Կեղծ ուսմունք 6. Աստծուն ընդունելի են սրբապատկերները
Որտեղի՞ց է ծագել այս ուսմունքը։
«Վաղ քրիստոնյաները իրենց երկրպագության մեջ չեն օգտագործել պատկերներ.... Եկեղեցում պատկերներ սկսեցին օգտագործել 4–րդ և 5–րդ դարերում։ Դա արդարացվում էր այն պնդմամբ, թե տգետ և անուս մարդիկ քրիստոնեությունը ավելի լավ կարող են հասկանալ պատկերների, քան քարոզների կամ գրքերի միջոցով» (Cyclopedia of Biblical, Theological, and Ecclesiastical Literature, by McClintock and Strong, հատոր 4, էջ 503, 504)։
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։
«Քեզ համար կուռք չ’շինես, եւ ոչ վերը երկնքումը՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը. Նորանց երկրպագութիւն չ’անես» (Ելից 20։4, 5)։ Իսկ Հովհաննես առաքյալը առաջին դարի քրիստոնյաներին գրեց. «Որդյակնե՛ր, պահպանե՛ք ձեզ կուռքերից» (1 Հովհաննես 5։21)։
Արդյո՞ք պատկերները, ինչպես պնդում են եկեղեցիները, պարզապես միջոց են մոտենալու և պատվելու նրանց, ովքեր ներկայացված են դրանցում։ «Կրոնի հանրագիտարանում» նշվում է. «Սկզբում պատկերները գուցե օգտագործվել են սովորեցնելու նպատակով կամ համարվել են զարդ, և այս պնդմամբ արդարացվել է դրանց գործածությունը, սակայն շատ չանցած՝ դրանք դարձան երկրպագության առարկաներ։ Սա հատկապես ավելի ակնհայտ դարձավ Արևելյան ուղղափառ եկեղեցիներում» (The Encyclopedia of Religion)։ Մինչդեռ Եսայիա մարգարեն գրել էր. «Ո՞ւմ էք նմանեցնում Աստուծուն, եւ ի՞նչ նմանութիւն՝ հաւասարացնում նորան» (Եսայիա 40։18)։
Քննիր նաև Աստվածաշնչի հետևյալ համարները՝ Եսայիա 44։13–19; Գործեր 10։25, 26; 17։29; 2 Կորնթացիներ 5։7
ՓԱՍՏ
Աստված չի ընդունում սրբապատկերների գործածությունը երկրպագության մեջ
ՄԵՐԺԻՐ ԿԵՂԾ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐԸ, ՀԵՏԵՎԻՐ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ
Ի՞նչ եզրակացության կարող ենք գալ։ «Վարպետորեն հնարված այս սուտ պատմությունները [ուսմունքները]» հակասում են Աստվածաշնչի պարզ ճշմարտություններին, որոնք մխիթարում են մարդկանց (2 Պետրոս 1։16)։
Հետևաբար մի վարանեք ճիշտ մտայնությամբ համեմատել Աստծու Խոսքը՝ ճշմարտության աղբյուրը, այն ամենի հետ, ինչ սովորեցրել են ձեզ (Հովհաննես 17։17)։ Դուք, անշուշտ, կզգաք, որ հետևյալ խոսքերը իրական են նաև ձեզ համար. «Ճշմարտությունը կիմանաք, ու ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։32)։