Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս հաղթահարեմ սթրեսը դպրոցում

Ինչպե՞ս հաղթահարեմ սթրեսը դպրոցում

ԳԼՈՒԽ 18

Ինչպե՞ս հաղթահարեմ սթրեսը դպրոցում

«Դպրոցում ճնշումներն այնքան շատ էին, որ ուզում էի միաժամանակ և՛ լացել, և՛ գոռալ» (Շերոն)։

«Սթրեսը չի անցնում, նույնիսկ երբ մեծանում ես, պարզապես պատճառներն են փոխվում» (Ջեյմս)։

ՔԵԶ թվում է, թե ծնողներդ չե՞ն հասկանում, թե որքան մեծ է քո սթրեսը դպրոցում։ Գուցե նրանք պատճառաբանեն, թե դու կարիք չունես մտածելու տան վարձերը մուծելու, ընտանիքին կերակրելու, գործատիրոջը հաճեցնելու մասին։ Բայցևայնպես, հավանաբար մեծ սթրեսի ես ենթարկվում, և նույնիսկ քո ճնշումներն ավելի ուժգին են, քան ծնողներինդ։

Սթրես կարող է պատճառել միայն դպրոց գնալ-գալը։ Թարան (ԱՄՆ) ասում է. «Հաճախ դպրոցական ավտոբուսի մեջ երեխաները սկսում էին կռվել, վարորդը կանգնեցնում էր ավտոբուսը ու բոլորին դուրս հանում։ Դրա համար էլ կես ժամ կամ ավել ուշանում էինք դասից»։

Իսկ սթրեսը նվազո՞ւմ է, երբ հասնում ես դպրոց։ Դժվար թե։ Գուցե բախվում ես հետևյալ իրավիճակներին։

Սթրես, որի պատճառը ուսուցիչն է։

«Ուսուցիչներս ուզում են, որ ես գերազանցիկ լինեմ, դրա համար էլ ինձ պարտավորված եմ զգում արդարացնելու նրանց սպասելիքները» (Սանդրա)։

«Ուսուցիչները բարձր պահանջներ ունեն աշակերտներից, հատկապես ընդունակ աշակերտներից և ամեն գնով ուզում են, որ նրանք հաջողության հասնեն» (Էյփրիլ)։

«Անգամ եթե լավ նպատակներ ես դրել քո կյանքում, բայց չես ձգտում ստանալ այն կրթությունը, որն, ըստ որոշ ուսուցիչների, պետք է ստանաս, նրանք քեզ բանի տեղ չեն դնում» a (Նաոմի)։

Ինչպե՞ս է քեզ վրա ազդում այն սթրեսը, որի պատճառը ուսուցիչդ է։

․․․․․

Սթրես, որի պատճառը հասակակիցներդ են։

«Բարձր դասարաններում երեխաները ավելի շատ ազատություն ունեն և կապերը կտրած են։ Եթե նրանց հետ չես, մտածում են, որ դու «լավ տղա» չես» (Քեվին)։

«Ամեն օր ինձ առաջարկում են խմել կամ սեքսով զբաղվել։ Երբեմն դժվար է լինում պայքարել չտրվելու ցանկության դեմ» (Ահարոն)։

«Ես 12 տարեկան եմ և ամենամեծ ճնշումը ինչ-որ մեկի հետ ընկերություն անելու գայթակղությունն է։ Դպրոցում բոլորը հարցնում են. «Դեռ ընկեր չունե՞ս»» (Ալեքսանդրա)։

«Բոլորը ճնշում էին ինձ, որ տղա գտնեմ։ Երբ ասում էի, որ չեմ ուզում, ինձ համասեռամոլ էին անվանում։ Այդ ժամանակ ես 10 տարեկան էի» (Քրիստա)։

Ինչպե՞ս է քեզ վրա ազդում այն սթրեսը, որի պատճառը հասակակիցներդ են։

․․․․․

Սթրեսի այլ պատճառներ։ Դիրնշանը այն տարբերակի կողքին, որը ավելի շատ է ճնշում քեզ կամ գրիր քո տարբերակը։

