Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ է կյանքն անիմաստ թվում

Ինչո՞ւ է կյանքն անիմաստ թվում

Ինչո՞ւ է կյանքն անիմաստ թվում

ՀԻՄՔԵՐ ունե՞նք հավատալու, որ մի օր կյանքը նման չի լինի «ունայն գոյության ակնթարթի, որի միջով» մենք անցնում ենք «ստվերի պես»։ Այսպես արտահայտվեց Սողոմոն թագավորը (Ժողովող 6։12; The New English Bible)։ Աստծու ներշնչյալ Խոսքը՝ Աստվածաշունչը, տեղեկության վստահելի աղբյուր է. այն խոստանում է, որ ապագայում կյանքը իրական իմաստ կստանա (2 Տիմոթեոս 3։16, 17

Այս Գիրքը հայտնում է մեզ, թե որն էր Աստծու սկզբնական նպատակը երկրի առնչությամբ։ Նաև բացատրում է, թե ինչու է աշխարհը լցված անարդարությամբ ու տառապանքով, ինչու են մարդիկ ամենուրեք ճնշումների ենթարկվում։ Այս հարցերի պատասխաններն իմանալը շատ կարևոր է։ Ինչո՞ւ։ Քանի որ մարդիկ կյանքն անիմաստ են համարում հիմնականում այն պատճառով, որ անտեղյակ են Աստծու մտադրություններին երկրի ու մարդկանց առնչությամբ կամ էլ նախընտրում են անտեսել դրանք։

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

Եհովա Աստված * ստեղծել էր երկիրը, որպեսզի մարդկությունը կատարյալ կյանք վայելի դրախտում, մի վայր, որտեղ բոլոր մարդիկ հավիտյան կապրեին բավականություն պատճառող կատարյալ կյանքով։ Այս հիմնական ճշմարտությունը հակասում է այն համընդհանուր, բայց աստվածաշնչյան հիմք չունեցող մտքին, թե Աստված ստեղծել է երկիրը մարդկանց փորձելու համար, տեսնելու՝ արդյոք վերջիններս արժանի կլինեն վայելելու ավելի իմաստալից կյանք ոգեղեն ոլորտում (տե՛ս  «Մեր կյանքն իմաստավորելու համար պե՞տք է թողնենք երկիրը» շրջանակը, էջ 6)։

Աստված տղամարդուն ու կնոջը ստեղծեց իր պատկերով՝ օժտելով նրանց իր հրաշալի հատկություններն արտացոլելու ունակությամբ (Ծննդոց 1։26, 27)։ Նա նրանց կատարյալ ստեղծեց։ Մարդկային առաջին զույգը ուներ այն ամենը, ինչ անհրաժեշտ էր բեղուն ու իմաստալից կյանք վարելու համար, որը երբեք չէր վերջանա։ Նրանք պետք է լցնեին երկիրը և տիրեին նրան՝ վերածելով այն դրախտի, ճիշտ ինչպես Եդեմի պարտեզն էր (Ծննդոց 1։28–31; 2։8, 9

Ի՞նչ պատահեց

Ակներևաբար, ինչ-որ բան ձախողվեց։ Մարդկանց մեծ մասը չի արտացոլում Աստծու հրաշալի հատկությունները։ Իսկ երկիրը, ինչ խոսք, դրախտ չէ։ Ի՞նչ պատահեց։ Մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, չարաշահեցին իրենց տրված ազատ կամքը։ Նրանք ցանկացան «Աստծու պես լինել» և ինքնուրույն որոշել, թե ինչն է բարոյական տեսանկյունից «բարի» և ինչն է «չար»։ Այդպես վարվելով՝ առաջին մարդկային զույգը միացավ Բանսարկու Սատանայի բռնած ըմբոստ ընթացքին (Ծննդոց 3։1–6

Փաստորեն, չարությունը նախասահմանված չէր Աստծու կողմից։ Այն սկիզբ առավ, երբ Սատանան, իսկ ավելի ուշ Ադամն ու Եվան դեմ դուրս եկան Աստծու իշխանությանը։ Արդյունքում մեր նախածնողները կորցրին կատարյալ դրախտային պայմաններում ապրելու հնարավորությունը՝ մեղքի ու մահվան մեջ գցելով ոչ միայն իրենց, այլև իրենց սերունդներին՝ ողջ մարդկային ընտանիքին (Ծննդոց 3։17–19; Հռոմեացիներ 5։12)։ Այդ ամենի պատճառով է, որ նման իրավիճակում ենք հայտնվել և որ կյանքն այսքան անիմաստ է թվում։

