Արեվելաասիական ծագում ունեցող մարդ Հին Իտալիայում
Արեվելաասիական ծագում ունեցող մարդ Հին Իտալիայում
ԻՆՉՊԵ՞Ս էր 2000 տարի առաջ արևելաասիական ծագում ունեցող մարդը հայտնվել Հին Հռոմեական կայսրությունում։ Այս հարցը հետաքրքրեց հնէաբաններին, որոնք 2009 թ.-ին Իտալիայի հարավում մեծ հայտնագործություն արեցին։
Վանյարիում (Բարի քաղաքից 60 կիլոմետր դեպի արևմուտք) գտնվող հին հռոմեական մի գերեզմանոցում հնէաբանները յոթանասունհինգ հոգու կմախք հայտնաբերեցին։ Ոսկորների հետազոտությունները ցույց տվեցին, որ այդ մարդկանցից շատերը տեղացիներ էին։ Սակայն այդ կմախքներից մեկը անակնկալի բերեց հնէաբաններին։ Միտոքոնդրիումի ԴՆԹ-ի հետազոտությունը ցույց տվեց, որ այդ մարդու մայրը Արևելյան Ասիայից է եղել *։ Պարզվեց նաև, որ նա ապրել է մոտավորապես մեր թվարկության առաջին կամ երկրորդ դարում։ Այդ հայտնագործության վերաբերյալ հաշվետվությունում նշվում է. «Ինչպես երևում է, սա առաջին անգամն է, որ Հռոմեական կայսրության տարածքում արևելաասիական ծագում ունեցող մարդու կմախք է հայտնաբերվել»։ Իսկ ո՞վ էր այդ մարդը։
«Առաջին վարկածը, որ կարող էր ծագել, այն էր, թե այդ մարդը որևէ կերպ առնչվել է մետաքսի առևտրին, ինչը իրականացվում էր Չինաստանի և Հռոմի միջև»,— ասվում է նույն հաշվետվության մեջ։ Սակայն ենթադրվում է, որ այդ առևտուրը կատարվում էր միջնորդների միջոցով և ոչ ոք Չինաստանից դեպի Իտալիա 8000 կիլոմետր տարածություն չէր անցնում։
Իսկ ի՞նչ կարելի է իմանալ այն տարածքից, որտեղ հայտնաբերվել է այդ մարդու կմախքը։ Հնում Վանյարին կայսրին պատկանող գյուղական մի կալվածք էր։ Այնտեղ աշխատողներից շատերը ստրուկներ էին, որոնք երկաթ էին հալեցնում և կավե սալիկներ պատրաստում։ Հնարավոր է, որ այս արևելքցին նույնպես ստրուկ է եղել, քանի որ նրա գերեզմանը նման չէր հարուստ մարդու գերեզմանի։ Նրա գերեզմանում գտնվել է ընդամենը մի խորը աման։ Բացի այդ, նրա վրա թաղված է եղել ուրիշ մարդ։
Այս հայտնագործությունը ինչո՞ւ է մեզ հետաքրքրում։ Առաջին դարում բարի լուրի տարածումը կախված էր այն բանից, թե մարդիկ որքան հեռու կարող էին ճամփորդել։ Աստվածաշնչի արձանագրությունը հայտնում է, որ մ.թ. 33-ի Պենտեկոստեից հետո Երուսաղեմ եկած օտարերկրացիների միջոցով բարի լուրը տարածվեց հեռավոր երկրներում (Գործեր 2։1–12, 37–41)։ Հնէաբանների կողմից հայտնաբերած մարդու կմախքը առնվազն ցույց է տալիս, որ այդ ժամանակներում մարդիկ Արևելյան Ասիայից ճանապարհորդել են դեպի Միջերկրական ծովի շրջակա երկրներ *։
[ծանոթագրություններ]
^ պարբ. 3 Միտոքոնդրիումի ԴՆԹ-ի հետազոտությունը ոչ մի տեղեկություն չի կարող հայտնել հոր ծագման վերաբերյալ։
^ պարբ. 6 Փաստեր կան նաև, որ Արևմուտքի բնակիչներն էլ ճանապարհորդել են դեպի Արևելյան Ասիա։ Տե՛ս «Ինչպե՞ս կարող էին միսիոներները հասնել Հեռավոր Արևելք» հոդվածը «Դիտարանի» 2009 թ. հունվարի 1-ի համարում։
[քարտեզ 29-րդ էջի վրա]
(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)
ՀՌՈՄ
Վանյարի
Միջերկրական ծով
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՍԻԱ
ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍ
[նկար 29-րդ էջի վրա]
Հին Հռոմում հայտնաբերված արեվելաասիացու կմախքը
[թույլտվությամբ]
© Su concessione del Ministero per i Beni e le Attività Culturali - Direzione Regionale per i Beni Culturali e Paesaggistici della Puglia - Soprintendenza per i Beni Archeologici della Puglia