկն ասում է նրան՝ «գնա խաղաղությամբ, տաքացիր և կշտացիր», բայց նրան չի տալիս մարմնի համար անհրաժեշտ բաները, ապա ո՞րն է օգուտը։ Այդպես էլ եթե հավատը գործեր չունի, ինքնըստինքյան մեռած է» (Հակ. 2։15–17)։ Եղբայրների ու քույրերի աջակցության շնորհիվ Սինտիան ու նրա երկու դուստրերը այս դեպքից ընդամենը վեց ամիս անց իրենց մեջ բավականաչափ ուժ գտան ծառայելու ենթառահվիրա (2 Կորնթ. 12։10

ՕԳՈՒՏՆԵՐ

18, 19. ա) Ինչպե՞ս կարող ենք օգնել թույլերին։ բ) Ովքե՞ր են օգուտներ ստանում, երբ օգնում ենք թույլերին։

18 Հավանաբար, անձնական փորձից գիտես, որ ժամանակ է պետք հյուծիչ հիվանդությունից ապաքինվելու համար։ Նմանապես այն քրիստոնյային, որն անձնական դժվարությունների կամ ծանր հանգամանքների պատճառով հոգևորապես թուլացել է, ժամանակ է պետք հոգևոր ուժերը վերականգնելու համար։ Ինչ խոսք, հավատն ամրացնելու համար նա պետք է անձնական ուսումնասիրություն անի, աղոթի և զբաղվի հոգևոր այլ գործերով։ Բայց արդյոք համբերատար կլինե՞նք, մինչ նա կվերագտնի իր հավասարակշռությունը։ Կշարունակե՞նք սեր դրսևորել նրա հանդեպ։ Կձգտե՞նք այնպես անել, որ նա իրեն գնահատված ու սիրված զգա (2 Կորնթ. 8։8

19 Եկեք միշտ հիշենք, որ երբ օգնում ենք մեր եղբայրներին ու քույրերին, մեր սիրտը լցվում է այն ուրախությամբ, որը բխում է միայն տալուց։ Բացի այդ, դառնում ենք ավելի կարեկից ու համբերատար։ Ժողովը դառնում է ավելի ջերմ ու սիրառատ։ Իսկ, որ ամենակարևորն է, մենք ընդօրինակում ենք Եհովային, որը յուրաքանչյուր մարդու թանկ է համարում։ Ուստի եկեք միշտ «օգնենք թույլերին» (Գործ. 20։35

^ պարբ. 4 «Մարդու ծագումը» գրքում (The Descent of Man) Չարլզ Դարվինը հիշատակել է մարմնի մի շարք անդամներ, որոնք, ըստ նրա, օգուտ չունեն։ Մի դարվինիստ պնդել է, թե մարդու մարմնում կան բազմաթիվ «ռուդիմենտար օրգաններ [հետաճուկներ]», որոնցից են կույրաղիքը և ուրցագեղձը (թիմուս)։

^ պարբ. 7 Անունը փոխված է։