Ասորերեն «Պեշիթո». պատուհան դեպի աստվածաշնչյան վաղ թարգմանությունների աշխարհ
1892թ.-ին զույգ քույրեր Ագնես Սմիթ Լյուիսն ու Մարգարետ Դանլոփ Գիբսոնը ինը օր ուղտով ճանապարհորդեցին անապատի միջով դեպի Սինա լեռան ստորոտում գտնվող Ս. Կատերինե վանք։ Ինչո՞ւ 40-ն անց այս երկու կանայք ձեռնարկեցին այդ ճանապարհորդությունը, երբ ճանապարհորդելը այն տարածքում, որը Արևելք էր կոչվում, շատ վտանգավոր էր։ Պատասխանը կարող է զորացնել քո հավատը Աստվածաշնչի ճշգրտության հանդեպ։
ԵՐԿԻՆՔ վերադառնալուց անմիջապես առաջ Հիսուսը իր աշակերտներին հանձնարարեց իր մասին վկայություն տալ «Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը» (Գործեր 1։8)։ Աշակերտները նախանձախնդրությամբ ու քաջաբար կատարեցին այդ պատվերը։ Սակայն Երուսաղեմում նրանց ծառայությունը շուտով ուժգին հակառակություն առաջ բերեց, ինչի հետևանքով Ստեփանոսը նահատակվեց։ Հիսուսի աշակերտներից շատերը ապաստան գտան Անտիոքում (Ասորիք)՝ Հռոմեական կայսրության ամենամեծ քաղաքներից մեկում, որը գտնվում էր Երուսաղեմից մոտ 550 կիլոմետր դեպի հյուսիս (Գործեր 11։19)։
Անտիոքում աշակերտները շարունակեցին քարոզել Հիսուսի մասին «բարի լուրը», և բազմաթիվ ոչ հրեաներ հավատացյալներ դարձան (Գործեր 11։20, 21)։ Թեև Անտիոքում տարածված լեզուն հունարենն էր, սակայն քաղաքի դարպասներից դուրս և պրովինցիայում ժողովուրդը խոսում էր ասորերեն։
ԲԱՐԻ ԼՈՒՐԸ ԹԱՐԳՄԱՆՎՈՒՄ Է ԱՍՈՐԵՐԵՆ
Երբ երկրորդ դարում ասորերեն խոսող քրիստոնյաների թիվը աճեց, կարիք առաջացավ, որ բարի լուրը թարգմանվի իրենց լեզվով։ Փաստորեն, ակներևաբար, ոչ թե լատիներենն էր առաջին լեզուն, որով թարգմանվեցին Քրիստոնեական Հունարեն Գրությունների մասերը, այլ ասորերենը։
Մ.թ. մոտ 170թ.-ին ասորի գրող Տատիանոսը (մ.թ. մոտ 120–173թթ.) համախմբեց չորս կանոնական Ավետարանները և հունարենով կամ ասորերենով ստեղծեց մի աշխատություն, որը հայտնի է «Դիատեսարոն» անունով։ Հունարեն այդ բառը նշանակում է «[Ավետարանների] քառապատում»։ Հետագայում Եփրեմ Ասորին (մ.թ. մոտ 310–373թթ.) գրեց մեկնություն «Դիատեսարոնի» վերաբերյալ՝ այդպիսով հաստատելով, որ այն գործածական էր ասորի քրիստոնյաների մեջ։
Այսօր «Դիատեսարոնը» մեծապես հետաքրքրում է մեզ։ Ինչո՞ւ։ 19-րդ դարում որոշ աստվածաշնչագետներ պնդում էին, թե Ավետարանները գրվել են երկրորդ դարում՝ մ.թ. 130թ. և մ.թ. 170թ. միջև, հետևաբար չեն կարող պարունակել Հիսուսի կյանքի վերաբերյալ ճշգրիտ արձանագրություններ։ Սակայն հետագայում հայտնաբերված «Դիատեսարոնի» հին ձեռագրերը փաստեցին, որ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի Ավետարանները մեծ տարածում են ունեցել երկրորդ դարի կեսերին։ Ուստի դրանք պետք է որ ավելի շուտ գրված լինեն։ Բացի այդ, քանի որ Տատիանոսը «Դիատեսարոնը» կազմելիս այնքան չի օգտագործել այսպես կոչված պարականոն ավետարաններից որևէ մեկը, որքան չորս ընդունված Ավետարանները, ակնհայտ է, որ պարականոն ավետարանները վստահարժան ու կանոնական չեն համարվել։
