Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Արժեք ունե՞ս Աստծու աչքում

Արժեք ունե՞ս Աստծու աչքում

Արժեք ունե՞ս Աստծու աչքում

ԻՆՉ խոսք, հաճելի է զգալ, որ քեզ սիրում են ու մտածում են քո մասին։ Սակայն երբեմն գուցե լինում են պահեր, երբ թվում է, թե ոչ մեկի պետք չես։ Մարդկանց եսասիրությունը և կյանքի արագ տեմպը հաճախ ստիպում են մտածել, որ դու ոչինչ ես, աննշան մեկը, որին չարժե ուշադրություն դարձնել։ Այսօր մարդիկ այնքան են տարված իրենցով, որ անտարբերությունն ուրիշների հանդեպ լայնածավալ բնույթ է կրում, ինչպես որ կանխագուշակվել է Աստվածաշնչում (2 Տիմոթեոս 3։1, 2

Անկախ տարիքից, մշակույթից, լեզվից և ծագումից՝ բոլոր մարդիկ ցանկանում են սիրել ու սիրված լինել։ Որոշ ուսումնասիրությունների համաձայն՝ մեր նյարդային համակարգը ստեղծված է հատկապես սեր ու քնքշանք զգալու համար։ Մեր Ստեղծիչը՝ Եհովա Աստված, շատ լավ գիտի, որ մարդը սիրված և գնահատված լինելու կարիք ունի։ Ի՞նչ կզգայիր դու, եթե նա վստահեցներ քեզ, որ թանկագին ես իր համար։ Անշուշտ, դա ամենացանկալի բանը կլիներ քեզ համար։ Արդյոք նա հետաքրքրվա՞ծ է մեզնից յուրաքանչյուրով։ Ինչպե՞ս համոզված լինենք, որ Եհովայի համար անկատար մարդը որևէ արժեք ունի։ Ի՞նչն է մարդուն արժեքավոր դարձնում Աստծու աչքում։

Եհովան հետաքրքրված է քեզնով

Աստծու ծառաներից մեկը, որն ապրել է մոտ 3000 տարի առաջ, գիշերվա աստղազարդ երկնքին նայելիս երկյուղածությամբ էր լցվում Աստծու հանդեպ։ Նա մտածում էր այդ անթիվ-անհամար աստղերը ստեղծողի ահռելի զորության մասին։ Համեմատելով Եհովայի մեծությունը աննշան մարդու հետ՝ նա արտահայտեց իր զարմանքը՝ ասելով. «Երբ նայում եմ քո երկնքին, քո մատների գործին, լուսնին ու աստղերին, որոնց դու ստեղծել ես, ի՞նչ է մահկանացու մարդը, որ դու հիշում ես նրան, և մարդու որդին, որ հոգ ես տանում նրա մասին» (Սաղմոս 8։3, 4)։ Ճիշտ է, կարող է թվալ, թե Բարձրյալը չափազանց հեռու է մեզնից կամ էլ խիստ զբաղված է, որ ուշադրություն դարձնի անկատար մարդկանց։ Սակայն սաղմոսերգուն գիտեր, որ չնայած մարդը շատ փոքր է, իսկ նրա կյանքը՝ վաղանցիկ, միևնույնն է, Աստծու համար նա արժեքավոր է։

Աստծու ծառաներից մեկ ուրիշն էլ համոզվածությամբ ասաց. «Եհովան իրենից վախեցողներին է հավանում, որոնք իր սիրառատ բարությանն են սպասում» (Սաղմոս 147։11)։ Այս երկու սաղմոսներում գրված խոսքերը սիրտ են ջերմացնում. Եհովան, որ թեև Բարձրյալն է, ոչ թե պարզապես տեղյակ է մարդկանց մասին, այլ հոգ է տանում և հավանում է նրանց։

Այս փաստն ընդգծվում է աստվածաշնչյան մի մարգարեության մեջ, որտեղ խոսվում է մեր օրերում տեղի ունեցող մի իրադարձության մասին։ Անգե մարգարեի միջոցով Եհովան հայտնեց, որ Աստծու Թագավորության բարի լուրը քարոզվելու է ամբողջ աշխարհում։ Ի՞նչ արդյունքներ էր ունենալու այդ հսկայածավալ աշխատանքը։ Եհովան խոսում է արդյունքներից մեկի մասին՝ ասելով. «Բոլոր ազգերը ես կցնցեմ, ու բոլոր ազգերի ցանկալի գանձերը կգան, և այս տունը փառքով կլցնեմ» (Անգե 2։7

