Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ազատ կամքի հոյակապ պարգևը

Ազատ կամքի հոյակապ պարգևը

Մաս 5

Ազատ կամքի հոյակապ պարգևը

1, 2. Ի՞նչ հրաշալի առանձնահատկությամբ է Աստված օժտել մարդուն։

 ՀԱՍԿԱՆԱԼՈՒ համար, թե ինչու է Աստված թույլատրել տառապանքը և ինչ է անելու այդ կապակցությամբ, նախ պետք է պարզել, թե ինչպես ենք մենք ստեղծված։ Աստված ոչ միայն ուղեղ և մարմին է տվել մեզ, այլև օժտել է մտավոր ու էմոցիոնալ յուրօրինակ առանձնահատկություններով։

2Մեր այդ առանձնահատկություններից մեկն է ազատ կամքը, որը շատ կարևոր է։ Այո՛, Աստված մեզ օժտել է ընտրություն կատարելու ունակությամբ, և դա իսկապես հոյակապ պարգև է։

Ինչպե՞ս ենք մենք ստեղծված

3-5. Ինչո՞ւ ենք գնահատում ազատ կամքը։

3Այժմ տեսնենք, թե ինչ կապ ունի ազատ կամքը այն բանի հետ, որ Աստված թույլ է տվել տառապանքը։ Նախ ինքներս մեզ տանք հետևյալ հարցը. կնախընտրեի ի՞նքս որոշել, թե ինչ եմ ասելու և անելու, ուտելու և հագնելու, ինչպիսի աշխատանք եմ կատարելու և որտեղ ու ինչպես եմ ապրելու, թե՞ որ ինչ–որ մեկը միշտ թելադրեր իմ անելիքը։

4Ոչ մի նորմալ մարդ չի ցանկանա այդ աստիճանի ընկնել որևէ մեկի իշխանության տակ։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք այդպես ենք ստեղծված։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված ստեղծեց մարդուն իր ‘պատկերով և նմանությամբ’, իսկ Աստծուն բնորոշ է ընտրության ազատությունը (Ծննդոց 1։26; Բ Օրինաց 7։6)։ Մարդուն ստեղծելիս Աստված օժտեց նրան այդ նույն հրաշալի առանձնահատկությամբ՝ ազատ կամք պարգևեց։ Ահա թե ինչու ենք ճնշվում, երբ ինչ–որ մեկը բռնանում է մեր իրավունքների վրա։

5Ուստի պատահական չէ, որ մեր մեջ ազատության տենչ կա, քանզի Եհովան ազատության Աստված է։ Աստվածաշունչն ասում է. «Որտեղ որ Տիրոջ Հոգին է՝ այնտեղ է ազատութիւն» (Բ Կորնթացիս 3։17)։ Հետևաբար՝ Աստծո կողմից տրված ազատ կամքը մեր էության անբաժանելի մասն է։ Քանի որ Աստծուն հայտնի էր, թե մեր սիրտն ու միտքը ինչպես են գործելու, նա գիտեր, որ մեզ ազատ կամք պարգևելով՝ մեծապես կնպաստի մեր երջանկությանը։

6. Ինչպե՞ս է մեր ուղեղի կառուցվածքը նպաստում, որ գործենք ազատ կամքին ներդաշնակ։

6Ազատ կամքի հետ մեկտեղ՝ Աստված նաև օժտեց մեզ մտածելու, կշռադատելու, որոշումներ կայացնելու և ճիշտն ու սխալը տարբերելու ունակությամբ (Եբրայեցիս 5։14)։ Հետևաբար ազատ կամքը գործի էր դրվելու գիտակցաբար։ Մենք ստեղծված չենք եղել մտածելու ունակությունից զուրկ ռոբոտների նման, և ոչ էլ՝ բնազդով առաջնորդվող կենդանիների։ Մեր հրաշալի ուղեղն այնպես էր ծրագրված, որ գործեր մեզ տրված ազատ կամքին ներդաշնակ։

