Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եվրոպական դատարանը պաշտպանում է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը

Եվրոպական դատարանը պաշտպանում է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ողջ աշխարհում հայտնի են նրանով, որ չեզոքություն են պահպանում քաղաքական գործերում և չեն մասնակցում պատերազմների։ Նրանք «իրենց սրերից խոփեր են.... կոփում և իրենց նիզակներից՝ էտոցներ» և «այլևս չեն սովորում պատերազմել» (Եսայիա 2։4)։ Միևնույն ժամանակ նրանք չեն խանգարում այն անհատներին, ովքեր որոշում են ծառայել բանակում։ Սակայն որոշ երկրներում զինծառայությունը պարտադիր է, և այդպիսի երկրներում ապրող Վկաները դժվարություններ են դիմագրավում։ Նման իրավիճակում հայտնվեց երիտասարդ Վահան Բայաթյանը։

Դատական գործի ընթացքը Հայաստանում

Վահանը ծնվել է Հայաստանում 1983թ. ապրիլին։ 1996թ.-ին նա և իր ընտանիքի անդամները սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ 16 տարեկանում Վահանը մկրտվեց։ Աստծու Խոսքը ուսումնասիրելու ընթացքում Վահանը խոր հարգանք էր զարգացրել այն ամենի հանդեպ, ինչ սովորեցրել էր Հիսուսը իր հետևորդներին, որի մեջ մտնում էր նաև զենք չվերցնելու վերաբերյալ պատվերը (Մատթեոս 26։52)։ Մկրտությունից կարճ ժամանակ անց Վահանը լուրջ որոշման առաջ կանգնեց։

Հայաստանի օրենսդրությամբ՝ 18 տարին լրացած բոլոր երիտասարդները պետք է պարտադիր կերպով զինծառայության անցնեն։ Եթե նրանք հրաժարվում են զինծառայությունից, ապա պատժվում են մինչև երեք տարի ազատազրկմամբ։ Վահանը ցանկանում էր ծառայել իր համաքաղաքացիներին, սակայն չէր ցանկանում դեմ գնալ Աստվածաշնչով մարզված իր խղճին։ Ինչպե՞ս նա վարվեց։

Երբ 2001թ.-ին Վահանը զորակոչային տարիքի հասավ, նամակներ գրեց Հայաստանի պետական մարմիններին։ Իր նամակներում նա նշում էր, որ այդ ծառայությունը դեմ է իր խղճին ու կրոնական համոզմունքներին, սակայն նա պատրաստ է դրա փոխարեն կատարելու այլընտրանքային քաղաքացիական ծառայություն։

Վահան Բայաթյանը Նուբարաշենի կալանավայրի շենքի առաջ

Մեկ տարուց ավել Վահանը շարունակ դիմում էր իշխանություններին, որ ճանաչեն համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իր իրավունքը։ Սակայն 2002թ. սեպտեմբերին Վահանին ձերբակալեցին և մեղադրեցին զինծառայությունից խուսափելու մեջ։ Նրան դատապարտեցին 18 ամսվա ազատազրկման։ Դատախազին չգոհացրեց սահմանված պատժաչափը։ Մեկ ամիս անց նա միջնորդություն ուղարկեց վերաքննիչ դատարան՝ պահանջելով խստացնել պատիժը։ Նա պնդեց, որ Վահանի՝ կրոնական համոզմունքի հիման վրա զինծառայությունից հրաժարվելու դիրքորոշումը «անհիմն է ու վտանգավոր»։ Վերաքննիչ դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը՝ ավելացնելով պատիժը ևս 12 ամսվա ազատազրկմամբ։

Վահանը բողոքարկեց այս որոշումը Հայաստանի բարձրագույն դատական ատյան։ Սակայն 2003թ. հունվարին վճռաբեկ դատարանը վճռեց ուժի մեջ թողնել վերաքննիչ դատարանի որոշումը։ Վահանին քննչական մեկուսարանից անմիջապես տեղափոխեցին ուղղիչ աշխատանքային հիմնարկություն (գաղութ), որտեղ նա կրեց իր պատիժը մարդասպանների, թմրադեղեր վաճառողների ու բռնաբարության համար դատապարտվածների հետ։

Գործը հասնում է Եվրոպական դատարան

2001թ.-ին Հայաստանը Եվրախորհրդի անդամ դարձավ։ Դա իրավունք տվեց երկրի քաղաքացիներին բողոքարկելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), երբ սպառվում են իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները։ Վահանը հենց այդպես վարվեց։ Իր բողոքի մեջ նա նշեց, որ ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի՝ համոզմունքի հիման վրա զինծառայությունից հրաժարվելու իր իրավունքը խախտվել է։ Նա խնդրում էր պաշտպանել իր իրավունքը։ Այդպիսի գործեր նախկինում վիճարկվել են դատարանում, սակայն դրական արդյունքներ չեն ունեցել։

2009թ. հոկտեմբերի 27-ին ՄԻԵԴ-ը, հաշվի առնելով նախադեպային իրավունքը, վճռեց, որ Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով, որը վերաբերում է խղճի ազատությանը, չի պաշտպանվում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքը։