Ի՞նչ են այն «ցանկալի գանձերը», որոնք հավաքվելու են բոլոր ազգերի միջից։ Դրանք չեն կարող բառացի գանձեր լինել, քանի որ բառացի արծաթն ու ոսկին չեն ուրախացնում Եհովայի սիրտը (Անգե 2։8)։ Աստծու սիրտը ուրախությամբ են լցնում այն մարդիկ, ովքեր չնայած իրենց անկատարությանը՝ սիրուց մղված ծառայում են նրան (Առակներ 27։11)։ Նրանք են այն «ցանկալի գանձերը», ովքեր փառաբանում են Աստծուն։ Եհովան թանկ է գնահատում նրանց անմնացորդ նվիրվածությունը և նախանձախնդիր ծառայությունը։ Իսկ դու այդ գանձերի՞ց ես։

Ճիշտ է, կարող է անհավանական թվալ, որ ողջ տիեզերքը Ստեղծողի համար անկատար ու աննշան մարդ արարածը կարող է ցանկալի լինել։ Սակայն դա ճշմարտություն է, որը պետք է մղի մեզ ընդունելու նրա հետ մտերմանալու հրավերը (Եսայիա 55։6; Հակոբոս 4։8

«Դու թանկագին մարդ ես»

Մի երեկո տարեց Դանիել մարգարեն աղոթում էր Եհովային, երբ հանկարծ մի հրեշտակ երևաց նրան։ Մարգարեն նախկինում տեսել էր նրան։ Նրա անունը Գաբրիել էր։ Հրեշտակը հայտնեց նրան իր այցելության նպատակը. «Ո՛վ Դանիել, ես եկել եմ, որ քեզ խորաթափանցությամբ ու հասկացողությամբ օժտեմ.... քանի որ դու թանկագին մարդ ես» (Դանիել 9։21–23

Մեկ ուրիշ անգամ Եհովայի հրեշտակներից մեկը դիմեց Դանիելին՝ ասելով. «Ո՛վ Դանիել, թանկագի՛ն մարդ»։ Ապա նրան զորացնելու համար ավելացրեց. «Մի՛ վախեցիր, ո՛վ թանկագին մարդ։ Խաղաղությո՛ւն քեզ» (Դանիել 10։11, 19)։ Տեսնում ենք, որ Դանիելի հետ խոսելիս երեք անգամ հրեշտակները ասացին, որ նա թանկագին է։ Այդ բառը կարող է նշանակել նաև մեծապես գնահատված, շատ սիրելի և նույնիսկ ամենասիրված։

Անկասկած, Դանիելը գիտեր, որ Աստված իր հետ է և որ իր ծառայությունը հաճելի է նրան։ Բայց հրեշտակի խոսքերը, որոնք ցույց էին տալիս Աստծու ջերմ զգացմունքները իր հանդեպ, քաջալերական էին տարեց մարգարեի համար։ Դա պարզ երևում է նրա հետևյալ խոսքերից. «Դու զորացրիր ինձ» (Դանիել 10։19

Ի զուր չէ, որ իր հավատարիմ մարգարեի հանդեպ ունեցած Աստծու ջերմ զգացմունքների մասին գրվել է Աստվածաշնչում (Հռոմեացիներ 15։4)։ Խորհելով Դանիելի կյանքի մասին՝ կարող ենք իմանալ, թե ինչն է մարդուն թանկագին դարձնում մեր երկնային Հոր աչքում։

Կանոնավորաբար ուսումնասիրիր Աստծու Խոսքը

Դանիելը ջանասիրաբար ուսումնասիրում էր սուրբ գրքերը։ Նա ինքը գրեց այդ մասին. «Ես՝ Դանիելս, գրքերից հասկացա, թե Երուսաղեմը քանի տարի էր ավերված լինելու» (Դանիել 9։2)։ Այն ժամանակ հավանաբար նրա ձեռքի տակ կային Մովսեսի, Դավթի, Սողոմոնի, Եսայիայի, Երեմիայի, Եզեկիելի և ուրիշ մարգարեների գրքերը։ Կարող ենք պատկերացնել, թե ինչպես էր Դանիելը ուսումնասիրում մագաղաթները՝ կարդալով և համեմատելով այն մարգարեությունները, որտեղ խոսվում է Երուսաղեմում ճշմարիտ երկրպագության վերականգնման մասին։ Իր սենյակում, որտեղ նրան ոչ ոք չէր խանգարում, նա, անշուշտ, խորհում էր այդ մարգարեությունների շուրջ։ Այսպիսի ուսումնասիրությունները զորացնում էին նրա հավատը և նրան ավելի էին մտերմացնում Եհովայի հետ։

