Գիտեի՞ք արդյոք
Գիտեի՞ք արդյոք
Պոնտացի Պիղատոսը կայսրից վախենալու պատճառ ունե՞ր
Որպեսզի հռոմեացի կառավարիչ Պոնտացի Պիղատոսը մահվան դատապարտի Հիսուսին, հրեա կրոնական առաջնորդները, ճնշում բանեցնելով նրա վրա, ասացին. «Եթե դու ազատես այս մարդուն, կայսրի բարեկամը չես» (Հովհաննես 19։12)։ «Կայսրը» Հռոմի կառավարիչ Տիբերիոսն էր։ Արդյոք Պոնտացի Պիղատոսը կայսրից վախենալու պատճառ ունե՞ր։
Ինչպիսի՞ անձնավորություն էր Տիբերիոս կայսրը։ «Նոր բրիտանական հանրագիտարանում» (անգլ.) ասվում է. «[Տիբերիոսը] միայն բավարարում էր իր ցանկությունները և դա անում էր այլասերված [սեռական առումով] ձևերով»։ Խելացնորությունը դրդում էր նրան տանջելու և նույնիսկ մահվան դատապարտելու նրանց, ում կասկածում էր դավաճանության մեջ։ Նույն աղբյուրը նշում է. «Պատմաբանները, ովքեր ապրել են Տիբերիոսի օրոք, գրել են, որ նրա սիրած զվարճությունները աչքի են ընկել դաժանությամբ և լկտիությամբ։ Նույնիսկ այն պատմիչները, ովքեր թաքցրել են կայսրերի բացասական կողմերը, գրել են, որ նա առանց պատճառի վայրագորեն սպանում էր ում ուզում էր»։
Ուստի Տիբերիոսի համբավը ազդել է Պիղատոսի կայացրած որոշման վրա՝ մահվան դատապարտել Հիսուսին՝ հրեա կրոնական առաջնորդների պահանջով (Հովհաննես 19։13–16)։
Ինչո՞ւ Հիսուսը լվաց առաքյալների ոտքերը
Հին Իսրայելում մարդիկ իրենց առօրյա գործերը կատարելիս ոտաբոբիկ էին քայլում։ Սակայն նրանք հագնում էին նաև սանդալ (դա միայն կոշիկի տակի հաստ կաշին չէր, որ թելերով կապվում էր ոտքին)։ Իսրայելի ճանապարհներն ու դաշտերը փոշոտ ու հողոտ էին, այդ պատճառով էլ մարդկանց ոտքերն արագ կեղտոտվում էին։
Սովորության համաձայն՝ տուն մտնելիս մարդիկ հանում էին իրենց սանդալները։ Ընդունված էր նաև, որ տանտերը կամ ծառան լվանա հյուրի ոտքերը։ Աստվածաշնչում այս սովորության մասին բազմաթիվ դեպքեր ենք կարդում։ Օրինակ՝ Աբրահամը իր հյուրերին ասաց. «Թող մի քիչ ջուր բերուի, եւ լուացէք ձեր ոտքերը, եւ ծառի տակին հանգստացէք։ Եւ ես մի պատառ հաց բերեմ, եւ ձեր սրտերը զօրացրէք» (Ծննդոց 18։4, 5; 24։32; Ա Թագաւորաց 25։41; Ղուկաս 7։37, 38, 44)։
Այս տեղեկությունը լույս է սփռում այն բանի վրա, թե ինչու Աստծու Որդին լվաց իր առաքյալների ոտքերը Պասեքի ժամանակ։ Հիսուսն ու իր առաքյալները մենակ էին, ուստի քանի որ ո՛չ տանտեր կար, ո՛չ էլ ծառա, իսկ առաքյալներից էլ ոչ ոք չառաջարկեց լվանալ մյուսների ոտքերը, Հիսուսն ինքը վերցրեց ջրով լի տաշտն ու սրբիչը և սկսեց լվանալ նրանց ոտքերը։ Այդպես վարվելով՝ նա խոնարհության և սիրո դաս տվեց առաքյալներին (Հովհաննես 13։5–17)։