Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչու պետք է սուրբ լինենք

Ինչու պետք է սուրբ լինենք

«Սուրբ եղեք» (ՂԵՎՏ. 11։45

1. Ինչպե՞ս կարող է «Ղևտական» գիրքը օգնել մեզ։

«ՂԵՎՏԱԿԱՆ» գրքում սրբության մասին ավելի հաճախ է խոսվում, քան Աստվածաշնչի որևէ այլ գրքում։ «Ղևտական» գիրքը հասկանալը և բարձր գնահատելը կօգնի մեզ սուրբ լինելու, մի բան, որը պահանջվում է Եհովայի բոլոր ճշմարիտ երկրպագուներից։

2. Ինչո՞վ է հատկանշական «Ղևտական» գիրքը։

2 «Ղևտական» գիրքը, որը գրել է Մովսես մարգարեն, «ամբողջ Գրքի»՝ Աստվածաշնչի մի մասն է և օգտակար է սովորեցնելու համար (2 Տիմոթ. 3։16)։ «Եհովա» անունը գրքի յուրաքանչյուր գլխում հանդիպում է միջին հաշվով տասը անգամ։ Այս գիրքը լավ հասկանալը կամրացնի մեր վճռականությունը, որ չանենք այնպիսի բան, ինչը կարող է նախատինք բերել Աստծու անվանը (Ղևտ. 22։32)։ Գրքում հաճախակի է հանդիպում «ես Եհովան եմ» արտահայտությունը, ինչը մեզ հիշեցնում է, որ հարկավոր է հնազանդվել Աստծուն։ «Ղևտական» գիրքը պարգև է Աստծուց և օգնում է մեզ սուրբ երկրպագություն մատուցելու նրան։ Այս և հաջորդ հոդվածներում կքննարկենք մի քանի անգին գոհարներ այս գրքից։

ՍՈՒՐԲ ԼԻՆԵԼԸ ՊԱՀԱՆՋ ԷՐ

3, 4. Ի՞նչ է նախապատկերում Ահարոնի և նրա որդիների լվացվելը (տե՛ս 8-րդ էջի նկարը)։

3 Կարդա՛ Ղևտական 8։5, 6։ Եհովան Ահարոնին նշանակեց Իսրայելի քահանայապետ, իսկ նրա որդիներին՝ քահանաներ։ Ահարոնը ներկայացնում է Հիսուս Քրիստոսին, իսկ նրա որդիները՝ Հիսուսի օծյալ հետևորդներին։ Արդյոք Ահարոնի լվացվելը խորհրդանշո՞ւմ է Հիսուսի մաքրվելը։ Ո՛չ։ Հիսուսը մաքրվելու կարիք չուներ, քանի որ նա անմեղ էր և «անարատ» (Եբր. 7։26; 9։14)։ Սակայն Ահարոնի մաքրված լինելը մատնանշում է Հիսուսի մաքուր և արդար լինելը։ Իսկ ի՞նչ է խորհրդանշում Ահարոնի որդիների լվացվելը։

4 Ահարոնի որդիների լվացվելը նախապատկերում է այն մարդկանց մաքրվելը, ովքեր ընտրվում են՝ լինելու քահանաներ երկնքում։ Կարո՞ղ ենք զուգահեռ անցկացնել օծյալների մկրտության և Ահարոնի որդիների մաքրվելու միջև։ Ո՛չ, որովհետև մեղքերը չեն մաքրվում մկրտությամբ։ Մկրտությունը խորհրդանշում է անհատի անվերապահ նվիրումը Եհովա Աստծուն։ Օծյալների մաքրվելը տեղի է ունենում «Աստծու խոսքով», ինչը նշանակում է, որ նրանք պետք է լիովին կիրառեն Քրիստոսի սովորեցրածը իրենց կյանքում (Եփես. 5։25–27)։ Այդպիսով նրանք սրբացվում են և մաքրվում։ Իսկ ի՞նչ կարելի է ասել «ուրիշ ոչխարների» մասին (Հովհ. 10։16

5. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ «ուրիշ ոչխարները» մաքրվում են Աստծու Խոսքի միջոցով։