Աստծու Խոսքի ուսումնասիրությունը ձևավորեց Դանիելի անհատականությունը և ազդեց նրա ողջ կյանքի վրա։ Օրինակ՝ սուրբ գրքերի հիման վրա ստացած դաստիարակության շնորհիվ պատանի Դանիելը վճռականորեն պահեց կերակուրների վերաբերյալ Աստծու Օրենքը, որը տրվել էր Իսրայել ազգին (Դանիել 1։8)։ Հետագայում նա անվախորեն Աստծու խոսքը հայտնեց Բաբելոնի կառավարիչներին (Առակներ 29։25; Դանիել 4։19–25; 5։22–28)։ Նա հայտնի էր որպես ջանասեր, ազնիվ և վստահելի անձնավորություն (Դանիել 6։4)։ Դանիելն իր կյանքը փրկելու համար փոխզիջման չգնաց, այլ լիովին վստահեց Եհովային (Առակներ 3։5, 6; Դանիել 6։23)։ Պարզ է, թե ինչու էր նա «թանկագին մարդ» Աստծու աչքում։

Այսօր մեզ համար ավելի հեշտ է Աստծու Խոսքն ուսումնասիրել, քան Դանիելի համար։ Մագաղաթներին փոխարինել են գրքերը, որոնք ավելի հարմար են օգտագործելու համար։ Բացի այդ, այժմ ունենք ամբողջ Աստվածաշունչը, որտեղ ընդգրկված են նաև տեղեկություններ, թե ինչպես են Դանիելին տրված որոշ մարգարեություններ արդեն կատարվել։ Մեր ձեռքի տակ ունենք նաև բազմաթիվ ձեռնարկներ, որոնց օգնությամբ կարող ենք Աստվածաշունչը խորությամբ ուսումնասիրել *։ Լիովին օգտվո՞ւմ ես այդ ձեռնարկներից։ Ժամանակ տրամադրո՞ւմ ես Աստվածաշունչը կանոնավորաբար ընթերցելու և խորհրդածելու։ Եթե այդպես վարվես, դու էլ Դանիելի պես ամուր հավատ կունենաս և մտերիմ կլինես Եհովայի հետ։ Աստծու Խոսքը կառաջնորդի քեզ կյանքում, և դու վստահ կլինես, որ թանկ ես Եհովայի աչքում։

Հարատևիր աղոթքում

Աղոթքը Դանիելի կյանքում կարևոր տեղ էր զբաղեցնում։ Ցանկացած իրավիճակում նա աղոթքով դիմում էր Աստծուն։ Օրինակ՝ երիտասարդ հասակում Դանիելը դժվար իրավիճակում հայտնվեց. նրան կսպանեին, եթե չկարողանար բացատրել Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի երազը։ Անկասկած, Դանիելն Աստծուց խնդրեց, որ օգնի ու պաշտպանի իրեն (Դանիել 2։17, 18)։ Տարիներ անց այս հավատարիմ ծառան, խոնարհաբար ընդունելով, որ ինքն էլ անկատար է, խոստովանեց ինչպես իր, այնպես էլ իր ժողովրդի մեղքերը ու Եհովայից ներում խնդրեց (Դանիել 9։3–6, 20)։ Իսկ երբ չհասկացավ այն խոսքերը, որ Աստված հայտնեց իրեն, նրանից օգնություն խնդրեց։ Այն հրեշտակը, որը երևաց Դանիելին, որպեսզի օգնի նրան այդ ամենը հասկանալու, ասաց. «Խոսքերդ լսվեցին» (Դանիել 10։12

Սակայն հավատարիմ մարգարեն իր աղոթքներում միայն խնդրանքներ չէր, որ ներկայացնում էր Աստծուն։ Դանիել 6։10-ում կարդում ենք. «Նա շարունակեց ծնկի գալ, աղոթել ու գովաբանել իր Աստծուն օրը երեք անգամ, ինչպես որ առաջ էր կանոնավորաբար անում»։ Դանիելը բազում պատճառներ ուներ Աստծուն շնորհակալություն հայտնելու և փառաբանելու համար։ Ուստի կանոնավորաբար գովաբանում էր նրան։ Այո՛, աղոթքը նրա երկրպագության անբաժանելի մասն էր։ Նույնիսկ մահվան սպառնալիքի տակ նա այդ սովորությունը չթողեց։ Ինչ խոսք, նա իր հաստատակամության շնորհիվ ավելի սիրելի դարձավ Եհովային։

