Ինչո՞ւ ունենք հույսի կարիք
Ինչո՞ւ ունենք հույսի կարիք
Ի՞ՆՉ կլիներ, եթե Դենիելը, որը մահացավ քաղցկեղից, չկորցներ իր հույսը։ Նրան կհաջողվե՞ր հաղթանակ տանել քաղցկեղի դեմ։ Նա մինչև այսօր կենդանի կլինե՞ր։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ամենայն եռանդով պաշտպանում են հույսի բուժիչ ազդեցության թեորիան, դժվար թե խիզախեին նման բան ասել։ Սրանից կարող ենք մի կարևոր եզրակացություն անել. հույսի ուժը չի կարելի գերագնահատել։ Այն համադարման չէ, որը բուժում է բոլոր հիվանդությունները։
CBS News-ին հարցազրույց տալիս դոկտոր Նաթան Չեռնին խոսել է այն մասին, թե որքան վտանգավոր է շատ ծանր հիվանդություններով տառապող մարդկանց դեպքում գերագնահատել հույսի ուժը։ Նա ասել է. «Մենք դեպքեր ենք ունեցել, երբ ամուսինները նախատել են իրենց հիվանդ կանանց, որ վերջիններս բավականաչափ չեն կենտրոնացել դրականի վրա, որ բավականաչափ լավատես չեն եղել»։ Բժիշկ Չեռնին շարունակում է. «Այդպիսի մտածելակերպը սխալ տպավորություն է ստեղծում, թե իբր դրական տրամադրվելով՝ կարելի է վերահսկել քաղցկեղի զարգացումը։ Ու, ըստ այդ տրամաբանության, եթե քաղցկեղով հիվանդ մարդու վիճակը գնալով վատանում է, պատճառն այն է, որ նա բավականաչափ չի ընդդիմացել իր հիվանդությանը, այնինչ դա բոլորովին էլ այդպես չէ»։
Իրականում մահացու հիվանդության դեմ պայքարը նման է հյուծիչ, հալումաշ անող մարտի։ Եվ, անշուշտ, այդպիսի պայքար մղող մարդու հարազատները չէին ցանկանա մեղավորության զգացումով ծանրացնել նրա՝ առանց այն էլ ծանր վիճակը։ Ուրեմն ի՞նչ, հույսը ոչ մի արժեք չունի՞։
Ամենևի՛ն։ Օրինակ՝ այդ նույն դոկտորը մասնագիտանում է պալիատիվ (ամոքիչ) բժշկության մեջ։ Պալիատիվ թերապիայի մասնագետները ուղղակիորեն չեն զբաղվում հիվանդության բուժման, ոչ էլ նույնիսկ պացիենտի կյանքի երկարացման հարցերով։ Նրանց պարտականության մեջ է մտնում հոգ տանել, որ հիվանդության դեմ պայքարի ողջ ընթացքում պացիենտի միջավայրը լինի հնարավորինս հարմարավետ և հաճելի։ Այդպիսի մասնագետները խորապես համոզված են, որ անգամ ամենածանր հիվանդների դեպքում դրական տրամադրվածությանը նպաստող բուժմեթոդները շատ օգտակար են։ Բազմաթիվ հիմքեր կան հաստատելու, որ հույսը բարձրացնում է մարդու տրամադրությունը, դրական լիցքեր է հաղորդում և ոչ միայն։
Հույսի կարևորությունը
Բժշկական բնագավառի լրագրող դոկտոր Գիֆորդ-Ջոնսը գրել է. «Հույսը հզոր դեղամիջոց է»։ Նա քննել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքներ, որոնց նպատակն էր պարզել, թե մահացու հիվանդ պացիենտներին տրվող էմոցիոնալ աջակցությունը որքանով է կարևոր։ Ըստ երևույթին, նման աջակցությունը օգնում է մարդկանց ավելի լավատես լինել ու դրական տրամադրվածություն պահպանել։ 1989 թ.-ին կատարված մի հետազոտության արդյունքում պարզվել է, որ այդպիսի աջակցություն ստացած պացիենտները ավելի երկար են ապրում, թեև հարկ է նշել, որ համեմատաբար վերջերս կատարված նմանատիպ հետազոտությունների արդյունքները պակաս հուսադրող էին։ Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները հաստատել են, որ էմոցիոնալ աջակցություն ստացած պացիենտները ավելի հազվադեպ են տառապում դեպրեսիայով և ավելի քիչ ցավեր են ունենում, քան նրանք, ում կողքին ոչ ոք չկա։
