Սխա՞լ է հարցեր տալ Աստծուն
ՈՄԱՆՔ սխալ են համարում Աստծուն հարցեր տալը։ Նրանք կարծում են՝ անհարգալից է Աստծուն հարցնել, թե ինչու է նա որոշ բաներ թույլ տալիս, իսկ որոշ բաներ՝ ոչ։ Դո՞ւ էլ ես այդպես կարծում։
Եթե այո, ապա գուցե զարմանաս՝ իմանալով, որ Աստծուն հավատարիմ մարդկանցից շատերն են հարցեր ուղղել նրան։ Տեսնենք, թե ինչ են հարցրել նրանցից մի քանիսը։
Հոբ. «Ինչո՞ւ են ամբարիշտները ապրում, ծերանում և ուրիշներին գերազանցում հարստությամբ» (Հոբ 21։7)։
Ամբակում մարգարե. «Ինչո՞ւ ես նայում դավաճաններին և լռում, երբ ամբարիշտը կուլ է տալիս իրենից արդարին» (Ամբակում 1։13)։
Հիսուս Քրիստոս. «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր» (Մատթեոս 27։46)։
Եթե ընթերցես աստվածաշնչյան այս խոսքերի համատեքստերը, կնկատես, որ ոչ մի տեղ չի խոսվում այն մասին, թե Եհովա * Աստված վիրավորվել է իրեն ուղղված անկեղծ հարցերից։ Երբ նրան խնդրում ենք, որ հոգա մեր ֆիզիկական կարիքները, որոնցով պայմանավորված է մեր առողջությունը, նա ուրախությամբ կատարում է մեր խնդրանքները (Մատթեոս 6։11, 33)։ Նաև տալիս է անհրաժեշտ տեղեկություն, ինչը կարող է նպաստել մեր մտային և էմոցիոնալ առողջությանը (Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Հիսուսը հորդորեց իր աշակերտներին. «Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ» (Մատթեոս 7։7)։ Այս խոսքերի համատեքստը ցույց է տալիս, որ Հիսուսի խոստումը վերաբերում է ոչ միայն նյութական բաներ ունենալուն, այլև կարևոր հարցերի պատասխանները ստանալուն։
Եթե հնարավորություն ունենայիր Աստծուն հարց տալու, ո՞ր հարցը կտայիր։
Ո՞րն է իմ կյանքի իմաստը։
Ի՞նչ է լինում մահից հետո։
Ինչո՞ւ ես թույլ տալիս, որ տառապեմ։
Այս բոլոր հարցերի պատասխանները կարող ես գտնել Աստվածաշնչում, Գիրք, որը «ներշնչված է Աստծուց» (2 Տիմոթեոս 3։16)։ Հաջորդ հոդվածում կիմանաս, թե ինչն է մղում շատերին տալու այս հարցերը և թե ինչ է պատասխանում Աստվածաշունչը։
^ պարբ. 7 Համաձայն Աստվածաշնչի՝ «Եհովան» Աստծու անունն է։