Ո՞րն է կյանքի իմաստը
Ո՞րն է կյանքի իմաստը
ԻՆՉՈ՞Ւ Է ԿԱՐԵՎՈՐ ԻՄԱՆԱԼ ԱՅՍ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ։ Քիչ բաներ կան, որ այդքան շատ են մտահոգում մարդկանց, որքան այն, որ կյանքը իմաստ ու նպատակ չունի։ Սակայն նա, ով իր կյանքում հստակ նպատակ ունի, կարողանում է հաղթահարել դժվարությունները և արագ ոտքի կանգնել։ Նյարդաբան Վիկտոր Ֆրանքլը, որը վերապրել է Հոլոքոստից, գրում է. «Համարձակվում եմ ասել, որ աշխարհում չկա մի բան, որն այդքան լավ կօգնի մարդուն վերապրել անգամ ամենավատ պայմաններից, որքան այն բանի իմացությունը, որ կյանքը իմաստ ունի»։
Սակայն այս թեմայի վերաբերյալ զանազան կարծիքներ կան։ Շատերը կարծում են, որ անհատն ինքը պետք է որոշի, թե որն է իր կյանքի նպատակը։ Եվ հակառակը՝ նրանք, ովքեր հավատում են էվոլյուցիային, ասում են, որ կյանքն իրական իմաստ չունի։
Սակայն իրականում կյանքի իմաստը գտնելու ամենատրամաբանական միջոցը մեր Կենսատուին՝ Եհովա Աստծուն դիմելն է։ Քննենք, թե ինչ է ասում նրա Խոսքը այս մասին։
Ինչ է ասում Աստվածաշունչը
Աստվածաշունչը սովորեցնում է, որ Եհովա Աստված տղամարդուն և կնոջը ստեղծելիս մի առանձնահատուկ նպատակ ուներ նրանց համար։ Եհովան այսպիսի պատվեր տվեց մեր նախածնողներին։
Ծննդոց 1։28։ «Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ»։
Աստված նպատակադրել էր, որ Ադամն ու Եվան, նաև նրանց երեխաները ամբողջ երկիրը դրախտի վերածեին։ Նա չէր ցանկանում, որ մարդիկ ծերանային ու մահանային, ոչ էլ ուզում էր, որ մարդը աղտոտեր շրջապատող միջավայրը։ Սակայն մեր առաջին ծնողների կայացրած ոչ իմաստուն որոշումների պատճառով մենք ժառանգել ենք մեղքը և մահը (Ծննդոց 3։2–6; Հռոմեացիներ 5։12)։ Այնուամենայնիվ, Եհովայի նպատակը չի փոխվել։ Շուտով երկիրը դրախտ է դառնալու (Եսայիա 55։10, 11)։
Եհովան մեզ ստեղծել է ֆիզիկական և մտավոր կարողություններով, որ մենք իրագործենք իր նպատակը։ Նա չի ստեղծել մեզ այնպես, որ իրենից անկախ ապրենք։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է մարդկանց առնչությամբ Աստծու նպատակը ընդգծվում Աստվածաշնչի հետևյալ համարներում։
Ժողովող 12։13։ «Բոլոր խօսքի վախճանը լսենք. Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար»։
Միքիա 6։8։ «Տէրը ի՞նչ է ուզում քեզանից, այլ միայն իրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ վարուիլ քո Աստուծոյ հետ»։
Մատթեոս 22։37–39։ ««Սիրի՛ր քո Եհովա Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»։ Սա է ամենամեծ և առաջին պատվիրանը։ Երկրորդն էլ սրա նման է. «Սիրի՛ր քո մերձավորին քո անձի պես»»։
Ինչպես է Աստվածաշնչի պատասխանը մտքի խաղաղություն բերում
Ինչ–որ մեխանիզմի որևէ բարդ մաս ճիշտ կաշխատի, եթե այն օգտագործվի իր նպատակի համաձայն և այնպես, ինչպես ծրագրել է այդ մասը ստեղծողը։ Նմանապես, եթե ուզում ենք չվնասել ինքներս մեզ՝ լինի դա հոգևոր, մտավոր, զգացական թե ֆիզիկական առումներով, մենք պետք է օգտագործենք մեր կյանքը այնպես, ինչպես որ մեր Արարիչն է նպատակադրել։ Քննարկենք, թե ինչպես կարող է Աստծու նպատակն իմանալը
