Ո՞վ կարող է իսկական հույս տալ
Ո՞վ կարող է իսկական հույս տալ
ՁԵՐ ժամացույցը կանգ է առել, ու թվում է՝ փչացել է։ Այն նորոգելու համար ձեզ բազմաթիվ տարբերակներ են առաջարկում։ Ժամացույցների վերանորոգման հայտարարությունները ամենուր են։ Դրանցում համոզիչ խոստումներ են տրվում, բայց երբեմն այդ հայտարարությունների տեղեկությունները հակասում են իրար։ Պատահաբար իմանում եք, որ ձեր հարևանությամբ մի ժամագործ է ապրում, որն էլ ժամացույցի հենց այդ մոդելի հեղինակն է։ Ավելին, պարզվում է, որ նա պատրաստ է անվճար վերանորոգել ձեր ժամացույցը։ Դժվար չէ կռահել, թե ինչ կանեք։
Պատկերացրեք՝ այդ ժամացույցը հուսալու ձեր ունակությունն է։ Այս անհանգիստ ժամանակներում շատերն են հուսալքվել։ Եթե դուք այդ մարդկանցից մեկն եք, օգնության համար ո՞ւմ կդիմեք։ Բազմաթիվ մարդիկ պնդում են, թե կարող են լուծել այդ խնդիրը։ Բայց նրանց տված անհամար խորհուրդները հակասական են հնչում ու միայն ավելի են շփոթեցնում ձեզ։ Իսկ ինչո՞ւ չդիմեք այն Մեկին, ով մարդ արարածին հուսալու ունակությամբ է օժտել։ Աստվածաշնչում ասվում է, որ «նա [Աստված] մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» և պատրաստ է օգնության ձեռք մեկնել (Գործեր 17։27; 1 Պետրոս 5։7)։
Իրականում ի՞նչ է հույսը
«Հույս» հասկացությունը Աստծու Խոսքում ավելի լայն, ավելի խոր իմաստ ունի, քան այն հույսը, որի մասին խոսում են մերօրյա բժիշկները, գիտնականներն ու հոգեբանները։ Աստվածաշնչի բնագիր լեզուներում «հույս» թարգմանված բառը նշանակում է «մեծ փափագով սպասել», «լավ բան ակնկալել»։ Ըստ էության, հույսը երկու մասից է բաղկացած. ինչ-որ լավ բան ունենալու ցանկությունից և հիմքից, որ ակնկալիքը կիրականանա։ Համաձայն Աստվածաշնչի՝ հույսը տարբերվում է սին երազանքներից։ Այն հիմնված է փաստերի և ապացույցների վրա։
Այս առումով հույսը նման է հավատին, որը նույնպես պետք է հիմնված լինի փաստերի ու ապացույցների վրա և տարբերվի դյուրահավատությունից (Եբրայեցիներ 11։1)։ Այնուամենայնիվ, Աստվածաշունչը տարբերություն է դնում հավատի և հույսի միջև (1 Կորնթացիներ 13։13)։
Պարզաբանենք օրինակով։ Ենթադրենք՝ ձեր մտերիմ ընկերոջը խնդրում եք ինչ-որ բան անել։ Դուք հույս ունեք, որ նա կօգնի, և այդ հույսը անհիմն չէ, քանի որ հավատում եք, վստահում եք ձեր ընկերոջը. դուք լավ եք ճանաչում նրան և նախկինում բազմիցս տեսել եք, թե ինչպես է բարություն և առատաձեռնություն դրսևորել։ Ձեր հավատն ու հույսը սերտորեն կապված են իրար, նույնիսկ փոխկապակցված են, բայց, այնուամենայնիվ, դրանք նույն բանը չեն։ Իսկ ինչպե՞ս կարող եք նույն ձևով Աստծու վրա հույս դնել։
Հիմք՝ հուսալու համար
Աստված իսկական հույսի Աղբյուրն է։ Աստվածաշնչում Եհովան կոչվում է «Իսրայելի հույս» (Երեմիա 14։8)։ Եհովայի ժողովրդի ունեցած բոլոր հույսերը նրա հետ էին կապված, դրա համար էլ նա էր նրանց հույսը։ Այդպիսի հույսը խիստ տարբերվում է երազանքից։ Աստված նրանց ամուր հիմքեր էր տվել հուսալու համար։ Դարերի ընթացքում նա միշտ իրականացրել էր իր տված բոլոր խոստումները։ Իսրայելացիների առաջնորդ Հեսուն այս մասին ասաց. «Դուք լավ գիտեք.... որ այն բարի խոսքերից և ոչ մեկը, որ ձեր Աստված Եհովան խոսեց ձեզ հետ, առանց կատարվելու չմնաց» (Հեսու 23։14)։
