Ձեզ խաբե՞լ են
Ձեզ խաբե՞լ են
ԻՆՉՊԵ՞Ս կզգաք, երբ այն մարդը, ում վստահում եք, խաբում է ձեզ։ Գուցե բարկանաք, ձեզ ստորացած և նույնիսկ դավաճանված զգաք։ Սուտը բաժանում է ընկերներին, քանդում է ամուսնությունը։ Ստի պատճառով մարդիկ միլիոնավոր դոլարներ են կորցնում։
Պատկերացրեք, թե ինչ կզգայիք, եթե իմանայիք, որ այն, ինչ սովորել եք Աստծու մասին, սուտ է։ Եթե աստվածապաշտ եք, ապա թերևս կզգաք այն, ինչ զգացել են այլ մարդիկ։ Նրանցից երկուսը ասում են.
● «Այնպիսի զգացում ունեի, թե եկեղեցին դավաճանել է ինձ» (ԴԻԱՆ)։
● «Ես բարկացա։ Ինձ խաբված էի զգում. իմ հույսերն ու նպատակները փուչ դուրս եկան» (ԼՈՒԻՍ)։
Գուցե ձեր մտքով անգամ չի անցնում, որ այն, ինչ սովորել եք Աստծու մասին, սուտ է։ Այն, ինչ դուք գիտեք, հավանաբար սովորել եք այնպիսի մարդուց, որին վստահել եք և որը երբեք գիտակցաբար չէր վնասի ձեզ՝ ձեր ծնողից, քահանայից, հոգևոր հովվից կամ մտերիմ ընկերոջից։ Հնարավոր է՝ ձեր ամբողջ կյանքում հավատացել եք կրոնական որևէ ուսմունքի։ Բայց համաձայն չե՞ք, որ շատերի կողմից ընդունված տեսակետը կարող է սխալ լինել։ ԱՄՆ նախկին նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը այդպես էր կարծում։ Նա ասաց. «Շատ ասելուց սուտը ճիշտ չի դառնա»։
Ինչպե՞ս կարող եք իմանալ՝ ձեզ խաբել են, թե ոչ։ Մի անգամ Հիսուսն իր աղոթքում Աստծուն ասաց. «Քո խոսքը ճշմարտություն է» (Հովհաննես 17։17)։ Այո՛, Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, կարող է օգնել մեզ տարբերելու ճշմարտությունը ստից։
Այս հոդվածաշարում կքննենք հինգ տարածված սուտ Աստծու մասին։ Թերևս կցանկանաք իմանալ, թե ինչպես է Աստվածաշունչը մերկացնում այդ ստերը։ Նաև կտեսնեք, թե ինչպես կարող է ճշմարտությունը ձեր կյանքը բարելավել։