Աստծու անունը հայտնի է դառնում սվահիլի լեզվով
«Սվահիլի» բառը լսելով՝ շատերը միանգամից Աֆրիկայի բնաշխարհն են մտաբերում, որտեղ Սերենգետի պարկում շրջում են բազմաթիվ վայրի կենդանիներ։ Բայց սվահիլի լեզվի և այդ լեզվով խոսող ժողովրդի մասին ավելին կարելի է ասել։
ՍՎԱՀԻԼԻ լեզվով խոսում է Աֆրիկայի կենտրոնական և արևելյան մասերի 12 երկրներում ապրող 100 միլիոն մարդ *։ Այն մի քանի երկրների՝ Քենիայի, Տանզանիայի և Ուգանդայի պաշտոնական լեզուն է։ Այս լեզվով խոսում են նաև հարևան երկրներում, ինչը հնարավորություն է տալիս տարբեր շրջաններում ապրող մարդկանց իրար հետ առևտուր անելու և հաղորդակցվելու։
Սվահիլի լեզուն մեծ դեր է խաղացել Արևելյան Աֆրիկայի բնակչության միավորման հարցում։ Օրինակ՝ միայն Տանզանիայում գոյություն ունեն 114 ցեղային լեզուներ։ Պատկերացրու, որ քո տնից հեռանում ես ընդամենը 40–80 կիլոմետր և հանդիպում մարդկանց, ովքեր խոսում են բոլորովին այլ լեզվով։ Կան որոշ լեզուներ էլ, որոնցով խոսող մարդիկ ապրում են ընդամենը մի քանի փոքր գյուղերում։ Ինչպե՞ս կշփվեիր նրանց հետ։ Գուցե մտածեիր՝ լավ կլիներ, որ նրանք բոլորը մեկ ընդհանուր լեզու ունենային։
Սվահիլիի պատմությունը
Կարծիք կա, որ սվահիլի լեզվով խոսել են դեռևս 10-րդ դարում։ 16-րդ դարում այն դարձավ գրավոր լեզու։ Սվահիլի սովորողները միանգամից կնկատեն, որ մի շարք բառեր նման
են արաբերեն բառերին։ Իրականում, սվահիլի լեզվի բառերի 20 տոկոսը արաբական ծագում ունի, իսկ մնացածը՝ աֆրիկյան։ Ուստի զարմանալի չէ, որ հարյուրավոր տարիներ օգտագործվել է արաբական այբուբենը։Այսօր, սակայն, սվահիլին գրվում է լատինական տառերով։ Ինչո՞ւ տեղի ունեցավ այս փոփոխությունը։ Պատասխանը իմանալու համար տեղափոխվենք 19-րդ դարի կեսերը, երբ Եվրոպայից ժամանած առաջին միսիոներները եկան Արևելյան Աֆրիկա՝ տեղի բնակիչներին Աստծու Խոսքը հայտնելու։
Աստծու Խոսքը առաջին անգամ հասնում է Արևելյան Աֆրիկա
1499թ.-ին, այն ժամանակ, երբ Վասկո դա Գաման իր հայտնի ուղևորությունը կատարեց դեպի Հարավային Աֆրիկա, կաթոլիկությունը մուտք գործեց Արևելյան Աֆրիկա. պորտուգալացի միսիոներները Զանզիբարում հիմնեցին իրենց ներկայացուցչությունը։ Սակայն 200 տարվա ընթացքում տեղի բնակիչները դուրս վռնդեցին թե՛ պորտուգալացիներին և թե՛ նրանց բերած «քրիստոնեությունը»։
150 տարի պահանջվեց, որ Աստծու Խոսքը կրկին ոտք դնի Արևելյան Աֆրիկա։ Այս անգամ դա իրականացրեց գերմանացի միսիոներ Յոհան Լյուդվիգ Կրապֆը։ Երբ 1844թ.-ին նա եկավ Մոմբասա (Քենիա), Արևելյան Աֆրիկայի ափամերձ շրջանում տարածված էր մահմեդականությունը, իսկ կենտրոնական մասերում մարդիկ կառչած էին իրենց ավանդական կրոնական համոզմունքներին, որոնք լի էին ոգեհարցությամբ։ Կրապֆը մտածում էր, որ անչափ կարևոր է Աստծու Խոսքը հասանելի դարձնել բոլորին։
