Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ ենք միշտ վիճում

Ինչո՞ւ ենք միշտ վիճում

ԳԼՈՒԽ 2

Ինչո՞ւ ենք միշտ վիճում

Այս գլխի սկզբում նկարագրվող տեսարանում վեճ է սկսվում, քանի որ Ռեյչլը երեք սխալ է թույլ տալիս։ Փորձիր կռահել, թե որոնք են դրանք։ Ներքևում գրի առ պատասխանները, հետո համեմատիր քո գրածը  «Պատասխաններ» շրջանակի հետ (էջ 20)։

․․․․․

Չորեքշաբթի է։ Երեկո։ Ռեյչլը (17 տարեկան) ավարտել է տան գործերը։ Վերջապե՛ս։ Հիմա կարող է հանգստանալ։ Միացնում է հեռուստացույցը և տեղավորվում փափուկ բազկաթոռի մեջ։

Բայց հենց այդ պահին դռների մեջ հայտնվում է մայրը՝ թևերը կանթած։ «Ռե՛յչլ, ի՞նչ ես ժամանակ կորցնում հեռուստացույցի առաջ, գոնե քրոջդ օգնի, որ տնային աշխատանքն անի։ Մի օր կլինի՞ քեզ մի բան ասեն, ու անես»։

«Ըհը՜, էլի սկսվեց»,— քթի տակ փնթփնթում է Ռեյչլը։

Մայրը մոտենում է և հարցնում. «Ինչ ասացի՞ր, ա՛յ աղջիկ»։

«Հեչ, ոչ մի բան»,— աչքերը ոլորելով և հոգոց հանելով՝ պատասխանում է Ռեյչլը։

Մայրը զայրանում է. «Չհամարձակվե՛ս այդ տոնով խոսել»։

«Բա դո՞ւ ինչ տոնով ես խոսում»,— պատասխանում է Ռեյչլը։

Էլ ի՜նչ հանգիստ... Կռիվը սկսվեց...

ԾԱՆՈ՞Թ է քեզ այս տեսարանը։ Հաճա՞խ եք ծնողներիդ հետ վիճում։ Եթե այո, ապա մտածիր. ինչի՞ համար եք վիճում։ Դիրնշանը այն տարբերակի կողքին, որը համապատասխանում է քո հանգամանքներին, կամ «Եվ այլն»-ի կողքին գրիր քո տարբերակը։

□ Պահվածք

□ Տնային գործեր

□ Հագուստ

□ Ճշտապահություն

□ Զվարճություններ

□ Ընկերներ

□ Հակառակ սեռ

□ Եվ այլն

Ինչի համար էլ վիճեք, միևնույնն է, թե՛ դու, թե՛ ծնողներդ վատ դրության մեջ եք ընկնում։ Դե իհարկե, դու կարող ես լեզուդ ատամներիդ տակ դնել և ձևացնել, թե համաձայն ես ծնողներիդ հետ։ Բայց արդյոք Աստված դա՞ է ակնկալում քեզնից։ Ո՛չ։ Աստվածաշունչն ասում է, որ «պատվես քո հորն ու մորը» (Եփեսացիներ 6։2, 3)։ Սակայն մյուս կողմից՝ հորդորում է, որ «խորհելու կարողություն» զարգացնես և օգտագործես քո «բանականությունը» (Առակներ 1։1–4; Հռոմեացիներ 12։1)։ Այդպիսով դու կունենաս քո կարծիքը, ինչի պատճառով հնարավոր է, որ երբեմն քո և ծնողներիդ միջև տարակարծություններ լինեն։ Այնուհանդերձ, եթե կիրառեք Աստվածաշնչի սկզբունքները, կկարողանաք հանգիստ հաղորդակցվել, նույնիսկ եթե ձեր ջուրը մի առվով չի հոսում (Կողոսացիներ 3։13

Ինչպե՞ս կարող ես արտահայտվել, որ խոսակցությունը պատերազմի չվերածվի։ Հեշտ է ասել. «Խնդիրը ծնողներիս մեջ է։ Չէ՞ որ նրանք են, որ անդադար ինձնից դժգոհում են»։ Բայց մտածիր. կարո՞ղ ես փոխել մարդկանց, այդ թվում նաև ծնողներիդ։ Անկեղծ ասած՝ միակ անձնավորությունը, որին կարող ես փոխել, դու ես։ Եվ եթե հնարավոր ամեն բան անես լարվածությունը թուլացնելու համար, ծնողներդ, ամենայն հավանականությամբ, չեն բարկանա և ուշադրությամբ կլսեն քեզ։

