Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս պաշտպանվեմ սեռական բռնությունից

Ինչպե՞ս պաշտպանվեմ սեռական բռնությունից

ԳԼՈՒԽ 32

Ինչպե՞ս պաշտպանվեմ սեռական բռնությունից

Ամեն տարի բռնաբարվում ու սեռական ոտնձգության են ենթարկվում միլիոնավոր մարդիկ, և հետազոտությունները ցույց են տալիս, որ գլխավոր թիրախը պատանիներն են։ Ըստ հաշվարկների՝ Միացյալ Նահանգներում բռնաբարության զոհերի մոտ կեսը 18 տարեկանից էլ փոքր է։ Քանի որ սեռական բռնությունը տարածված երևույթ է, կարևոր է, որ քննես այս թեման։

«Մինչև կհասկանայի, թե ինչ է կատարվում, նա բռնեց ինձ ու գցեց գետին։ Ես ամեն ինչ արեցի, որ ազատվեմ նրանից։ Հանեցի արցունքաբեր գազը, բայց նա խլեց ձեռքիցս։ Փորձեցի բղավել, բայց միայն օդ դուրս եկավ թոքերիցս։ Ես հրում էի, ոտքերով խփում էի, բռունցքներով հարվածում ու ճանկռում էի նրան։ Բայց հանկարծ դանակի սուր ծակոց զգացի... ամբողջ մարմինս թուլացավ» (Անետ)։

ՍԵՌԱԿԱՆ բռնությունը մեծ տարածում է գտել այսօր, և պատանիներն են հաճախ դառնում գլխավոր թիրախը։ Որոշ պատանիներ, Անետի նման, օտարների զոհն են դառնում, մյուսներն էլ հարևանների։ Նատալիի հետ հենց այդպես էր եղել։ Նա 10 տարեկան էր, երբ սեռական ոտնձգության ենթարկվեց հարևանությամբ ապրող տղայի կողմից։ «Ես այնքան վախեցած էի ու այնքան ամաչում էի, որ սկզբում ոչ մեկին ոչինչ չասացի»,— պատմում է նա։

Շատ պատանիներ էլ տանն են բռնության ենթարկվում։ «5–12 տարեկանում ես սեռական բռնության էի ենթարկվում հորս կողմից,— ասում է Կարմեն անունով մի կին։— Ի վերջո, կարողացա դիմադրել նրան, երբ 20 տարեկան էի։ Նա ներողություն խնդրեց, բայց մի քանի ամիս անց ինձ տնից դուրս արեց»։

Այսօր հարևանների, ընկերների կամ ընտանիքի անդամների կողմից սեռական բռնությունը շատ տարածված երևույթ է դարձել a։ Սակայն երեխաների շահագործումը նորություն չէ։ Այսպիսի ստոր արարքներ գործվել են նույնիսկ այն օրերում, երբ գրվում էր Աստվածաշունչը (Հովել 3։3; Մատթեոս 2։16)։ Այժմ ապրում ենք չափազանց դժվար ժամանակներում։ Շատ մարդիկ չունեն «բնական կապվածություն», և աղջիկները (նույնիսկ տղաները) դառնում են սեռական ոտնձգության զոհ (2 Տիմոթեոս 3։1–3)։ Թեև զգույշ լինելը ապահովության երաշխիք չէ, այնուհանդերձ, շատ բան կարող ես անել ինքդ քեզ պաշտպանելու համար։ Քննիր հետևյալը։

Զգոն եղիր։ Երբ դրսում ես, ուշադիր եղիր, թե ինչ է կատարվում շուրջդ։ Որոշ վայրերում լինելը վտանգավոր է, հատկապես գիշերը։ Հնարավորինս փորձիր չլինել այդ տեղերում կամ գոնե մենակ մի՛ եղիր (Առակներ 27։12

Սխալ տպավորություն մի՛ ստեղծիր։ Խուսափիր ֆլիրտից կամ ցանկահարույց հագուստ կրելուց։ Այդպիսի պահվածքը կարող է այնպիսի սխալ տպավորություն թողնել, թե ուզում ես սեքսով զբաղվել կամ առնվազն դեմ չես դրան (1 Տիմոթեոս 2։9, 10