5 Ահարոնի որդիները չեն ներկայացնում «մեծ բազմության» անդամներին, որոնք Հիսուսի «ուրիշ ոչխարներից» են (Հայտն. 7։9)։ Արդյոք այս մկրտված անհատները նո՞ւյնպես սրբացվում և մաքրվում են Աստծու Խոսքի միջոցով։ Այո՛։ Երկրային կյանքի հույս ունեցողները, Աստվածաշնչում կարդալով Հիսուսի թափած արյան կարևորության և փրկարար ուժի մասին, հավատ են ընծայում իրենց կարդացածին և «օր ու գիշեր սուրբ ծառայություն են մատուցում» (Հայտն. 7։13–15)։ Օծյալները և «ուրիշ ոչխարները» աչքի են ընկնում իրենց «լավ վարքով», քանի որ շարունակաբար մաքրվում են (1 Պետ. 2։12)։ Եհովային, անշուշտ, հաճելի է, որ օծյալները և «ուրիշ ոչխարները» մաքուր են, միասնական, հնազանդվում են իրենց Հովվին՝ Հիսուսին, և հավատարմորեն հետևում են նրան։

6. Ինչո՞ւ պետք է հաճախակի ինքնաքննություն անենք։

6 Ինչո՞ւ այսօր Եհովայի ծառաներին պետք է հետաքրքրի այն, որ Իսրայելի քահանաներից պահանջվում էր ֆիզիկապես մաքուր լինել։ Այն մարդիկ, ում հետ մենք Աստվածաշունչ ենք ուսումնասիրում, հաճախ նկատում են, որ մեր երկրպագության վայրերը մաքուր են, և որ մենք մաքուր և կոկիկ արտաքին տեսք ունենք։ Այն, որ քահանաները պետք է մաքուր լինեին, օգնում է մեզ նաև հասկանալու, որ Եհովայի երկրպագության սուրբ լեռը բարձրացողը պետք է «մաքուր սիրտ» ունենա (կարդա՛  Սաղմոս 24։3, 4; Ես. 2։2, 3)։ Մենք պետք է ծառայենք Եհովային մաքուր մտքով և սրտով, ինչպես նաև մաքուր մարմնով։ Ուստի հարկավոր է հաճախակի ինքնաքննություն անել։ Հնարավոր է՝ տեսնենք, որ սուրբ լինելու համար լուրջ փոփոխություններ անելու կարիք ունենք (2 Կորնթ. 13։5)։ Օրինակ՝ մկրտված անհատը, ով գիտակցաբար պոռնկագրություն է դիտում, պետք է ինքն իրեն հարցնի. «Կարո՞ղ եմ ասել, որ սուրբ եմ»։ Այնուհետև նա պետք է օգնության դիմի այդ պիղծ սովորությանը վերջ դնելու համար (Հակ. 5։14

ՀՆԱԶԱՆԴՎԻՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԵՂԻՐ

7. Ղևտական 8։22–24 համարների համաձայն՝ ի՞նչ օրինակ թողեց Հիսուսը։

7 Մովսեսը Ահարոնի և նրա որդիների աջ ականջի բլթակին, աջ ձեռքի և աջ ոտքի բութ մատներին խոյի արյուն քսեց, երբ նրանց օծում էր լինելու Իսրայել ազգի քահանայապետ և քահանաներ (կարդա՛  Ղևտական 8։22–24)։ Արյան այսպիսի գործածությունը ցույց էր տալիս, որ քահանաները հնազանդորեն կատարելու էին իրենց պարտականությունները։ Քահանայապետ Հիսուսը կատարյալ օրինակ թողեց օծյալ քրիստոնյաներին և ուրիշ ոչխարներին. նա ականջ էր դնում Աստծու առաջնորդությանը, կատարում էր Աստծու կամքը, և նրա ոտքերը երբեք չշեղվեցին սուրբ ընթացքից (Հովհ. 4։31–34

8. Ի՞նչ պետք է Եհովայի բոլոր երկրպագուներն անեն։

8 Օծյալ քրիստոնյաները և ուրիշ ոչխարները պետք է հետևեն իրենց Քահանայապետի օրինակին անարատություն պահելու հարցում։ Եհովայի բոլոր երկրպագուները պետք է հնազանդորեն հետևեն Աստվածաշնչի առաջնորդությանը, ինչի շնորհիվ կխուսափեն սուրբ ոգին տրտմեցնելուց (Եփես. 4։30)։ Նրանք պետք է «ուղղեն իրենց ոտքերի ճանապարհները» (Եբր. 12։13

9. Երեք եղբայրներ ի՞նչ են պատմում այն մասին, թե ինչպես են համագործակցել Կառավարիչ մարմնի անդամների հետ, և նրանց խոսքերն ինչպե՞ս կարող են օգնել քեզ սուրբ լինելու։