Ուստի եկ տեսնենք, թե դու ինչ կարող ես անել, որ վեճը դադարի։ Կիրառիր ներքոհիշյալ առաջարկները և ձեռք կբերես հաղորդակցվելու նոր ունակություններ, ինչը կզարմացնի ծնողներիդ, ինչու չէ, նաև քեզ։

Մտածիր, հետո խոսիր։ Միանգամից մտքիդ եկածը մի՛ ասա պաշտպանվելու համար։ Պատկերացրու՝ մայրդ ասում է. «Ինչո՞ւ չես լվացել ամանները։ Դու երբեք չես անում, ինչ քեզ ասում են»։ Անմտածված պատասխանը այսպես կհնչի. «Օ՜ֆ, ամեն ինչի վրա խոսում ես»։ Գործի դիր խորհելու կարողությունդ։ Փորձիր կենտրոնանալ ոչ թե խոսքերի, այլ այն բանի վրա, թե ինչ է զգում մայրդ։ Սովորաբար «միշտ», «երբեք» բառերը չպետք է ուղղակի իմաստով հասկանալ։ Դրանց տակ ուրիշ բան է թաքնված։ Ի՞նչ։

Գուցե մայրդ ջղայնացած է, քանի որ ծանրաբեռնված է տարբեր գործերով։ Թերևս պարզապես պետք է հավաստիացնել, որ կօգնես նրան։ Եթե ծանրաբեռնվածությունն է խնդիրը, «օ՜ֆ, ամեն ինչի վրա խոսում ես» ասելը ոչ մի օգուտ չի բերի, այլ միայն վեճի առիթ կդառնա։ Ուստի կարող ես հանգստացնել մայրիկիդ՝ ասելով. «Մի՛ անհանգստացիր, մա՛մ, ես հենց հիմա կլվանամ ամանները»։ Զգուշացում. հեգնանքով մի՛ խոսիր։ Կարեկցանք դրսևորիր։ Այդ դեպքում մայրդ մեղմորեն կասի, թե որն է խնդիրը a։

Գրի առ, թե քո հոր կամ մոր որ խոսքերը քեզ կարող են հունից հանել։

․․․․․

Իսկ հիմա մտածիր, թե ինչ ես ասելու։ Պատասխան տուր ոչ թե նրանց ասած խոսքերին, այլ թաքնված զգացմունքներին։

․․․․․

Խոսիր հարգալից տոնով։ Միշելը անձնական փորձից գիտի, որ շատ կարևոր է, թե ինչպես է խոսում իր մոր հետ։ Նա ասում է. «Կապ չունի, թե ինչի մասին ենք խոսում, մորս միշտ զայրացնում է իմ տոնը»։ Եթե դու էլ նույն խնդիրը ունես, սովորիր հանգիստ ու դանդաղ խոսել, խուսափիր աչքերդ ոլորելուց, քո դժգոհությունն արտահայտող միմիկաներ կամ ժեստեր անելուց (Առակներ 30։17)։ Իսկ եթե քեզ թվում է, թե ուր որ է կպայթես, մտքումդ կարճ աղոթիր (Նեեմիա 2։4)։ Ինչ խոսք, քո նպատակը Աստծուց զորություն ստանալը չէ ծնողիդ «հաղթելու» համար, այլ ինքնատիրապետում դրսևորելը, որպեսզի կրակի վրա յուղ չլցնես (Հակոբոս 1։26

Ներքևում գրի առ, թե ինչ խոսքերից ու պահվածքից դու պետք է խուսափես։

Խոսքեր

․․․․․

Միմիկա և ժեստեր

․․․․․

Լսիր։ Աստվածաշունչն ասում է. «Խոսքերի շատության դեպքում հանցանքն անպակաս է» (Առակներ 10։19)։ Ուստի թույլ տուր, որ հայրդ կամ մայրդ խոսեն, և ուշադիր լսիր։ Մի՛ ընդհատիր նրանց, որպեսզի արդարացնես քեզ։ Պարզապես լսիր։ Եթե ուզում ես քո տեսակետը արտահայտել կամ հարցեր տալ, լավ կլինի սպասես, մինչև նրանք ավարտեն իրենց ասելիքը։ Իսկ եթե հենց այդ պահին երկու ոտքդ դնես մի կոշիկի մեջ և քո կարծիքն առաջ տանես, ապա իրավիճակը ավելի կլարվի։ Անգամ եթե շատ բան ունես ասելու, այդ պահին գուցե տեղին է լռել (Ժողովող 3։7

