Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս տնօրինեմ ժամանակս

Ինչպե՞ս տնօրինեմ ժամանակս

ԳԼՈՒԽ 21

Ինչպե՞ս տնօրինեմ ժամանակս

Քանի՞ ժամ կուզեիր ավելացնել օրվան։ ․․․․․

Ինչի՞ վրա կծախսեիր այդ ժամերը։

□ Ընկերների

□ Քնի

□ Ուսումնասիրության

□ Եվ այլն ․․․․․

ԺԱՄԱՆԱԿԸ նման է արագավազ ձիու. որպեսզի օգուտներ ստանաս, պետք է սովորես կառավարել այն։ Տնօրինիր քո ժամանակը և կնվազեցնես սթրեսը, կբարելավես գնահատականներդ և կարժանանաս ծնողներիդ վստահությանը։ Սակայն գուցե ասես. «Լավ միտք է։ Բայց ավելի հեշտ է ասել, քան անել»։ Ինչ խոսք, դժվարություններ կլինեն, բայց դու կարող ես հաղթահարել դրանք։ Քննենք մի քանի օրինակ։

Դժվարություն #1. Գրաֆիկ կազմել

Ի՞նչը կարող է խանգարել քեզ։ Միայն գրաֆիկ կազմելու մասին միտքը կարող է քեզ վախի մեջ գցել։ Գուցե պատճառն այն է, որ սիրում ես ազատ ապրել և րոպեները չհաշվել։

Այնուամենայնիվ, ինչո՞ւ է կարևոր ունենալ գրաֆիկ։ Սողոմոն թագավորը գրել է. «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն» (Առակներ 21։5)։ Սողոմոնը շատ զբաղված մարդ էր. նա ուներ ամուսնական, հայրական պարտականություններ, ինչպես նաև պետք է ղեկավարեր երկիրը։ Ժամանակի ընթացքում նրա կյանքը ավելի լարված դարձավ։ Հավանաբար դու էլ ես շատ զբաղված։ Մեծանալու հետ մեկտեղ ավելի շատ պարտականություններ կունենաս։ Հետևաբար ինչքան շուտ սովորես կազմակերպված լինել, այնքան ավելի հեշտ կլինի քեզ համար։

Ի՞նչ են ասում հասակակիցներդ։ «Կես տարի առաջ սկսեցի կանոնավորաբար գրաֆիկ կազմել։ Ուզում էի նվազեցնել լարվածությունը, և այդ հարցում գրաֆիկ ունենալը ինձ շատ օգնեց» (Ջոյ)։

«Տարբեր գործերի համար ցուցակ ունենալը օգնում է ինձ չշեղվելու առօրյա ռիթմից։ Իսկ եթե պետք է լրացուցիչ ինչ-որ բան անեմ, մայրիկի հետ գրի ենք առնում մեր գործերը, որ տեսնենք, թե ինչպես կարող ենք անել դրանք» (Մելորի)։

Ի՞նչը կօգնի քեզ։ Պատկերացրու՝ պատրաստվում եք ընտանիքով ինչ-որ տեղ գնալ։ Բոլորը իրենց իրերը բերում և գցում են մեքենայի բեռնախցիկ։ Բայց տեսնում ես, որ այդպես հնարավոր չէ տեղավորել բոլոր իրերը։ Ի՞նչ անել։ Դու հանում ես դրանք և սկսում դասավորել. սկզբում տեղավորում ես մեծ պայուսակները, հետո փոքրերը։

Մեր կյանքում էլ է այդպես։ Եթե սկսես երկրորդական բաներից, ապա ամենակարևոր գործերի համար ժամանակ չի մնա։ Ուստի սկզբում պլանավորիր կարևոր գործերը և կզարմանաս՝ տեսնելով, թե ինչքան շատ ժամանակ կմնա մյուս գործերիդ համար (Փիլիպպեցիներ 1։10

Որո՞նք են ամենակարևոր գործերը, որ պետք է անես։

․․․․․

Իսկ հիմա թվարկիր դրանք ըստ կարևորության։ Եթե սկզբում ամենակարևոր գործերը անես, կտեսնես, որ բավական ժամանակ կունենաս մյուս բաների համար։

Ի՞նչ կարող ես անել։ Օրագրի մեջ նշիր, թե որ գործերն են առաջնահերթ։ Գուցե քեզ համար գործնական լինեն նաև հետևյալ միջոցները։