Հազարավոր տարիներ են անցել, բայց այս խոսքերը չեն կորցրել իրենց ուժը. դրանք այսօր էլ են մարդուն հավատով լցնում։ Աստվածաշունչը լի է Արարչի տված հիանալի խոստումներով։ Պատմական ճշգրիտ արձանագրությունները փաստում են, որ Եհովան միշտ իր խոսքի տերն է լինում։ Նրա մարգարեական խոստումներն այնքան վստահարժան են, որ երբեմն դրանք տալիս նա այնպես է խոսում, կարծես արդեն կատարվել են։
Դրա համար էլ կարելի է ասել, որ Աստվածաշունչը հույս տվող գիրք է։ Որքան շատ իմանաք այն մասին, թե դարերի ընթացքում Աստված ինչպես է վարվել մարդկանց հետ, այնքան ավելի շատ պատճառներ կունենաք նրա վրա հույս դնելու։ Պողոս առաքյալը գրեց. «Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի մեր տոկունությամբ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք» (Հռոմեացիներ 15։4)։
Աստված ի՞նչ հույս է տվել մեզ
Մարդն ամենից շատ ե՞րբ է հույսի կարիք ունենում։ Երբ մահը թակում է դուռը, այնպես չէ՞։ Սովորաբար հարազատ կորցնելիս մարդու բոլոր հույսերը հօդս են ցնդում։ Ի վերջո, մահվանից ավելի ի՞նչը կարող է հուսախաբ անել։ Այդ անողորմ դահիճը կրնկակոխ հետապնդում է մեզանից յուրաքանչյուրին։ Մենք կարող ենք հետաձգել մահվան գալուստը, բայց անզոր ենք հաղթանակ տանել դրա դեմ։ Պատահական չէ, որ Աստվածաշնչում մահը կոչվում է «վերջին թշնամի» (1 Կորնթացիներ 15։26)։
Մի՞թե սա նշանակում է, որ մահից ազատվելու ոչ մի հույս չկա։ Աստվածաշնչյան այն համարում, որտեղ մահը կոչվում է վերջին թշնամի, նաև ասվում է, որ այն ոչնչացվելու է։ Եհովա Աստված անհամեմատ զորեղ է, քան մահը։ Նա փաստել է դա՝ հարություն տալով մահացածներին։ Աստվածաշնչում այդպիսի ինը արձանագրություն կա։
Առավել հատկանշական է այն դեպքը, երբ Եհովան իր Որդուն՝ Հիսուսին, զորություն տվեց, որ վերջինս հարություն տա իր թանկագին ընկեր Ղազարոսին։ Ղազարոսն արդեն չորս օր է՝ մահացել էր։ Ընդ որում, Հիսուսը հարություն տվեց նրան ոչ թե գաղտնաբար, այլ մի մեծ բազմության աչքի առաջ (Հովհաննես 11։38–48, 53; 12։9, 10)։
Հնարավոր է՝ մտածեք. «Ո՞րն էր այդ մարդկանց հարություն տալու նպատակը, չէ՞ որ նրանք ի վերջո, կրկին մահացան»։ Դա իհարկե այդպես է, բայց հարության վերաբերյալ այս վստահարժան արձանագրությունները փաստում են, որ մեր մահացած հարազատներին կրկին տեսնելու ցանկությունը լոկ երազանք չէ, մենք ծանրակշիռ հիմքեր ունենք հավատալու, որ այդպես էլ կլինի։ Այլ կերպ ասած՝ մենք անսասան հույս ունենք։
Հիսուսն ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը» (Հովհաննես 11։25)։ Եհովան Հիսուսին օժտել է զորությամբ, որ ոչ թե մեկ-երկու հոգու հարություն տա, այլ շատ շատերին։ Հիսուսն ասաց. «Գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, նրա ձայնը կլսեն և դուրս կգան» (Հովհաննես 5։28, 29)։ Այո՛, գերեզմանում գտնվող բոլոր մահացածները երկրային դրախտում հարություն են առնելու։
