Գիտեի՞ք արդյոք
Գիտեի՞ք արդյոք
Արդյո՞ք Աստվածաշնչում նշված բորոտությունը այն նույն հիվանդությունն է, որը հայտնի է այսօր
Բորոտությունը (կամ՝ բորը) վարակիչ հիվանդություն է, հարուցիչը թթվակայուն բակտերիան է, որը 1873 թ.–ին առաջին անգամ հայտնաբերել է բժիշկ Գերհարդ Հանսենը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ բորոտության բակտերիան մարմնից դուրս՝ քթի լորձաթաղանթի մեջ, կարող է մնալ մոտ ինը օր։ Պարզվել է նաև, որ հիվանդությունը կարող է հեշտությամբ փոխանցվել հիվանդի հետ շփվող մարդկանց։ Բացի այդ, հիվանդի հագուստը նույնպես կարող է վարակի աղբյուր հանդիսանալ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2007 թ.–ին ավելի քան 220 000 բորոտության դեպք է գրանցվել։
Կասկած չկա, որ աստվածաշնչային ժամանակներում մարդիկ վարակվել են բորոտությամբ։ Մովսիսական օրենքի համաձայն՝ բորոտը պետք է մեկուսացվեր (Ղեւտացոց 13։4, 5)։ Այդուհանդերձ, եբրայերեն ծարաա՛թ բառը, որը թարգմանվել է «բորոտություն», չի վերաբերում միայն վարակված մարդուն։ Ծարաա՛թը կարող էր լինել տան պատերին, բրդյա կամ կտավի հագուստի, ինչպես նաև ցանկացած կաշվե իրի վրա։ Որոշ դեպքերում բորոտությունը հնարավոր էր մաքրել լվանալով, բայց եթե հագուստի կամ կաշվի վրա «մի քիչ կանանչ կամ կարմրած ախտի նշանը» չէր անցնում, հագուստը պետք է այրվեր (Ղեւտացոց 13։47–52)։ Իսկ եթե տան պատերին «մի քիչ կանանչած կամ կարմրած փոս» էր լինում, ուրեմն տան մեջ բորոտություն կար։ Ուստի «վարակված» քարերը պետք է քանդեին, իսկ քերված հողը պիտի հավաքեին և բնակավայրից դուրս մի ամայի տեղ թափեին։ Բայց եթե բորոտությունը «վերադառնար», ապա այդ տունը պետք է քանդվեր (Ղեւտացոց 14։33–45)։ Ոմանք ասում են, որ հագուստի կամ տան բորոտությունը այն էր, ինչը մեր օրերում կոչում ենք սնկիկային հիվանդություն կամ բորբոս։ Սակայն չենք կարող վստահ լինել դրանում։
Ինչո՞ւ Պողոս առաքյալի քարոզչությունը Եփեսոսում մեծ իրարանցում առաջացրեց արծաթագործների մեջ
Եփեսոսի արծաթագործները հարստանում էին «Արտեմիսի արծաթյա փոքր տաճարներ» ձուլելով ու վաճառելով։ Արտեմիսը որսորդության ու պտղաբերության աստվածուհին էր և Եփեսոսի հովանավորը (Գործեր 19։24)։ Արտեմիսին պաշտողները պնդում էին, թե նրա պատկերը «երկնքից էր իջել»։ Այն պահվում էր Եփեսոսում՝ իր անունը կրող տաճարում (Գործեր 19։35)։ Այս տաճարը համարվում է հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ Մեծաթիվ ուխտավորներ ամեն տարի՝ մարտ–ապրիլ ամիսներին, գալիս էին Եփեսոս՝ մասնակցելու Արտեմիսի մեծարման տոնակատարություններին։ Այդ ընթացքում քաղաքում մեծ առևտուր էր լինում. շատերը գնում էին պաշտամունքի առարկաներ՝ որպես հուշանվերներ, թալիսմաններ, նվերներ աստվածուհիների համար կամ ընտանեկան երկրպագության մեջ օգտագործելու նպատակով։ Եփեսոսում գտած հին ձեռագրերում խոսվում է Արտեմիսի ոսկե ու արծաթե արձանիկների ձուլման, իսկ այլ աղբյուրներում՝ արծաթագործների խմբերի մասին։
Պողոսը սովորեցնում էր, որ «ձեռքով պատրաստված բաները աստվածներ չեն» (Գործեր 19։26)։ Պարզ էր, որ նրա քարոզչությունը սպառնում էր արծաթագործների եկամտին, այդ պատճառով նրա դեմ խռովություն հրահրեցին։ Դեմետրիոսը, որը արծաթագործներից մեկն էր, ասաց. «Վտանգ կա, որ ոչ միայն մեր այս գործը կվարկաբեկվի, այլ նաև մեծ աստվածուհի Արտեմիսի տաճարը ոչինչ կհամարվի, և նույնիսկ նրա մեծափառությունը, որին ողջ Ասիան և բնակեցված երկիրն են երկրպագում, ոչնչի կվերածվի» (Գործեր 19։27)։