□ Օրացույց բջջային հեռախոսի մեջ

□ Փոքր բլոկնոտ

□ Համակարգչային օրացույց

□ Սեղանի օրացույց

Դժվարություն #2. Հետևել գրաֆիկին

Ի՞նչը կարող է խանգարել քեզ։ Պատկերացրու՝ դպրոցից տուն գալուց հետո ուզում ես հանգստանալ և ընդամենը մի քանի րոպե հեռուստացույց նայել։ Կամ էլ ուզում ես դասերդ սովորել ու հանկարծ sms ես ստանում. ընկերդ հրավիրում է քեզ կինո։ Կինոն չես կարող հետաձգել, բայց դասերդ կարող ես երեկոյան անել։ Դու նույնիսկ մտածում ես այսպես. «Երբ ժամանակ չեմ ունենում, դասերս ավելի արագ եմ անում»։

Այնուամենայնիվ, ինչո՞ւ լավ կլինի հետևել գրաֆիկին։ Քո գնահատականները, անկասկած, ավելի բարձր կլինեն, եթե տնային աշխատանքդ կատարես «թարմ» ուղեղով։ Բացի այդ, արժե՞ իրավիճակը ավելի բարդացնել, եթե առանց այդ էլ շատ բան ունես անելու։ Արժե՞ ուշ ժամի ու արագ-արագ պատրաստվել ստուգողական աշխատանքին։ Ի՞նչ վիճակում կլինես առավոտյան։ Հնարավոր է՝ քնած մնաս ու հետո ստիպված լինես ափալ-թափալ վազել դպրոց և ուշացած տեղ հասնել (Առակներ 6։10, 11

Ի՞նչ են ասում հասակակիցներդ։ «Ես սիրում եմ հեռուստացույց նայել, կիթառ նվագել, ընկերների հետ ժամանակ անցկացնել։ Վատ բան չեմ անում, բայց երբեմն դրանց պատճառով կարևոր գործերը չեմ հասցնում անել և հետո ամեն բան շտապելով եմ անում» (Ջուլիան)։

Ի՞նչը կօգնի քեզ։ Պլանավորիր ոչ միայն այն գործերը, որ պետք է անես, այլև այն գործերը, որ ուզում ես անել։ Ջուլիանը ասում է. «Ինձ համար հեշտ է անել անհրաժեշտ գործերը, եթե գիտեմ, որ հետո իմ սիրած գործը պետք է անեմ»։ Մեկ ուրիշ առաջարկ. դիր առաջնային նպատակը, իսկ հետո երկրորդականները, որ հավաստիանաս, որ չես շեղվում քո պլանից։

Ի՞նչ կարող ես անել։ Ի՞նչ մեկ կամ երկու ռեալ նպատակի կարող ես հասնել հաջորդ վեց ամիսների ընթացքում։

․․․․․

Ի՞նչ ռեալ նպատակի կարող ես հասնել հաջորդ երկու տարվա ընթացքում։ Ի՞նչ կարող ես այսօրվանից անել այդ նպատակդ իրականացնելու համար a։

․․․․․

Դժվարություն #3. Մաքուր և կազմակերպված լինել

Ի՞նչը կարող է խանգարել քեզ։ Գուցե ոչ մի կապ չես տեսնում մաքրության և կազմակերպվածության միջև։ Կարող է թվալ, որ թափթփված լինելը ավելի հեշտ է։ Չէ՞ որ վաղն էլ կարող ես մաքրել սենյակդ, կամ էլ կարելի է ընդհանրապես չմաքրել։ Բայց մի՞թե դա աննշան հարց է, որին չարժե ուշադրություն դարձնել։

Այնուամենայնիվ, ինչո՞ւ է կարևոր մաքուր ու կոկիկ լինել։ Երբ քո իրերը թափթփված են, դժվար է ինչ-որ բան արագ գտնել։ Իսկ երբ ամեն բան իր տեղում է, կարիք չկա, որ անհանգստացած ինչ-որ բան փնտրես (1 Կորնթացիներ 14։40

Ի՞նչ են ասում հասակակիցներդ։ «Երբ ժամանակ չեմ ունենում, որ շորերս տեղավորեմ, դրանք կուտակվում են, խառնվում, ու հետո ստիպված եմ լինում երկար փնտրել իմ ուզածը» (Մենդի)։