Կրապֆը, առանց ժամանակ կորցնելու, սկսեց սովորել սվահիլի լեզուն։ Կարճ ժամանակ անց՝ 1844թ. հունիսին, նա ձեռնարկեց Աստվածաշնչի թարգմանության դժվար աշխատանքը։ Դժբախտաբար, հաջորդ ամսին մահացավ նրա կինը, որի հետ նա երկու տարի էր, ինչ ամուսնացած էր, իսկ մի քանի օր հետո՝ նորածին աղջիկը։ Չնայած մեծ վշտին՝ նա փորձեց շարունակել այդ կարևոր գործը։ Եվ 1847թ.-ին տպագրվեցին «Ծննդոց» գրքի առաջին երեք գլուխները, որոնք դարձան սվահիլի լեզվով առաջին տպագիր տեքստերը։
Կրապֆը առաջինն էր, որ արաբականի փոխարեն լատինական գիրը օգտագործեց։ Պատճառներից մեկը, թե ինչու նա այդպես վարվեց, այն էր, որ «եվրոպացիների համար դժվար կլիներ սովորել արաբերեն այբուբենը, իսկ տեղացիների համար լատինական տառերով ավելի հեշտ կլիներ սովորել եվրոպական լեզուները»։ Ոմանք դեռ երկար տարիներ շարունակում էին օգտագործել արաբական տառերը։ Աստվածաշնչի որոշ հատվածներ տպագրվեցին հենց արաբական տառերով։ Սակայն լատինական գիրը ավելի հեշտացրեց սվահիլի լեզուն
սովորելը։ Անկասկած, բազմաթիվ միսիոներներ և սվահիլի սովորողներ անչափ ուրախ են այս փոփոխության համար։Լինելով առաջինը, ով Աստծու Խոսքը թարգմանեց սվահիլի լեզվով՝ Կրապֆը հիմք նախապատրաստեց հետագա թարգմանիչների համար։ Նա կազմեց սվահիլիի քերականության առաջին ձեռնարկը, ինչպես նաև բառարանը։
Աստծու անունը սվահիլի լեզվով
«Ծննդոց» գրքի առաջին երեք գլուխներում սկզբնական տարբերակի մեջ Աստծու անունը թարգմանվել է «Ամենակարող Աստված»։ Բացի Կրապֆից, 19-րդ դարի վերջում Արևելյան Աֆրիկա տեղափոխվեցին նաև ուրիշ տղամարդիկ, որոնք սվահիլի լեզվով թարգմանեցին ամբողջ Աստվածաշունչը։ Նրանց թվում էին Յոհան Ռեպմենը, Վիլյամ Թեյլորը, Հարի Բինսը, Էդվարդ Ստիրը, Ֆրանսիս Հոջսոնը և Արթուր Մադենը։
Ուշագրավ է, որ այդ որոշ վաղ թարգմանություններում Աստծու անունը գրվել է ոչ թե մի քանի տեղերում, այլ ամբողջ Եբրայերեն Գրություններում։ Նրանք, ովքեր Զանզիբարում են թարգմանել, Աստծու անունը «Յահուվա» են գրել, իսկ ովքեր Մոմբասայում՝ «Եհովա»։
1895թ.-ին ամբողջ Աստվածաշունչը մատչելի էր սվահիլի լեզվով։ Հաջորդ տասնամյակներում ավելացան նաև ուրիշ թարգմանություններ, թեև դրանցից որոշները տարածում չգտան։ 20-րդ դարի սկզբում մեծ ջանքեր թափվեցին, որ Արևելյան Աֆրիկայում ընդունվի ստանդարտ սվահիլի լեզուն։ Դրա արդյունքում 1952թ.-ին լույս տեսավ Աստվածաշնչի մեկ այլ թարգմանություն (Swahili Union Version), որը լայն տարածում ունեցավ։ Այս թարգմանության շնորհիվ Աստծու անվան «Եհովա» ձևը սվահիլի լեզվում դարձավ ընդունված տարբերակ։
Ցավոք, երբ դադարեց վաղ թարգմանությունների տպագրությունը, Աստծու անունը սկսեց անհետանալ։ Որոշ նոր թարգմանություններում ընդհանրապես հանվեց այդ անունը, որոշներում էլ մնաց միայն մի քանի տեղերում։ Օրինակ՝ վերը նշված թարգմանության մեջ (Union Version) այդ անունը հանդիպում է միայն 15 անգամ, իսկ 2006թ. վերահրատարակության մեջ՝ 11 անգամ *։