Պատրաստ եղիր ներողություն խնդրելու։ Լավ կլինի միշտ ներողություն խնդրես, եթե արել ես մի բան, որի պատճառով վեճ է առաջացել (Հռոմեացիներ 14։19)։ Կարող ես ներողություն խնդրել նույնիսկ այն բանի համար, որ խոսակցությունը վեճի վերածվեց։ Եթե քեզ համար դժվար է երես առ երես դա անել, փորձիր գրավոր կերպով հայտնել քո զղջումը։ Կարող ես նաև «երկու մղոն» գնալ, այսինքն՝ փոխել քո պահվածքը, որի պատճառով վեճ է ծագում (Մատթեոս 5։41)։ Օրինակ՝ եթե վեճի պատճառը ինչ-որ գործ չանելն է, փորձիր կատարել քեզ հանձնարարված գործը՝ հաճելի անակնկալ մատուցելով ծնողներիդ։ Նույնիսկ եթե դա քո սրտով չէ, ավելի լավ է անել, քան տհաճ պատմությունների մեջ ընկնել (Մատթեոս 21։28–31)։ Մտածիր, թե ինչ օգուտներ կստանաս, եթե ամեն բան անես, որ թուլացնես լարվածությունը։

Անգամ երջանիկ ընտանիքներում են վեճեր լինում, սակայն նրանք կարողանում են դրանք հարթել։ Զարգացրու այն ունակությունները, որոնց մասին խոսվեց այս գլխում, և կտեսնես, որ կարող ես ծնողներիդ հետ խոսել անգամ լուրջ թեմաների շուրջ՝ առանց վիճելու։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Կարծում ես, որ ծնողներդ քեզ ավելի՞ շատ ազատություն պետք է տան։ Եթե այո, ապա ի՞նչ կարող ես անել։

[ծանոթագրություն]

a Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Երիտասարդների հարցերը» գրքի 2-րդ հատորը, գլուխ 21։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Արդարի սիրտը մտածում է, թե ինչ պատասխանի» (Առակներ 15։28

ԱՌԱՋԱՐԿ

Երբ ծնողներդ քեզ հետ խոսում են, անջատիր երաժշտությունը, մի կողմ դիր գիրքը կամ ամսագիրը և տեսողական կապ պահպանիր։

ԳԻՏԵԻ՞Ր

Եթե ջանք թափես, որ հարթես վեճը կամ կանխես այն, ավելի հեշտ կլինի քեզ համար։ Աստվածաշունչն ասում է, որ «սիրառատ բարություն ցուցաբերող մարդը լավություն է անում իր հոգուն» (Առակներ 11։17

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Այս գլխում տրվող առաջարկներից ամենաշատը պետք է ձգտեմ կիրառել հետևյալը՝․․․․․

Ես վճռել եմ կիրառել այս առաջարկը (նշիր ամսաթիվը) ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ են քո հասակակիցներից ոմանք մտածում, որ անպայման պետք է վեճից հաղթող դուրս գալ։

● Ինչո՞ւ է Եհովա Աստված կռվասեր անհատին հիմար համարում (Առակներ 20։3

● Ի՞նչ օգուտներ կստանաս դու, եթե ձգտես թուլացնել լարվածությունը։

[մեջբերում 18-րդ էջի վրա]

«Մայրս երբեմն ներողություն է խնդրում և գրկում է ինձ։ Դա շատ հաճելի է։ Հետո մոռանում ենք եղածը։ Ես էլ եմ փորձում այդպես անել։ Հպարտությունը մի կողմ դնելը և անկեղծորեն ներողություն խնդրելը շատ է օգնում ինձ, թեև այդպես վարվելը այդքան էլ հեշտ չէ» (Լորեն)։

 [շրջանակ 20-րդ էջի վրա]

պատասխաններ

 1. Հեգնական տոնը (ըհը՜, էլի սկսվեց) ավելի զայրացրեց մայրիկին։

 2. Դեմքի միմիկայով (աչքերը ոլորելով) Ռեյչլը կրակի վրա յուղ լցրեց։

 3. Կոպիտ պատասխանը (բա դո՞ւ ինչ տոնով ես խոսում) գրեթե միշտ վատ արդյունքներ է բերում։

[նկար 19-րդ էջի վրա]

Ծնողների հետ վիճելը նույնն է, ինչ վազքուղու վրա վազելը։ Ուժերդ կորցնում ես, բայց տեղ չես հասնում