Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս հայրը կարող է մտերիմ մնալ որդու հետ

Ինչպե՞ս հայրը կարող է մտերիմ մնալ որդու հետ

Ինչպե՞ս հայրը կարող է մտերիմ մնալ որդու հետ

«ՊԱ՛, ՈՐՏԵՂԻ՞Ց այսքան բան գիտես»։ Երբևէ տղադ զարմանքով տվե՞լ է քեզ այսպիսի հարց։ Այդ ժամանակ երևի հպարտացել ես, որ հայր ես։ Իսկ երբ որդիդ կիրառել է քո տված իմաստուն խորհուրդները և քաղել դրանց պտուղները, թերևս քիչ է մնացել ուրախությունից գլուխդ կորցնես * (Առակներ 23։15, 24

Անցնում են տարիներ, որդիդ մեծանում է։ Շարունակո՞ւմ է նա նույն ձևով հիանալ քեզնով, թե՞ առաջվա պես խանդավառ չէ։ Ինչպե՞ս կարող ես մտերիմ մնալ որդուդ հետ, մինչ նա մեծանում է։ Նախ տեսնենք, թե ինչը կարող է խոչընդոտ լինել այս հարցում։

Երեք խոչընդոտ

1. ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՍ։ Շատ երկրներում ընտանիքի եկամտի մեծ մասը ապահովում են հայրերը։ Հաճախ նրանց աշխատանքի բնույթն այնպիսին է, որ նրանք օրվա մեծ մասը տանը չեն լինում։ Որոշ վայրերում հայրերը բավական քիչ ժամանակ են տրամադրում իրենց երեխաներին։ Օրինակ՝ Ֆրանսիայում վերջերս կատարված մի հետազոտությամբ պարզվել է, որ հայրերը միջին հաշվով օրական 12 րոպեից էլ քիչ ժամանակ են հատկացնում իրենց երեխաներին։

ՄՏԱԾԻՐ։ Ինչքա՞ն ժամանակ ես հատկացնում որդուդ։ Մեկ-երկու շաբաթ գրի առ, թե օրական որքան ժամանակ ես անցկացրել որդուդ հետ։ Արդյունքները գուցե զարմացնեն քեզ։

2. ՀԱՅՐԴ ԼԱՎ ՕՐԻՆԱԿ ՉԻ ԹՈՂԵԼ ՔԵԶ։ Որոշ հայրեր գրեթե չեն շփվում իրենց որդիների հետ։ Ժան-Մարին, որն ապրում է Ֆրանսիայում, ասում է. «Հայրս հազվադեպ էր շփվում ինձ հետ»։ Ինչպե՞ս դա անդրադարձավ Ժան-Մարիի վրա։ «Ես այնպիսի խնդիրներ ունեցա, որ երբեք չէի կարող պատկերացնել,— ասում է նա։— Օրինակ՝ ինձ համար դժվար էր բովանդակալից զրույցներ վարել իմ որդիների հետ»։ Բայց դժվարություններ լինում են նաև այն դեպքում, երբ հայրն ու որդին բավական ժամանակ են անցկացնում իրար հետ։ 43-ամյա Ֆիլիպն ասում է. «Հայրս դժվարանում էր գորովանք արտահայտել իմ հանդեպ։ Արդյունքում, երբ ինքս հայր դարձա, դժվարանում էի սեր դրսևորել որդուս նկատմամբ»։

ՄՏԱԾԻՐ։ Ազդո՞ւմ են հորդ հետ ունեցած փոխհարաբերությունները քո և որդուդ փոխհարաբերությունների վրա։ Նկատե՞լ ես քո մեջ որևէ լավ կամ վատ սովորություն, որ ունեցել է հայրդ։

3. ՀԱՅՐԴ ՉԻ ԶԲԱՂՎԵԼ ՔԵԶԱՆՈՎ։ Որոշ մշակույթներում թերագնահատում են երեխայի դաստիարակության հարցում հոր ունեցած դերը։ Լուկան, որը մեծացել է Արևմտյան Եվրոպայի երկրներից մեկում, ասում է. «Այնտեղ, որտեղ ես եմ մեծացել, ընդունված է, որ երեխաների դաստիարակությամբ կանայք զբաղվեն»։ Մյուս մշակույթներում հայրերից միայն ակնկալվում է խստորեն դաստիարակել երեխաներին և ուրիշ ոչինչ։ Ժորժը, որ մեծացել է Աֆրիկայում, ասում է. «Մեր մշակույթում ընդունված չէ, որ հայրերը խաղան երեխաների հետ, որովհետև վախենում են, որ իրենց հեղինակությունը նրանց աչքում կկորցնեն։ Այդ պատճառով էլ դժվարացել եմ որդուս հետ հաճելի ժամանակ անցկացնել»։

ՄՏԱԾԻՐ։ Այնտեղ, որտեղ ապրում ես, ի՞նչ է ակնկալվում հայրերից։ Ձեզ մոտ տղաներին սովորեցնո՞ւմ են, որ երեխայի դաստիարակությունը կանանց գործն է։ Հայրերին հորդորո՞ւմ են սեր ու գորովանք արտահայտել որդիների նկատմամբ, թե՞ նման վերաբերմունքն անընդունելի է։