9 Երկրային կյանքի հույս ունեցող երեք եղբայրներ, ովքեր տասնամյակներ շարունակ սերտորեն համագործակցել են Կառավարիչ մարմնի անդամների հետ, պատմում են այդ համագործակցության մասին։ Առաջինն ասում է. «Ինչ խոսք, դա յուրահատուկ առանձնաշնորհում էր, բայց երբեմն, եղբայրների հետ սերտորեն շփվելով, հասկանում էի, որ թեև նրանք օծված են սուրբ ոգով, բայց անկատար են։ Այդուհանդերձ, տարիներ շարունակ իմ նպատակներից մեկը եղել է առաջնորդություն վերցնողներին հնազանդվելը»։ Երկրորդ եղբայրն ասում է. «2 Կորնթացիներ 10։5 համարը և Քրիստոսին հնազանդվելու մասին այլ համարներ ինձ օգնել են հնազանդվելու առաջնորդություն վերցնող եղբայրներին և համագործակցելու նրանց հետ։ Եվ ես սրտանց եմ հնազանդվում»։ Մյուս եղբայրն ասում է. «Երբ սիրում ես այն, ինչ Եհովան է սիրում, և ատում ես այն, ինչ նա է ատում, երբ միշտ փնտրում ես նրա առաջնորդությունը և անում ես այն, ինչը հաճելի է նրան, այդպիսով հնազանդվում ես նրա կազմակերպությանը և նրանց, որոնց միջոցով նա իրականացնում է իր նպատակը երկրի վրա»։ Այս եղբայրը հիշում է Նաթան Նորի օրինակը։ Եղբայր Նորը, որ հետագայում դարձավ Կառավարիչ մարմնի անդամ, պատրաստակամորեն համաձայնվել էր «Դիտարանի» 1925թ. թողարկումներից մեկում տպագրված «Ազգի ծնունդը» հոդվածում բերված մտքերին, չնայած որ ոմանք կասկածի էին ենթարկում դրանք։ Նման հնազանդությունը տպավորել էր եղբորը։ Այս երեք եղբայրների խոսքերի շուրջ խորհրդածելը կարող է օգնել քեզ հնազանդվելու և սուրբ լինելու։

ԼԻՈՎԻՆ ՀՆԱԶԱՆԴՎԻՐ ԱՐՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՍՏԾՈՒ ՕՐԵՆՔԻՆ

10. Որքանո՞վ է կարևոր հնազանդվել արյան վերաբերյալ Աստծու օրենքին։

10 Կարդա՛ Ղևտական 17։10։ Եհովան իսրայելացիներին պատվիրեց «որևիցե արյուն» չուտել։ Քրիստոնյաներից նույնպես պահանջվում է հեռու մնալ արյունից՝ լինի կենդանու թե մարդու (Գործ. 15։28, 29)։ Սարսափելի է նույնիսկ պատկերացնել, որ Աստված կարող է «իր երեսը ուղղել» մեր դեմ և հեռացնել մեզ իր ժողովից։ Մենք սիրում ենք Աստծուն և ուզում ենք հնազանդվել նրան։ Նույնիսկ երբ մեր կյանքին վտանգ է սպառնում, մենք վճռական ենք տեղի չտալու այն մարդկանց խնդրանքներին և պահանջներին, ովքեր չեն ճանաչում Եհովային և որոնց համար կարևոր չէ նրան հնազանդվելը։ Մենք գիտենք, որ ոմանք կծաղրեն մեզ արյունից հրաժարվելու համար, բայց մենք որոշել ենք Աստծուն հնազանդվել (Հուդա 17, 18)։ Ի՞նչը կօգնի մեզ «հաստատ վճռելու» արյուն չուտել և հրաժարվել արյան փոխներարկումից (2 Օրենք 12։23

11. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ այն ամենը, ինչ տեղի էր ունենում Քավության օրը, պարզապես ծիսական արարողություն չէր։

