Գիտեի՞ք արդյոք
Գիտեի՞ք արդյոք
Ինչպե՞ս են հին կավե կնիքների վրա դրոշմված անունները համապատասխանում Աստվածաշնչում հիշատակված անուններին
▪ Հնում նրանք, ովքեր գործ ունեին պաշտոնական փաստաթղթերի հետ, գլանաձև փաթաթում էին դրանք, կապում էին հաստ թելով, հետո հանգույցի վրա դնում թաց կավե մի կտոր ու կնիքով դրոշմում այն։ Կնիքը օգտագործում էին ստորագրելու, վկայություն տալու և փաստաթղթերը վավերացնելու համար։
Երբեմն կնիքները ամրացնում էին փոքրիկ կնքամատանիներին, որոնք շատ արժեքավոր էին համարվում (Ծննդոց 38։18; Եսթեր 8։8; Երեմիա 32։44)։ Հաճախ կնիքի վրա գրվում էր սեփականատիրոջ անունը, տիտղոսը և նրա հոր անունը։
Հետազոտողները հայտնաբերել են հարյուրավոր հին կավե կնիքներ, որոնք հայտնի էին «բուլա» անունով։ Դրանցից մի քանիսը կրում էին Աստվածաշնչում հիշատակված մարդկանց անունները։ Օրինակ՝ հնագետները գտել են դրոշմվածքներ, որոնք հավանաբար Հուդայի երկու թագավորների անձնական կնիքներն էին։ Մեկի վրա գրված է. «Պատկանում է Աքազին՝ Հովաթամի [որդուն], Հուդայի թագավորին»։ Մյուսի վրա կարդում ենք. «Պատկանում է Եզեկիային՝ Աքազի [որդուն], Հուդայի թագավորին» (2 Թագավորներ 16։1, 20)։ Աքազն ու Եզեկիան թագավորում էին մ.թ.ա. 8-րդ դարում։
Գիտնականները հետազոտել են նաև մի շարք այլ բուլաներ, որոնք հավանաբար պատկանել են աստվածաշնչյան կերպարներին։ Այդ մարդկանց թվում էին նրանք, ում մասին հիշատակում է Երեմիան իր գրվածքներում՝ Բարուքը (Երեմիայի գրագիրը), Գամարիան («Սաֆանի որդին»), Հերամելը («թագավորի որդին»), Հուքալը («Սելեմիայի որդին»), Սարայիան (Բարուքի եղբայրը) (Երեմիա 32։12; 36։4, 10, 26; 38։1; 51։59)։
Ինչպե՞ս են Աստվածաշնչում սահմանվում օրվա տարբեր ժամերը
▪ Եբրայերեն Գրություններում հանդիպում ենք այսպիսի արտահայտությունների՝ «առավոտ», «կեսօր», «ցերեկ» և «իրիկնադեմ» (Ծննդոց 24։11; 2 Օրենք 28։29; 1 Թագավորներ 18։26)։ Հրեաները գիշերը բաժանում էին երեք մասի, սակայն հետագայում որդեգրելով հունական ու հռոմեական ձևը՝ գիշերը սկսեցին բաժանել չորս մասի։ Ակներևաբար Հիսուսը մատնանշեց այս վերջին ձևը, երբ ասաց. «Արթո՛ւն եղեք, որովհետև չգիտեք, թե տանտերը երբ կգա՝ երեկոյա՞ն, թե՞ կեսգիշերին, աքլորականչի՞ն, թե՞ վաղ առավոտյան» (Մարկոս 13։35)։ «Երեկոն» տևում էր արևամուտից մինչև երեկոյան ժամը 9-ը։ «Կեսգիշերը» ավարտվում էր գիշերվա 12-ին, «աքլորականչը» տևում էր մինչև լուսաբաց՝ ժամը 3-ը։ Իսկ «վաղ առավոտյան» ժամանակահատվածը ավարտվում էր արևածագին։ Հենց այդ ժամանակ էր՝ «գիշերվա չորրորդ պահին», երբ Հիսուսը քայլեց Գալիլեայի ծովի վրայով (Մատթեոս 14։23–26)։
Քրիստոնեական Հունարեն Գրություններում «ժամը» համապատասխանում է ցերեկվա՝ արևածագից մինչև արևամուտ ընկած ժամանակահատվածի մեկ տասներկուերորդ մասին (Հովհաննես 11։9)։ Կախված տարվա եղանակից՝ Իսրայելում արևածագն ու արևամուտը փոփոխվում էին, այդ պատճառով էլ սովորաբար նշվում էր միայն դեպքերի մոտավոր ժամը, ինչպես օրինակ՝ «վեցերորդ ժամի մոտերը» (Գործեր 10։9)։
[նկար 15-րդ էջի վրա]
ԿԱՎԵ ԿՆԻՔՆԵՐ՝ ԵԶԵԿԻԱՅԻ, ԱՔԱԶԻ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ (ԱՌՋԵՎՈՒՄ) ԵՎ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԲԱՐՈՒՔԻ ԱՆՈՒՆՈՎ (ՀԵՏԵՎՈՒՄ)
[թույլտվությամբ]
Back: Courtesy of Israel Museum, Jerusalem Front: www.BibleLandPictures .com / Alamy
[նկար 15-րդ էջի վրա]
ԱՐԵՎԱՅԻՆ ԺԱՄԱՑՈՒՅՑ. ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ (Մ.Թ.Ա. 27–Մ.Թ. 476 ԹԹ.)
[թույլտվությամբ]
© Gerard Degeorge / The Bridgeman Art Library International