Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
ԻՆՉՈ՞Ւ հայտնի երգչուհին վերջ դրեց իր կարիերային, որ դառնա լիաժամ կրոնական ծառայող։ Ի՞նչը օգնեց հանցագործին դառնալու լավ քաղաքացի, մինչդեռ դատավորը նրա մասին ասել էր, թե երբեք չի փոխվի։ Տեսնենք, թե ինչ են պատմում նրանք։
«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել» (ԱՆՏՈԼԻՆԱ ՕՐԴԵՆ ԿԱՍՏԻԼՅՈ)
ԾՆՎԵԼ Է՝ 1962թ.
ԵՐԿԻՐԸ՝ ԻՍՊԱՆԻԱ
ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԵՎ ՍԱՐՍՈՒԵԼԱ ԵՐԳՈՂ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ծնվել եմ Տրեսհունկոս փոքրիկ գյուղում, որը գտնվում է Լա Մանչա շրջանում։ Ծնողներս ֆերմերներ էին։ Մայրս կաթոլիկ էր, հայրս՝ բողոքական։ Նա սովորեցնում էր ինձ հարգել Աստվածաշունչը, ու ես տեսնում էի, թե ինչպես էր միշտ կարդում այն։ Սակայն մայրս ինձ որպես կաթոլիկ էր դաստիարակում և ամեն կիրակի տանում էր պատարագի։
15 տարեկանում հեռացա գյուղից, և ավագ քրոջս հետ տեղափոխվեցինք Մադրիդ։ Շատ էի կարոտում ծնողներիս, բայց ի վերջո սովորեցի քաղաքի կյանքին։ Երբ 17 տարեկան էի, առիթ ունեցա մի քանի ամիս աշխատելու սարսուելա (իսպանական օպերայի հնագույն ժանր) երգողների հետ։ Ինձ հաճույք էր պատճառում այդպիսի կյանքը, և որոշեցի դերասանուհի դառնալ։ Դադարեցի գործավարության դասընթացներին հաճախելուց և աշխատանքի անցա սարսուելայի տարբեր խմբերում։ Մոտավորապես այդ ժամանակ էր, որ սկսեցի ընկերություն անել ընկերներիցս մեկի եղբոր հետ։ Ինձ շատ երջանիկ էի համարում. ունեի լավ աշխատանք, փող և սեր։
Սարսուելայի տարբեր խմբերի հետ շրջագայում էի Իսպանիայում, ինչպես նաև այլ երկրներում՝ Կոլումբիայում, Կոստա Ռիկայում, Էկվադորում և Վենեսուելայում։ Նաև երգում էի այն խմբերի հետ, որոնք պատկանում էին Մադրիդում հայտնի երաժշտական շարժմանը, որի անունը «La movida madrileña» էր։ Խմբերից մեկը, որում ես գլխավոր վոկալիստն էի, մեծ հաջողությունների հասավ։
Ես սիրում էի իմ աշխատանքը, բայց ինձ դուր չէր գալիս այնտեղ տիրող անբարո մթնոլորտը։ Տարված էի իմ արտաքինով ու իմիջիս մասին մտածելով։ Խիստ սննդակարգ էի պահում, այդ պատճառով սկսեցի տառապել անորեքսիայով և բուլիմիայիով։
Իմ գլխավոր նպատակը մնում էր դերասանուհի դառնալը։ Ի վերջո, ընդունվեցի Մադրիդի թատերական ուսումնարան։ Մեզ սովորեցնում էին, որ դերասան լինելու համար անհատը պետք է զգա իր հերոսի զգացմունքները և դրանք իրենը դարձնի։ Երբ կիրառեցի այս
խորհուրդը, հասկացա, որ էմոցիոնալ առումով դատարկ մարդ եմ. դարձել էի մակերեսային, եսասեր կին։ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Գիտեի, որ եթե ուզում եմ լավ հատկություններ զարգացնել, պետք է ջանք թափեմ։ Սակայն չգիտեի՝ որտեղից սկսել։ Որոշեցի գնալ Մադրիդի ավետարանչական եկեղեցի, որտեղ մի անգամ եղել էի ծնողներիս հետ։ Աղոթեցի Աստծուն՝ տալով նրա անունը՝ Եհովա։
