Գիտեի՞ք արդյոք
Գիտեի՞ք արդյոք
Բացի գինուց, ի՞նչ ոգելից խմիչքներ են պատրաստվել աստվածաշնչային ժամանակներում
▪ Աստվածաշնչում հաճախ է նշվում «գինու և ցքիի» մասին (Բ Օրինաց 14։26; Ղուկաս 1։15)։ Աստվածաշնչային ժամանակներում «ցքին», այսինքն՝ ոգելից խմիչքները չեն պատրաստվել թորման եղանակով, քանի որ դա հայտնաբերվել է դարեր հետո։ Ոգելից խմիչքներ պատրաստվել են ոչ միայն խաղողից, խուրմայից, թզից, խնձորից կամ նռից, այլ նաև մեղրից։
«Ցքին», կամ՝ «ոգելից խմիչքը» կարող է վերաբերել նաև գարեջրին։ Եբրայերեն բառը, որ թարգմանվել է «ցքի», կարող է վերաբերել աքքադերեն այն բառին, որը նշանակում է Միջագետքի գարեջուր։ Այդ խմիչքի մեջ ալկոհոլի տոկոսայնությունը ցածր էր, սակայն եթե անհատը շատ խմեր, կարող էր հարբել (Առակաց 20։1)։ Հետաքրքիր է, որ հին եգիպտական դամբարաններում հայտնաբերվել են կավից պատրաստված գարեջրատների փոքրիկ մոդելներ, ինչպես նաև նկարներ, որոնցում գարեջրատներ են պատկերված եղել։ Իսկ Բաբելոնում գարեջուր խմել են թե՛ պալատականները, թե՛ աղքատ մարդիկ։ Փղշտացիները նույնպես օգտագործել են գարեջուր։ Դեռ ավելին, հնագետները Պաղեստինում հայտնաբերել են սափորներ, որոնք ունեցել են քամիչներ՝ ֆիլտրեր։ Դրանցում քամվել է գարեջուրը, որպեսզի մարդիկ այն խմելիս կուլ չտան գարու թեփը, որից էլ պատրաստվել է խմիչքը։
Պողոս առաքյալի օրերում ինչո՞ւ էր վտանգավոր նավարկել տարվա որոշ ժամանակներին
▪ Անբարենպաստ եղանակի ու քամիների պատճառով բավականին ժամանակ էր պետք, որպեսզի նավը, որով Պողոս առաքյալը ճանապարհորդում էր դեպի արևմուտք, տեղ հասներ։ Աստվածաշունչը նշում է, որ տարվա որոշ ժամանակներին նավարկելը վտանգավոր էր, հատկապես երբ «քավության օրվա ծոմապահությունն արդեն անցել էր»։ Ուստի Պողոսը իր ուղեկիցներին խորհուրդ տվեց ռիսկի չդիմել և չշարունակել նավարկությունը, քանի որ վնասներ ու մեծ կորուստներ կլինեին «ոչ միայն բեռի ու նավի համար, այլ նաև [իրենց] հոգիների» (Գործեր 27։4–10)։
Քավության օրվա ծոմապահությունը լինում էր սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին։ Հռոմեացի ծովագնացները գիտեին, որ սովորաբար մայիսի 27–ից սեպտեմբերի 14–ը ընկած ժամանակահատվածում վտանգավոր չէ նավարկել։ Սեպտեմբերի կեսից մինչև նոյեմբերի 11–ը ընկած ժամանակահատվածում վտանգավոր էր նավարկել, իսկ նոյեմբերի կեսից մինչև մարտի 10–ը կարելի է ասել ծովը փակվում էր, այսինքն՝ նավարկություն չէր լինում։ Պատճառներից մեկը անկայուն եղանակն էր, ինչպես երևում է Պողոսի հետագա ճանապարհորդությունից (Գործեր 27։13–44)։ Նավաստիները հանդիպեցին կատաղի փոթորիկների և մեծ դժվարություններ ունեցան նավարկության ընթացքում։ Ամպերի պատճառով ցերեկը արևը չէր երևում, իսկ գիշերը՝ աստղերը։ Իսկ մառախուղը և անձրևը փակում էին նավաստիների տեսադաշտը և թույլ չէին տալիս նախօրոք նշմարել վտանգները։
[Նկար 23–րդ էջի վրա]
Փայտից պատրաստված գարեջրի շշեր
[Թույլտվությամբ]
Erich Lessing/Art Resource, NY
[Նկար 23–րդ էջի վրա]
Հռոմեական բեռնանավ (մ.թ. 100–200)
[Թույլտվությամբ]
Pictorial Archive (Near Eastern History) Est.