Թեև այդ թարգմանության մեջ գրեթե ամեն տեղ հանվել է Աստծու անունը, սակայն կա մի առանձնահատկություն. հենց նախաբանում հստակ նախադասությամբ գրված է, որ Աստծու անունը Եհովա է։ Դա օգնում է, որ ճշմարտությունը փնտրող մարդիկ իրենց իսկ Աստվածաշնչի օգնությամբ ծանոթանան մեր երկնային Հոր անվանը։
1996թ.-ին սվահիլի լեզվով լույս տեսավ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը»։ Սա առաջին թարգմանությունն էր, որտեղ Եհովա անունը վերականգնվել է 237 տեղերում՝ «Մատթեոս»
գրքից մինչև «Հայտնություն»։ Այնուհետև 2003թ.-ին լույս տեսավ ամբողջական Աստվածաշունչը՝ «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը»։ Մինչ օրս տպագրվել է այս Աստվածաշնչի մոտ 900000 օրինակ։Այս նոր թարգմանության մեջ Աստծու անունը չի փոխարինվել տիտղոսներով կամ գրվել միայն նախաբանում։ Այսօր, երբ ազնվասիրտ մարդիկ սվահիլի լեզվով իրենց Աստվածաշնչի մեջ տեսնում են, որ Եհովա Աստծու անունը գրված է ավելի քան 7000 անգամ, ավելի են մղվում մտերմանալու նրան հետ։
Շատ ջանքեր են թափվել, որպեսզի այս թարգմանության մեջ գործածվի դյուրըմբռնելի ժամանակակից սվահիլի լեզու, որը մատչելի կլինի Արևելյան Աֆրիկայում այդ լեզվով խոսող բոլոր մարդկանց։ Ավելին, ուղղվել են նաև այն աստվածաշնչյան համարները, որոնք սխալ էին թարգմանվել։ Այսօր ընթերցողը կարող է վստահ լինել, որ այն, ինչ կարդում է, «ճշմարտության ճշգրիտ խոսքեր» են, քանի որ ներշնչված են մեր Ստեղծչի՝ Եհովա Աստծու կողմից (Ժողովող 12։10)։
Շատերն իրենց երախտագիտությունն են հայտնել «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» համար։ 21-ամյա Վիսենտը, որը լիաժամ քարոզիչ է, ասել է. «Ես շատ ուրախացա, քանի որ այժմ կարող եմ պարզ սվահիլի լեզվով կարդալ «Նոր աշխարհ թարգմանությունը», նաև որ Եհովայի անունը գրված է բոլոր այն տեղերում, որտեղից հանվել էր»։ Ֆրիդա անունով երեք երեխաների մի մայր ասում է, որ այս թարգմանության շնորհիվ ավելի հեշտությամբ է ճշմարտությունը բացատրում մարդկանց։
Կրապֆի կատարած թարգմանությունից մինչև «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» անցել է ավելի քան 150 տարի։ Ինչպես որ Հիսուսը իր Հոր անունը «հայտնի դարձրեց», այնպես էլ այսօր սվահիլի լեզվով խոսող ավելի քան 76000 Եհովայի վկաներ Կենտրոնական և Արևելյան Աֆրիկայում «Նոր աշխարհ թարգմանության» օգնությամբ ուրախությամբ Եհովայի անունը հայտնի են դարձնում բոլորին (Հովհաննես 17։6)։
^ պարբ. 3 Այդ երկրներում սվահիլին տարբեր կերպերով է հնչում։
^ պարբ. 18 Այն գրված է Ծննդոց 22։14; Ելք 6։2–8 (2 անգամ); 17։15 (Յահվե); Դատավորներ 6։24; Սաղմոս 68։20; 83։18; Եսայիա 12։2; 26։4; 49։14 և Երեմիա 16։21 համարներում։