Իրոք որ հրաշալի պարգև է աղոթքը։ Թող որ նույնիսկ մեկ օր չանցնի՝ առանց քո երկնային Հոր հետ խոսելու։ Մի՛ մոռացիր շնորհակալություն հայտնել և փառաբանել նրան իր ցույց տված բարության համար։ Առանց կաշկանդվելու՝ պատմիր նրան քո մտահոգությունների մասին։ Մտածիր այն դեպքերի մասին, երբ քո խնդրանքներն ու աղաչանքները պատասխանվել են, և շնորհակալություն հայտնիր։ Ձգտիր ավելի երկար աղոթել Աստծուն, սիրտդ բացիր նրա առաջ և ավելի շատ կհամոզվես, որ նա սիրում է քեզ։ Մի՞թե չարժե հարատևել աղոթքում (Հռոմեացիներ 12։12

Գովաբանիր Աստծու անունը

Ընկերությունը երկար չի տևի, եթե ընկերներից մեկը կենտրոնացած է իր անձի վրա։ Նույնը կարելի է ասել Եհովայի հետ մեր փոխհարաբերությունների մասին։ Դանիելը շատ լավ գիտեր դա։ Նրա համար անչափ կարևոր էր Եհովայի անունը գովաբանելը։

Երբ Աստված պատասխանեց Դանիելի աղոթքին՝ բացահայտելով Նաբուգոդոնոսորի երազը և դրա մեկնությունը, Դանիելն ասաց. «Թող Աստծու անունը օրհնյալ լինի հավիտյանս հավիտենից, որովհետև իմաստությունն ու զորությունը նրանն են»։ Իսկ երբ նա երազը պատմեց թագավորին և բացատրեց դրա նշանակությունը, մի քանի անգամ փառքը ուղղեց Եհովային՝ ասելով, որ միայն նա է «գաղտնիքներ Հայտնող Աստված»։ Հետագայում էլ, երբ Դանիելն իր աղոթքում Աստծուց ներում և փրկություն էր խնդրում, ասաց. «Ո՜վ իմ Աստված.... քո քաղաքն ու ժողովուրդը քո անունով են կոչվում» (Դանիել 2։20, 28; 9։19

Կյանքում մենք բազում առիթներ ենք ունենում Դանիելի պես գովաբանելու Աստծու անունը։ Օրինակ՝ աղոթելիս կարող ենք նշել, որ անկեղծորեն ուզում ենք, որ սրբացվի նրա անունը (Մատթեոս 6։9, 10)։ Թող որ երբեք այնպիսի բան չանենք, ինչը նախատինք կբերի նրա սուրբ անվանը։ Փոխարենը՝ միշտ փառաբանենք Եհովային՝ նրա Թագավորության մասին բարի լուրը մարդկանց հայտնելով։

Այսօրվա աշխարհում մարդկանց մեջ բացակայում է սերն ու գնահատանքը միմյանց հանդեպ։ Սակայն մեզ համար մխիթարական է իմանալ, որ Եհովայի համար իսկապես թանկ է նրա երկրպագուներից յուրաքանչյուրը։ Սաղմոսերգուն նրա մասին հետևյալն է գրել. «Եհովան հավանում է իր ժողովրդին, հեզերին փրկությամբ է զարդարում» (Սաղմոս 149։4

[ծանոթագրություն]

^ պարբ. 18 Եհովայի վկաները բազմաթիվ ձեռնարկներ են հրատարակել, որոնց օգնությամբ Աստվածաշնչի ձեր ընթերցանությունից և ուսումնասիրությունից ավելի շատ օգուտներ կքաղեք։ Եթե ուզում եք ձեռք բերել այդ ձեռնարկներից, դիմեք Եհովայի վկաներից որևէ մեկին։

[մեջբերում 21-րդ էջի վրա]

Աստված Դանիելի հանդեպ իր սերը ցույց տվեց՝ Գաբրիել հրեշտակին ուղարկելով, որ զորացնի նրան

[մեջբերում 23-րդ էջի վրա]

Աստծու Խոսքի ուսումնասիրության և ջերմեռանդ աղոթքների շնորհիվ Դանիելը սիրելի դարձավ Աստծուն