Տեսեք, թե Եսայիա մարգարեն այդ հուզիչ իրադարձությունը ինչպես է նկարագրել. «Քո մահացածներն ապրելու են։ Մեր դիերը վեր են կենալու։ Արթնացե՛ք և ուրախ բացականչե՛ք, ո՛վ հողի մեջ բնակվողներ։ Քո ցողը փիփերթի ցողի պես է։ Երկիրը ծնունդ կտա նույնիսկ անզոր մեռելներին» (Եսայիա 26։19)։
Մի՞թե սա մխիթարական խոստում չէ։ Մահացածները գտնվում են հնարավոր ամենաապահով վայրում։ Ինչպես չծնված երեխան է ապահով իր մոր արգանդում, այնպես էլ գերեզմանում լինողներն են լիովին ապահով, քանի որ գտնվում են Ամենակարող Աստծու անսահման հիշողության մեջ (Ղուկաս 20։37, 38)։ Եվ շուտով նրանք կրկին կյանքի են կոչվելու, որ ապրեն երջանիկ աշխարհում, որտեղ ուրախությամբ կընդունեն նրանց։ Դա նման կլինի այն բանին, երբ ջերմ ու հոգատար ընտանիքը առաջին անգամ գիրկն է առնում երկար սպասված մանկիկին։ Ուստի անգամ մահը պատճառ չէ հուսալքվելու համար։
Որքանո՞վ է կարևոր հույսը
Պողոս առաքյալը շատ բան է սովորեցրել այն մասին, թե հույսն ինչ կարևորություն ունի։ Նա նշել է, որ հույսը հոգևոր սպառազինության կարևորագույն մասերից է։ Պողոսն այն համեմատել է սաղավարտի հետ (1 Թեսաղոնիկեցիներ 5։8)։ Ինչո՞ւ։ Աստվածաշնչյան ժամանակներում զինվորը մարտի գնալիս երկաթյա սաղավարտ էր կրում, որի տակից սովորաբար բրդյա կամ կաշվե գլխարկ էր դնում։ Սաղավարտի շնորհիվ գլխին հասցված հարվածների մեծ մասը մահացու վնաս չէր պատճառում զինվորին։ Այս օրինակով Պողոսն ի՞նչ էր ուզում սովորեցնել։ Ինչպես սաղավարտն էր պաշտպանում զինվորի գլուխը, այնպես էլ հույսն է պաշտպանում մարդու միտքը։ Եթե անսասան հույս ունեք, որը ներդաշնակ է Աստծու նպատակներին, ձեզ բաժին ընկած ոչ մի դժվարությունից չեք կորցնի ձեր հոգեկան հավասարակշռությունը, խուճապի չեք մատնվի և չեք հուսալքվի։ Մեզանից ո՞վ կհրաժարվեր այդպիսի սաղավարտից։
Պողոսը մեկ այլ ազդեցիկ օրինակ էլ է բերում բացատրելու համար, թե հույսը ինչ կապ ունի Աստծու կամքի հետ։ Նա գրել է. «Այս հույսը խարսխի նման է մեր հոգու համար. այն թե՛ հուսալի է, թե՛ հաստատ» (Եբրայեցիներ 6։19)։ Քանի որ առաքյալը մեկ անգամ չէ, որ նավաբեկության էր ենթարկվել, նա շատ լավ գիտեր, թե խարիսխը որքան կարևոր է։ Փոթորկի ժամանակ նավաստիները խարիսխ էին գցում։ Եթե այն հասնում էր ծովի հատակին և ամուր մխրճվում էր դրա մեջ, ապա հավանականություն կար, որ նավը փոթորկից սաստիկ չէր վնասվի, և քամին չէր կոտրի այն՝ զարկելով ափամերձ ժայռերին։
Եթե Աստծու խոստումները մեզ համար խարսխի պես հուսալի ու հաստատ են, ապա կարող են օգնել, որ այս փոթորկալից ժամանակներում ոգով ամուր մնանք։ Եհովան խոստացել է, որ շուտով մարդկությունն այլևս չի տառապի պատերազմներից, հանցագործություններից, դժբախտություններից և անգամ՝ մահից (տես «Հույս ունենալու հիմքեր» շրջանակը)։ Եթե կառչենք այդ հույսից, այն կարող է մեզ համար դառնալ խարիսխ, որն անհրաժեշտ է փոթորկից վերապրելու համար, ինչպես նաև կարող է անհրաժեշտ ուժը տալ, որ ապրենք Աստծու չափանիշներով և թույլ չտանք, որ այս աշխարհում տիրող անբարո ոգին ու քաոսը կլանեն մեզ։