մեզ մտքի խաղաղություն բերել կյանքի ներքոհիշյալ բնագավառներում։Կյանքում առաջնահերթություններ դնելիս շատերն այսօր իրենց կյանքը նվիրում են հարստություն կուտակելուն։ Սակայն ինչպես զգուշացնում է Աստվածաշունչը, «նրանք, որ մտադրվել են հարստանալ, ընկնում են փորձության և որոգայթի, բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ» (1 Տիմոթեոս 6։9, 10)։
Իսկ նրանք, ովքեր սովորում են սիրել Աստծուն և ոչ թե փողը, ունեցածով բավարարվելու գաղտնիքն են գտնում (1 Տիմոթեոս 6։7, 8)։ Նրանք հասկանում են ջանասիրաբար աշխատելու կարևորությունը և գիտեն, որ պետք է հոգան իրենց ֆիզիկական կարիքները (Եփեսացիներ 4։28)։ Նրանք նաև լրջորեն են վերաբերվում Հիսուսի հետևյալ զգուշացմանը. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ էլ մեկին կհարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը» (Մատթեոս 6։24)։
Հետևաբար աշխատանքը կամ հարստության ձգտելը առաջին տեղում դնելու փոխարեն՝ նրանք, ովքեր սիրում են Աստծուն, նրա կամքը կատարելը կյանքում իրենց գլխավոր գործն են դարձնում։ Նրանք գիտեն, որ եթե իրենց կյանքը կառուցեն Աստծու կամքը կատարելու շուրջ, ապա Եհովա Աստված հոգ կտանի իրենց մասին։ Իրականում Եհովան իրեն պարտավորված է զգում դա անելու (Մատթեոս 6։25–33)։
Մարդկանց հետ առնչվելիս շատերն իրենց անձը առաջին տեղում են դնում։ Այսօր աշխարհում խաղաղություն չկա հիմնականում այն պատճառով, որ շատ մարդիկ դարձել են «անձնասեր.... բնական կապվածություն չունեցող» (2 Տիմոթեոս 3։2, 3)։ Երբ որևէ մեկը հիասթափեցնում է նրանց կամ համամիտ չէ նրանց հետ, նրանք դիմում են «բարկության և զայրույթի, գոռգոռոցի և վիրավորական խոսքի» (Եփեսացիներ 4։31)։ Ինքնատիրապետում չդրսևորելը ոչ թե մտքի խաղաղություն է բերում, այլ «կռիվ է գրգռում» (Առակաց 15։18)։
Իսկ նրանք, ովքեր հնազանդվում են մերձավորին իրենց անձի պես սիրելու վերաբերյալ Աստծու տված պատվերին, «մեկը մյուսի հանդեպ լինում են բարի, խորապես կարեկից և մեծահոգաբար ներում են իրար» (Եփեսացիներ 4։32; Կողոսացիներ 3։13)։ Նույնիսկ երբ ուրիշները իրենց լավ չեն վերաբերվում, նրանք ջանում են ընդօրինակել Հիսուսին, որը «չէր չարախոսում», երբ իրեն չարախոսում էին (1 Պետրոս 2։23)։ Հիսուսի նման՝ նրանք հասկանում են, որ ուրիշներին ծառայելը իրական բավարարվածություն է բերում, նույնիսկ նրանց ծառայելը, ովքեր չեն գնահատում այն, ինչ արվում է հօգուտ իրենց (Մատթեոս 20։25–28; Հովհաննես 13։14, 15; Գործեր 20։35)։ Եհովա Աստված իր սուրբ ոգին է տալիս նրանց, ովքեր ընդօրինակում են իր Որդուն, և այդ ոգին նրանց իսկական խաղաղություն է պարգևում (Գաղատացիներ 5։22)։
Իսկ ինչպե՞ս կարող է ապագայի վերաբերյալ ունեցած ձեր տեսակետը ազդել մտքի խաղաղության վրա։
[մեջբերում 6–րդ էջի վրա]
Անհատը պետք է կյանքում հստակ նպատակ ունենա
[նկար 7–րդ էջի վրա]
Հիսուսը սովորեցնում է, թե ինչպես կարող ենք մտքի խաղաղություն ձեռք բերել