Հինգերորդ դարի սկզբին Միջագետքի հյուսիսում տարածված էր Աստվածաշնչի ասորերեն մի թարգմանություն։ Այդ թարգմանությունը, որը հավանաբար արվել էր մ.թ. երկրորդ կամ երրորդ դարերում, ընդգրկում էր Աստվածաշնչի բոլոր գրքերը, բացի «2 Պետրոս», «2 Հովհաննես», «3 Հովհաննես», «Հուդա» և «Հայտնություն» գրքերից։ Այն հայտնի է «Պեշիթո» անվամբ, որը նշանակում է «պարզ», «հստակ»։ «Պեշիթոն» աստվածաշնչյան տեքստի վաղ փոխանցման ամենահին ու ամենակարևոր վկաներից մեկն է։
Հետաքրքիր է, որ «Պեշիթոյի» ձեռագրերից մեկի վրա նշված է տարեթիվ, որը համապատասխանում է մ.թ. 459/460թթ.-ին։ Փաստորեն, այն աստվածաշնչյան ամենահին ձեռագիրն է, որը հստակ տարեթիվ ունի։ Մ.թ. մոտ 508-ին «Պեշիթոն» վերանայվեց, ու ընդգրկեց հինգ բացակայող գրքերը։ Այն հայտնի դարձավ որպես «Փիլոքսենյան թարգմանություն»։
ԱՎԵԼԻ ՇԱՏ ԱՍՈՐԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎՈՒՄ
Մինչև 19-րդ դարը Քրիստոնեական Հունարեն Գրությունների գրեթե բոլոր հայտնի հունարեն օրինակները հինգերորդ կամ շատ ավելի ուշ դարերից էին։ Այդ պատճառով աստվածաշնչագետները հատկապես հետաքրքրված էին այնպիսի վաղ թարգմանություններով, ինչպիսիք էին լատիներեն «Վուլգատան» ու ասորերեն «Պեշիթոն»։ Այդ ժամանակ ոմանք կարծում էին, թե «Պեշիթոն» ասորերեն ավելի հին թարգմանության վերանայված տարբերակն է։ Սակայն այդպիսի ոչ մի տեքստ հայտնի չէր։ Քանի որ ասորերեն Աստվածաշնչի արմատները գնում են երկրորդ դար, այդպիսի թարգմանությունը պատուհան կլիներ դեպի վաղ շրջանի աստվածաշնչյան տեքստ և, անշուշտ, անգնահատելի կլիներ աստվածաշնչագետների համար։ Իսկապե՞ս գոյություն է ունեցել ասորերեն հին թարգմանություն։
Այո՛, քանի որ ասորերեն երկու թանկարժեք ձեռագրեր գտնվեցին, որոնք մատնացույց էին անում ասորերեն հին թարգմանության գոյությունը։ Առաջինը թվագրված է հինգերորդ դարով։ Այն գտնվում էր բազմաթիվ ասորերեն ձեռագրերի մեջ, որ 1842թ.-ին Բրիտանական թանգարանը ձեռք բերեց Նիտրիայի անապատում (Եգիպտոս) գտնվող վանքից։ Այն կոչվում է ասորերեն «Քյուրթոնյան թարգմանություն», քանի որ հայտնաբերվել ու հրապարակվել է Ուիլյամ Քյուրթոնի կողմից, որը թանգարանի ձեռագրերի խնամատարի օգնականն էր։ Թանկարժեք փաստաթղթերը պարունակում են չորս Ավետարանները հետևյալ հերթականությամբ՝ Ավետարան ըստ Մատթեոսի, Մարկոսի, Հովհաննեսի ու Ղուկասի։
Մեզ հասած երկրորդ ձեռագիրը Սինայական ասորերեն կրկնագիր ձեռագիրն է։ Նրա բացահայտումը կապված է արկածախնդիր զույգ քույրերի հետ, որոնց մասին նշվեց հոդվածի սկզբում։ Թեև Ագնեսը չուներ համալսարանական կրթություն, սովորել էր ութ օտար լեզուներ, որոնցից մեկը ասորերենն էր։ 1892-ին նա մի ակնառու հայտնագործություն արեց Եգիպտոսի Ս. Կատերինե վանքում։