Հստակ սահմաններ դիր։ Եթե ընկերություն ես անում, քննարկիր ընկերոջդ հետ, թե որ վարքն է ընդունելի, որը՝ ոչ b։ Սահմաններ դնելուց հետո աշխատիր չհայտնվել այնպիսի իրավիճակներում, երբ հնարավոր է՝ ենթարկվես սեռական ոտնձգության (Առակներ 13։10

Խոսիր։ Սխալ չէ հաստատակամորեն ասել՝ «մի՛ արա», «ձեռքդ քաշիր»։ Թող ընկերոջդ կորցնելու վախը քեզ հետ չպահի այդպես վարվելուց։ Եթե նա այդ պատճառով խզի ձեր հարաբերությունները, ուրեմն պետք էլ չէր, որ նա քո կողքին լիներ։ Ի վերջո, դու արժանի ես, որ կողքիդ իսկական տղամարդ լինի, որը արժանապատվորեն կվերաբերվի քո մարմնին ու կհարգի քո սկզբունքները c։

Զգույշ եղիր, երբ ինտերնետից ես օգտվում։ Երբեք անձնական այնպիսի ինֆորմացիա կամ նկարներ մի՛ տեղադրիր, որոնց միջոցով հնարավոր կլինի իմանալ քո գտնվելու վայրը d։ Իսկ եթե անբարո բովանդակությամբ հաղորդագրություն ես ստանում, լավ կլինի, որ չպատասխանես։ Լռության պատը թույլ չի տա ստոր մարդկանց քայլեր ձեռնարկել։

Նշված քայլերը կպաշտպանեն քեզ (Առակներ 22։3)։ Իրականում, սակայն, միշտ չէ, որ կարող ես ամեն բան քո հսկողության տակ պահել։ Օրինակ՝ ամեն անգամ չէ, որ մեկը կարող է ուղեկցել քեզ, նաև միշտ չէ, որ կարող ես խուսափել վտանգավոր վայրերից։ Հնարավոր է՝ ապրում ես այդպիսի վայրում։

Հավանաբար, քո դառը փորձից գիտես, որ ինչքան էլ ջանաս խուսափել փորձանքից, վատ դեպքեր կարող են պատահել։ Անետի նման, որի մասին արդեն խոսեցինք, գուցե քեզ վրա հանկարծակի հարձակվեն, կամ չկարողանաս դիմադրել։ Կամ էլ Կարմենի պես՝ թերևս զոհ ես դարձել երեխա ժամանակ, երբ անզոր ես եղել պաշտպանվելու և նույնիսկ լիարժեքորեն չես էլ հասկացել, թե ինչ է կատարվում։ Ինչպե՞ս կարող ես հաղթահարել մեղավորության զգացումը, որը հաճախ տանջում է սեռական բռնության ենթարկված մարդկանց։

Պայքարիր մեղավորության զգացումի դեմ

Անետը դեռ պայքարում է մեղավորության զգացումի դեմ։ Նա ասում է. «Ես իմ թշնամին եմ։ Գլխիս մեջ անընդհատ այդ գիշերն է։ Ինձ թվում է՝ պետք է ավելի ուժեղ պայքարեի նրանից ազատվելու համար։ Փաստն այն է, որ հարվածից հետո վախից անշարժացա։ Էլ ոչինչ չկարողացա անել, բայց պետք է անեի»։

Նատալին նույնպես պայքարում է մեղավորության զգացումի դեմ։ «Չպետք է վստահեի նրան,— ասում է նա։— Ծնողներս զգուշացրել էին, որ բակում խաղալիս ես ու քույրս միշտ միասին լինենք, բայց չլսեցի նրանց ու հարևանի տղային հնարավորություն տվեցի վնաս հասցնելու ինձ։ Տեղի ունեցածը մեծ ցավ պատճառեց ընտանիքիս, և ես ինձ եմ մեղադրում դրա համար։ Հիմա ամենից շատ այդ զգացումի դեմ եմ պայքարում»։