Շուտով երկու Եհովայի վկա եկան իմ տուն։ Ես հաճույքով նրանց հետ քննարկում էի Աստվածաշունչը, բայցև շատ հակառակվում նրանց ասածներին։ Էսթերը՝ այն Վկան, որն ինձ հետ կանոնավորաբար Աստվածաշունչ էր ուսումնասիրում, շատ համբերատար էր։ Նա և իր ընտանիքը սեր ու քնքշություն էին դրսևորում իմ հանդեպ։ Ես սկսեցի հաճախել Վկաների հավաքույթներին և շուտով հասկացա, որ գտել եմ ճշմարտությունը, որն այդքան փնտրում էի։
Երբ ավարտեցի ուսումնարանը, իմ առաջ կարիերա ստեղծելու տարբեր հնարավորություններ բացվեցին։ Ինձ դեր տվեցին մի ներկայացման մեջ, որը բեմադրվելու էր Մադրիդի հայտնի թատրոնում։ Սակայն հասկանում էի, որ հաջողությունների հասնելու համար ամբողջովին պետք է նվիրվեմ արվեստին։ Որոշեցի ուրիշ աշխատանք փնտրել, որ կարողանամ ծառայել Աստծուն։ Հասկանում էի, թե որքա՜ն ճշմարիտ են Հիսուսի խոսքերը. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ էլ մեկին կհարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը» (Մատթեոս 6։24)։ Ընկերս, որի հետ արդեն ութ տարի ընկերություն էի անում, չէր ընդունում իմ համոզմունքները, ուստի որոշեցի վերջ դնել մեր հարաբերություններին։ Այդ փոփոխություններից ոչ մեկն էլ հեշտ չէր անել։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Ներկայումս կես դրույքով աշխատում եմ ծերերի հետ։ Դրա շնորհիվ կարողանում եմ ժամանակիս մեծ մասը տրամադրել, որ իմ տարածքում ապրող արաբերեն խոսող մարդկանց Աստվածաշունչ սովորեցնեմ։ Շատ ջանք եմ թափում այս լեզուն սովորելու համար, բայց մեծ հաճույք եմ ստանում, երբ իմ սովորած լավ բաների մասին պատմում եմ հյուրասեր և հոգևորապես քաղցած մարդկանց։
Ուսանողական տարիներին դատարկություն էի զգում, բայց այժմ կյանքս իմաստավորվել է։ Եհովան օգնել է ինձ դառնալու ավելի լավ ու ավելի երջանիկ մարդ։
«Ապացուցեցի, որ դատավորը սխալվում էր» (ՓՈԼ ՔԵՎԻՆ ՌՈՒԲԵՐԻ)
ԾՆՎԵԼ Է՝ 1954թ.
ԵՐԿԻՐԸ՝ ԱՆԳԼԻԱ
ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԴԱԺԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ծնվել եմ Արևմտյան Միդլենդում գտնվող Դադլի խոշոր արդյունաբերական քաղաքում։ Փոքր հասակից հայրս իմ մեջ ընթերցանության հանդեպ սեր էր սերմանել։ Նաև օգնել էր գնահատելու բնության հրաշալիքները, թեև այդ ամենը վերագրում էր էվոլյուցիային։ Հայրս սովորեցնում էր, որ Աստված գոյություն չունի։ Այդուհանդերձ, ծնողներս ուղարկում էին ինձ մեթոդիստական եկեղեցու կիրակնօրյա դպրոց։
Մի անգամ, երբ ութ տարեկան էի, տեսա, թե ինչպես մի քանի տղաներ հրդեհեցին մի նավակ։ Երբ ոստիկանությունը ժամանեց, այնքան վախեցած էի, որ ոչինչ չասացի. տղաները ինձ սպառնացել էին։ Ես անարդարացիորեն մեղադրվեցի այդ հանցանքի մեջ, ինչն ինձ շատ բարկացրեց։ Ի պատասխան՝ սկսեցի զբաղվել վանդալիզմով. մեծ վնաս հասցրի տեղի դպրոցներին, եկեղեցիներին ու գործարաններին՝ հազարավոր դոլարների վնաս տալով։ Տասը տարեկանում արդեն հասցրել էի ներխուժել տներ ու խանութներ և գողություն անել։ Հրդեհելն իմ սիրած զբաղմունքն էր։ Դպրոցի ուսուցիչներն ասում էին, որ անկառավարելի երեխա եմ։