Եհովայի տված հույսը անձամբ ձեզ էլ կարող է օգնել։ Նա ուզում է՝ վայելեք այն կյանքը, որը նպատակադրել է ձեզ համար։ Նրա «կամքն է, որ ամեն տեսակ մարդիկ.... փրկվեն»։ Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։ Նախ յուրաքանչյուրը պետք է «ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանա» (1 Տիմոթեոս 2։4)։ Հորդորում ենք ձեզ Աստծու Խոսքի ճշմարտության մասին փրկարար գիտելիքներ ձեռք բերել և ապրել դրանց համաձայն։ Արարիչը իր Խոսքի միջոցով այնպիսի հույս է տալիս, որի հետ չի կարող համեմատվել ոչ մի ուրիշ հույս, որ տալիս է այս աշխարհը։
Աստծու տված հույսի շնորհիվ դուք երբեք չեք վհատվի։ Նա կարող է ձեզ անհրաժեշտ ուժ տալ՝ իրագործելու ցանկացած նպատակ, որը ներդաշնակ է իր կամքին (2 Կորնթացիներ 4։7; Փիլիպպեցիներ 4։13)։ Մի՞թե դա հենց այն հույսը չէ, որի կարիքը ունեք։ Այսպիսով, եթե դուք հույսի կարիք ունեք, եթե երկար ժամանակ է, ինչ փնտրում եք այն, մի՛ հանձնվեք։ Այդ հույսը հասանելի է։ Դուք կարո՛ղ եք գտնել այն։
[շրջանակ/նկար 10-րդ էջի վրա]
Հույս ունենալու հիմքեր
Սուրբգրային հետևյալ մտքերը կարող են հույսով լցնել ձեզ։
▪ Աստված երջանիկ ապագա է խոստանում։
Նրա Խոսքում ասվում է, որ ամբողջ երկիր մոլորակը դրախտ է դառնալու, որտեղ բնակվելու է մարդկային երջանիկ և միասնական ընտանիքը (Սաղմոս 37։11, 29; Եսայիա 25։8; Հայտնություն 21։3, 4)։
▪ Աստված չի կարող ստել։
Նա ատում է սուտը իր բոլոր դրսևորումներով։ Եհովան անսահման մաքուր է, կամ՝ սուրբ, ուստի չի կարող ստել (Առակներ 6։16–19; Եսայիա 6։2, 3; Տիտոս 1։2; Եբրայեցիներ 6։18)։
▪ Աստված անսահման զորություն ունի։
Միայն Եհովան է ամենակարող։ Ոչինչ չի կարող խանգարել նրան իրականացնել իր նպատակները (Ելք 15։11; Եսայիա 40։25, 26)։
▪ Աստված ուզում է, որ հավիտյան ապրեք։
(Հովհաննես 3։16; 1 Տիմոթեոս 2։3, 4)։
▪ Աստված մեզ հետ հույսեր է կապում։
Նա կենտրոնանում է ոչ թե մեր թերությունների ու սխալների վրա, այլ լավ հատկությունների և ջանքերի (Սաղմոս 103։12–14; 130։3; Եբրայեցիներ 6։10)։ Նա հույս ունի, որ կանենք այն, ինչ ճիշտ է, և ուրախանում է, երբ այդպես ենք անում (Առակներ 27։11)։
▪ Աստված խոստանում է, որ կօգնի ձեզ իրագործել այն նպատակները, որոնք չեն հակասում իր կամքին։
Աստծու ծառաները երբեք չպետք է անօգնական զգան իրենց։ Նրանց օգնելու համար Արարիչը առատաձեռնորեն տալիս է իր սուրբ ոգին՝ տիեզերքի ամենազորեղ ուժը (Փիլիպպեցիներ 4։13)։
▪ Աստծուն հուսացողները երբեք չեն հիասթափվի։
Նա արժանի է ձեր լիակատար վստահությանը։ Աստված երբեք չի հիասթափեցնի ձեզ (Սաղմոս 25։3)։
[նկար 12-րդ էջի վրա]
Ինչպես սաղավարտն է պաշտպանում զինվորի գլուխը, այնպես էլ հույսն է պաշտպանում մարդու միտքը
[նկար 12-րդ էջի վրա]
Ամուր հիմքեր ունեցող հույսը խարսխի նման կարող է կայուն պահել ձեր հոգեկան աշխարհը
[թույլտվությամբ]
Courtesy René Seindal/Su concessione del Museo Archeologico Regionale A. Salinas di Palermo