Սկիզբը դրվեց լավագույն ձևով

7, 8. Ի՞նչ հիանալի սկիզբ տվեց Աստված մեր նախածնողներին։

7Աստծո հոգատարությունը երևում է նաև այն բանից, որ մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, ազատ կամքի պարգևի հետ մեկտեղ ստացան այն ամենը, ինչ տրամաբանության սահմաններում հնարավոր կլիներ ցանկանալ։ Նրանց տրվեց մի ընդարձակ «բնակարան»՝ պարտեզանման դրախտը։ Նյութապես նրանք ապահովված էին։ Կատարյալ ուղեղի և մարմնի տեր լինելով՝ Ադամն ու Եվան չէին ծերանալու, հիվանդանալու և մահանալու. նրանք կկարողանային ապրել հավիտյան։ Բացի այդ, նրանց երեխաներն էլ էին լինելու կատարյալ և նույնպես ունենալու էին հավիտենական երջանկության հեռանկարը։ Բնակչությունը երկրի վրա գնալով կշատանար։ Մարդիկ կզբաղվեին բավականություն պատճառող գործով՝ ողջ երկիրն աստիճանաբար դրախտի կվերածեին (Ծննդոց 1։26–30; 2։15

8Այն ամենի վերաբերյալ, թե ինչ էր Եհովան նախապատրաստել մարդկանց համար, Աստվածաշունչը գրում է. «Աստուած տեսաւ բոլորն ինչ որ արել էր, եւ ահա շատ բարի էր» (Ծննդոց 1։31)։ Աստվածաշունչը նաև ասում է. «Աստուծոյ գործը կատարեալ է» (Բ Օրինաց 32։4)։ Այո՛, Արարիչը կատարյալ սկիզբ տվեց մարդկությանը. դրանից լավը հնարավոր չէ պատկերացնել։ Որքա՜ն հոգատար Աստված է նա։

Ազատություն, բայց՝ ոչ բացարձակ

9, 10. Ինչո՞ւ պետք է ազատ կամքը գործադրվի որոշակի անհրաժեշտ սահմաններում։

9Արդյոք Աստված բացարձա՞կ ազատություն էր նախատեսել մարդկանց համար։ Պատկերացրեք, որ մարդաշատ մի քաղաքում չեն գործում երթևեկության կանոնները, և յուրաքանչյուր ոք իր մեքենան կարող է քշել ցանկացած ուղղությամբ և արագությամբ։ Կուզենայի՞ք նման պայմաններում մեքենա վարել։ Դժվար թե, քանի որ երթևեկության այդ խառնաշփոթը, անկասկած, կհանգեցներ բազում դժբախտ պատահարների։

10Նույնը կարելի է ասել նաև Աստծո կողմից շնորհված ազատ կամքի վերաբերյալ։ Բացարձակ ազատությունը կհանգեցներ անարխիայի։ Ուստի հարկավոր էին օրենքներ, որոնք ուղղություն ցույց կտային մարդկանց։ Աստծո Խոսքն ասում է. «Ապրեցէ՛ք որպէս ազատներ եւ ազատութիւնը իբրեւ չարիքի պատրուակ մի՛ բռնէք» (Ա Պետրոս 2։16, ԷԹ)։ Աստված ցանկանում է, որ ազատ կամքը գործադրվի որոշակի օրենքների սահմաններում՝ ի նպաստ բոլորի։ Նա մարդուն տվեց ոչ թե բացարձակ ազատություն, այլ հարաբերական՝ օրենքներով կարգավորված։

Ո՞ւմ օրենքներով

11. Ո՞ւմ օրենքներին պետք է հնազանդվենք։

11Ո՞ւմ օրենքներին մենք պետք է ենթարկվենք։ Տեսնենք, թե ինչ է ասվում Ա Պետրոս 2։16–ի (ԷԹ) շարունակության մեջ. «Ապրեցէ՛ք որպէս Աստծու ծառաներ»։ Խոսքը ծանր լծի մասին չէ։ Ընդհակառակը՝ Աստծո օրենքներին հնազանդվելով՝ մենք երջանիկ կլինենք, քանի որ այդպես ենք ստեղծված (Մատթէոս 22։35–40)։ Գերազանցելով ցանկացած մարդկային օրենք՝ նրա օրենքները լավագույն առաջնորդությունն են ցույց տալիս մեզ։ «Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը» (Եսայիա 48։17