Ինչպե՞ս կարող ես պայքարել մեղավորության զգացումի դեմ, եթե նույն զգացումներն ունես, որն ունեն Անետն ու Նատալին։ Նախ փորձիր միշտ հիշել, որ եթե քեզ բռնաբարել են, դա քո կամքով չի եղել։ Որոշ մարդիկ արդարացնում են նման արարքը՝ ասելով՝ տղան տղա է մնում, և որ բռնաբարության զոհերը իրենք են առիթ տալիս։ Սակայն ոչ ոք չի ուզում, որ իրեն բռնաբարեն։ Եթե դու էլ ես դարձել այդպիսի ստոր արարքի զոհ, մի՛ մեղադրիր քեզ։

Իհարկե, «մի՛ մեղադրիր քեզ» ասելն ավելի հեշտ է, բայց այդպես վարվելը՝ դժվար։ Որոշ մարդիկ ինքնամփոփ են դառնում և լցվում մեղավորության ու այլ բացասական զգացումներով։ Սակայն ո՞վ է շահում արդյունքում՝ դո՞ւ, թե՞ հանցագործը։ Շատ կարևոր է, որ կիրառես հետևյալ խորհուրդները։

Պատմիր այդ մասին

Աստվածաշունչն ասում է, որ վհատության ամենածանր պահին արդար Հոբն ասաց. «Իմ մասին մտահոգությունս չպիտի զսպեմ, հոգուս դառնությամբ պիտի խոսեմ» (Հոբ 10։1 Քեզ համար էլ օգտակար կլինի այդպես վարվելը։ Եթե խոսես վստահելի անհատի հետ, ժամանակի ընթացքում կհամակերպվես պատահածի հետ և թեթևացում կզգաս։

Իսկ եթե քրիստոնյա ես, կարևոր է, որ խոսես ժողովի երեցների հետ։ Սիրառատ հովիվների մխիթարական խոսքերը կվստահեցնեն քեզ, որ որպես բռնաբարության զոհ՝ դու չես պղծվել ուրիշի մեղքի պատճառով։ Ահա թե ինչ է ասում Անետը. «Ես պատմեցի մտերիմ ընկերուհուս, և նա հորդորեց խոսել երեցների հետ։ Ուրախ եմ, որ հետևեցի նրա խորհրդին։ Նրանք մի քանի անգամ խոսեցին ինձ հետ և հստակ ասացին այն, ինչ անհրաժեշտ էր. տեղի ունեցածը իմ մեղքով չի եղել։ Ոչ մի բանում ես մեղավոր չեմ»։

Պատահածի մասին խոսելը ու զգացմունքներդ արտահայտելը կօգնեն չբարկանալու և վրեժխնդրությամբ չլցվելու (Սաղմոս 37։8)։ Դա կարող է նաև թեթևացում բերել քեզ, ինչը չես զգացել տարիներ շարունակ։ Երբ Նատալին պատմեց ծնողներին բռնաբարության մասին, հենց այդպիսի զգացում ունեցավ։ Նա ասում է. «Ծնողներս աջակցեցին ինձ։ Նրանք քաջալերեցին խոսել այդ մասին, և դա օգնեց, որ այդքան շատ չտխրեմ ու չբարկանամ»։ Նատալին նաև մխիթարություն ստացավ Եհովային աղոթելուց։ «Աստծու հետ խոսելն ինձ օգնում էր,— ասում է նա,— հատկապես այն պահերին, երբ չէի կարողանում խոսել ուրիշ մեկի հետ։ Երբ աղոթում եմ, ազատ արտահայտում եմ մտքերս։ Ես իսկապես խաղաղություն ու հանգստություն եմ զգում» e։

Դու նույնպես կտեսնես, որ «բուժվելու ժամանակ» կա (Ժողովող 3։3)։ Վստահիր ընկերներիդ, ովքեր նման են այն երեցներին, որոնց մասին խոսվում է որպես «քամու դեմ եղող պատսպարանի.... և փոթորկի դեմ եղող թաքստոցի» (Եսայիա 32։2)։ Հոգ տար քո ֆիզիկական ու էմոցիոնալ կարիքների մասին։ Բավականաչափ հանգստացիր։ Եվ ամենակարևորը, ապավինիր բոլոր մխիթարությունների Աստծուն՝ Եհովային, որը շուտով կբերի նոր աշխարհ, որտեղ «չարագործները կկործանվեն, իսկ Եհովային վստահողները երկիրը կժառանգեն» (Սաղմոս 37։9

