Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ. ԱՍՏՎԱԾ ԴԱԺԱ՞Ն Է

Ինչո՞ւ են մարդիկ ասում, թե Աստված դաժան է

Ինչո՞ւ են մարդիկ ասում, թե Աստված դաժան է

Ի՞ՆՉ ես կարծում, Աստված դաժա՞ն է։ Կան մարդիկ, որոնց համար անհնար է, որ Աստված դաժան լինի։ Սակայն ոմանք հակառակ կարծիքն ունեն։ Ինչո՞ւ։

Երբ կործանարար աղետներ են լինում, վերապրած մարդիկ մտածում են. «Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ նման բաներ տեղի ունենան։ Ուրեմն նա կա՛մ անտարբեր է, կա՛մ դաժան»։

Ուրիշներն էլ այս հարցը տալիս են, երբ Աստվածաշունչ են ընթերցում։ Օրինակ՝ երբ կարդում են Նոյի օրերի Ջրհեղեղի մասին, նրանք մտածում են. «Ինչո՞ւ սիրառատ Աստված կործանեց այդքան մարդկանց։ Ուրեմն նա դաժան է»։

Երբևէ նման հարցեր տվե՞լ ես։ Կամ թերևս քեզ են հարցրել, և դու չես իմացել՝ ինչ պատասխանես։ Քննենք մի հարց, որը կօգնի գտնելու պատասխանը։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԱՏՈՒՄ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մենք ատում ենք դաժանությունը, քանի որ կարողանում ենք զանազանել ճիշտը սխալից։ Այս առումով մենք տարբերվում ենք կենդանիներից։ Մեր Ստեղծիչը մեզ «իր պատկերով» է արարել (Ծննդոց 1։27)։ Ի՞նչ է դա նշանակում։ Նա ստեղծել է մեզ իր հատկություններն արտացոլելու և ճիշտն ու սխալը զանազանելու ունակությամբ։ Մի պահ մտածիր. եթե Աստված է տվել մեզ այդ ունակությունը, ինչի շնորհիվ մենք ատում ենք դաժանությունը, ապա մի՞թե դա ցույց չի տալիս, որ Աստված նույնպես ատում է դաժանությունը։

Աստված հաստատում է այս փաստը՝ ասելով. «Ինչպես որ երկինքն է երկրից բարձր, այնպես էլ իմ ճանապարհներն են բարձր ձեր ճանապարհներից, ու իմ մտքերը՝ ձեր մտքերից» (Եսայիա 55։9)։ Եթե ասում ենք, որ Աստված դաժան է, մի՞թե չենք պնդում, որ մե՛ր ճանապարհներն են բարձր Աստծու ճանապարհներից։ Ուստի իմաստուն կլինի նախքան այսպիսի եզրակացություն անելը տեղեկանալ փաստերին։ Հետևություն անելու փոխարեն, թե Աստված դաժան է՝ լավ կլինի պարզել, թե ինչու է երբեմն նրա գործելակերպը դաժան թվում։ Սակայն նախ տեսնենք, թե ինչ է իրականում դաժանությունը։

Մարդը դաժան է, թե ոչ, սովորաբար պայմանավորված է նրա մղումներով։ Դաժան մարդը հաճույք է ստանում, երբ ուրիշները տառապում են, կամ էլ անտարբեր է նրանց տառապանքին։ Օրինակ՝ եթե հայրը պատժում է իր երեխային, քանի որ իրեն դուր է գալիս նրան ցավ պատճառելը, նա դաժան է։ Բայց նույնը չենք ասի այն հոր մասին, որը պատժում է երեխային՝ նրան խրատելու և պաշտպանելու նպատակով։ Քանի որ հաճախ չենք իմանում մարդու մղումները, հեշտ է նրան մեղադրել։

Քննենք երկու պատճառ, թե ինչու են ոմանք Աստծուն դաժան համարում. Աստծու դատաստանները, որոնց մասին կարդում ենք Աստվածաշնչում, և բնական աղետները։ Տեսնենք, թե ինչ են ցույց տալիս փաստերը։