ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՄԻ՞ԹԵ ՄԱՀՈՎ ԱՄԵՆ ԲԱՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
Պայքար մահվան դեմ
Մահը դաժան թշնամի է, որի դեմ պայքարում ենք մեր ողջ զորությամբ։ Երբ այն խլում է մեր սիրելի հարազատին, չենք կարողանում համակերպվել այդ դառը իրողության հետ։ Իսկ երիտասարդ տարիներին թերևս մտածում ենք, թե երբեք չենք հայտնվի այս դաժան թշնամու ճիրաններում՝ պատրանք, որը փայփայում ենք հնարավորինս երկար։
Ոչ ոք այնքան չի ձգտել անմահության, որքան հնում ապրած փարավոնները։ Նրանք թե՛ իրենց, թե՛ իրենց ծառաների գրեթե ողջ կյանքը նվիրել են մահին հաղթելու միջոց որոնելուն։ Նրանց կառուցած բուրգերը վկայում են իրենց որոնումների և ապարդյուն ջանքերի մասին։
Չինական կայսրերը նույնպես երազում էին անմահության հասնել, օրինակ՝ նրանք փորձում էին գտնել կյանքի էլիքսիրը։ Ցին Շին Հուանդի կայսրը պատվիրեց իր ալքիմիկոսներին, որ մահվան դեմ կախարդական հեղուկ գտնեն։ Բայց նրանց գրեթե բոլոր պատրաստուկները սնդիկ էին պարունակում, և հավանաբար, այդ պատրաստուկներից մեկն էլ դարձավ կայսրի մահվան պատճառը։
16-րդ դարի իսպանացի հետազոտող Խուան Պոնսե դե Լեոնն անցավ Կարիբյան ծովով՝ ինչպես ասում են, երիտասարդության աղբյուր գտնելու նպատակով։ Իր ճամփորդության ժամանակ նա հայտնաբերեց Ֆլորիդան (ԱՄՆ), սակայն մի քանի տարի անց Ամերիկայի բնիկների հետ ընդհարման ժամանակ զոհվեց։ Իսկ երիտասարդության աղբյուրն այդպես էլ չգտնվեց։
Փարավոնները, կայսրերը և հետազոտողները՝ բոլորն էլ պայքարել են մահվան դեմ։ Մի՞թե մեզանից յուրաքանչյուրը հավանություն չէր տա նրանց նպատակին, նույնիսկ եթե մեզ դուր չգային նրանց ընտրած միջոցները։ Իրականում բոլորս էլ սրտի խորքում փափագում ենք անվերջ ապրել։
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՀԱՂԹԵԼ ՄԱՀԻՆ
Ինչո՞ւ ենք պայքարում մահվան դեմ։ Աստվածաշունչը հայտնում է պատճառը։ Մեր Արարչի՝ Եհովա Աստծու * մասին կարդում ենք. «Ամեն ինչ նա գեղեցիկ է արել իր ժամանակին։ Նա նույնիսկ հավիտենությունն է դրել մարդկանց սրտերում» (Ժողովող 3։11)։ Մենք ցանկանում ենք վայելել կյանքը ոչ թե 80 տարի, այլ ընդմիշտ (Սաղմոս 90։10)։ Դա մեր սրտի փափագն է։
Ինչո՞ւ է Աստված «հավիտենությունը» դրել մեր սրտում։ Մեզ հուսահատեցնելո՞ւ համար։ Բոլորովի՛ն։ Նա խոստանում է, որ մահվան դեմ հաղթանակ կտարվի։ Աստվածաշնչում բազմիցս խոսվում է այն մասին, որ մահը ոչնչացվելու է, և որ Աստված հավիտենական կյանք է շնորհելու մեզ (տե՛ս «Հաղթանակ մահվան դեմ» շրջանակը)։
Հիսուս Քրիստոսն ասաց. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։ Այսպիսով՝ հնարավո՛ր է հաղթանակ տանել մահվան դեմ։ Հիսուսն ասաց, որ միայն Աստված կարող է անել դա։
^ պարբ. 9 «Եհովան» Աստծու անունն է, որ գրված է Աստվածաշնչում։