«Մեկ շաբաթ չէի կարողանում գտնել դրամապանակս։ Սթրեսի մեջ էի։ Ի վերջո, երբ սենյակս կարգի բերեցի, գտա» (Ֆրենկ)։

Ի՞նչը կօգնի քեզ։ Փորձիր վերցրած իրը անմիջապես իր տեղը դնել։ Այդպես վարվիր միշտ և ոչ թե այն ժամանակ, երբ արդեն ոչ մի բան իր տեղում չէ։

Ի՞նչ կարող ես անել։ Սովորություն դարձրու միշտ լինել մաքուր և կոկիկ ու կտեսնես, որ կյանքդ քիչ լարված կլինի։

Ժամանակը մի արժեքավոր բան է, որը նույն չափով ունեք թե՛ դու, թե՛ հասակակիցներդ և թե՛ ծնողներդ։ Եթե վատնես այն, ոչ մի բանի չես հասնի քո կյանքում։ Իսկ եթե իմաստնորեն տնօրինես այն, միայն օրհնություններ կհնձես։ Ընտրությունը քոնն է։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Ծնողներդ և դու տեղափոխվել եք ուրիշ երկի՞ր։ Չե՞ս հարմարվում նոր միջավայրին։ Ի՞նչ կարող ես անել, որ հանգամանքների փոփոխությունը քեզ վրա դրական ազդեցություն թողնի։

[ծանոթագրություն]

a Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս այս գրքի 39-րդ գլուխը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅՆԻՆ ՀԱՄԱՐԸ

«Հավաստիացիր, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10

ԱՌԱՋԱՐԿ

Մի՛ փորձիր միանգամից կիրառել բոլոր առաջարկները։ Հաջորդ ամսվա ընթացքում կիրառիր միայն մեկը։ Երբ ստացվի, անցիր հաջորդին։

ԳԻՏԵԻ՞Ր

Օրվա մեջ չափից շատ գործեր պլանավորելը քեզ սթրեսի մեջ կգցի։ Եթե առաջնահերթություններ դնես, կհասկանաս, թե որ գործերը պետք է անես, որոնք՝ ոչ։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Այն գործը, որին կարող եմ քիչ ժամանակ տրամադրել, ․․․․․

Այդ ժամանակը կօգտագործեմ ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչպե՞ս այսօրվանից ժամանակը պլանավորելը կօգնի քեզ կատարելու պարտականություններդ ապագայում։

● Ժամանակը բաշխելու հետ կապված ի՞նչ կարող ես սովորել ծնողներիցդ։

● Եթե արդեն գրաֆիկով ես ապրում, ի՞նչ փոփոխություններ կարող ես անել, որ այն ավելի արդյունավետ լինի։

[մեջբերում 154-րդ էջի վրա]

«Մի անգամ լսեցի, որ իմ մասին կատակով ասում են. «Եթե ուզում եք, որ նա ժամը չորսին գա, ուրեմն ասեք, որ գա երեքին»։ Այդ պահին հասկացա, որ պետք է սովորեմ ճիշտ ձևով տնօրինել ժամանակս» (Ռիկի)։

[շրջանակ 155-րդ էջի վրա]

Ինչի՞ վրա եմ ծախսում ժամանակս

Միջին հաշվով շաբաթվա ընթացքում 8-ից 18 տարեկան պատանիները ժամանակը ծախսում են հետևյալ կերպ.

17 ժամ

ծնողների հետ

30 ժամ

դպրոցում

44 ժամ

հեռուստացույց են դիտում, համակարգչային խաղեր են խաղում, հաղորդագրություններ են գրում և երաժշտություն են լսում

Գումարիր ժամերը, որ ամեն շաբաթ ծախսում ես

հեռուստացույց դիտելու ․․․․․

համակարգչային խաղեր խաղալու ․․․․․

ինտերնետից օգտվելու ․․․․․

երաժշտություն լսելու վրա ․․․․․

Ընդամենը ․․․․․

Ավելի կարևոր բաների վրա կծախսեմ այսքան ժամ՝ ․․․․․

[նկար 153-րդ էջի վրա]

Ժամանակը նման է արագավազ ձիու. պետք է սովորես կառավարել այն