Բոլո՞ր կրոններն են լավը
Բոլո՞ր կրոններն են լավը
ԱՅՍՕՐ աշխարհում կան բազմաթիվ կրոններ։ Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ամբողջ աշխարհում գոյություն ունեն 19 կրոն և մոտավորապես 10 000 կրոնական ուղղություն։ Կրոնական այս բազմազանությունը մեծ ընտրություն է առաջարկում մարդկանց։ Հետևաբար հարց է առաջանում՝ նշանակություն ունի՞ արդյոք, թե որ կրոնը կընտրես։
Ոմանք ասում են, թե տարբեր կրոնները ասես դեպի նույն սարը տանող տարբեր ուղղություններ լինեն։ Նրանց կարծիքով՝ կարևոր չէ, թե որ ճանապարհը կընտրես, քանի որ բոլոր ուղղություններն էլ նույն տեղն են տանում։ Այդ մարդիկ մտածում են, որ գոյություն ունի միայն մեկ Ամենակարող Աստված, ուստիև տրամաբանական է ենթադրել, որ բոլոր կրոնները առաջնորդում են դեպի Նրան։
Բոլո՞ր կրոններն են առաջնորդում դեպի Աստված
Տեսնենք, թե ինչ է ասել երբևէ ապրած մեծագույն ուսուցիչը՝ Հիսուս Քրիստոսը. «Նեղ դռնովը ներս մտէք»։ Ինչո՞ւ։ «Որովհետեւ լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը՝ որ կորուստն է տանում. եւ շատեր են նորանով գնացողները։ Քանի՜ նեղ է դուռը՝ եւ նեղուածք է ճանապարհը, որ տանում է կեանքը. եւ քիչ են նորան գտնողները» (Մատթեոս 7։13, 14, ԱԹ)։
Արդյո՞ք Հիսուսն ուզում էր ասել, որ որոշ կրոններ տանում են կործանման, թե՞ սովորեցնում էր, որ միայն անհավատներն են գնում լայն ճանապարհով, մինչդեռ նրանք, ովքեր հավատում են Աստծուն, անկախ նրանից, թե ինչ կրոն են ընտրել, գնում են նեղ ճանապարհով, որը կյանքի է առաջնորդում։
Այն բանից հետո, երբ Հիսուսը խոսեց երկու ճանապարհների մասին, ասաց. «Զգոյշ կացէք սուտ մարգարէներիցը, որ գալիս են ձեզ մօտ ոչխարների հանդերձներով, բայց ներսեւանց յափշտակող գայլեր են» (Մատթեոս 7։15, ԱԹ)։ Հետո նա ասաց. «Չկարծե՛ք, թե ով որ ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, երկնքի արքայություն է մտնելու. այլ մտնելու է միայն նա, ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է» (Մատթեոս 7։21, ԱՆԹ)։ Եթե որևէ մեկը մարգարե է կոչվում կամ պնդում է, թե Հիսուսը իր «Տերն» է, ուրեմն տրամաբանական է մտածել, որ այդ անձնավորությունը կրոնասեր է և ոչ թե անհավատ։ Ուրեմն հստակ է՝ Հիսուսը զգուշացնում էր, որ ոչ բոլոր կրոններն են լավը և ոչ բոլոր վարդապետներին պետք է վստահել։
Հնարավո՞ր է գտնել նեղ ճանապարհը
Եթե ոչ բոլոր կրոններն են տանում դեպի Աստված, ապա ինչպե՞ս կարելի է հազարավոր կրոնների մեջ գտնել այն նեղ ճանապարհը, որ կյանքի է առաջնորդում։ Պատկերացրու՝ մեծ քաղաքում մոլորվել ես։ Որոշում ես դիմել ինչ–որ մեկի օգնությանը։ Անցորդներից մեկն ասում է, որ դու պետք է գնաս դեպի արևելք։ Մյուսը խորհուրդ է տալիս դեպի արևմուտք գնալ։ Իսկ մեկ ուրիշն էլ առաջարկում է ընտրել այն ճանապարհը, որն, ըստ քեզ, ամենալավն է։ Ի վերջո հանդիպում ես մի ճամփորդող մարդու, որը քարտեզ ունի։ Նա ցույց է տալիս քեզ ճիշտ ուղղությունը։ Այնուհետև քարտեզը քեզ է նվիրում, որպեսզի ուղևորության ընթացքում դրանով առաջնորդվես։ Այժմ ավելի վստահ չե՞ս լինի, որ կհասնես նշանակետին։
Նմանապես, երբ ուզում ենք ճիշտ կրոնը ընտրել, վստահելի առաջնորդության կարիք ունենք։ Իսկ կա՞ արդյոք նման առաջնորդություն։ Այո՛։ Մեր քարտեզը Աստվածաշունչն է, որում գրված է. «Բոլոր գիրքը Աստուծոյ շունչն է եւ օգտակար է սորվեցնելու, յանդիմանելու, շտկելու եւ արդարութեան մէջ խրատելու համար» (2 Տիմոթեոս 3։16, ԱԱ)։
Հայերենով առկա են Աստվածաշնչի թարգմանություններ, որոնք քարտեզի նման կարող են առաջնորդել քեզ։ Այս պարբերագրի հրատարակիչները՝ Եհովայի վկաները, նույնպես ունեն Աստվածաշնչի վստահելի թարգմանություն, որը կոչվում է «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանություն»։ Սակայն եթե դու Եհովայի վկա չես, կարող ես ուրիշ թարգմանությունների օգնությամբ իմանալ, թե որն է ճշմարիտ կրոնը։ Այս և հաջորդ հոդվածներում սուրբգրային համարները մեջբերված են Աստվածաշնչի տարբեր թարգմանություններից, որոնք օգտագործվում են կրոնական տարբեր ուղղությունների կողմից։
Հաջորդ հոդվածները ընթերցելիս քո ունեցած տեղեկությունը համեմատիր Աստվածաշնչի հետ։ Ի մտի ունենալով Հիսուսի խոսքերը՝ կարող ես ճիշտ կրոնը տարբերել կեղծ կրոնից։ Նա ասել է. «Լավ ծառը լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ։ Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, և ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ» (Մատթեոս 7։17, 18, ԱՆԹ)։ Քննենք ընդամենը երեք «պտուղ», որն, ըստ Աստվածաշնչի, բնորոշում է «լավ ծառը»։
[Մեջբերում 3–րդ էջի վրա]
Վստահելի քարտեզի նման՝ Աստվածաշունչը կարող է օգնել անհատին գտնելու ճիշտ կրոնը