12. Աստծո օրենքները ընտրության ի՞նչ հնարավորություն են տալիս մեզ։

12Միևնույն ժամանակ, Աստծո օրենքները իրենց շրջանակներում ընտրության մեծ հնարավորություն են տալիս։ Դա հանգեցնում է բազմազանության՝ մարդկային ցեղը դարձնելով հիացմունքի արժանի։ Մի պահ մտածեք այն բազմազանության մասին, որ գոյություն ունի ուտելիքի մեջ, հագուստի, երաժշտության, արվեստի։ Իսկ տարբեր տեսակի տնե՞րը... Բոլոր նման հարցերում, անկասկած, կգերադասեինք, որ ընտրություն կատարողը լինեինք մենք, և ոչ թե ուրիշները։

13. Ի՞նչ ֆիզիկական օրենքների պետք է հնազանդվենք։

13Այսպիսով՝ մենք այնպես ենք ստեղծված, որ երջանիկ կլինենք միայն Աստծո օրենքներին ենթարկվելու դեպքում։ Նույնը վերաբերում է Աստծո ֆիզիկական օրենքներին։ Օրինակ՝ եթե անտեսենք ձգողականության օրենքը ու ցած նետվենք մի շատ բարձր տեղից, մարմնական վնասվածք կստանանք, կամ էլ կզրկվենք կյանքից։ Իսկ եթե հաշվի չառնենք մեր օրգանիզմի պահանջները՝ նրա ներսում դրված օրենքները, և դադարենք սնվել, ջուր խմել կամ շնչել, ապա կմահանանք։

14. Որտեղի՞ց գիտենք, որ մարդիկ ստեղծված չեն Աստծուց անկախ ապրելու համար։

14Ճիշտ ինչպես կարիք ունենք Աստծո ֆիզիկական օրենքներին հնազանդվելու, այնպես էլ կարիք ունենք ենթարկվելու այն օրենքներին, որ վերաբերում են բարոյականությանն ու մարդկային փոխհարաբերություններին (Մատթէոս 4։4)։ Մարդը չի ստեղծվել իր Արարչից անկախ ապրելու և դրա հետ մեկտեղ հաջողության հասնելու ունակությամբ։ Երեմիա մարգարեն ասում է. «Գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը։ Ով Տէր, ինձ խրատիր» (Երեմիա 10։23, 24)։ Ուստի չկա կյանքի այնպիսի ոլորտ, որտեղ մարդը կկարողանա հաջողության հասնել՝ առանց Աստծո առաջնորդության։

15. Արդյո՞ք Աստծո օրենքները բեռ էին լինելու Ադամի ու Եվայի համար։

15Աստծո օրենքներին հնազանդվելը ծանր բեռ չէր լինելու մեր նախածնողների համար, ընդհակառակը՝ նպաստելու էր թե՛ իրենց և թե՛ ողջ մարդկության բարօրությանը։ Եթե առաջին զույգը չխախտեր Աստծո կողմից դրված օրենքը, այսօր ամեն ինչ հրաշալի կլիներ։ Մարդիկ կապրեին սքանչելի մի դրախտում՝ որպես սիրող և համերաշխ ընտանիք։ Չարություն, տառապանք և մահ չէր լինի։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[նկար 11–րդ էջի վրա]

Արարիչը կատարյալ սկիզբ է տվել մարդկությանը

[նկար 12–րդ էջի վրա]

Կցանկանայի՞ք մեքենա վարել այնպիսի մի վայրում, որտեղ չեն գործում երթևեկության կանոնները