Դանիելը առյուծների գուբի մեջ
Պատմություն 79
Դանիելը առյուծների գուբի մեջ
ՎԱ՜Յ... Երևում է Դանիելը փորձանքի մեջ է ընկել։ Բայց կարծես թե առյուծները չեն վնասում նրան։ Իսկ գիտե՞ս, թե ինչու, և, ընդհանրապես, Դանիելին ո՞վ է նետել այս առյուծների մոտ։ Հիմա կպարզենք։
Դեպքը տեղի է ունենում Բաբելոնի Դարեհ թագավորի օրոք։ Նա շատ է սիրում Դանիելին՝ տեսնելով, թե որքան բարի ու իմաստուն է նա։ Դարեհը նրան նշանակում է իր թագավորության գլխավոր իշխան։ Սակայն դա գրգռում է թագավորության մեջ գտնվող որոշ մարդկանց նախանձը, և նրանք հետևյալ քայլին են դիմում։
Գնալով Դարեհի մոտ՝ նրանք ասում են. «Ո՛վ արքա, մենք առաջարկություն ունենք. լավ կլինի, որ դու օրենք սահմանես, ըստ որի 30 օր շարունակ ոչ մեկը չպիտի որևէ աստծու կամ մարդու դիմի խնդրանքով, բացի քեզանից։ Եվ եթե որևէ մեկը հանդգնի այդ ընթացքում խախտել այս հրամանը, թող որ գցվի առյուծների գուբը»։ Դարեհը գլխի չի ընկնում, թե այդ մարդիկ ինչու են ուզում նման օրենք հրապարակել։ Նա մտածում է, որ դա վատ միտք չէ, ու տալիս է իր համաձայնությունը։ Օրենքն այլևս որևէ փոփոխության ենթակա չէ։
Այս օրենքի մասին տեղեկանալուց հետո Դանիելը տուն է գնում ու սովորականի պես աղոթում։ Չար մարդիկ գիտեն, որ Դանիելը ոչ մի դեպքում չի դադարի Եհովային աղոթել։ Նրանք հրճվում են, քանի որ իրենց թվում է, թե վերջապես գտել են Դանիելից ազատվելու ելքը։
Իմանալով այդ օրենքն առաջարկողների դիտավորության մասին՝ Դարեհ թագավորը շատ է տխրում։ Բայց նա չի կարող օրենքը փոխել, ուստի ստիպված Դանիելին նետել է տալիս առյուծների գուբը։ Բայց, դրա հետ մեկտեղ, նա ասում է. «Հույս ունեմ, որ այն Աստվածը, որին դու ծառայում ես, քեզ կազատի»։
Դարեհն այնքան է վշտացած, որ ողջ գիշեր անքուն է անց կացնում։ Հաջորդ օրը՝ առավոտյան, նա շտապում է դեպի առյուծների գուբը։ Նկարում կարող ես տեսնել նրան բացականչելիս. «Դանիե՛լ, կենդանի Աստծու ծառա։ Քո Աստվածը, որին դու ծառայում ես, կարողացա՞վ քեզ ազատել առյուծներից»։
Եվ ահա լսվում է Դանիելի պատասխանը. «Աստված ուղարկեց իր հրեշտակին, ու նա փակեց առյուծների բերանը, որպեսզի չվնասեն ինձ»։
Թագավորը շատ է ուրախանում։ Նա հրամայում է Դանիելին դուրս հանել գուբից ու այնտեղ նետել այն նենգ մարդկանց, ովքեր ուզում էին Դանիելից ազատվել։ Առյուծները ճանկում են նրանց ու փշրում բոլորի ոսկորները՝ չթողնելով անգամ, որ գետնին հասնեն։
Այնուհետև Դարեհ թագավորը ողջ երկրով մեկ հրովարտակ է ուղարկում. «Հրամայո՛ւմ եմ, որ ամեն մեկը պատշաճ հարգանք դրսևորի Դանիելի Աստծու հանդեպ։ Նա մեծ հրաշքներ է անում։ Նա Դանիելին ազատեց առյուծների բերանից»։