Կնոջ՝ Ծովինարի, և որդու՝ Վահեի հետ

Մինչ այդ Վահանն արդեն ազատ էր արձակվել, ամուսնացել էր և տղա ուներ։ ՄԻԵԴ-ի որոշումը հիասթափեցրեց Վահանին։ Նա պետք է ընտրություն կատարեր՝ կա՛մ դադարեցնել դատական գործը, կա՛մ դիմել ՄԻԵԴ-ի Մեծ պալատ։ Նա ընտրեց վերջինը։ Սովորաբար Մեծ պալատը ընդունում է միայն բացառիկ գործեր, ուստի Վահանը անչափ ուրախացավ, երբ իմացավ, որ այն որոշել է քննության առնել իր գործը։

Վերջապես 2011թ. հուլիսի 7-ին Ստրասբուրգում (Ֆրանսիա) ՄԻԵԴ-ի Մեծ պալատը վճիռ կայացրեց։ Դատարանը 16 կողմ և 1 դեմ ձայների մեծամասնությամբ վճռեց, որ Հայաստանը ոտնահարել է Վահան Բայաթյանի խղճի ազատության իրավունքը՝ դատապարտելով և բանտարկելով նրան համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու պատճառով։ Միակ դեմ քվեարկողը Հայաստանը ներկայացնող դատավորն էր։

Իր փաստաբանների հետ ՄԻԵԴ-ում, նոյեմբերի 24, 2010թ.

Ինչո՞ւ է այս վճիռը շրջադարձային։ Պատճառն այն է, որ սա ՄԻԵԴ-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու անհատի իրավունքը լիովին պաշտպանվեց կոնվենցիայի 9-րդ հոդվածով։ Այսպիսի անձանց ազատազրկելը դատարանը դիտում է որպես ժողովրդավարական հասարակության մեջ մարդու հիմնարար իրավունքների խախտում։

Դատարանը նշեց, որ «կասկածից վեր է համարում այն, որ դիմումատուի՝ զինծառայությունից հրաժարվելու դիրքորոշումը հիմնված է իր կրոնական համոզմունքի վրա, որին նա անկեղծորեն հետևում է, և որը լուրջ և անհաղթահարելի հակադրության մեջ է զինծառայություն կատարելու իր պարտավորության հետ»։

Արձագանքը

Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում ավելի քան 450 Եհովայի վկաներ դատվել են համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու պատճառով։ Երբ այս հոդվածը պատրաստվում էր հրատարակման, 58 հոգի գտնվում էր ազատազրկման մեջ։ Նրանցից հինգը կալանավորվել է «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործի վճռի կայացումից հետո *։ Երբ դատական գործերից մեկի ժամանակ երիտասարդ դիմումատուն միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով, որ տեղի դատախազը կարճի իր դեմ հարուցված քրեական գործի վարույթը, վերջինս մերժեց նրա միջնորդությունը։ Իր գրավոր պատասխանի մեջ դատախազը գրեց. «Եվրոպական դատարանի՝ «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործը՝ թվագրված 2011թ. հուլիսի 7-ով, կիրառելի չէ սույն գործով, քանի որ ակնհայտ է, որ այս երկու գործերի փաստական հանգամանքները միանգամայն տարբեր են»։

Ինչո՞ւ էր դատախազը այդպես մտածում։ Երբ Վահան Բայաթյանը դատվեց, Հայաստանում այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենք չկար։ Հայաստանի կառավարությունը պնդում է, որ դրանից հետո օրենք է ընդունվել, ըստ որի՝ զինծառայությունից հրաժարվողները այսօր կարող են կատարել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն։ Սակայն այլընտրանքային ծառայության մասին օրենքով նախատեսված ծառայությունը վերահսկվում է զինվորական մարմինների կողմից, ուստի այն կիրառելի չէ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներից շատերի համար։

Վահան Բայաթյանին անչափ ուրախացրեց իր օգտին կայացված այս կարևոր որոշումը։ Այն պարտավորեցնում է Հայաստանի Հանրապետությանը դադարեցնել հետապնդելն ու ձերբակալելը այն անհատներին, ովքեր կրոնական համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվում են զինծառայությունից։

Եհովայի վկաները նպատակ չունեն որևէ երկրի իրավական համակարգում հեղաշրջում կատարելու։ Սակայն Վահան Բայաթյանի պես՝ նրանք էլ ջանում են պաշտպանել իրենց իրավունքները՝ հիմնվելով իրենց իսկ երկրում ընդունված օրենքների վրա։ Ինչո՞ւ։ Որպեսզի կարողանան խաղաղությամբ ապրել և ազատություն ունենալ կատարելու իրենց Առաջնորդի՝ Հիսուս Քրիստոսի տված բոլոր պատվերները։

^ պարբ. 17 Նրանցից երկուսը դատվել են 2011թ. հուլիսի 7-ին, հենց այն օրը, երբ ՄԻԵԴ-ը կայացրեց իր որոշումը։