Ճշմարիտ կրոնը սովորեցնում է հարգել Աստծու Խոսքը
ՀԻՍՈՒՍԸ սովորեցնում էր մարդկանց հարգել Աստծու Խոսքը։ Դա երևաց այն բանից, թե ինչպես նա պատասխանեց Սատանային, երբ վերջինիս կողմից փորձության ենթարկվեց (Մատթեոս 4։4–11)։ Օրինակ՝ ինչպե՞ս Աստծու Որդին արձագանքեց, երբ Բանսարկուն ասաց նրան, որ քարերը հաց դարձնի։ Հիսուսը մեջբերեց այն ներշնչյալ խոսքերը, որոնք արձանագրված են Բ Օրինաց 8։3 համարում։ Իսկ ի՞նչ պատասխանեց Հիսուսը, երբ Սատանան իրեն երկրպագելու դիմաց առաջարկեց աշխարհի բոլոր թագավորությունները։ Նա հրաժարվեց այդ բանն անելուց և խոսեց աստվածաշնչային այն սկզբունքի մասին, որը գրված է Բ Օրինաց 6։13 համարում։
Մի պահ պատկերացրու։ Թեև Հիսուսը Աստծու Որդին էր, սակայն սովորեցնելիս նա հիմնվում էր միայն Աստվածաշնչի վրա։ Նա երբեք չէր անտեսում Աստծու Խոսքը հանուն մարդկանց ավանդույթների (Հովհաննես 7։16–18)։ Սակայն իր օրերում ապրող կրոնական առաջնորդներից շատերը չէին հարգում Աստվածաշունչը։ Ինչո՞ւ։ Քանի որ մարդկային ավանդույթները Սուրբ Գրություններից ավելի արժեքավոր էին համարում։ Այդպիսի մարդկանց Հիսուսը հստակ ասաց. «Աստծու խօսքը արհամարհում էք ձեր աւանդութեան պատճառով։ Կեղծաւորնե՛ր, Եսային լաւ է մարգարէացել ձեր վրայ եւ ասել. «Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած բաժանուած է ինձնից. զուր են ինձ պաշտում. մարդկանց կողմից պատուիրած վարդապետութիւններ են ուսուցանում»» (Մատթեոս 15։6–9, էԹ)։
Շատ կրոններ պնդում են, թե հարգում են Աստծու Խոսքը։ Սակայն քանի՞ կրոն գիտես,
որ պատրաստ են հրաժարվելու մարդկային ավանդույթներից, երբ իմանան, որ դրանք ներդաշնակ չեն Աստվածաշնչին։ Քննենք ընդամենը երկու օրինակ։ԹԵՄԱ։ Կրոնական տիտղոսներ։
ԻՆՉ է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Հիսուսը դատապարտեց իր օրերի կրոնական առաջնորդներին, քանի որ վերջիններս սիրում էին տիտղոսներ կրել և ձգտում էին բարձր դիրքի։ Նա ասաց, որ այդպիսի մարդիկ սիրում են «ընթրիքներումն առաջին բազմոցը, եւ ժողովարաններումն առաջին աթոռները, եւ փողոցների մէջ բարեւները. Եւ մարդկանցից Ռաբբի Ռաբբի կոչուիլը»։ Այնուհետև իր աշակերտներին ասաց. «Դուք Ռաբբի չ’կանչուիք, որովհետեւ մէկն է ձեր ուսուցիչը՝ Քրիստոսը. եւ դուք ամենքդ եղբարք էք։ Եւ երկրիս վերայ մէկին ձեզ հայր չ’կանչէք. որովհետեւ մէկն է ձեր Հայրը՝ նա որ երկնքումն է» (Մատթեոս 23։1–10, ԱԹ)։
ՀԱՐՑ։ Այդ կրոնի առաջնորդները սիրո՞ւմ են պատվավոր տիտղոսներ կրել, ձգտո՞ւմ են բարձր դիրքի, թե՞ հնազանդվում են Հիսուսի պատվերին այս հարցում։
ԹԵՄԱ։ Երկրպագության մեջ պատկերների գործածությունը։
ԻՆՉ է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Քեզ համար կուռք չ’շինես, եւ ոչ վերը երկնքումը՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը. Նորանց երկրպագութիւն չ’անես, եւ նորանց չ’պաշտես» (Ելից 20։4, 5, ԱԹ)։
Հովհաննես առաքյալը գրեց քրիստոնյաներին. «Պահեցէք ձեր անձերը կուռքերիցը» (1 Հովհաննես 5։21, ԱԹ)։
ՀԱՐՑ։ Այդ կրոնը կատարո՞ւմ է Աստվածաշնչի այս հստակ պատվիրանը և չի՞ օգտագործում երկրպագության մեջ պատկերներ կամ կուռքեր։
Դու կարող ես գտնել ճիշտ ճանապարհը
Թեև այսօր շատ կրոնական ուղղություններ կան, սակայն կարո՛ղ ես գտնել այն միակ ճանապարհը, որը կյանքի է առաջնորդում։ Ինչպես տեսանք, շատ նշաններ կան, որոնց օգնությամբ հնարավոր է գտնել «սուրբ եւ անարատ [կրոնը]» (Հակոբոս 1։27, ԱԹ)։ Աստվածաշնչային այն համարները, որոնք քննարկվեցին այս հոդվածներում նման են ուղենշանի, որն օգնում է մեզ գտնելու ճիշտ ուղղությունը՝ ճշմարիտ կրոնը։
Դու կարող ես Եհովայի վկաների օգնությամբ գտնել այն հարցերի պատասխանները, որոնք գրված են այս հոդվածներում։ Խորհրդածիր այն ամենի շուրջ, ինչ կլսես նրանցից և հետևիր առաջին դարում ապրող բերիացիների օրինակին։ Պողոս առաքյալին լսելուց հետո նրանք «քննում էին Սուրբ գրքերը՝ տեսնելու, թե ճշմարի՞տ են Պողոսի քարոզածները» (Գործեր 17։11, ԱՆԹ)։ Եթե նրանց նման հարգես Աստծու Խոսքը և ժրաջանորեն ուսումնասիրես այն, կգտնես ճշմարիտ կրոնը, որը կյանքի է առաջնորդում։ Դու ինքդ պիտի որոշես՝ քայլե՞լ այդ ճանապարհով, թե՞ ոչ։
Ո՞ր կրոնն է մարդկանց քաջալերում ուսումնասիրել Աստվածաշունչը՝ տեսնելու, թե իրենց սովորածը ճշմարտությունն է