Աստվածավախությունը հաղթում է մարդավախությանը
Աստվածավախությունը հաղթում է մարդավախությանը
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ անակնկալի եկավ։ Նա գտավ այն հարցի պատասխանը, որ տարիներ շարունակ փնտրում էր։ Երկու Եհովայի վկա Աստվածաշնչի օգնությամբ բացատրեցին նրան, թե ինչու է Աստված թույլ տալիս տառապանքը։ Նրա մտքով անգամ չէր անցել, որ Աստվածաշունչը այդքան արժեքավոր տեղեկություն է պարունակում։
Վկաների հեռանալուց մի քանի րոպե անց տանտիրուհին ներխուժեց սենյակ և բարկացած հարցրեց. «Ովքե՞ր էին այդ մարդիկ»։
Երիտասարդը զարմանքից քարացավ։
— Ես շատ լավ գիտեմ, թե ովքեր են նրանք, ու եթե մի անգամ էլ նրանց այստեղ տեսնեմ, իրերդ կհավաքես ու դուրս կգաս իմ տնից։
Նա դուրս եկավ սենյակից ու դուռը շրխկացրեց։
Քրիստոսի հետևորդները գիտեն, որ հալածվելու են
Երիտասարդի հետ պատահածը արտառոց բան չէր։ Աստվածաշնչում գրված է. «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Աստծու հանդեպ նվիրվածությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, նույնպես պիտի հալածվեն» (2 Տիմոթեոս 3։12)։ Ճշմարիտ քրիստոնյաները միշտ էլ հալածվել են։ Ո՞րն է պատճառը։ Հովհաննես առաքյալը գրել է. «Մենք գիտենք, որ Աստծուց ենք, բայց ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է»։ Բանսարկու Սատանան «մռնչող առյուծի պես ման է գալիս՝ փնտրելով, թե ում կուլ տա» (1 Հովհաննես 5։19; 1 Պետրոս 5։8)։ Այո՛, մարդավախությունը Սատանայի հզոր զենքերից է։
Անգամ Հիսուս Քրիստոսին, որն այդքան բարի գործեր արեց և ոչ մի մեղք չգործեց, ծաղրեցին ու հալածեցին։ Մի անգամ նա ասաց. «Առանց պատճառի ատեցին ինձ» (Հովհաննես 15։25)։ Իր մահվան նախորդ գիշերը Հիսուսը իր աշակերտներին նախապատրաստեց հալածանքին՝ ասելով. «Եթե աշխարհն ատում է ձեզ, իմացեք, որ ինձ ձեզանից առաջ է ատել։ Հիշե՛ք այն խոսքը, որ ձեզ ասացի, թե՝ «ծառան մեծ չէ իր տիրոջից»։ Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն» (Հովհաննես 15։18, 20)։
Այս պատճառով էլ շատերը չէին համարձակվում դիրք բռնել ճշմարիտ երկրպագության կողմը։ Նրանց մասին, ովքեր մի անգամ Հիսուսին էին փնտրում, Աստվածաշնչում կարդում ենք. «Ոչ մեկը նրա մասին բացահայտ չէր խոսում, քանի որ վախենում էին հրեաներից» (Հովհաննես 7։13; 12։42)։ Կրոնական առաջնորդները սպառնում էին վտարել ցանկացած մեկի, ով կհավատա Քրիստոսին։ Մարդավախությունը շատերին խանգարեց հետևել Հիսուսին (Գործեր 5։13)։
Հետագայում, երբ արդեն կազմավորվել էր քրիստոնեական ժողովը, «մեծ հալածանք» սկսվեց Երուսաղեմում (Գործեր 8։1)։ Քրիստոնյաները հալածվում էին նաև ամբողջ Հռոմեական կայսրությունում։ Հռոմի հեղինակավոր մարդիկ Պողոս առաքյալին ասացին. «Ինչ վերաբերում է այս աղանդին, մեզ իսկապես հայտնի է, որ ամեն տեղ դրա դեմ են խոսում» (Գործեր 28։22)։ Իրոք, քրիստոնյաներին հալածում էին ամենուր։