11 Հին Իսրայելում տարին մեկ անգամ Քավության օր էր լինում։ Այն, ինչ անում էր քահանայապետը այդ օրը, օգնում է մեզ հասկանալու Աստծու տեսակետը արյան վերաբերյալ։ Արյունը օգտագործվում էր միայն հատուկ նպատակով. դրանով քավվում էին այն մարդկանց մեղքերը, ովքեր ուզում էին Եհովայի կողմից ներում ստանալ։ Քահանայապետը ցլի և նոխազի արյունը ցողում էր «դեպի ուխտի տապանակի կափարիչը՝ կափարիչի առաջ» (Ղևտ. 16։14, 15, 19)։ Դրանից հետո Աստված ներում էր իսրայելացիների մեղքերը։ Եհովան նաև ասել էր, որ եթե որևէ մեկը կենդանի սպաներ ուտելու նպատակով, արյունը պետք է թափեր և հողով ծածկեր, «քանի որ ամեն տեսակ մարմնի հոգին իր արյունն է» (Ղևտ. 17։11–14)։ Այն ամենը, ինչ տեղի էր ունենում Քավությանը օրը, կարևոր էր։ Քավության օրը արյան գործածությունը և արյունը գետին թափելու մասին պատվերը ներդաշնակ էին արյան վերաբերյալ Եհովայի այն պատվերին, որը նա ավելի վաղ տվել էր Նոյին և նրա հետնորդներին (Ծննդ. 9։3–6)։ Եհովա Աստված արգելել էր արյուն ուտել։ Ի՞նչ է դա նշանակում քրիստոնյաների համար։

12. Ինչպե՞ս է Պողոսը եբրայեցիներին գրած նամակում արյունը կապում ներում ստանալու հետ։

12 Պողոս առաքյալը եբրայեցի քրիստոնյաներին բացատրեց, որ արյունը մաքրելու զորություն ունի։ Նա ասաց. «Ըստ Օրենքի՝ գրեթե ամեն բան արյունով է մաքրվում, և մինչև արյուն չի թափվում, ներում չի լինում» (Եբր. 9։22)։ Պողոսը նաև նշեց, որ կենդանական զոհերը, թեև որոշակի արժեք ունեին, իսրայելացիներին միայն հիշեցնում էին, որ նրանք մեղավոր են և որ ավելի մեծ արժեք ունեցող զոհի կարիք ունեն մեղքերի լիակատար ներման համար։ Այո՛, Օրենքն «ուներ գալիք օրհնությունների ստվերը և ոչ թե հենց այդ օրհնությունները» (Եբր. 10։1–4)։ Ինչպե՞ս էր հնարավոր լինելու մեղքերի ներումը։

13. Ի՞նչ նշանակություն ունի քեզ համար այն, որ Հիսուսը իր արյան արժեքը ներկայացրեց Եհովային։

13 Կարդա՛ Եփեսացիներ 1։7։ Հիսուս Քրիստոսը պատրաստակամորեն «իր անձը տվեց մեզ համար»։ Նրա զոհաբերական մահը մեծ նշանակություն ունի բոլոր նրանց համար, ովքեր սիրում են նրան և նրա Հորը (Գաղ. 2։20)։ Բայց մեզ ազատում է այն, ինչ Հիսուսն արեց իր մահից և հարությունից հետո՝ այդպիսով հնարավոր դարձնելով մեր մեղքերի ներումը։ Այն, ինչ արվում էր Քավության օրը, նախապատկերն էր այն բանի, ինչ արեց Հիսուսը։ Այդ օրը քահանայապետը վերցնում էր զոհաբերված կենդանու արյունից, տանում խորանի (հետագայում՝ Սողոմոնի տաճարի) Սրբությունների Սրբություն և ներկայացնում Աստծուն, որն ասես անձամբ այնտեղ ներկա էր (Ղևտ. 16։11–15)։ Նմանապես Հիսուսը, գնալով երկինք, իր արյան արժեքը ներկայացրեց Եհովային (Եբր. 9։6, 7, 11–14, 24–28)։ Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային, որ հավատ ընծայելով Հիսուսի թափած արյանը՝ կարող ենք մեղքերի ներում ստանալ և մաքուր խիղճ ունենալ։

14, 15. Ինչո՞ւ է կարևոր հասկանալ արյան վերաբերյալ Եհովայի օրենքը և հնազանդվել դրան։

