Պողոսը Հռոմում
Պատմություն 113
Պողոսը Հռոմում
ՆԱՅԻՐ Պողոսի կապանքներին ու նրան հսկող զինվորին։ Պողոսը Հռոմի բանտում է գտնվում։ Նա սպասում է Հռոմի կայսեր վերջնական վճռին։ Այդ ընթացքում թույլատրվում է այցելության գալ նրա մոտ։
Հռոմ հասնելուց երեք օր հետո Պողոսն իր մոտ է հրավիրում հրեա առաջնորդներին։ Գալիս են Հռոմում ապրող շատ հրեաներ։ Պողոսը քարոզում է նրանց՝ պատմում Հիսուսի մասին ու Աստծու Թագավորության։ Շատերը հավատում են ու դառնում քրիստոնյաներ, իսկ ուրիշները չեն հավատում։
Պողոսը քարոզում է նաև իրեն հսկող տարբեր զինվորների։ Բանտում անցկացրած երկու տարիների ընթացքում նա քարոզում է բոլոր իրեն հանդիպած մարդկանց։ Դրա շնորհիվ՝ նույնիսկ կայսեր տան անդամներն են լսում Թագավորության բարի լուրը, և նրանցից ոմանք դառնում են քրիստոնյաներ։
Իսկ կարո՞ղ ես կռահել, թե ով է այս մարդը, որ նստել է սեղանի մոտ ու ինչ–որ բան է գրում։ Այո, Տիմոթեոսն է։ Նրան էլ էին բանտ նետել Թագավորության մասին քարոզելու համար, սակայն այժմ նա ազատ է արձակվել ու եկել այստեղ՝ Պողոսին օգնելու։ Այժմ տեսնենք, թե նա ինչ է գրում։
Հիշո՞ւմ ես Փիլիպպե և Եփեսոս քաղաքները, որոնց մասին խոսվեց 110–րդ պատմության մեջ։ Պողոսի օգնությամբ այս քաղաքներում քրիստոնեական ժողովներ հաստատվեցին։ Եվ հիմա նա բանտից նամակներ է գրում այս քաղաքներում ապրող քրիստոնյաներին։ Այս նամակները ընդգրկված են Աստվածաշնչի մեջ և կոչվում են «թուղթ առ Եփեսացիս» և «թուղթ առ Փիլիպպեցիս»։ Նկարում պատկերված է այն պահը, երբ Պողոսը թելադրում է Տիմոթեոսին Փիլիպպեի քրիստոնյաներին ուղղված իր խոսքերը։
Փիլիպպեցիները շատ լավ են վերաբերվել Պողոսին։ Նրանք նվեր էին ուղարկել բանտ, որի համար Պողոսն իր շնորհակալությունն է հայտնում։ Նվերն այնտեղից բերել էր Եպափրոդիտոսը։ Բայց հետո նա ծանր հիվանդացել էր ու համարյա մահամերձ էր։ Իսկ այժմ, երբ նա արդեն ապաքինվել է ու պատրաստ է վերադառնալու Փիլիպպե, իր հետ տանելու է Պողոսի ու Տիմոթեոսի կողմից գրված այս նամակը։
Պողոսը բանտից գրում է ևս երկու նամակ, որոնք նույնպես գտնվում են Աստվածաշնչում։ Մեկն ուղղված է Կողոսա քաղաքի քրիստոնյաներին։ Գիտե՞ս ինչպես է այն կոչվում. «թուղթ առ Կողոսացիս»։ Իսկ մյուս նամակը ուղղված է անձամբ իր մտերիմ ընկերոջը՝ Փիլիմոնին, որը նույնպես ապրում է Կողոսայում։ Նամակը Փիլիմոնի ծառա Օնեսիմոսի մասին է։
Օնեսիմոսը փախել էր Փիլիմոնի մոտից ու եկել Հռոմ։ Այստեղ նա ինչ–որ ձևով իմացել էր, որ Պողոսը գտնվում է քաղաքում կալանքի տակ ու եկել էր նրան տեսակցության։ Պողոսը քարոզել էր Օնեսիմոսին ու նա շուտով դարձել էր քրիստոնյա։ Այժմ նա շատ է զղջում իր փախուստի համար։ Եվ ահա թե Պողոսն ինչ է գրում այս նամակում Փիլիմոնին։
Պողոսը Փիլիմոնին խնդրում է ներել Օնեսիմոսին։ «Նրան ետ եմ ուղարկում քեզ մոտ ոչ միայն իբրև քո ծառայի, այլ նաև որպես հիանալի քրիստոնյա եղբոր»։ Երբ Օնեսիմոսը վերադառնում է Կողոսա, նա իր հետ տանում է նաև կողոսացիներին ու Փիլիմոնին ուղղված այս երկու նամակները։ Կարելի է պատկերացնել, թե ինչ մեծ երջանկություն է ապրելու Փիլիմոնը՝ իմանալով, որ իր ծառան քրիստոնյա է դարձել։
Փիլիպպեցիներին ու Փիլիմոնին գրելիս Պողոսը մի հոյակապ լուր ուներ հայտնելու։ «Ձեզ եմ ուղարկում Տիմոթեոսին,— գրում է նա փիլիպպեցիներին։— Բայց շուտով ես էլ կգամ ձեզ մոտ»։ Իսկ Փիլիմոնին նա խնդրում է. «Ինձ համար մնալու մի տեղ պատրաստիր»։
Բանտից ազատ արձակվելուց հետո Պողոսն այցելում է տարբեր վայրերում ապրող իր քրիստոնյա եղբայրներին ու քույրերին։ Սակայն, ավելի ուշ նա կրկին բանտարկվում է Հռոմում։ Այս անգամ Պողոսն արդեն գիտի, որ շուտով իրեն մահապատժի են ենթարկելու։ Ուստի նա գրում է Տիմոթեոսին՝ խնդրելով շտապ գալ իր մոտ։ «Ես հավատարիմ եմ եղել Աստծուն,— գրում է նա,— և Աստված ինձ պարգևատրելու է»։ Պողոսի մահապատժից մի քանի տարի հետո Երուսաղեմը կրկին ավերվում է՝ այս անգամ հռոմեացիների կողմից։
Բայց Աստվածաշնչում շատ ուրիշ բաներ էլ կան գրված։ Վերջին գրքերը, այդ թվում նաև «Յայտնութիւն» գիրքը, որը ապագայի մասին է, Եհովա Աստված հանձնարարեց գրել Հովհաննես առաքյալին։ Եկ, ուրեմն, տեսնենք, թե ի՞նչ է սպասվում ապագայում։
Գործք 28։16–31; Փիլիպպեցիս 1։13; 2։19–30; 4։18–23; Եբրայեցիս 13։23; Փիլիմոնին 1–25; Կողոսացիս 4։7–9; Բ Տիմոթէոս 4։7–9։