Մեր ընթերցողները հարցնում են
Ի՞նչ առումով են Հիսուսը և իր Հայրը մեկ
Հիսուսն ասաց. «Ես և Հայրը մի ենք» (Հովհաննես 10։30)։ Ոմանք, այս խոսքերը մեջբերելով, պնդում են, թե Հիսուսը և իր Հայրը Երրորդության մի մաս են։ Բայց ի՞նչ էր իրականում ուզում ասել նա այս խոսքերով։
Եկեք տեսնենք, թե ինչ է ասում համատեքստը։ 25–րդ համարում Հիսուսն ասում է, որ իր կատարած գործերը անում է Հոր անունով։ Իսկ 27–29–րդ համարներում նա խոսում է այլաբանական ոչխարների մասին, որ Հայրը տվել է իրեն։ Եթե Հիսուսը և իր Հայրը միևնույն անձնավորությունը լինեին, ապա նրա ունկնդիրները չէին հասկանա այդ խոսքերը։ Հիսուսն ուզում էր ասել, որ ինքը Հոր հետ այնքան միավորված է, որ «ոչ ոք իր ձեռքից չի հափշտակի [ոչխարներին]», ինչպես որ «չի կարող հափշտակել նրանց Հոր ձեռքից»։ Պատկերացնենք՝ տղան հոր թշնամիներին ասում է՝ «եթե հորս խփեք, նշանակում է ինձ եք խփում»։ Ինչ խոսք, ոչ ոք չի մտածի, որ այս տղան և նրա հայրը միևնույն անձնավորությունն են, ընդհակառակը՝ կհասկանան, թե որքան ամուր է նրանց մեջ եղած կապը։
Հիսուսը և իր Հայրը՝ Եհովա Աստվածը, «մեկ» են նաև այն իմաստով, որ ունեն միևնույն նպատակներն ու չափանիշները։ Ի տարբերություն Բանսարկու Սատանայի և առաջին մարդկային զույգի՝ Ադամի և Եվայի, Հիսուսը երբեք չի ցանկացել անկախ լինել Աստծուց։ Նա ասել է. «Որդին ինքը իրենից ոչ մի բան չի կարող անել, այլ միայն այն, ինչ տեսնում է Հորն անելիս։ Որովհետև ինչ որ Նա է անում, Որդին էլ նրա նման նույն բաներն է անում» (Հովհաննես 5։19; 14։10; 17։8)։
Այն, որ Աստված և նրա Որդին միավորված են, դեռ չի նշանակում, որ նրանք նույն էությունն են։ Նրանք իրարից տարբեր երկու առանձին անձնավորություններ են։ Հիսուսն ուներ իր զգացմունքները, մտքերը, օժտված էր ազատ կամքով։ Այդուհանդերձ, իր ուզածն անելու փոխարեն՝ նա նախընտրեց կատարել Հոր կամքը։ Ղուկաս 22։42–ում կարդում ենք. «Ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի»։ Այս խոսքերը նա չէր ասի, եթե իր կամքը չտարբերվեր Հոր կամքից։ Եթե իրականում Հիսուսը և իր Հայրը միևնույն անձնավորությունն են, ապա ինչո՞ւ էր Որդին աղոթում Աստծուն և խոնարհաբար ընդունում, որ կան բաներ, որ միայն Հայրը գիտի (Մատթեոս 24։36)։
Շատերը պաշտում են այնպիսի աստվածների, որոնք պատկերվել են իրենց ընտանիքներով կա՛մ իրար հետ վիճելիս, կա՛մ մենամարտելիս։ Օրինակ՝ հին հունական դիցաբանության մեջ Քրոնոս աստվածը տապալում է իր հորը՝ Ուրանոս աստծուն, և կուլ է տալիս իր երեխաներին։ Որքա՜ն տարբեր են նրանք Եհովա Աստծուց և նրա Որդուց, որոնց միությունը հիմնված է իսկական սիրո վրա։ Այս միությունը մղում է մեզ ավելի սիրելու նրանց։ Մենք առանձնաշնորհում ունենք միավորված լինելու տիեզերքի երկու մեծագույն Անձնավորությունների հետ։ Իր հետևորդների համար աղոթելիս Հիսուսը խնդրեց. «Նրանք բոլորը մի լինեն, ինչպես որ դո՛ւ, Հա՛յր, միության մեջ ես ինձ հետ, և ես էլ միության մեջ եմ քեզ հետ, որ նրանք էլ միության մեջ լինեն մեզ հետ» (Հովհաննես 17։20, 21)։
Ուստի երբ Հիսուսն ասում էր՝ «ես և Հայրը մի ենք», նա խոսում էր, ոչ թե խորհրդավոր Երրորդության, այլ մի հրաշալի միության մասին, որ կարող են ունենալ երկու շատ մտերիմ անհատներ։