Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքի գոյությունը
Մեր ընթերցողները հարցնում են
Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքի գոյությունը
Մարդկանց տառապանքի պատճառը Աստված չէ։ «Քաւ լիցի որ Աստուած չարութիւն անէ»,— ասվում է Աստվածաշնչում (Յոբ 34։10)։ Այդ դեպքում ո՞վ է տառապանքի գոյության պատճառը։
Հիսուսը Սատանային «այս աշխարհի իշխանը» կոչեց (Հովհաննես 14։30)։ Ճիշտ է, Տիեզերքի Գերիշխանը Եհովան է։ Նա երբեք իր այդ դիրքը չի զիջի որևէ մեկին։ Սակայն Աստված ժամանակավորապես թույլ է տվել, որ Սատանան իշխի մարդկանց վրա (1 Հովհաննես 5։19)։
Ինչպիսի՞ իշխան է եղել Սատանան։ Մարդկանց հետ առաջին անգամ առնչվելուց ի վեր նա փաստել է, որ մարդասպան ու ստախոս է։ Սատանան կործանարար ազդեցություն է թողել մարդկային հասարակության վրա։ Հիսուսը նրա մասին այսպիսի խոսքեր է ասել. «Նա մարդասպան էր իր բռնած ընթացքի հենց սկզբից և ճշմարտության մեջ հաստատ չմնաց, որովհետև ճշմարտություն չկա նրա մեջ։ Երբ նա սուտ է խոսում, իր էության համաձայն է խոսում, որովհետև ստախոս է և ստության հայրը» (Հովհաննես 8։44)։ Հիսուսը նաև ասաց, որ նրանք, ովքեր փորձում էին սպանել իրեն, առաջին մարդասպանի զավակներն էին։ Նրանք այդ մարդասպանի զավակներն էին դարձել՝ նրա պես վարվելով։ Ինչպես մի ասացվածքում է ասվում, պտուղը ծառից հեռու չի ընկնում։
Այսօր էլ է Սատանան մարդկանց կործանարար մտքեր տալիս։ Օրինակ՝ Հավայիի համալսարանի (ԱՄՆ) վաստակավոր պրոֆեսոր Ռ. Ռամելի հաշվարկներով՝ 1900–ից մինչև 1987 թ. տարբեր կառավարություններ պատճառ են եղել 169 198 000 մարդու մահվան, ինչը տեղի է ունեցել քաղաքական ընդդիմությունների մաքրման ու ցեղասպանությունների ժամանակ, ինչպես նաև առանց որևէ պատճառի մարդկանց սպանելիս։ Այդ թվի մեջ չեն մտնում տասնյակ միլիոնավորներ, որ զոհվել են պատերազմներում այդ նույն ժամանակահատվածում։
Եթե Աստված չէ տառապանքի պատճառը, ապա ինչո՞ւ է նա թույլ տալիս, որ այն գոյություն ունենա։ Տիեզերական հարցերի, նաև բարոյական հարցերի պատճառով, որոնք բարձրացվել են շատ վաղուց և դեռ չեն լուծվել։ Եկեք քննենք դրանցից մեկը։
Մարդկության պատմության հենց սկզբից Ադամն ու Եվան Սատանային թիկունք կանգնեցին։ Նրանք մերժեցին Աստծու իշխանությունը և ցանկացան իրենք իրենց վրա իշխել, ինչը իրականում նշանակում էր, որ նրանք Բանսարկուի իշխանությունն ընտրեցին (Ծննդոց 3։1–6; Հայտնություն 12։9)։
Եհովայի արդարությունն էր պատճառը, որ նա թույլ տվեց, որ ժամանակ անցնի, որպեսզի բավականաչափ փաստեր հավաքվեին։ Ինչպիսի՞ն եղավ արդյունքը։ Սատանայի ազդեցության տակ գործադրվող մարդու իշխանությունը միայն տառապանք է առաջ բերում։ Իրականում այն, որ Աստված թույլ տվեց, որ ժամանակ անցնի, մարդկանց օգտին ծառայեց։ Ինչպե՞ս։ Այն անհատները, ովքեր ուսումնասիրում են այդ փաստերը և հավատում են դրանց, կարող են ցույց տալ, որ ցանկանում են ապրել Աստծու իշխանության ներքո։ Աստծու պահանջների մասին սովորելով և դրանց համաձայն ապրելով՝ նրանք հավիտենական կյանքի հեռանկար են ձեռք բերում (Հովհաննես 17։3; 1 Հովհաննես 2։17)։
Ճիշտ է, այժմ աշխարհը Սատանայի դաժան լծի տակ է։ Բայց այդպես երկար չի մնա։ Շուտով Եհովան իր Որդու միջոցով «Բանսարկուի գործերը կքանդի» (1 Հովհաննես 3։8)։ Աստծու առաջնորդության ներքո Հիսուսը կամոքի կոտրված սրտերը և կվերացնի ողբերգությունները։ Նա երկրային կյանքի կվերադարձնի տարբեր ժամանակներում ապրած միլիարդավոր մարդկանց, որոնք տառապանքներ են կրել և մահացել (Հովհաննես 11։25)։
Հիսուսի հարությունը Բանսարկուի գործերի դեմ տարած Աստծու հաղթանակներից մեկն է՝ երաշխիք այն բոլոր բաների համար, որ Աստծու կառավարության ներքո սպասում են մարդկությանը (Գործեր 17։31)։ Աստվածաշունչը այդ ապագան այսպիսի մխիթարիչ խոսքերով է ներկայացնում. «Եվ գահից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր. «Ինքը Աստված [մարդկանց] հետ կլինի։ Եվ նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։3, 4)։