Այսօր նույնպես Սատանան մարդավախության միջոցով շատ մարդկանց է հետ պահում Քրիստոսի հետևորդը դառնալուց։ Անկեղծ սրտով մարդիկ, ովքեր Աստվածաշունչ են ուսումնասիրում Եհովայի վկաների օգնությամբ, հակառակության են հանդիպում կամ ծաղրվում են դպրոցում, աշխատավայրում, հարևանների և ընկերների կողմից։ Նրանք վախենում են, որ իրենց չեն հարգի, կկորցնեն ընկերներին կամ կզրկվեն նյութական աջակցությունից։ Որոշ գյուղական վայրերում մարդիկ վախենում են, որ հարևանները չեն օգնի իրենց բերքահավաքի ժամանակ կամ չեն պաշտպանի իրենց անասուններին։ Այդուհանդերձ, միլիոնավոր մարդիկ ապավինում են Աստծուն և ապրում են Աստվածաշնչի սկզբունքների համաձայն՝ ընդօրինակելով Հիսուս Քրիստոսին։ Եհովան օրհնում է նրանց։
Ինչու վախենալ Աստծուց և ոչ թե մարդուց
Աստվածաշունչը հորդորում է մեզ վախենալ Աստծուց և ոչ թե մարդուց։ Սաղմոս 111։10–ում կարդում ենք. «Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է»։ Աստվածավախ մարդը ոչ թե սարսափում է Աստծուց, որն իրեն կյանք է պարգևել, այլ չի ցանկանում տհաճեցնել նրան։ Սերն է մղում անհատին լինել աստվածավախ։ Ուրեմն ինչո՞ւ պետք է վախենանք Աստծուց և ոչ թե մարդուց։ Քննեք հինգ պատճառ։
1 Եհովան Ամենակարող է։ Իր զորությամբ նա գերազանցում է մարդկանց։ Երբ վախենում ենք Ամենազոր Աստծուց և հնազանդվում ենք նրա պատվիրաններին, մենք դիրք ենք բռնում նրա կողմը, ում համար ազգերը նման են դույլին կպած կաթիլի (Եսայիա 40։15)։ Իր զորությամբ նա կարող է ոչնչացնել ցանկացած «գործիք», որն ուղղված է իրեն նվիրված մարդկանց դեմ (Եսայիա 54։17)։ Եվ քանի որ Եհովան է որոշում, թե ով է արժանի հավիտենական կյանքի, խելամիտ կլինի թույլ չտալ, որ որևէ մեկը հետ պահի մեզ իր կամքը կատարելուց (Հայտնություն 14։6, 7)։
2 Աստված մեզ օգնում է ու պաշտպանում։ «Մարդի վախը որոգայթի մէջ կ’գցէ, բայց Տիրոջն ապաւինողը կ’ապաստանուի»,— գրված է Առակաց 29։25–ում։ Մարդավախությունը ծուղակ է, քանի որ այն կարող է խանգարել մեզ խոսել Աստծու հանդեպ մեր հավատի մասին։ Աստված հավաստիացնում է, որ մեր կողքին կլինի՝ ասելով. «Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետեւ ես քո Աստուածն եմ. ես զօրացրել եմ քեզ, նաեւ օգնել եմ քեզ. նաեւ քեզ հաստատել եմ իմ արդարութեան աջովը» (Եսայիա 41։10)։
3 Աստված սիրում է նրանց, ովքեր ուզում են մոտենալ իրեն։ Պողոս առաքյալը գրեց. «Ես համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ կառավարությունները, ո՛չ ներկայիս բաները, ո՛չ գալիք բաները, ո՛չ զորությունները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ որևէ այլ ստեղծագործություն Հռոմեացիներ 8։37–39)։ Եթե ապավինենք և հնազանդվենք Աստծուն, միշտ մտերիմ հարաբերություններ կունենանք նրա հետ։ Ի՜նչ մեծ պատիվ է սիրված լինել Աստծու կողմից։
չե՛ն կարող բաժանել մեզ Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսում է» (4 Եհովան շատ բան է անում մեզ համար, և մենք թանկ ենք գնահատում այդ ամենը։ Եհովան մեր Արարիչն է՝ կյանքի Աղբյուրը։ Նա մեզ ապահովել է ոչ միայն անհրաժեշտ բաներով, այլև այն ամենով, ինչը կյանքը դարձնում է հաճելի ու հետաքրքիր։ Այո՛, Աստված ամեն բարի պարգևի Աղբյուրն է (Հակոբոս 1։17)։ Դավիթը, որը գնահատում էր Աստծու բարությունը, գրեց. «Շատ են քո հրաշքները՝ որ դու արիր, ով Տէր Աստուածս. եւ քո խորհուրդները մեզ վերայ են.... համարից շատ են» (Սաղմոս 40։5)։
