Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հովսիան արեց այն, ինչ ճիշտ էր

Հովսիան արեց այն, ինչ ճիշտ էր

Սովորեցրեք ձեր երեխաներին

Հովսիան արեց այն, ինչ ճիշտ էր

ՔՈ ԿԱՐԾԻՔՈՎ՝ դժվա՞ր է անել այն, ինչ ճիշտ է։ ~ * Եթե այո, ապա իմացիր, որ միայն դու չես այդպես մտածում։ Անգամ չափահաս մարդկանց համար է դժվար ճիշտ վարվել։ Եկ տեսնենք, թե ինչու էր հատկապես Հովսիայի համար դժվար ճիշտ որոշումներ կայացնել։ Գիտե՞ս, թե ով է եղել նա։ ~

Հովսիան Հուդայի թագավոր Ամոնի որդին է եղել։ Ամոնը ընդամենը 16 տարեկան էր, երբ ծնվեց Հովսիան։ Ամոնը չար թագավոր է եղել։ Նրա հայրը՝ Մանասեն, նույնպես դաժան թագավոր էր։ Բայց մի օր ասորեստանցիները նրան գերի տարան հեռավոր Բաբելոն։ Բանտում Մանասեն սկսեց աղոթել Եհովային իր գործած սխալների համար։ Եհովան ներեց նրան։

Երբ Մանասեն ազատ արձակվեց բանտից, վերադարձավ Երուսաղեմ և նորից թագավոր դարձավ։ Նա անմիջապես փոխվեց, ուղղեց իր սխալները և հորդորեց մարդկանց ծառայել Եհովային։ Սակայն նրա որդին՝ Ամոնը, չհետևեց իր հոր լավ օրինակին։ Հավանաբար դա շատ տխրեցրեց Մանասեին։ Աստվածաշնչում չի նշվում, թե Մանասեն որքան ժամանակ է շփվել իր թոռան՝ Հովսիայի հետ։ Ի՞նչ ես կարծում, նա սովորեցրե՞լ է Հովսիային լսել ու հնազանդվել Եհովային։ ~

Երբ Հովսիան վեց տարեկան էր, նրա պապը՝ Մանասեն, մահացավ և նրա հայրը դարձավ թագավոր։ Սակայն երկու տարի հետո ծառաները սպանեցին Ամոնին։ Ուստի ութ տարեկանում Հովսիան դարձավ Հուդայի թագավոր (Բ Մնացորդաց 33–րդ գլուխ)։ Ի՞նչ ես կարծում, ինչպիսի՞ թագավոր կլիներ Հովսիան։ Նա կհետևեր իր հոր վատ օրինակի՞ն, թե՞ կընդօրինակեր իր պապիկին՝ Մանասեին։ ~

Չնայած Հովսիան պատանի էր, սակայն նա գիտեր, որ պետք է սիրել ու լսել Եհովային։ Այդ պատճառով էլ նա չլսեց իր հոր ընկերներին, այլ հետևեց նրանց, ովքեր սիրում էին Եհովային։ Ճիշտ է, Հովսիան ընդամենը ութ տարեկան էր, բայց հասկանում էր, որ պետք է լսել Աստծուն սիրողներին (Բ Մնացորդաց 34։1, 2)։ Իսկ գիտե՞ս, թե ովքեր էին այդ մարդիկ։ ~

Այդ մարդկանցից մեկը, որը լավ օրինակ էր Հովսիայի համար, Սոփոնիա մարգարեն էր։ Նա Հովսիայի բարեկամն էր՝ հավանաբար նրա նախապապի՝ Եզեկիա թագավորի ժառանգներից։ Հովսիայի իշխանության տարիներին Սոփոնիան գրեց Աստվածաշնչի այն գիրքը, որը կոչվում է իր անունով։ Մարգարեն նախազգուշացնում էր մարդկանց այն վատ բաների մասին, որ պատահելու էին նրանց, ովքեր ճիշտը չէին անում։ Իսկ Հովսիան ակներևաբար ուշադրություն էր դարձնում մարգարեի խոսքերին։

Այնուհետև մարգարե դարձավ Երեմիան։ Նա ու Հովսիան մեծացել էին միասին։ Եհովայի ներշնչմամբ Երեմիան նույնպես իր անունը կրող մի գիրք գրեց։ Երբ Հովսիան մահացավ պատերազմի դաշտում, Երեմիան սգո երգ գրեց նրա մասին ու այդպես իր խոր վիշտն արտահայտեց (Բ Մնացորդաց 35։25)։ Կարո՞ղ ես պատկերացնել, թե որքա՜ն են նրանք միմյանց քաջալերել ու օգնել, որ հավատարիմ մնան Եհովային։

 

Իսկ ի՞նչ կարելի է սովորել Հովսիայից։ ~ Եթե քո հայրն էլ չի սիրում Եհովային, քեզ կարող է մեկ ուրիշը սովորեցնել Աստծու մասին։ Գուցե քո մայրը, տատիկը կամ բարեկամներից որևէ մեկը։ Հնարավոր է՝ մայրիկը մեկ ուրիշին խնդրի սովորեցնել քեզ Եհովայի մասին։

Չնայած Հովսիան երեխա էր, բայց հասկանում էր, որ պետք է ընկերություն անի նրանց հետ, ովքեր սիրում են ու լսում են Եհովային։ Դու էլ կարող ես այդպես վարվել և անել այն, ինչ ճիշտ է։

[ծանոթագրություն]

^ պարբ. 3 Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը [~] հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։

Հարցեր

[նկար 25–րդ էջի վրա]

○ Ի՞նչ էին Հովսիայի հոր և պապի անունները, և ինչպիսի՞ մարդիկ էին նրանք։

○ Ի՞նչ փոփոխություններ արեց Հովսիայի պապիկը։

○ Ի՞նչ էին այն երկու մարգարեների անունները, որոնք օգնեցին Հովսիային, և ինչո՞ւ է կարևոր նրանց նման ընկերներ ունենալ։

[նկար 25–րդ էջի վրա]

Ինչպե՞ս են Սոփոնիան և Երեմիան օգնել Հովսիային անել այն, ինչ ճիշտ է