14 Հիմա ավելի լա՞վ ես հասկանում, թե ինչու է Եհովան պատվիրում չուտել «ոչ մի տեսակ մարմնի արյուն» (Ղևտ. 17։10, 14)։ Հասկանո՞ւմ ես, թե ինչու է Եհովան արյունը սուրբ համարում։ Նա արյունը համարում է կյանքին հավասար բան (Ծննդ. 9։4)։ Համաձա՞յն ես, որ մենք պետք է ընդունենք Աստծու տեսակետը արյան վերաբերյալ և հնազանդվենք արյունից հեռու մնալու մասին նրա պատվերին։ Մենք կարող ենք Աստծու հետ խաղաղ փոխհարաբերություններ ունենալ, միայն եթե հավատանք Հիսուսի քավիչ զոհին և հասկանանք, որ արյունը շատ մեծ արժեք ունի մեր Արարչի աչքում (Կող. 1։19, 20

15 Ոչ ոք պաշտպանված չէ այն բանից, որ մի օր արյան հետ կապված հարցի առաջ կկանգնի։ Քո ընտանիքի անդամը կամ մտերիմ ընկերը կարող է անսպասելիորեն կանգնել արյան փոխներարկում ընդունելու կամ չընդունելու որոշման առջև։ Նման ծանր իրավիճակում հարկավոր է նաև որոշում կայացնել արյան մանր բաղադրամասերի և բժշկական պրոցեդուրաների վերաբերյալ։ Ուստի շատ կարևոր է նախապես պատրաստ լինել։ Հարկավոր է այս թեմայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ձեռք բերել։ Նման միջոցներ ձեռնարկելը, ինչպես նաև աղոթելը կօգնեն ամուր մնալու և զիջումներ չանելու։ Անշուշտ, չենք ցանկանա տխրեցնել Եհովայի սիրտը՝ անելով մի բան, ինչը նրա Խոսքը դատապարտում է։ Շատ բժիշկներ և ուրիշներ, ովքեր կողմ են արյան փոխներարկմանը, խրախուսում են մարդկանց դոնորական արյուն հանձնել՝ ասելով, որ այն կյանքեր է փրկում։ Բայց մենք, լինելով Աստծու սուրբ ժողովուրդը, շատ լավ գիտենք, որ միայն Արարիչն իրավունք ունի ասելու, թե ինչպես վարվենք արյան հետ։ Նրա համար «[ամեն] տեսակ մարմնի արյուն» սուրբ է։ Մենք պետք է վճռական լինենք հնազանդվելու արյան վերաբերյալ Աստծու օրենքին։ Մեր սուրբ վարքով մենք փաստում ենք, որ շատ թանկ ենք գնահատում Հիսուսի թափած արյունը։ Դա միակ արյունն է, որը կյանքեր փրկելու զորություն ունի, որը հնարավորություն է տալիս ստանալու մեղքերի ներում և ունենալու հավիտենական կյանք (Հովհ. 3։16

Վճռակա՞ն ես հնազանդվել արյան վերաբերյալ Եհովայի օրենքին (տե՛ս պարբերություն 14, 15)

ԻՆՉՈՒ Է ԵՀՈՎԱՆ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՍՈՒՐԲ ԼԻՆԵՆՔ

16. Ինչո՞ւ պետք է Եհովայի ծառաները սուրբ լինեն։

16 Երբ Եհովան իսրայելացիներին ազատեց Եգիպտոսի լծից, նրանց ասաց. «Ես Եհովան եմ, որ հանեցի ձեզ Եգիպտոսի երկրից, որպեսզի ձեզ համար Աստված լինեմ։ Սուրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ» (Ղևտ. 11։45)։ Իսրայելացիներից պահանջվում էր սուրբ լինել, քանի որ Եհովան սուրբ է։ Լինելով Եհովայի ծառաներ՝ մենք նույնպես պետք է սուրբ լինենք։ Այս մասին հստակ գրված է «Ղևտական» գրքում։

17. Ի՞նչ կարող ես ասել «Ղևտական» գրքի մասին այս քննարկումից հետո։

17 Անշուշտ, մենք օգուտներ ստացանք՝ «Ղևտական» գրքից որոշ հատվածներ քննելով։ Ամենայն հավանականությամբ, այս հոդվածը խորացրեց քո գնահատանքը Աստվածաշնչի այս գրքի հանդեպ։ Խորհրդածելով վերոհիշյալ մտքերի շուրջ՝ անկասկած, ավելի լավ հասկացար, թե ինչու է Աստված պահանջում, որ սուրբ լինենք։ Իսկ ուրիշ ի՞նչ գոհարներ կան «Ղևտական» գրքում։ Ուրիշ ի՞նչ կարող ենք սովորել Եհովային սուրբ ծառայություն մատուցելու վերաբերյալ։ Այս մասին կխոսենք հաջորդ հոդվածում։