Աստծու սիրո ամենամեծ ապացույցը
Մոտեցեք Աստծուն
Աստծու սիրո ամենամեծ ապացույցը
ԱԲՐԱՀԱՄԸ սիրում էր Աստծուն։ Նա սիրում էր նաև իր որդուն՝ Իսահակին, որին ունեցել էր ծեր տարիքում։ Սակայն երբ Իսահակը մոտ 25 տարեկան էր, Աբրահամը կանգնեց մի փորձության առաջ։ Աստված պատվիրեց նրան անել մի բան, որը չէր անի ոչ մի հայր. նա պետք է զոհաբերեր իր որդուն։ Այնուհանդերձ, Աբրահամը հնազանդվեց։ Բայց հենց այն պահին, երբ այդ հավատարիմ նահապետը ձեռքն էր առել դանակը և պատրաստվում էր զոհաբերել որդուն, հանկարծ Եհովան հրեշտակի միջոցով կանգնեցրեց նրան և թույլ չտվեց, որ Իսահակը մեռնի։ Ծննդոց 22։1–18-ում արձանագրված աստվածաշնչային այս պատմությունը մարգարեական նախատիպն է այն մեծ սիրո, որ մեր հանդեպ դրսևորելու էր Աստված։
Առաջին համարում կարդում ենք. «Աստուած փորձեց Աբրահամին»։ Աբրահամն անշուշտ ուներ հավատ, բայց հիմա նրա հավատը մեծ փորձության էր ենթարկվելու։ Եհովան ասաց նրան. «Առ քո սիրած մէկ հատիկ որդիդ Իսահակը եւ.... նորան ողջակէզ արա այն սարերի մէկի վերայ որ ես քեզ կ’ասեմ» (համար 2)։ Հիշիր՝ Աստված թույլ չի տալիս, որ իր ծառաները իրենց կարողությունից վեր փորձվեն։ Հետևաբար, այդ պատվերը տալով՝ Աստված ցույց տվեց իր վստահությունը Աբրահամի հանդեպ (1 Կորնթացիներ 10։13)։
Աբրահամը չհապաղեց։ Կարդում ենք. «Աբրահամն առաւօտանց կանուխ վեր կացաւ եւ իր էշի համետը դրաւ, եւ վեր առաւ իր հետ երկու ծառաները եւ իր որդի Իսահակը. եւ ողջակէզի փայտ ճղեց, եւ վեր կացաւ գնաց» (համար 3)։ Աբրահամն, ակներևաբար, ոչ ոքի չասաց, թե ինչ զոհ են մատուցելու։
Երեք օր ճանապարհ գնացին։ Աբրահամը այդ ընթացքում լուրջ խորհրդածելու հնարավորություն ունեցավ։ Այդուհանդերձ, նրա հաստատակամությունը չթուլացավ։ Եվ երբ նա հեռվում տեսավ այն սարը, ուր գնում էին՝ իր ծառաներին հավատով լի հետևյալ խոսքերն ասաց. «Այստեղ մնացէք, եւ ես եւ տղան մինչեւ այն տեղ գնանք եւ երկրպագութիւն անենք, եւ ձեզ մօտ ետ կ’դառնանք» (համար 5, 8)։ Ինչո՞ւ Աբրահամն ասաց, որ կվերադառնա որդու հետ։ Որովհետև «նա մտածեց, որ Աստված կարող է նույնիսկ մահացածների միջից հարություն տալ նրան [Իսահակին]» (Եբրայեցիներ 11։19)։
Երբ հրեշտակը կանգնեցրեց նրան, Աստված մի խոյ տվեց, որ նա «իր որդու փոխարէն ողջակէզ մատուցի» (համար 10–13)։ Եհովան ընդունեց այդ զոհաբերությունը, ասես թե Իսահակն էր զոհաբերվել։ (Եբրայեցիներ 11։17)։ Մի աստվածաշնչագետ բացատրում է. «Աստծու համար Աբրահամի պատրաստակամությունը հավասար էր զոհ մատուցելուն»։
Եհովան չսխալվեց, երբ վստահեց Աբրահամին։ Նրա հավատը վարձատրվեց։ Աստված կրկին հաստատեց իր ծառայի հետ կապած ուխտը և նույնիսկ ավելացրեց, որ նրա սերնդի միջոցով օրհնվելու են բոլոր ազգերի մարդիկ (համար 15–18)։
Եհովան թույլ չտվեց, որ Աբրահամը զոհաբերի Իսահակին, սակայն հետագայում նա զոհե՛ց իր որդուն։ Այո՛, Իսահակին որպես զոհ մատուցելու Աբրահամի պատրաստակամությունը նախապատկերում էր այն, որ Աստված իր միածին Որդուն՝ Հիսուսին էր զոհաբերելու մեր մեղքերի համար (Հովհաննես 3։16)։ Դա մեր հանդեպ ունեցած Աստծու մեծագույն սիրո ապացույցն է։ Ուստի կարող ենք հարցնել ինքներս մեզ. «Իսկ ես հանուն Աստծու պատրա՞ստ եմ զոհողութուններ անելու»։