Այնտեղ՝ մութ պահարանում, նա գտավ ասորերեն ձեռագիր։ Ըստ իր խոսքերի՝ «այն վանող տեսք ուներ, շատ կեղտոտ էր, գրեթե բոլոր էջերը իրար կպած էին, քանի որ դրանք չէին թերթել» դարեր շարունակ։ Այն կրկնագիր ձեռագիր * էր, որի բնագիր տեքստը ջնջվել էր, բայց էջերի վրա կրկին գրվածք կար. ասորերենով գրված էր սրբուհիների մասին։ Սակայն Ագնեսը դրանց տակ նկատեց որոշ գրվածքներ, իսկ վերևի մասում՝ «Մատթեոսի», «Մարկոսի» և «Ղուկասի» բառերը։ Նրա ձեռքերում չորս Ավետարանների գրեթե ամբողջական ասորերեն ձեռագիր մատյանն էր։ Այսօր աստվածաշնչագետները կարծում են, որ այդ մատյանը գրվել է չորրորդ դարի վերջում։
Սինայական ասորերեն կրկնագիր ձեռագիրը համարվում է հայտնաբերված աստվածաշնչյան ձեռագրերից ամենակարևորներից մեկը այնպիսի հունարեն ձեռագրերի հետ մեկտեղ, ինչպիսիք են Սինայական ձեռագիրը և Վատիկանյան ձեռագիրը։ Այժմ ընդունված է համարել, որ թե՛ Քյուրթոնյան, թե՛ Սինայական ձեռագրերը երկրորդ դարի վերջով կամ երրորդ դարի սկզբով թվագրված հին ասորերեն Ավետարանների՝ մեր օրերը հասած կրկնօրինակներն են։
«ՄԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ ՄՆԱԼՈՒ Է ՀԱՎԻՏՅԱՆ»
Օգտակա՞ր են արդյոք այս ձեռագրերը Աստվածաշունչ ուսումնասիրողներին։ Անկասկա՛ծ։ Քննենք, օրինակ, Մարկոսի Ավետարանի այսպես կոչված երկար եզրափակումը, որը որոշ Աստվածաշնչերում հաջորդում է Մարկոս 16։8-ին։ Այն գտնվում է հինգերորդ դարով թվագրված հունարեն Ալեքսանդրյան ձեռագրում, լատիներեն «Վուլգատա»-ում և ուրիշ տեղերում։ Սակայն չորրորդ դարով թվագրված երկու հեղինակավոր հունարեն ձեռագրեր՝ Սինայական ձեռագիրն ու Վատիկանյան ձեռագիրը, ավարտվում են 16։8-ով։ Սինայական ասորերեն կրկնագիր ձեռագրում երկար եզրափակումը նույնպես բացակայում է, ինչը ևս մեկ փաստ է, որ երկար եզրափակումը հետագայում է ավելացվել և ի սկզբանե չի եղել Մարկոսի Ավետարանի մի մասը։
Նկատի առնենք մեկ ուրիշ օրինակ։ 19-րդ դարում Աստվածաշնչի գրեթե բոլոր թարգմանություններում Երրորդության կեղծ ուսմունքի վերաբերյալ հավելում էր արվել 1 Հովհաննես 5։7-ին։ Այդուհանդերձ, այս հավելումը բացակայում է հունարեն ամենահին ձեռագրերում։ Այն չկա նաև «Պեշիթոյում», ինչը փաստում է, որ 1 Հովհաննես 5։7-ին արված հավելումը իրականում աստվածաշնչյան տեքստի աղավաղում է։
Հստակ է, որ ինչպեսև խոստացվել էր, Եհովա Աստված պահպանել է իր սուրբ Խոսքը։ Նրանում հետևյալ վստահեցումն է տրված. «Կանաչ խոտը չորացել է, ծաղիկը թառամել է, բայց մեր Աստծու խոսքը մնալու է հավիտյան» (Եսայիա 40։8; 1 Պետրոս 1։25)։ Անխոս, «Պեշիթո» թարգմանությունը համեստ, բայց կարևոր դեր է խաղացել աստվածաշնչյան պատգամը ողջ մարդկությանը ճշգրիտ կերպով փոխանցելու հարցում։
^ պարբ. 15 Հունարեն պալիմպսեստոս բառը նշանակում է «կրկին քերված»։