Ինչո՞ւ անմիջապես վերջ չդրվեց չարությանը

Ոմանք մտածում են. «Ինչո՞ւ Աստված անմիջապես վերջ չդրեց չարությանը՝ ոչնչացնելով Սատանային ու ըմբոստներին, և ինչո՞ւ ամեն ինչ նորից չստեղծեց»։ Մի՞թե դա իմաստուն կլիներ։ Ինչպե՞ս կարձագանքեիր, եթե լսեիր մի հզոր կառավարության մասին, որն անմիջապես մահապատժի է ենթարկում նրան, ով կասկածի տակ է դնում իր իշխանությունը։ Չէ՞ր վանի արդյոք նման արարքը արդար մարդկանց, և չէ՞ր ընկնի արդյոք այդ կառավարության հեղինակությունը։

Իսկ ի՞նչ կարելի է ասել Աստծու մասին. նա որոշեց անմիջապես չոչնչացնել ապստամբներին։ Իմաստությամբ վարվելով՝ նա թույլ տվեց, որ ժամանակ անցնի, որպեսզի իր իշխելու ձևին վերաբերող հարցը, որը բարձրացվել էր Եդեմում, մեկընդմիշտ լուծվի։

Չարությանն ընդմիշտ վերջ կդրվի

Մենք պետք է հիշենք կարևոր մի բան՝ Աստված միայն որոշ ժամանակով է թույլ տվել չարության գոյությունը։ Նա գիտի, որ այն բանից հետո, երբ պատասխան տրվի իր իշխելու կերպի դեմ ուղղված ըմբոստների հարցերին, ինքը մեկընդմիշտ կվերացնի չարության բերած աղետալի հետևանքները։

Աստված չի փոխել երկրի ու մարդկության առնչությամբ ունեցած իր նպատակը։ Եսայիա մարգարեի միջոցով Եհովան հավաստիացնում է մեզ, որ ինքն է երկիրը Ստեղծողը։ Նա «զուր տեղը չարարեց, այլ բնակվելու համար ստեղծեց այն» (Եսայիա 45։18)։ Շատ շուտով Աստված կվերականգնի երկիրը՝ վերահաստատելով կատարյալ պայմանները և իրականացնելով իր սկզբնական նպատակը։ Փաստելով, որ իր ղեկավարման ձևը ճիշտ է՝ նա արդարացիորեն գործի կդնի իր անհաղթահարելի ուժը, որպեսզի իսպառ վերացնի չարությունը և իր կամքը հաստատի երկրի վրա (Եսայիա 55։10, 11)։ Տիպար աղոթքում Հիսուս Քրիստոսը այս մասին խնդրեց Աստծուն։ Նա սովորեցրեց մեզ աղոթել. «Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։9, 10)։ Ի՞նչ է դա նշանակում։

Աստծու կամքը երկրի առնչությամբ

Աստծու նպատակն է նաև, որ «հեզերը ժառանգեն երկիրը» (Սաղմոս 37։9–11, 29; Առակներ 2։21, 22)։ Հիսուս Քրիստոսը «կփրկի աղքատին, որն օգնության է կանչում, նաև ընկճվածին»։ Նա կփրկի նրանց «կեղեքումից ու բռնությունից» (Սաղմոս 72։12–14)։ Պատերազմ այլևս չի լինի, չի լինի մահ, արցունքներ, ցավ ու տառապանք (Սաղմոս 46։9; Հայտնություն 21։1–4)։ Բազմահազար մարդիկ, ովքեր մահացել են, հարություն կառնեն երկրի վրա և առատ օրհնություններ կվայելեն (Հովհաննես 5։28, 29

Եհովան կվերացնի Սատանայի ըմբոստության բոլոր հետևանքները։ Նա այնպես կանի, որ «նախկին նեղությունները [բոլոր այն բաները, որոնք այսօր տառապանք ու ցավ են պատճառում] մոռացվեն» (Եսայիա 65։16–19)։ Այսպիսի ապագան երաշխավորված է, քանի որ Աստված չի ստում։ Նրա բոլոր խոստումներն իրականանում են։ Կյանքն այլևս չի լինի «ունայնություն և վազք՝ քամու հետևից» (Ժողովող 2։17)։ Ավելին, կյանքն իմաստով կլցվի։

Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Հնարավո՞ր է արդյոք աստվածաշնչյան գիտելիքներ ձեռք բերելով և երկրի առնչությամբ Աստծու նպատակները հասկանալով՝ այսօր իսկ ապրել իմաստալից կյանքով։ Հոդվածաշարի վերջին հոդվածում կքննարկվի այս հարցի պատասխանը։

[ծանոթագրություն]

^ պարբ. 5 Աստվածաշունչը հայտնում է, որ «Եհովան» Աստծու անունն է։

[շրջանակ 6-րդ էջի վրա]

 Մեր կյանքն իմաստավորելու համար պե՞տք է թողնենք երկիրը

Դարեր շարունակ նրանք, ովքեր չեն իմացել, թե որն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ, սովորեցրել են, որ մեր կյանքին իսկական իմաստ հաղորդելու համար պետք է թողնենք երկիրը։

Ոմանք ասում էին, որ հոգիները «մինչև մարդկանց մարմին մտնելը շատ ավելի բարձր տեսակի կյանքով են ապրում» (New Dictionary of Theology)։ Մյուսներն էլ պնդում էին, թե հոգին «բանտարկվում է մարմնի մեջ որպես պատիժ այն մեղքերի համար, որոնք նա գործել է երկնային ոլորտում» (Cyclopedia of Biblical, Theological, and Ecclesiastical Literature)։

Հույն փիլիսոփաները, ինչպես օրինակ՝ Սոկրատեսն ու Պլատոնը, առաջ էին քաշում հետևյալ գաղափարը. «Միայն այն ժամանակ, երբ հոգին դուրս է պրծնում ֆիզիկական մարմնի կապանքներից, «ազատվում է թափառումներից, խելացնոր վիճակից ու վախերից, խենթություններից ու մարդկանց շրջապատող չարությունից» և ընդմիշտ ապրում է «աստվածների հետ»» (Plato’s Phaedo, 81, A)։

Ավելի ուշ, այսպես կոչված քրիստոնյա առաջնորդներն իրենց ուսմունքների հետ միախառնեցին հույն փիլիսոփաների՝ «անմահ հոգու վերաբերյալ ենթադրությունները» (Christianity— A Global History)։

Այժմ փորձեք հակադրել այս գաղափարները Աստվածաշնչում տեղ գտած հետևյալ երեք հիմնարար ճշմարտություններին.

1. Աստծու նպատակն է, որ երկիրը հավիտյան բնակեցված լինի մարդկանցով։ Նա ամենևին էլ չէր ստեղծել երկիրը որպես ժամանակավոր փորձադաշտ՝ տեսնելու համար, թե ով է արժանի իր հետ երկնքում ապրելու։ Եթե Ադամն ու Եվան հնազանդվեին Աստծու օրենքներին, ապա մինչ օրս կենդանի կլինեին և կապրեին դրախտ-երկրի վրա (Ծննդոց 1։27, 28; Սաղմոս 115։16

2. Ի հակադրություն կրոնների մեծ մասի, որոնք սովորեցնում են, թե մարդը անմահ հոգի ունի (նրա մեջ բնակվող անմարմին էություն)՝ Աստվածաշունչը մի պարզ ճշմարտություն է հայտնում. մարդը «կենդանի հոգի է» և ստեղծված է «հողի փոշուց» (Ծննդոց 2։7)։ Աստծու Խոսքում ոչ մի տեղ չի նշվում, որ այս հոգին անմահ է։ Այն ասում է, որ հոգին կարող են սպանել կամ այն կարող է մահանալ՝ բացարձակապես դադարել գոյություն ունենալուց (Սաղմոս 146։4; Ժողովող 9։5, 10; Եզեկիել 18։4, 20)։ Առաջին հոգին՝ Ադամը, մահացավ և վերադարձավ հողին, որից ստեղծվել էր։ Նա վերադարձավ չգոյության վիճակին (Ծննդոց 2։17; 3։19

3. Մարդու ապագայի հեռանկարը կախված է ոչ թե անմահ հոգի ունենալուց, որը գնում է ինչ-որ ոգեղեն ոլորտ, այլ Աստծու տված այն խոստումից, որ մահացածները հարություն կառնեն երկրային դրախտում (Դանիել 12։13; Հովհաննես 11։24–26; Գործեր 24։15