5 Նրանք, ովքեր հալածում են մեզ, հնարավոր է փոխվեն։ Եթե զիջումների չգնաս և շարունակես հավատարիմ մնալ Աստծուն, ապա նրանք, ովքեր հալածում են քեզ, գուցե փոխվեն։ Օրինակ՝ սկզբում Հիսուսի հարազատները հավատ չէին դրսևորում նրա հանդեպ և ասում էին, որ նա «խելքը կորցրել է» (Մարկոս 3։21; Հովհաննես 7։5)։ Սակայն Հիսուսի մահից և հարությունից հետո նրանցից շատերը դարձան հավատացյալներ։ Անգամ նրա եղբայրներից երկուսի՝ Հակոբոսի և Հուդայի գրած նամակները ընդգրկվեցին Գրությունների մեջ։ Իսկ նախկին մոլեռանդ հալածող Սավուղը դարձավ Պողոս առաքյալ։ Ուստի եթե մենք էլ հավատարիմ մնանք, մեզ հալածողները հնարավոր է ժամանակի ընթացքում հասկանան, որ մենք գտել ենք ճշմարտությունը (1 Տիմոթեոս 1։13)։
Օրինակ՝ Աֆրիկայում ապրող Աբեռաշ անունով մի կին աղոթում էր Աստծուն, որ գտնի ճշմարիտ կրոնը։ Երբ նա սկսեց Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել, մեծ հակառակության հանդիպեց իր ընտանիքի անդամների և կրոնական առաջնորդների կողմից։ Նրա հարազատներից մի քանիսը, որոնք նույնպես սկսել էին ուսումնասիրել Աստվածաշունչը, վախից խզեցին իրենց կապերը Վկաների հետ։ Սակայն Աբեռաշը աղոթեց Աստծուն զորություն և քաջություն ստանալու համար և մկրտվեց ու դարձավ Եհովայի վկա։ Տեսնելով նրա քաջությունը՝ նրա հարազատներից ութ հոգի համարձակությամբ լցվեցին, նորից սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել և հոգևորապես առաջադիմեցին։
Դու կարո՛ղ ես պայքարել մարդավախության դեմ
Մարդավախության ծուղակը չընկնելու համար պետք է ամրացնես քո սերը Աստծու հանդեպ։ Դա կարող ես անել Աստվածաշունչ ուսումնասիրելով և խորհրդածելով այնպիսի համարների շուրջ, ինչպիսին, օրինակ, Եբրայեցիներ 13։6 համարն է։ Այնտեղ գրված է. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը»։ Միշտ հիշիր վերոհիշյալ հինգ պատճառները։
Հիշիր նաև այն բազում օրհնությունները, որ ստացել ես աստվածաշնչային սկզբունքները կիրառելու արդյունքում։ Դու գտել ես քեզ հուզող հարցերի պատասխանները։ Գործնական խորհուրդներ ես ստացել կյանքի դժվարությունները հաղթահարելու համար։ Ունես ապագայի հրաշալի հույս։ Ի վերջո, դու կարող ես աղոթել ամենազոր Աստծուն ամեն ժամանակ։
Հովհաննես առաքյալը գրել է. «Աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ, բայց նա, ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան» (1 Հովհաննես 2։17)։ Հիմա է ժամանակը աստվածավախությամբ ապրելու։ Թույլ մի՛ տուր, որ մարդավախությունը թուլացնի քո հավատը։ Մի՛ մոռացիր Եհովայի խոսքերը, որ ուղղված են քեզ. «Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին» (Առակաց 27։11)։
Հիշի՛ր, ոչ ոք չի կարող քեզ տալ այն ամենը, ինչ տալու է Եհովան աստվածավախ մարդկանց։ «Խոնարհութեան եւ Տիրոջ երկիւղի վարձքն է հարստութիւն, եւ պատիւ եւ կեանք» (Առակաց 22։4)։
[նկար 14–րդ էջի վրա]
Աբեռաշի քաջության շնորհիվ նրա հարազատները վերսկսեցին իրենց ուսումնասիրությունը