Հույս. իսկապես օգնո՞ւմ է
Հույս. իսկապես օգնո՞ւմ է
ԴԵՆԻԵԼՆ ընդամենը տասը տարեկան էր, և արդեն մեկ տարի է՝ պայքարում էր քաղցկեղի դեմ։ Նրան բուժող բժիշկները, ինչպես նաև հարազատները կորցրել էին հույսը, բայց ոչ Դենիելը։ Նա հավատում էր, որ կապաքինվի, կմեծանա, կդառնա գիտնական և մի օր կգտնի քաղցկեղի բուժումը։ Նա գլխավորաբար իր հույսը դրել էր մի բժշկի այցելության վրա։ Այդ բժիշկը մասնագիտացած էր քաղցկեղի հատկապես այն տեսակի բուժման մեջ, որով Դենիելն էր հիվանդ։ Երբ երկար սպասված օրը եկավ, պարզվեց, որ վատ եղանակի պատճառով բժիշկը չեղարկել է այցը։ Դենիելը թևաթափ եղավ։ Քաղցկեղի դեմ իր պայքարում նա առաջին անգամ կորցրեց հետաքրքրությունը ամեն ինչի հանդեպ և մի քանի օր անց մահացավ։
Այս պատմությունը պատմել է բժշկության ոլորտի մի մասնագետ, որն ուսումնասիրում է, թե հույսն ինչ ազդեցություն է գործում մարդու առողջության վրա։ Հնարավոր է՝ դուք էլ եք նմանատիպ պատմություններ լսել։ Օրինակ, թե ինչպես է մի տարեց մարդ մահվան անկողնում անձկագին սպասել իր հարազատի գալուն կամ ինչ-որ նշանակալից իրադարձության, և երբ դա տեղի է ունեցել, կարճ ժամանակ անց մահացել է։ Ո՞րն է գաղտնիքը։ Իրո՞ք հույսը կարող է այդքան մեծ ազդեցություն ունենալ, ինչպես կարծում են ոմանք։
Գնալով ավելանում է բժիշկ-գիտնականների թիվը, ովքեր չեն բացառում, որ լավատեսությունը, հույսն ու դրական էմոցիաները իսկապես զորեղ ազդեցություն ունեն մարդու կյանքի և առողջության վրա։ Բայց մասնագետներից բոլորը չէ, որ այդ կարծիքին են։ Նրանցից ոմանք հույսի վերաբերյալ այդ տեսակետը համարում են գիտության տեսանկյունից անհիմն հեքիաթ։ Նրանք հակված են մտածելու, որ ֆիզիկական հիվանդությունները բացառապես ֆիզիկական պատճառներ ունեն։
Հույսի ունեցած ազդեցության վերաբերյալ նման կասկածամտությունը նոր չէ։ Դեռևս հազարավոր տարիներ առաջ, երբ հույն փիլիսոփա Արիստոտելին խնդրեցին տալ հույսի սահմանումը, նա ասաց. «Հուսալ նշանակում է երազ տեսնել արթուն վիճակում»։ Իսկ ամերիկացի քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինը հույսի վերաբերյալ հեգնանքով ասել է. «Հույսով ապրողը սովից կմեռնի»։
Ուրեմն ի՞նչ է հույսը։ Փուչ երազա՞նք, որի միջոցով մարդիկ փորձում են մխիթարվել և փախչել դառը իրականությունից։ Թե՞ ծանրակշիռ պատճառ կա հավատալու, որ հույսը ոչ թե պարզապես երազանք է, այլ մի բան է, ինչն ունի ամուր հիմքեր և բերում է զգալի օգուտներ, մի բան, ինչի կարիքը բոլորս ունենք, որ լինենք առողջ ու երջանիկ։