Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

Կյանքս իմ շուրջն էր պտտվում

Կյանքս իմ շուրջն էր պտտվում
  • ԾՆՎԵԼ Է՝ 1951

  • ԵՐԿԻՐԸ՝ ԳԵՐՄԱՆԻԱ

  • ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՀՊԱՐՏ ԵՎ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՈԳԻ ԴՐՍԵՎՈՐՈՂ ՄԱՐԴ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։

Կյանքիս առաջին տարիներին ընտանիքիս հետ ապրել եմ Լեյպցիգի մոտակայքում (Արևելյան Գերմանիա)՝ Չեխիայի և Լեհաստանի սահմանից ոչ հեռու։ Երբ վեց տարեկան էի, հորս աշխատանքի պատճառով տեղափոխվեցինք արտասահման՝ սկզբում Բրազիլիա, հետո՝ Էկվադոր։

14 տարեկանում սկսեցի Գերմանիայում հաճախել գիշերօթիկ դպրոց։ Քանի որ ծնողներս հեռու էին՝ Հարավային Ամերիկայում, ստիպված էի ինքս հոգ տանել իմ մասին։ Ես էի իմ գլխի տերը։ Ինձ չէր հետաքրքրում, թե արարքներս ինչպես էին անդրադառնում ուրիշների վրա։

Երբ 17 տարեկան էի, ծնողներս վերադարձան Գերմանիա։ Սկզբում ապրում էինք մի հարկի տակ։ Բայց քանի որ անկախության ոգի էի դրսևորում, ինձ համար անհնար էր ապրել ծնողներիս հսկողության տակ։ 18 տարեկանում հեռացա տնից։

Ես ավելի ու ավելի անհանգիստ էի դառնում. փնտրում էի կյանքի իմաստը։ Ուսումնասիրելով տարբեր ապրելակերպեր և շարժումներ՝ համոզվեցի, որ լավագույն բանը, որ կարող եմ անել, կյանքս այս գեղեցիկ մոլորակը հետազոտելուն նվիրելն է, քանի դեռ մարդկությունն այն չի կործանել։

Մեկնեցի Գերմանիայից, գնեցի մոտոցիկլետ և ուղևորվեցի դեպի Աֆրիկա։ Շուտով, սակայն, ստիպված եղա վերադառնալ Եվրոպա՝ վերանորոգելու մոտոցիկլետս։ Շատ չանցած՝ արդեն Պորտուգալիայի ափերին էի։ Որոշեցի այդուհետ ճանապարհորդել ոչ թե մոտոցիկլետով, այլ նավով։

Ես միացա երիտասարդների խմբի, որը պատրաստվում էր անցնել Ատլանտյան օվկիանոսը։ Նրանց մեջ հանդիպեցի ապագա կնոջս՝ Լորիին։ Սկզբում նավարկեցինք դեպի Կարիբյան կղզիներ։ Այնուհետև Պուերտո Ռիկոյում կարճ ժամանակ մնալուց հետո վերադարձանք Եվրոպա։ Հույս ունեինք, որ կգտնենք առագաստանավ, որը կվերածեինք մոտորանավի։ Բայց երեք ամիս փնտրելուց հետո ծրագիրը կտրուկ ընդհատվեց. ես զինվորական ուժերի կողմից զորակոչվեցի Գերմանիա։

15 ամիս անցկացրի Գերմանիայի ռազմածովային նավատորմում։ Այդ ընթացքում ես ու Լորին ամուսնացանք և պատրաստվեցինք շարունակելու մեր ճանապարհորդությունը։ Զինծառայության անցնելուց կարճ ժամանակ առաջ մենք գնեցինք փրկարար նավակի կմախք և մինչ ծառայության մեջ էի, այն աստիճանաբար վերածեցինք փոքրիկ առագաստանավի։  Ծրագրեցինք ապրել դրա մեջ և շարունակել ուսումնասիրել այս հրաշալի մոլորակը։ Հենց այդ ժամանակ էր (իմ ծառայությունից հետո, բայց նավը վերջնական տեսքի բերելուց առաջ), որ Եհովայի վկաները կապ հաստատեցին մեզ հետ, և մենք սկսեցինք Աստվածաշունչ ուսումնասիրել։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։

Սկզբում կարիք չէի տեսնում կյանքումս շատ բան փոխելու։ Ես ամուսնացած էի այն կնոջ հետ, ում հետ ապրում էի, և թողել էի ծխելը (Եփեսացիներ 5։5)։ Ինչ վերաբերում է աշխարհով մեկ ճանապարհորդելու ծրագրերին, կարծում էի, որ մեր կյանքը նվիրելով Աստծու հրաշալի ստեղծագործությունը ուսումնասիրելուն՝ իմաստալից բան էինք անում։