Քննենք ևս մի հետազոտություն, որը միտված էր պարզելու, թե լավատեսությունն ու հոռետեսությունը ինչ դեր են ունենում սրտի իշեմիկ հիվանդություն ձեռք բերելու հարցում։ Հետազոտել էին ավելի քան 1 300 տղամարդկանց՝ տեսնելու համար՝ վերջիններս լավատես են, թե վատատես։ Դրանից տասը տարի անց այդ տղամարդկանց ավելի քան 12 տոկոսը սրտի իշեմիկ հիվանդություն էր ձեռք բերել, ընդ որում, հիվանդացածների մեջ հոռետեսների թիվը մոտ 2 անգամ գերազանցում էր լավատեսներին։ Հարվարդի առողջապահության ինստիտուտի առողջության և հասարակական վարքագծի ամբիոնի պրոֆեսոր Լորա Կուբզանսկին ասում է. «Այն գաղափարը, ըստ որի՝ լավատեսությունը դրական է անդրադառնում առողջության վրա, նախկինում գլխավորաբար հիմնված էր մարդկանց պատմածների վրա։ Սակայն սրտի հիվանդության հետ կապված այս հետազոտությունը այդ գաղափարի առաջին և բժշկական տեսանկյունից հիմնավորված ապացույցն է»։
Որոշ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր համարում են, թե լավ առողջություն չունեն, հետվիրահատական շրջանում ավելի դանդաղ են վերականգնվում՝ համեմատած այն մարդկանց, ովքեր կարծում են, թե լավ առողջություն ունեն։ Անգամ հայտնաբերվել է, որ կապ գոյություն ունի լավատեսության և երկարակեցության միջև։ Մի հետազոտության արդյունքում փորձել էին պարզել, թե ծերության վերաբերյալ դրական կամ բացասական տեսակետը ինչպես է անդրադառնում տարեց մարդկանց վրա։ Այդ փորձի ընթացքում տարեցներից ոմանց ցույց էին տվել, որ տարիքը իր հետ բերում է նաև դրական բաներ, ինչպիսիք են իմաստությունն ու կյանքի փորձը։ Դրանից անմիջապես հետո այդ տարեցների քայլվածքը զգալիորեն փոխվել էր. նրանք սկսել էին ավելի արագ և վստահ քայլել։ Սովորաբար տարեցները այդպիսի քայլվածք ձեռք են բերում 12 շաբաթ ակտիվ մարմնամարզությամբ զբաղվելու արդյունքում։
Իսկ ինչո՞վ է բացատրվում այն, որ հույսը, լավատեսությունն ու դրական մտքերը լավ են անդրադառնում առողջության վրա։ Գիտնականներն ու բժիշկները դեռ բավականաչափ չեն ուսումնասիրել մարդկային ուղեղն ու օրգանիզմը, որ տան այս հարցի պատասխանը։ Բայց նրանք, այնուամենայնիվ, որոշ ենթադրություններ անում են։ Օրինակ՝ նյարդաբանության մի պրոֆեսոր ասել է. «Հաճելի է լինել երջանիկ և հույսով լի։ Այդ հաճելի վիճակը կրճատում է սթրեսը, բացի այդ՝ նպաստում է, որ մարդու օրգանիզմը ծաղկունք ապրի։ Դա առողջությունը պահպանելու ևս մեկ միջոց է»։
Այս տեսակետը որոշ բժիշկների, հոգեբանների և գիտնականների գուցե նորություն թվա, բայց Աստվածաշունչ ուսումնասիրողների համար դա վաղուց արդեն հայտնի ճշմարտություն է։ Գրեթե 3 000 տարի առաջ իմաստուն Սողոմոն թագավորը գրել էր այդ մասին. «Ուրախ սիրտը բուժիչ է, բայց խոցված ոգին չորացնում է ոսկորները» (Առակներ 17։22)։ Ուշադրություն դարձրեք, թե այս խոսքում ինչ հավասարակշռված մոտեցում կա։ Այստեղ չի ասվում, թե ուրախ սիրտը բուժում է բոլոր հիվանդությունները, պարզապես ասվում է, որ այն «բուժիչ է»։
Եթե հույսը դեղամիջոց լիներ, ո՞ր բժիշկը այն չէր նշանակի իր պացիենտին։ Բայց հույսը միայն առողջության համար չէ, որ օգտակար է։
Լավատեսությունը, հոռետեսությունը և ձեր կյանքը