[ծանոթագրություններ]

a Որոշ դեպքերում աղջկան բռնաբարում է այն տղամարդը, ում հետ նա ընկերություն է անում։ Երբեմն էլ այդ անհատը աղջկա հետ սեքսով է զբաղվում գաղտնաբար թմրադեղ տալուց հետո։

b Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս 2-րդ հատորը, գլուխ 4։

c Այս խորհուրդը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ աղջիկն է ստիպում տղային սեքսով զբաղվել։

d Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս 2-րդ հատորը, գլուխ 11։

e Երբեմն բռնաբարության զոհերը խոր դեպրեսիայի մեջ են ընկնում։ Այդպիսի դեպքերում իմաստուն կլինի դիմել բժշկի։ Դեպրեսիայի դեմ պայքարելու համար լրացուցիչ տեղեկություններ կարող ես ստանալ՝ ընթերցելով այս գրքի 13-րդ և 14-րդ գլուխները։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու, որովհետև մարդիկ կլինեն անձնասեր.... բնական կապվածություն չունեցող.... ինքնատիրապետում չունեցող, դաժան, առաքինություն չսիրող» (2 Տիմոթեոս 3։1–3

ԱՌԱՋԱՐԿ

Եթե սեռական բռնության զոհ ես դարձել, քեզ մոտ աստվածաշնչային համարների ցուցակ ունեցիր, որոնք կմխիթարեն քեզ։ Օրինակ՝ Սաղմոս 37։28; 46։1; 118։5–9; Առակներ 17։17 և Փիլիպպեցիներ 4։6, 7։

ԳԻՏԵԻ՞Ր

Միացյալ Նահանգներում սեռական ոտնձգության ենթարկված պատանիների 90 տոկոսը ճանաչում է հանցագործին։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Երբ համակվեմ մեղավորության զգացումով, ես ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Որո՞նք են բռնաբարության մասին խոսելու օգուտները։

● Ի՞նչ կպատահի քեզ կամ ուրիշներին, եթե լռես։

[մեջբերում 232-րդ էջի վրա]

«Շատ դժվար է խոսել այդ թեմայի շուրջ, բայց դա ամենաճիշտ բանն է, որ կարող ես անել։ Խոսելը օգնում է ազատվելու տխրությունից, բարկությունից և վերագտնելու ուժերը» (Նատալի)։

[շրջանակ 230-րդ էջի վրա]

«եթե ինձ սիրում ես...»

Որոշ տղամարդիկ բացահայտ բռնություն չեն գործադրում աղջիկների հանդեպ, այլ հմտորեն խաղում են նրանց զգացմունքների հետ։ Ինչպե՞ս։ Այսպիսի արտահայտություններ անելով՝ «ամեն մեկն էլ սեքսով զբաղվում է», «ոչ ոք չի իմանա», կամ, ինչպես նշվեց այս գրքի 24-րդ գլխում, «եթե ինձ սիրում ես, կանես դա»։ Մի՛ խաբվիր, եթե քեզ փորձում են համոզել, որ սեքսը նույնն է, ինչ սերը։ Փաստն այն է, որ նա մտածում է միայն իր հաճույքները բավարարելու մասին։ Նա չի մտածում քո մասին։ Իսկական տղամարդը քո շահերը իր շահերից վեր կդասի և ցույց կտա, որ բավական ուժ ունի Աստծու բարոյական չափանիշներից կառչած լինելու համար (1 Կորնթացիներ 10։24)։ Իսկական տղամարդը աղջիկներին չի վերաբերվի որպես սեքսով զբաղվելու միջոցի։ Փոխարենը՝ կվերաբերվի «երիտասարդ կանանց՝ ինչպես քույրերի՝ ամենայն մաքրությամբ» (1 Տիմոթեոս 5։1, 2

[նկար 233-րդ էջի վրա]

Բռնաբարության հետևանքով առաջացած զգացումները չափազանց ծանր են, և չես կարող մենակ կրել դրանք։ Դիմիր որևէ մեկի օգնությանը և խոսիր այդ մասին