Թույլ տալի՞ս ես, որ Աստված ամեն օր խոսի քեզ հետ
ՈՐՔԱ՞Ն հաճախ ես նայում քեզ հայելու մեջ։ Մեզնից շատերի համար դա սովորական բան է, որն անում ենք ամեն օր, երբեմն էլ օրը մի քանի անգամ։ Պատճառն այն է, որ ուզում ենք լավ տեսք ունենալ։
Աստծու Խոսքն ընթերցելը համեմատվում է հայելու մեջ նայելու հետ (Հակոբոս 1։23–25)։ Այնտեղ գրված խոսքերը ազդեցիկ են և կարող են օգնել մեզ տեսնելու, թե ինչպիսին ենք մենք իրականում։ Դրանք «ներթափանցում են նույնիսկ մինչև հոգու և ոգու.... բաժանումը» (Եբրայեցիներ 4։12)։ Այլ խոսքերով՝ Աստվածաշունչը ցույց է տալիս, թե իրականում ինչպիսին է մեր ներքին անձնավորությունը, անկախ այն բանից, թե ինչպես ենք մեզ դրսևորում մարդկանց առաջ։ Այն հայելու պես օգնում է մեզ տեսնելու, թե ինչ փոփոխություններ է հարկավոր անել կյանքում։
Դեռ ավելին, Աստվածաշունչը սովորեցնում է մեզ, թե ինչպես պետք է անենք այդ փոփոխությունները։ Պողոս առաքյալը գրել է. «Ամբողջ Գրությունը ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարության մեջ խրատելու համար» (2 Տիմոթեոս 3։16, 17)։ Ուշադրություն դարձրու, որ այս գրքի ընթերցանությունը օգտակար է հանդիմանելու, ուղղելու, խրատելու համար, դա նշանակում է, որ մենք պիտի փոփոխություններ մտցնենք մեր վարքագծում։ Եթե անհրաժեշտ է ամեն օր նայել հայելու մեջ՝ համոզվելու համար, որ պատշաճ արտաքին տեսք ունենք, ապա որքան ավելի կարևոր է կանոնավորաբար կարդալ Աստծու Խոսքը՝ անհրաժեշտ փոփոխություններն անելու համար։
Երբ Հեսուն նշանակվեց Իսրայել ազգի առաջնորդ, Եհովա Աստված ասաց. «Այս օրէնքի գիրքը քո բերանիցը չ’հեռանայ, այլ գիշեր եւ ցերեկ նորա վերայ մտածես, որ պահես եւ կատարես բոլոր նորա միջի գրուածի պէս. որովհետեւ այն ժամանակ ճանապարհները յաջողակ կ’անես, եւ այն ժամանակ խելամուտ կ’լինես» (Յեսու 1։8)։ Այո՛, հաջողության հասնելու համար Հեսուն պետք է «գիշեր և ցերեկ» կարդար Աստծու Խոսքը։
«Սաղմոսներ» գրքի առաջին գլխում նույնպես խոսվում է այն օգուտների մասին, որ ստանում ենք Աստվածաշունչը ամեն օր ընթերցելիս։ Այնտեղ գրված է. «Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում, եւ մեղաւորների ճանապարհի մէջ չէ կանգնում, եւ ծաղր անողների աթոռի վերայ չէ նստում. Այլ նորա կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում։ Եւ նա ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, եւ նորա տերեւը չէ թափվում, եւ ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան» (Սաղմոս 1։1–3)։ Անկասկած, մենք ուզում ենք նման լինել այդ մարդուն։