□ Քննություններ

□ Տնային աշխատանք

□ Ծնողների բարձր պահանջները

□ Քո հանդեպ բարձր պահանջներ

□ Խուլիգանություն և սեքս

□ Եվ այլն ․․․․․

Չորս քայլ սթրեսը նվազեցնելու համար

Իհարկե, ճիշտ չի լինի մտածել, որ դպրոցում ընդհանրապես խնդիրներ չեն լինի։ Բայց երբ սթրեսը չափից մեծ է, դու, ինչ խոսք, հայտնվում ես մեծ ճնշման տակ։ Իմաստուն Սողոմոնը գրել է. «Ճնշումները կարող են պատճառ լինել, որ իմաստունը անմտությամբ վարվի» (Ժողովող 7։7)։ Սակայն չպետք է թույլ տաս, որ նման բան պատահի քեզ։ Իսկ ինչպե՞ս։ Սովորիր վերահսկել սթրեսը։

Սթրեսը հաղթահարելը նման է ծանրություն բարձրացնելուն։ Հաջողության հասնելու համար ծանրամարտիկը պետք է նախապես լավ մարզված լինի։ Նա ճիշտ ձևով է բարձրացնում ծանրությունը և չի վերցնում չափից շատ քաշ ունեցող ծանրաձող, որը չի կարող բարձրացնել։ Այս կերպով մարզում է մկանները և չի վնասում իր օրգանիզմը։ Իսկ եթե ճիշտ ձևով չմարզվի, ապա կարող է կտրել մկանը կամ նույնիսկ կոտրել ոսկորը։

Դու նույնպես կարող ես սովորել հաղթահարել սթրեսը և արդյունավետորեն անել այն, ինչ քեզնից պահանջվում է՝ առանց քեզ վնասելու։ Ինչպե՞ս։ Կատարելով հետևյալ քայլերը։

1. Իմացիր, թե կոնկրետ ինչն է սթրեսի պատճառը։ «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում»,— ասում է մի իմաստուն առակ (Առակներ 22։3)։ Սակայն դու չես կարող խուսափել սթրեսից, եթե չգիտես, թե ինչն է հավանական պատճառը։ Նորից կարդա վերևում նշած քո տարբերակները։ Ինչի՞ց ես ավելի մեծ սթրես տանում հիմա։

2. Փնտրտուքներ արա։ Եթե կարծում ես, որ տնային աշխատանքիդ ծավալը մեծ է, ուսումնասիրիր այն առաջարկները, որ տրվում են «Երիտասարդների հարցերը» գրքի 2-րդ հատորում, գլուխ 13։ Իսկ եթե դասընկերներիցդ մեկը առաջարկում է քեզ սեքսով զբաղվել, կարդա նույն հատորի 2-րդ, 5-րդ և 15-րդ գլուխները։

3. Մի՛ դանդաղիր։ Եթե անտեսես խնդիրները, ապա դրանք ինքնաբերաբար չեն վերանա։ Հակառակը՝ ավելի կխորանան, ինչի պատճառով ավելի մեծ սթրեսի մեջ կընկնես։ Ուստի եթե արդեն որոշել ես, թե ինչպես ես հաղթահարելու ինչ-որ դժվարություն, մի՛ դանդաղիր։ Անմիջապես գործի անցիր։ Օրինակ՝ եթե Եհովայի վկա ես և ձգտում ես ապրել աստվածաշնչային չափանիշներով, լավ կլինի որքան հնարավոր է շուտ հայտնես այդ մասին բոլորին։ Դա կնվազեցնի քո սթրեսը։ Մարշան, որը 20 տարեկան է, ասում է. «Ամեն ուսումնական տարվա սկզբում փորձում էի խոսակցություն բացել որևէ թեմայի շուրջ և բացատրել, որ ապրում եմ աստվածաշնչյան չափանիշներով։ Նկատել եմ, որ ինչքան երկար ես լռում ու չես ասում, որ Վկա ես, այնքան ավելի դժվար է լինում հետո խոսել այդ մասին։ Ինձ համար ավելի հեշտ էր լինում շփվել դասընկերներիս հետ ողջ տարվա ընթացքում, եթե ասում էի իմ կրոնական դիրքորոշման մասին»։