12 տարեկանում տարվեցի ոգեհարցությամբ, քանի որ դրա մասին մի գիրք գտա, որն ինձ շատ հետաքրքրեց։ Ծնողներս չէին հավատում Աստծուն, այդ պատճառով կարծում էին, որ դա պարզապես անվնաս զբաղմունք է և ինձ կպաշտպանի փորձանքից։ Սակայն մինչև դպրոցն ավարտելը արդեն հասցրել էի մի քանի անգամ անչափահասների դատարանի առաջ կանգնել։ Միացել էի սափրագլուխների դաժան խմբին։ Մոտս ածելի ու հեծանիվի շղթա էի պահում և դրանք օգտագործում էի զենքի փոխարեն։ Մի աշխատանք գտա, բայց շուտով կորցրի, քանի որ կարճ ժամանակով ինձ բանտարկեցին։ Ազատվելուց հետո նորից սկսեցի վանդալիզմով զբաղվել։ Ինձ ձերբակալեցին ու երկու տարով բանտարկեցին։ Դատավորը ասաց, որ երբեք չեմ փոխվի և որ վտանգավոր եմ հասարակության համար։
Բանտից ազատվելուց հետո հանդիպեցի իմ նախկին ընկերուհուն՝ Անիտային։ Մենք ամուսնացանք, և որոշ ժամանակ գողությամբ և այլ վատ բաներով չէի զբաղվում։ Մի քանի տարի անց, սակայն, նորից սկսեցի հանցագործ կյանք վարել։ Ներխուժում էի ֆիրմաներ ու գողանում սեյֆերի պարունակությունը, թմրանյութեր էի օգտագործում, հարբում էի և զենք կրում։ Ինձ կրկին ձերբակալեցին ու բանտարկեցին։
Այդ ամենի պատճառով Անիտան մեծ սթրես տարավ։ Բժիշկը տրանկվիլիզատորներ նշանակեց նրան և ասաց, որ ճիշտ կանի, որ բաժանվի ինձնից։ Բարեբախտաբար, Անիտան չհետևեց նրա խորհրդին։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Երբ նոր էինք ամուսնացել, Անիտան մի որոշ ժամանակ Աստվածաշունչ ուսումնասիրեց Եհովայի վկաների հետ։ Իսկ երբ բանտում էի, նա նորից կապ հաստատեց նրանց հետ։ Այնպես էր պատահել, որ հենց նույն օրը ես աղոթել էի Աստծուն. «Եթե դու իսկապես գոյություն ունես, ապացուցիր ինձ»։
Երբ մի քանի ամիս անց ազատվեցի, տեղի քահանային խնդրեցի, որ մեզ հետ Աստվածաշունչ ուսումնասիրի։ Նա ասաց, որ կսովորեցնի միայն եկեղեցու դավանանքն ու մի աղոթք։
Սկսեցի Աստվածաշունչ կարդալ։ Զարմացա, երբ իմացա, որ այն դատապարտում է ոգեհարցությունը (2 Օրենք 18։10–12)։ Ավելի ուշ գտա «Դիտարանի» մի օրինակ, որը Վկաները տվել էին Անիտային այն օրը, երբ աղոթել էի Աստծուն օգնության համար։ Կարդացածս մղեց ինձ կապ հաստատելու Վկաների հետ։
Մեր ընտանիքներին, ընկերներին, իմ հանցակիցներին դուր չեկավ, որ Աստվածաշունչ ենք ուսումնասիրում Եհովայի վկաների օգնությամբ։ Ոմանք ասում էին, որ նրանք ուղեղս լվացել են։ Բայց ճիշտն ասած՝ իմ ուղեղը իսկապես մաքրվելու կարիք ուներ։ Ես շատ թերություններ ունեի, խիղճս բթացել էր, օրը 60 սիգարետ էի ծխում։ Այն Վկաները, որոնք օգնում էին մեզ ուսումնասիրելու Աստվածաշունչը, և ժողովի անդամները շատ համբերատար ու բարի էին մեր հանդեպ։ Ի վերջո, ձերբազատվեցի վատ սովորություններից (2 Կորնթացիներ 7։1)։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Ես ու Անիտան 35 տարի է, ինչ ամուսնացած ենք։ Մեր երեխաներից մեկը և երկու թոռները մեզ հետ միասին ծառայում են Եհովային։ Վերջին տարիներին ես ու կինս մեր ժամանակի մեծ մասը տրամադրում ենք՝ ուրիշներին օգնելու, որ ուսումնասիրեն Աստծու Խոսքը։
Եհովա Աստծուն ծառայելը մեր կյանքը իմաստով է լցրել։ 1970թ.-ին դատավորը դատարանում ասաց, որ ես չեմ կարող փոխվել։ Սակայն Աստծու օգնությամբ և Աստվածաշնչի տված առաջնորդության շնորհիվ ապացուցեցի, որ դատավորը սխալվում էր։