Շատերն Աստվածաշունչը ամեն օր կարդալու սովորություն ունեն։ Երբ մի քրիստոնյայի հարցրին, թե ինչու է ամեն օր ընթերցում Աստծու Խոսքը, նա պատասխանեց. «Եթե միշտ աղոթում եմ Աստծուն և ակնկալում եմ, որ նա լսի ինձ, ապա չպե՞տք է արդյոք ես էլ լսեմ Նրան՝ իր Խոսքը ամեն օր կարդալով։ Եթե ուզում ենք լավ ընկեր լինել, միայն մենք չպետք է խոսենք»։ Այո՛, երբ ընթերցում ենք Աստվածաշունչը, ասես լսում ենք Աստծուն։ Այդպես իմանում ենք, թե ինչ տեսակետ ունի նա տարբեր հարցերի վերաբերյալ։
Աստծու Խոսքը կարդալ ամեն օր. ինչպե՞ս
Գուցե արդեն սկսել ես ընթերցել Աստվածաշունչը։ Կարդացե՞լ ես այն սկզբից մինչև վերջ։ Դա այդ գրքի բովանդակությանը ծանոթանալու լավագույն ձևն է։ Սակայն ոմանք բազմիցս փորձել են կարդալ Աստվածաշունչը և որոշ ժամանակ անց դադարեցրել են ընթերցանությունը։ Դու է՞լ ես բախվել նման խնդրի։ Իսկ ի՞նչ կարելի է անել, որպեսզի կարողանաս ամբողջությամբ կարդալ Աստվածաշունչը։ Փորձիր հետևյալը։
Քո օրվա գրաֆիկում ժամանակ հատկացրու Աստվածաշնչի ընթերցանությանը։ Որոշիր, թե օրվա մեջ երբ է քեզ հարմար Աստծու Խոսքը կարդալ։ Հաշվի առ, որ կլինեն նաև չնախատեսված բաներ։ Եթե ինչ–որ պատճառով չկարողանաս Աստվածաշունչը կարդալ ծրագրված ժամին, ապա քո գրաֆիկում լրացուցիչ ժամ ունեցիր, որ ոչ մի օր չանցնի առանց Աստծու Խոսքը կարդալու։ Եթե այդպես վարվես, դու կընդօրինակես առաջին դարում ապրող բերիացիներին, որոնց մասին կարդում ենք. «Մեծ հոժարամտությամբ ընդունեցին խոսքը և ամեն օր ուշադիր քննում էին Գրությունները, թե արդյոք այդ բաներն այդպես էին» (Գործեր 17։11)։
Կոնկրետ նպատակ ունեցիր։ Օրինակ՝ եթե ամեն օր կարդաս երեքից հինգ գլուխ, ապա մեկ տարում կավարտես գրքի ընթերցանությունը։ Հաջորդ էջերում զետեղված գրաֆիկը օգտակար կլինի քեզ համար։ Փորձիր այդ գրաֆիկով ընթերցել Աստվածաշունչը։ «Ամսաթիվ» սյունակի կողքին գրի առ, թե երբ ես կարդալու նշված գլուխները։ Իսկ զուգահեռ շարքում գտնվող փոքրիկ քառակուսու մեջ նշան դիր։ Հետևելով այս գրաֆիկին՝ դու կկարողանաս ընթերցել Աստվածաշունչը ամբողջությամբ։
Եթե արդեն սկսել ես կարդալ Աստծու Խոսքը, չպետք է կանգ առնես ճանապարհի կեսին։ Ամեն տարի կարող ես այս նույն գրաֆիկով ընթերցել Աստվածաշունչը՝ ամեն անգամ մեկ ուրիշ հատվածից սկսելով։ Իսկ եթե չես ցանկանում մեկ տարում ավարտել ընթերցանությունը, կարող ես երկու կամ երեք օրում կարդալ յուրաքանչյուր օրվա համար նախատեսված ընթերցանության ծրագիրը։
Ամեն անգամ Աստվածաշունչ ընթերցելիս դու նոր բաներ կգտնես և գուցե զարմանաս, որ նախկինում այդ մտքերը չես նկատել։ Ինչո՞ւ։ Քանի որ «այս աշխարհի տեսարանը փոխվում է», և մեր հանգամանքները նույնպես փոխվում են (1 Կորնթացիներ 7։31)։ Ուստի վճռիր ամե՛ն օր նայել Աստծու Խոսքի հայելու մեջ։ Այդպիսով կարող ես վստահ լինել, որ թույլ ես տալիս Աստծուն խոսել քեզ հետ (Սաղմոս 16։8)։