Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

Գիտեի՞ք արդյոք

Ինչո՞ւ է Նինվեն կոչվել «արյունահեղ քաղաք»

Ռազմիկները բերում են գերիների գլուխները և իրար վրա լցնում

Նինվեն Ասորեստանյան կայսրության մայրաքաղաքն է եղել։ Այն հզոր քաղաք էր իր հոյակերտ ապարանքներով ու տաճարներով, լայն ճանապարհներով և հսկա պարիսպներով։ Եբրայեցի մարգարե Նաումը գրում է, որ այն «արյունահեղ քաղաք» էր (Նաում 3։1

Նինվեում գտնվող Սենեքերիմ թագավորի պալատի ցայտաքանդակները հաստատում են Ասորեստանի դաժանությունները։ Դրանցից մեկի վրա պատկերված է, թե ինչպես է մի զինվոր ամուր բռնել գետնին ընկած գերիին, իսկ մյուսը՝ քաշում է նրա լեզուն։ Արձանագրություններում ասորեստանցիները պարծենում են, որ պարաններին ամրացրած կեռեր են անցկացրել գերիների շրթունքներին ու քթերին և դրանցով քաշել նրանց։ Իսկ գերի ընկած իշխանավորներին ստիպել են որպես զարդարանք վզերից կախել իրենց թագավորների գլուխները։

Ասորագետ Արչիբալդ Հենրի Սեյսը նկարագրում է, թե ինչ բարբարոսություններ են արել ասորեստանցիները որևէ քաղաք գրավելուց հետո. «Նվաճողներն իրենց հետևից մարդկանց կտրած գլուխների բուրգեր էին թողնում։ Տղաներին ու աղջիկներին կենդանի այրում էին կամ պահում ավելի դաժան տանջանքների համար։ Տղամարդկանց ցիցն էին հանում, ողջ-ողջ մաշկում էին, հանում աչքերը կամ կտրում ձեռքերը, ոտքերը, ականջներն ու քիթը»։

Ինչո՞ւ էին հրեաները իրենց տների տանիքին եզրապատ շինում

Հրեաներին Աստված հետևյալ պատվերն էր տվել. «Նոր տուն կառուցելիս տանիքիդ վրա եզրապատ շինիր, որպեսզի այնտեղից ոչ ոք չընկնի, ու քո պատճառով տունդ արյունապարտ չլինի» (2 Օրենք 22։8)։ Եզրապատը պաշտպանության համար էր, քանի որ Աստվածաշնչյան ժամանակներում հրեաները օրվա մեծ մասը անցկացնում էին տանիքի վրա։

Իսրայելացիներից շատերի տները հարթ տանիքներ ունեին։ Այնտեղ հարմար էր կատարել որոշ տնային գործեր, վայելել արևի ջերմությունը կամ դրսի թարմ օդը։ Ամռանը այնտեղ հարմար էր նաև գիշերը քնել (1 Սամուել 9։26)։ Գյուղացիները տանիքի վրա էին չորացնում վուշի ցողունները, հացահատիկը, թուզն ու խաղողը (Հեսու 2։6

Տանիքների վրա հրեաները նաև երկրպագություն էին մատուցում՝ թե՛ ճշմարիտ Աստծուն, թե՛ կեղծ աստվածներին (Նեեմիա 8։16–18; Երեմիա 19։13)։ Օրինակ՝ Պետրոս առաքյալի մասին կարդում ենք, որ նա կեսօրին տանիք բարձրացավ՝ աղոթելու (Գործեր 10։9–16)։ Ոմանք արմավենու ճյուղերից կամ խաղողի տերևներից ծածկ էին սարքում՝ տանիքը հանգստի համար հարմարավետ վայր դարձնելով։

Մի աշխատության մեջ նշվում է, որ տանիք բարձրանալու համար իսրայելացիները բակի կողմից սանդուղք էին հենում տան պատին (The Land and the Book)։ Ուստի մարդիկ տանիքից իջնում էին առանց տուն մտնելու։ Սա օգնում է ավելի լավ հասկանալու կործանվող քաղաքից անհապաղ փախչելու մասին Հիսուսի նախազգուշացումը. «Ով տանիքի վրա է, թող ցած չիջնի՝ տնից որևէ բան վերցնելու» (Մատթեոս 24։17