ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ
«Դրախտային երկրի մասին խոստումը փոխեց կյանքս»
-
ԾՆՎԵԼ Է՝ 1974
-
ԵՐԿԻՐԸ՝ ԼԱՏՎԻԱ
-
ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՄՈՏՈՑԻԿԼԵՏԱՅԻՆ ՄՐՑԱՐՇԱՎԻ ՄԱՍՆԱԿԻՑ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։
Ծնվել եմ Ռիգայում՝ Լատվիայի մայրաքաղաքում։ Ինձ ու քրոջս մեծացրել է մայրս։ Թեև նա կաթոլիկ է, մենք եկեղեցի գնում էինք միայն կրոնական տոներին։ Ես միշտ հավատացել եմ գերբնական ուժի, բայց պատանեկության տարիներին ուրիշ հետաքրքրություններ ունեի։
Երբ փոքր էի, մայրս նկատել էր, որ իրերը քանդելու և հավաքելու սեր ունեմ։ Ու քանի որ տանը քանդելու և հավաքելու շատ բան կար, նա վախենում էր ինձ տանը մենակ թողնելուց։ Ուստի մայրս ինձ նվիրեց մետաղե խաղալիք-կոնստրուկտոր, որը ես հաճույքով հավաքում ու քանդում էի։ Շատ էի սիրում նաև մոտոցիկլետներ։ Մայրս ինձ գրանցեց, որ մասնակցեմ «Zelta Mopēds» (Ոսկե մոպեդ) մոտոցիկլետային մրցարշավին։ Սկզբում մրցում էի մոպեդով, իսկ հետո՝ մոտոցիկլետով։
Ես շատ արագ էի սովորում և շուտով մեծ հաջողությունների հասա այս վտանգավոր սպորտաձևում։ Երեք անգամ հաղթեցի մի քանի դասում մոտոցիկլետների մրցավազքի առաջնությունում, որն անցկացվեց Լատվիայում։ Երկու անգամ էլ հաղթեցի Բալթյան երկրների առաջնությունում։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։
Կարիերայիս գագաթնակետին ընկերուհիս՝ Էվիյան (որը հետագայում դարձավ իմ կինը), սկսեց հանդիպել Եհովայի վկաների հետ։ Նա ձեռք էր բերել նրանց գրականությունը, լրացրել էր դրանում գտնվող կտրոնը՝ խնդրելով, որ իր հետ Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն անցկացնեն։ Շատ չանցած՝ երկու Վկաներ այցելեցին նրան, և նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ես դեմ չէի, բայց այդ ժամանակ առանձնապես հետաքրքրված չէի հոգևոր հարցերով։
Ավելի ուշ Վկաներն ինձ առաջարկեցին ներկա լինել Էվիյայի ուսումնասիրությանը։ Ես ընդունեցի առաջարկը, և ինձ դուր եկավ այն, ինչ լսեցի։ Հատկապես ինձ գրավեց դրախտային երկրի մասին աստվածաշնչյան խոստումը։ Սաղմոս 37։10, 11 համարները. «Եվս մի փոքր ժամանակ, և ամբարիշտն այլևս չի լինի, կնայես նրա տեղին, և նա չկա։ Սակայն հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ»։ Այս խոստումն անչափ ջերմացրեց սիրտս։
Օրինակ՝ ինձ համար կարդացինՀոգևորի հանդեպ իմ հետաքրքրությունը շարունակեց զարգանալ։ Հասկացա, թե որքան շատ կրոնական ստեր կան։ Մինչդեռ Աստվածաշնչի ուսմունքները տրամաբանական ու պարզ էին։
Աստվածաշունչ ուսումնասիրելու ընթացքում հասկացա, թե որքան թանկ է համարում Եհովան կյանքը (Սաղմոս 36։9)։ Դա անդրադարձավ մրցարշավներին իմ մասնակցության վրա. ես այլևս չէի ուզում վտանգի ենթարկել կյանքս։ Փոխարենը՝ ուզում էի կյանքս նվիրել Եհովային փառաբանելուն։ Ուստի հեղինակությունը, փառքը և մոտոցիկլետ վարելու հաճույքը արդեն կարևոր չէին ինձ համար։
Հասկացա, որ պատասխանատու եմ կյանք Պարգևողի առաջ
1996-ին մասնակցեցի Տալլինում (Էստոնիա) անցկացվող Եհովայի վկաների միջազգային համաժողովին, որը այդքան էլ հեռու չէր այն մարզադաշտից, որտեղ հաճախ մրցումների էի մասնակցում։ Համաժողովին տեսա տարբեր երկրներից եկած մարդկանց, որոնց մեջ համերաշխություն և խաղաղություն էր տիրում։ Ինձ հատկապես տպավորեց մի դեպք. Վկաներից մեկը կորցրել էր իր պայուսակը, ու ես մտածեցի, որ նա այլևս չի գտնի այն։ Սակայն շատ չանցած՝ մի Վկա գտավ ու վերադարձրեց այն. ոչինչ չէր կորել պայուսակից։ Ես ապշել էի։ Համոզվեցի, որ Վկաները իսկապես ապրում են Աստվածաշնչի բարձր չափանիշներով։ Ես ու Էվիյան շարունակեցինք հոգևորապես առաջադիմել ու 1997-ին մկրտվեցինք և դարձանք Եհովայի վկաներ։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։
Մոտոցիկլիստ ընկերներիցս ոմանք մահացել են խելահեղ, հախուռն, վտանգներով լի կյանք վարելու պատճառով։ Աստվածաշունչ ուսումնասիրելու շնորհիվ հասկացա, որ պատասխանատու եմ կյանք Պարգևողի՝ Եհովայի առաջ։ Թերևս այդ բանի գիտակցումն էր, որ փրկեց կյանքս։
Ես ու Էվիյան առանձնաշնորհում ենք ունեցել չորս տարի լիաժամ ծառայելու Ռիգայի Եհովայի վկաների մասնաճյուղում։ Հիմա երջանիկ ենք՝ մեծացնելու մեր դստերը՝ Ալիսին, և օգնում ենք նրան սիրելու Եհովային։ Ես նաև պատիվ ունեմ ամեն շաբաթ մեկ օր համագործակցելու թարգմանչական գրասենյակի հետ՝ վերանորոգելով մեքենաները և ուրիշ կոտրված իրեր։ Ինձ ուրախացնում է այն, որ հմտություններս, որ ձեռք եմ բերել մանկության տարիներից, բարի նպատակի են ծառայում։ Այո՛, ես դեռ քանդում ու հավաքում եմ։
Ինձ համար շատ թանկ է միակ ճշմարիտ Աստծու մասին ընտանիքիս հետ վկայություն տալու առանձնաշնորհումը, որը ձեռք ենք բերել Աստվածաշունչ ուսումնասիրելու շնորհիվ։ Իրոք, դրախտային երկրի մասին խոստումը փոխեց կյանքս։