Հետազոտողները հայտնաբերել են, որ լավատես մարդկանց դրական տրամադրվածությունը շատ մեծ օգուտներ է բերում նրանց։ Սովորաբար նրանք ավելի մեծ հաջողությունների են հասնում դպրոցում, աշխատավայրում և նույնիսկ սպորտի ասպարեզում։ Օրինակ՝ դա է փաստում թեթև աթլետիկայով զբաղվող կանանց մի թիմի շրջանում անցկացված հետևյալ ուսումնասիրությունը։ Թիմի մարզիչներին խնդրեցին կին մարզիկների սպորտային տվյալների վերաբերյալ մանրամասն բնութագիր տալ և կանխատեսել, թե նրանք ինչ արդյունքներ կգրանցեն։ Այդ նույն հարցումը անցկացրին նաև հենց իրենց՝ մարզիկների շրջանում՝ իմանալու համար, թե արդյունքների հարցում իրենք ինչ հույսեր ունեն։ Հետաքրքիրն այն է, որ հույսի հիման վրա մարզիկների արած կանխատեսումները ավելի ճշգրիտ դուրս եկան, թեև մարզիչները կանխատեսումներ էին արել՝ հիմնվելով նրանց սպորտային տվյալների վրա։ Ուստի հարց է առաջանում. հույսն ինչո՞ւ է այդքան զորավոր։
Այս հարցում շատ բան պարզաբանեց լավատեսության ճիշտ հակառակի՝ հոռետեսության ուսումնասիրությունը։ 1960-ականներին կենդանիների վարքագծի ուսումնասիրությունների ընթացքում անսպասելի արդյունքներ գրանցվեցին, ինչի հիման վրա ստեղծվեց նոր տերմին՝ «ձեռքբերովի անօգնականություն»։ Գիտնականները հայտնաբերեցին, որ մարդկանց ևս հատուկ է «ձեռքբերովի անօգնականությունը»։ Օրինակ՝ այդ հետազոտությանը մասնակցած մի խումբ մարդկանց մոտ շատ բարձր, տհաճ ձայն միացրին և ասացին, որ նրանք կարող են անջատել այն, եթե որոշակի հերթականությամբ մի քանի կոճակ սեղմեն։ Ցուցումներին հետևելով՝ այդ մարդիկ անջատեցին ձայնը։
Երկրորդ խմբի մարդկանց նույն բանն ասացին, բայց կոճակները սեղմելուց հետո ձայնը չանջատվեց։ Ինչպես հասկանում եք, երկրորդ խմբի մարդկանցից շատերի մոտ անօգնականության զգացում առաջացավ։ Ավելի ուշ այդ նույն մարդկանց մոտ կրկին միացրին բարձր ձայնը, բայց նրանք անգամ չփորձեցին անջատել այն՝ համոզված լինելով, որ իրավիճակն անհույս է։ Սակայն հարկ է նշել, որ այդ նույն խմբում կային նաև լավատես մարդիկ, որոնք թույլ չտվեցին անհուսությանը հաղթանակ տանել։
Դոկտոր Մարտին Սելիգմանը, ով այս փորձարկումների համահեղինակներից էր, որոշեց իր կյանքը նվիրել լավատեսության և վատատեսության վերաբերյալ ուսումնասիրություններին։ Նա սկսեց ուսումնասիրել այն մարդկանց մտածողությունը, ովքեր իրենց անօգնական էին համարում։ Արդյունքում եկավ եզրակացության, որ հոռետես մտածելակերպը խանգարում է մարդուն կյանքում իր տեղը գտնել և անգամ անգործունյա է դարձնում նրան։ Հոռետես մտածելակերպի և դրա ազդեցության վերաբերյալ իր ուսումնասիրությունները ընդհանրացնելով՝ Սելիգմանն ասել է. «25 տարվա հետազոտություններս ինձ համոզեցին, որ եթե հոռետես մարդու պես սովոր ենք անհաջողակ համարել մեզ, սովոր ենք մտածել, թե անհաջողությունները հետապնդում են մեզ, և որ ինչին ձեռք ենք տալիս, չորանում է, ապա շատ հավանական է, որ այդպես էլ կլինի։ Մինչդեռ շատ բան այլ կերպ կարող էր դասավորվել, եթե հակառակը մտածեինք»։
Եվ կրկին այսպիսի եզրակացությունները կարող են ոմանց համար նորարարական թվալ, բայց ոչ Աստվածաշունչ ուսումնասիրողների։ Ուշադրություն դարձրեք հետևյալ խոսքերի վրա. «Եթե նեղության օրը վհատվես, քո ուժը խղճուկ կլինի» (Առակներ 24։10)։ Այո՛, Աստվածաշունչը հստակ բացատրում է, որ վհատությունը իրեն հատուկ բացասական մտքերի հետ մեկտեղ ուժասպառ է անում մարդուն՝ դարձնելով անգործունյա։ Ուստի ինչպե՞ս կարող եք պայքարել հոռետեսության դեմ և ձեր կյանքը լցնել հույսով ու լավատեսությամբ։
[նկար 4–5-րդ էջերի վրա]
Հույսը կարող է շատ բան փոխել