Իրականում, սակայն, ես փոփոխություններ անելու կարիք ունեի և հատկապես իմ բնավորության մեջ։ Քանի որ ծայրահեղ հպարտ էի ու ինքնավստահ, ամբողջովին տարված էի իմ ունակություններով և հաջողություններով։ Կյանքս իմ շուրջն էր պտտվում։

Մի օր կարդացի Հիսուսի հայտնի Լեռան քարոզը (Մատթեոս, 5–7-րդ գլուխներ)։ Սկզբում ինձ զարմացրեց այն, թե ինչ երջանկության մասին էր խոսում Հիսուսը։ Օրինակ՝ նա ասաց, որ երջանիկ են նրանք, ովքեր քաղցած ու ծարավ են (Մատթեոս 5։6)։ Մտածում էի, թե կարիքի մեջ լինելը ինչպես կարող է երջանկացնել մարդուն։ Շարունակելով ուսումնասիրություն անել՝ գիտակցեցի, որ բոլորս հոգևոր կարիքներ ունենք, բայց պետք է խոնարհաբար ընդունենք դա նախքան դրանք բավարարելը, ինչպես որ ասաց Հիսուսը. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3

Այն բանից հետո, երբ ես ու Լորին Գերմանիայում սկսեցինք Աստվածաշունչ ուսումնասիրել, տեղափոխվեցինք Ֆրանսիա, իսկ ավելի ուշ՝ Իտալիա։ Որտեղ էլ որ գնում էինք, գտնում էինք Եհովայի վկաներին։ Նրանց միասնությունն ու իրար հանդեպ անկեղծ սերը ինձ շատ էին տպավորում։ Հասկացա, որ Վկաները իսկապես համաշխարհային եղբայրություն են (Հովհաննես 13։34, 35)։ Որոշ ժամանակ անց ես ու Լորին մկրտվեցինք ու դարձանք Եհովայի վկա։

Մկրտությունից հետո շարունակեցի փոփոխություններ անել իմ մեջ։ Լորիի հետ որոշել էինք նավարկել Աֆրիկայի ափով, հետո անցնել Ատլանտյան օվկիանոսը և հասնել Միացյալ Նահանգներ։ Այնտեղ՝ օվկիանոսում, երբ փոքր նավակում միայն երկուսով էինք՝ շրջապատված հազարավոր մղոն ջրերով, հասկացա, թե որքան աննշան եմ ես՝ մեր հրաշալի Արարչի հետ համեմատած։ Քանի որ օվկիանոսի մեջտեղում բավականաչափ ազատ ժամանակ ունեի, շատ էի կարդում Աստվածաշունչը։ Ինձ հատկապես տպավորեցին Հիսուսի երկրային կյանքի մասին արձանագրությունները։ Նա կատարյալ մարդ էր, որի կարողությունները իմ պատկերացրածից շատ ավելին էին, այդուհանդերձ նա երբեք իր վրա ուշադրություն չէր հրավիրում։ Նրա կյանքը ոչ թե իր, այլ իր երկնային Հոր կամքը կատարելու շուրջն էր պտտվում։

Հասկացա, որ Աստծու Թագավորությունը պետք է իմ կյանքում առաջին տեղում դնեմ

Հիսուսի օրինակի շուրջ խորհելով՝ հասկացա, որ Աստծու Թագավորությունը պետք է իմ կյանքում առաջին տեղում դնեմ և ոչ թե դրա շահերը հարմարեցնեմ այն տարբեր բաներին, որ ուզում էի անել (Մատթեոս 6։33)։ Երբ ես ու Լորին վերջապես հասանք Միացյալ Նահանգներ, որոշեցինք այնտեղ հաստատվել ու կենտրոնանալ մեր երկրպագության վրա։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։

Նախկինում, երբ եսակենտրոն ապրելակերպ ունեի, հաճախ չէի կողմնորոշվում, թե ինչ որոշումներ կայացնեմ։ Սակայն հիմա գտել եմ անսխալական իմաստության աղբյուր, որը առաջնորդում է ինձ (Եսայիա 48։17, 18)։ Նաև կյանքս լցվել է իմաստով, ինչը նախկինում չունեի՝ երկրպագում եմ Աստծուն և օգնում եմ ուրիշներին իմանալու նրա մասին։

Աստվածաշնչյան սկզբունքները կիրառելով՝ ես ու Լորին ամրացրել ենք մեր ամուսնությունը։ Ունենք նաև մեկ ուրիշ օրհնություն՝ գեղեցիկ աղջիկ, որը ճանաչում ու սիրում է Եհովային։

Այնպես չէ, որ կյանքում միշտ նավարկում ենք առանց դժվարությունների։ Բայց Եհովայի օգնությամբ լցված ենք վճռականությամբ երբեք չհանձնվել ու չդադարել նրան ապավինելուց (Առակներ 3։5, 6