«Նա Եհովայի հավանությունը փնտրեց»
Մոտեցեք Աստծուն
«Նա Եհովայի հավանությունը փնտրեց»
«ԵՍ ԻՆՁ անարժեք էի զգում»,— ասում է մի մարդ։ Որոշ ժամանակ առաջ նա թողել էր իր աստվածապաշտ կյանքը, թեև մանկուց դաստիարակվել էր Աստվածաշնչի չափանիշների համաձայն։ Երբ նա զղջաց և սկսեց փոխել իր կենսակերպը, վախենում էր, թե Աստված երբեք չի ների իրեն։ Սակայն Հուդայի թագավոր Մանասեի մասին պատմությունը, որը գրված է 2 Տարեգրություն 33։1–17 համարներում, հույս ներշնչեց նրան։ Եթե դու էլ երբևէ քեզ անարժեք ես զգացել անցյալում գործած մեղքերիդ պատճառով, Մանասեի օրինակը կարող է մխիթարել քեզ։
Մանասեն մեծացել էր աստվածապաշտ ընտանիքում։ Նրա հայրը՝ Եզեկիան, Հուդայի բարեպաշտ թագավորներից մեկն էր, որի կյանքը Աստված հրաշքով երկարացրել էր։ Մանասեն ծնվել էր այդ դեպքից երեք տարի հետո (2 Թագավորներ 20։1–11)։ Անշուշտ, Եզեկիան իր այս որդուն համարում էր նվեր Աստծու կողմից՝ ի նշան իր հանդեպ դրսևորված ողորմածության։ Նա իր որդուն մեծացնում էր՝ մաքուր երկրպագության հանդեպ նրա մեջ սեր սերմանելով։ Բայց, ավաղ, միշտ չէ, որ երեխաները հետևում են իրենց աստվածավախ ծնողների օրինակին։ Այդպես վարվեց նաև Մանասեն։
Մանասեն մոտավորապես 12 տարեկան էր, երբ նրա հայրը մահացավ։ Դրանից հետո նա դարձավ Հուդայի թագավորը։ Նա «չարիք գործեց Եհովայի աչքում» (համար 1, 2)։ Աստվածաշունչը չի նշում, թե որն էր պատճառը։ Գուցե նա իր խորհրդատուների ազդեցության տակ էր, որոնք անտարբեր էին ճշմարիտ երկրպագության հանդեպ։ Աստվածաշունչը, սակայն, հայտնում է, որ Մանասեն դարձել էր անողորմ ու դաժան և զբաղվում էր կռապաշտությամբ։ Նա կեղծ աստվածների համար զոհասեղաններ կանգնեցրեց, իր որդիներին որպես զոհ մատուցեց և Եհովայի տաճարում կուռքեր դրեց։ Նա նաև ոգեհարցությամբ էր զբաղվում։ Մանասեն անընդհատ մերժում էր նախազգուշացումները, որ տրվում էին Եհովայի՝ այն Աստծու կողմից, որի կատարած հրաշքի շնորհիվ էր, որ ինքը լույս աշխարհ էր եկել (համար 3–10)։
Ի վերջո, Եհովան թույլ տվեց, որ նա շղթայակապ տարվի Բաբելոն։ Գերության մեջ Մանասեն հնարավորություն ուներ վերլուծելու իր ապրած կյանքը։ Գուցե այդ ժամանակ նա հասկացավ, թե որքան անզոր էին իր աստվածները, քանի որ նրանք չէին պաշտպանել իրեն։ Գուցե նա հիշեց այն ամենը, ինչ սովորեցրել էր իր հայրը։ Ինչևէ, Մանասեն փոխվեց։ Աստծու Խոսքում կարդում ենք. «Նա սկսեց իր Աստված Եհովայի հավանությունը փնտրել և մեծապես խոնարհվեց .... Մանասեն աղոթեց նրան» (համար 12, 13)։ Բայց մի՞թե Աստված կներեր այսպիսի սարսափելի մեղքեր գործած մարդուն։
Եհովան տեսավ Մանասեի անկեղծ զղջումը։ Նա լսեց նրա աղաչանքը «և Մանասեին վերադարձրեց Երուսաղեմ՝ իր թագավորական իշխանությանը» (համար 13)։ Իր զղջումը ցույց տալու համար Մանասեն ամեն բան արեց, որպեսզի իր սխալներն ուղղի. երկիրը մաքրեց կուռքերից և հորդորեց իր ժողովրդին «Եհովային ծառայել» (համար 15–17)։
Եթե քո գործած մեղքերի պատճառով մտածում ես, թե արժանի չես, որ Աստված ների քեզ, հիշիր Մանասեին։ Զուր չէ, որ նրա մասին գրվել է Աստծու ներշնչյալ Խոսքում (Հռոմեացիներ 15։4)։ Պարզ է ուրեմն, որ Եհովան ուզում է՝ իմանանք, որ նա «պատրաստ է ներելու» (Սաղմոս 86։5)։ Եհովան նայում է ոչ թե մեղքին, այլ մարդու սրտին։ Երբ մեղք գործած անհատը զղջում է և աղոթքով դիմում է նրան, թողնում է իր սխալ ապրելակերպը և ձգտում է ճիշտ ուղով ընթանալ, ցույց է տալիս, որ Մանասեի պես «Եհովայի հավանությունն է փնտրում» (Եսայիա 1։18; 55։6, 7)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍՎԱ ՀԱՄԱՐ