Ի՞նչ կարող ես անել, եթե բախվում ես այս խոչընդոտներից որևէ մեկին։ Քննենք հետևյալ առաջարկները։

Սկսիր այն ժամանակ, երբ տղադ փոքր է

Ինչպես ցույց են տալիս փաստերը, որդիները մեծ ցանկություն են ունենում ընդօրինակելու իրենց հայրերին։ Ուստի քանի դեռ քո տղան փոքր է, բավարարիր այդ ցանկությունը։ Ինչպե՞ս։ Նրա հետ ժամանակ անցկացնելով։

Այսպես, հնարավորության դեպքում որդուդ ընդգրկիր քո առօրյա գործերի մեջ։ Օրինակ՝ եթե ավլում ես, մի փոքր ավել էլ տուր տղայիդ, եթե հողամասում աշխատում ես բահով, մի փոքր բահ էլ նրան տուր։ Նա, անկասկած, հաճույքով կաշխատի իր իդեալի՝ իր հոր կողքին։ Գուցե ավելի երկար ժամանակ պահանջվի գործն ավարտելու համար, բայց դու դրանով կամրացնես ձեր կապը և որդուդ աշխատանքային էթիկա կսովորեցնես։ Դեռ հին ժամանակներում Աստվածաշունչը հորդորել է հայրերին երեխաներին ընդգրկել առօրյա գործերում և այդ առիթներն օգտագործել նրանց հետ շփվելու և նրանց սովորեցնելու համար (2 Օրենք 6։6–9)։ Այս խորհուրդը այսօր էլ գործնական է։

Տղայիդ հետ աշխատելուց բացի, նրա հետ նաև խաղա։ Խաղը զվարճությունից ավելին է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ հայրերը խաղում են երեխաների հետ, խրախուսում են նրանց լինել համարձակ և գործունյա։

Երեխայի հետ խաղը նույնիսկ ավելի կարևոր նպատակի է ծառայում։ Սոցիոլոգ Միշել Ֆիզն ասում է. «Խաղի միջոցով է, որ տղան լավագույն ձևով կարող է հաղորդակցվել իր հոր հետ»։ Խաղի ընթացքում հայրը կարող է որդու հանդեպ իր գորովանքը արտահայտել խոսքով և գործողություններով։ Այդպես նա սովորեցնում է, թե ինչպես կարելի է սեր և գորովանք արտահայտել։ Անդրեն, որ ապրում է Գերմանիայում, ասում է. «Երբ տղաս փոքր էր, մենք հաճախ էինք միասին խաղում։ Ես գրկում էի նրան, և նա այդպես սովորեց, թե ինչպես կարելի է իմ սիրուն պատասխանել»։

Հայրը կարող է որդու հետ իր կապն ամրացնել նաև այն ժամանակ, երբ գալիս է երեխայի քնելու ժամը։ Որդուդ քնելուց առաջ կարդա որևէ պատմություն, լսիր նրան, երբ նա պատմում է այդ օրվա իր ուրախությունների և անհանգստությունների մասին։ Եթե այդպես վարվես, ապա երեխադ մեծանալու հետ մեկտեղ կշարունակի քեզ հետ ջերմ փոխհարաբերություններ ունենալ։

Շարունակիր ընդհանուր հետաքրքրություններ գտնել

Կան պատանիներ, ովքեր, թվում է, չեն ուզում հաղորդակցվել իրենց հայրերի հետ՝ չնայած վերջիններիս ջանքերին։ Եթե քո որդին այդ պատանիներից է, մի շտապիր եզրակացնել, որ նրա հետ հնարավոր չէ երկու խոսք փոխանակել։ Գուցե նա արտահայտվի, եթե փոխես նրա հետ հաղորդակցվելու ձևը։

Ժակը, որն ապրում է Ֆրանսիայում, ասում է, որ իր համար երբեմն դժվար էր շփվել իր որդու՝ Ժերոմի հետ։ Բայց նա չստիպեց նրան խոսել իր հետ, այլ փոխեց իր մոտեցումը. առաջարկեց ֆուտբոլ խաղալ, և Ժերոմը համաձայնվեց։ Ժակն ասում է. «Խաղից հետո մենք սովորաբար նստում էինք խոտին և հանգստանում։ Այդ ժամանակ որդիս հաճախ էր բացում սիրտը իմ առաջ։ Միասին լինելը, ինչպես նաև այն, որ ես նրա տրամադրության տակ էի, նպաստեց, որ մեր միջև յուրօրինակ ջերմ կապվածություն առաջանա»։

Ի՞նչ կարող ես անել, եթե որդիդ սպորտ չի սիրում։ Անդրեն հաճույքով է հիշում, թե ինչպես էր որդու հետ դիտում գիշերային երկինքը։ «Մենք ծալովի աթոռները դնում էինք դրսում, փաթաթվում էինք վերմակներով, տաք թեյ ըմպում և նայում գիշերային աստղազարդ երկնքին։ Մենք խոսում էինք այն Անձնավորության մասին, ով ստեղծել է աստղերը։ Խոսում էինք անձնական հարցերի շուրջ, խոսում էինք ամեն ինչի մասին» (Եսայիա 40։25, 26

Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե քեզ չի հետաքրքրում այն, ինչ հետաքրքրում է որդուդ։ Եթե ուզում ես մտերիմ մնալ նրա հետ, պետք է նրա նախասիրությունները քոնից վեր դասես (Փիլիպպեցիներ 2։4)։ Իյենը, որն ապրում է Հարավային Աֆրիկայում, ասում է. «Ես ավելի շատ հետաքրքրվում էի սպորտով, իսկ իմ որդին՝ Վոնը, սիրում էր ինքնաթիռ և համակարգիչ։ Ուստի սկսեցի հետաքրքրվել դրանցով։ Վոնին տանում էի ավիաշոուների, միասին համակարգչով ինքնաթիռ էինք քշում։ Զգում էի, որ միասին հաճելի ժամանակ անցկացնելը մղում էր տղայիս անկեղծանալու ինձ հետ»։

Ինքնավստահություն ներշնչիր

«Պա՛, պա՛, նայի՜ր»,— ոգևորված բացականչում է որդիդ։ Նա մի նոր բան է պատրաստել և ուզում է, որ դու հավանություն տաս իրեն։ Բայց երբ նա մեծանա, գուցե առաջվա պես չփնտրի քո հավանությունը։ Ինչևէ, որդիդ քո հավանության կարիքն ունի, որպեսզի ի վերջո դառնա հավասարակշռված մարդ։

Տեսնենք, թե ինչպես է Եհովա Աստված վերաբերվել իր որդիներից մեկին՝ Հիսուսին։ Երբ վերջինիս կյանքում մի հատուկ շրջան էր սկսվելու երկրի վրա, Աստված հրապարակավ իր ջերմությունն արտահայտեց նրա նկատմամբ՝ ասելով. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ» (Մատթեոս 3։17; 5։48)։ Նույն ձևով էլ դու վարվիր։ Ճիշտ է, պետք է խրատես ու կրթես քո որդուն, բայց նաև առիթներ փնտրիր հավանություն արտահայտելու նրան լավ խոսքերի ու գործերի համար (Եփեսացիներ 6։4

Որոշ հայրեր դժվարանում են հավանություն և ջերմություն արտահայտել։ Նրանք գուցե մեծացել են այնպիսի ընտանիքներում, որտեղ ծնողները, հաջողությունների վրա կենտրոնանալու փոխարեն, ընդգծել են թերությունները։ Եթե դու էլ ես այդպիսի ընտանիքում մեծացել, ապա շարունակական ջանքեր պետք է թափես որդուդ ինքնավստահություն ներշնչելու համար։ Ինչպե՞ս։ Լուկան, որի մասին հիշատակեցինք վերևում, իր 15-ամյա որդու՝ Մանուելի հետ կանոնավորաբար տնային գործեր է անում։ «Երբեմն նրան ասում եմ, որ ինքնուրույն սկսի գործը, և եթե օգնության կարիք ունենա, ես կօգնեմ։ Հիմնականում նա կարողանում է գործը ինքնուրույն ավարտին հասցնել։ Հաջողությունը նրան բավականություն է պատճառում և ներշնչում է ինքնավստահություն։ Երբ գործը լավ է անում, գովում եմ նրան, իսկ երբ այնպես չի անում, ինչպես ուզում էր, ցույց եմ տալիս, որ առաջվա պես բարձր եմ գնահատում նրա ջանքերը»։

Դու նույնպես կարող ես որդուդ ինքնավստահություն ներշնչել՝ օգնելով նրան հասնելու իր նպատակներին։ Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե որդիդ քո ակնկալածից դանդաղ է հասնում այդ նպատակներին, կամ եթե նրա նպատակները սրտովդ չեն, թեև սխալ էլ չեն։ Այդ դեպքում լավ կլինի՝ վերանայես ակնկալիքներդ։ Ժակը, որի խոսքերը մեջբերվեցին վերևում, ասում է. «Փորձում եմ օգնել որդուս իր առջև դնելու հասանելի նպատակներ։ Բայց նաև ասում եմ, որ դրանք իր նպատակներն են և ոչ թե իմը։ Հետո ինքս ինձ հիշեցնում եմ, որ նա իր նպատակներին պետք է հասնի իր արագությամբ»։ Քո որդին կհասնի իր նպատակներին, եթե լսես նրա կարծիքը, գովես նրան և հորդորես չվախենալ անհաջողություններից։

Իրողությունն այն է, որ ձեր փոխհարաբերություններում կլինեն դժվարություններ։ Բայց որդիդ, ի վերջո, կցանկանա քեզ հետ մտերիմ մնալ։ Ո՞վ չի ցանկանա մտերիմ մնալ մի մարդու հետ, որն օգնում է իրեն հաջողությունների հասնելու։

[ծանոթագրություն]

^ պարբ. 2 Թեև հոդվածում խոսվում է հոր և որդու փոխհարաբերության մասին, այս սկզբունքները կարելի է կիրառել նաև հոր և դստեր առնչությամբ։