4. Օգնության դիմիր։ Անգամ ամենաուժեղ ծանրամարտիկի ուժերը սահմանափակ են, քոնը նույնպես։ Սակայն պետք չէ բեռը մենակ կրել (Գաղատացիներ 6։2)։ Կարո՞ղ ես զրուցել ծնողներիդ կամ որևէ հասուն քրիստոնյայի հետ։ Ցույց տուր նրանց քո նշումները, որ արել ես այս գլխում։ Հարցրու, թե ինչ կարող են առաջարկել քեզ։

Դրակա՞ն սթրես

Գուցե չհավատաս, բայց սթրեսը դրական կողմեր էլ ունի։ Դա վկայում է այն մասին, որ դու պատասխանատվությամբ ես վերաբերվում ուսմանդ, և խիղճդ չի բթացել։ Ուշադրություն դարձրու, թե ինչ է Աստվածաշունչը ասում այն մարդու մասին, ով կարծես ընդհանրապես սթրես չի տանում. «Ինչքա՞ն ես պառկելու, ո՛վ ծույլ։ Ե՞րբ ես քնիցդ վեր կենալու։ Մի քիչ քուն, մի քիչ նինջ, մի քիչ ձեռքերը ծալած պառկել, և քո չքավորությունը կգա ավազակի պես, և կարիքը՝ զինված մարդու պես» (Առակներ 6։9–11

16-ամյա Հեյդին այս առնչությամբ ասում է. «Կարող է թվալ, թե դպրոցը շատ վատ տեղ է, բայց այն դժվարությունները, որ ունենում ես այնտեղ, կունենաս նաև, երբ աշխատես»։ Ինչ խոսք, հեշտ չէ հաղթահարել սթրեսը։ Սակայն եթե ճիշտ մոտեցում ունենաս, սթրեսը ոչ թե կվնասի, այլ ավելի ուժեղ անձնավորություն կդարձնի քեզ։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Եթե թողնես դպրոցը, խնդիրներդ կլուծվե՞ն։

[ծանոթագրություն]

a Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս այս գրքի 20-րդ գլուխը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Ձեր ամբողջ հոգսը [Աստծու] վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7

ԱՌԱՋԱՐԿ

Այն խնդիրները, որոնք քեզ սթրեսի մեջ են գցում, բաժանիր երկու խմբի՝ լուծելի և անլուծելի։ Նախ կենտրոնացիր այն խնդիրների վրա, որոնք կարող ես լուծել։ Դրանք լուծելուց հետո միայն, եթե իհարկե ժամանակ ունենաս, կարող ես մտածել այն խնդիրների մասին, որոնք չես կարող լուծել։

ԳԻՏԵԻ՞Ր

Բավականաչափ քնելը՝ առնվազն ութ ժամ, կօգնի ոչ միայն հաղթահարելու սթրեսը, այլև բարելավելու հիշողությունդ։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Սթրեսը հաղթահարելու համար որոշել եմ հնարավորության դեպքում գնալ քնելու ժամը ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ կատարելության ձգտելը ավելի մեծ սթրեսի մեջ կգցի քեզ։

● Ո՞ւմ հետ կարող ես խոսել, եթե սթրեսի մեջ ես։

[մեջբերում 132-րդ էջի վրա]

«Ամեն օր նախքան դպրոց տանելը հայրս աղոթում էր ինձ համար։ Դրա շնորհիվ միշտ ապահովության զգացում ունեի» (Լիզա)։

[նկար 131-րդ էջի վրա]

Սթրեսը հաղթահարելը նման է ծանրություն բարձրացնելուն։ Եթե ճիշտ մոտեցում ունենաս, ավելի ուժեղ կդառնաս